Լուիս Մորենո Օկամպո. Ալիեւը ցեղասպանություն է գործել - Mediamax.am

4773 դիտում

Լուիս Մորենո Օկամպո. Ալիեւը ցեղասպանություն է գործել


Լուսանկարը` Nora Erdmann

Լուսանկարը` Nora Erdmann

Լուսանկարը` Nora Erdmann

Լուսանկարը` Nora Erdmann

Լուսանկարը` Nora Erdmann

Լուսանկարը` Nora Erdmann

Լուսանկարը` Nora Erdmann

Լուսանկարը` Nora Erdmann


Գերմանական Վտանգված ժողովուրդների միությունը (Society for Threatened Peoples, STP) ապրիլի 26-ին Բեռլինում մամուլի ասուլիս էր կազմակերպել՝ նվիրված Արցախում ցեղասպանության խնդրին, որի գլխավոր բանախոսը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն էր։

 

STP-ն նաեւ բողոքի ակցիա էր կազմակերպել Գերմանիայի կանցլերի գրասենյակի դիմաց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցի ժամանակ։

Լուսանկարը` Nora Erdmann

STP-ն Մեդիամաքսին է տրամադրել Լուիս Մորենո Օկամպոյի ելույթի տեքստը:

 

***

 

Շնորհակալ եմ, որ հրավիրեցիք ինձ ձեզ հետ լինել այս կարեւոր օրը:

 

Մենք այստեղ ենք հիշելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության սկիզբը: Ինչպե՞ս այն սկսվեց:

 

Առաջնորդների ոչնչացումը ռազմավարությունն էր 1915-ին, ռազմավարություն է նաեւ 2024-ին:

 

1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը օսմանյան ուժերը Ստամբուլում ձերբակալեցին հարյուրավոր հայ առաջնորդների: Նրանց տեղահանեցին ու սպանեցին։ Առաջնորդներին թիրախավորելը հայ համայնքի ոչնչացման առաջին քայլն էր:

 

Դառը զավեշտն այն է, որ կրկին կիրառվում է նույն ռազմավարությունը: 2023 թվականի սեպտեմբերի վերջին Արցախում ապրող բոլոր հայերը ցեղասպանության զոհ դարձան. նրանց բռնությամբ ու սովամահ անելով հեռացրին իրենց պապենական հողից: Նրանցից 23-ը, այդ թվում՝ Արցախի երեք նախկին նախագահները եւ հինգ այլ ղեկավարներ, ազատազրկվել են Ադրբեջանի կողմից: Նրանց տեղափոխել են Բաքու, եւ նրանք դեռ բանտում են:

 

Նրանց գերությունը ցեղասպանության մասն է եւ ուղերձ հայ համայնքին. եթե վերադառնաք Լեռնային Ղարաբաղ, ձեզ սովամահ կանեն, կբանտարկեն կամ կսպանեն: Հայ ղեկավարները պատանդ դարձան:

 

Մենք գտնվում ենք Գերմանիայի առաջին խորհրդարանի նստավայրում: Սա պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերին ներկայացնող ոչ պաշտոնական խորհրդարան: Նրանք քաղաքական ներկայացուցչություն չունեն: Իսկ նրանց ղեկավարները չունեն իրենց իրավունքները պաշտպանող անկախ դատավորներ:

Լուսանկարը` Nora Erdmann

Ադրբեջանում անկախ դատավորներ չկան: Դա իմ կարծիքը չէ. դա ԱՄՆ Պետդեպարտամենտի 2023 թվականի զեկույցն է մարդու իրավունքների մասին:

 

Ադրբեջանի մասով այն հավաստի տեղեկատվություն է տրամադրում «անվտանգության ուժերի անդամների կողմից խոշտանգումների եւ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, դաժան եւ երբեմն կյանքին սպառնացող բանտային պայմանների, դատական իշխանության անկախության հետ կապված լուրջ խնդիրների» մասին:

 

1915-ին գերմանացի դիվանագետներն ու հյուպատոսները անթիվ հաղորդագրություններ էին ուղարկում Բեռլին՝ ջարդերի մանրամասներով. Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպանը 1915-ի հուլիսի 7-ին զեկուցեց կայսերական կանցլերին. «Կառավարությունն իրոք հետապնդում է իր նպատակը՝ վերացնել հայկական ռասան թուրքական կայսրությունից...»: Բայց նրանք իշխանությունների կողմից հստակ հրահանգ ստացան. «չմիջամտել եւ պահպանել գաղտնիությունը»:

 

1915-ին Գերմանիայի կանցլերը բացատրեց. «Մեր միակ նպատակն է Թուրքիան պահել մեր կողքին մինչեւ պատերազմի ավարտը, անկախ նրանից՝ հայերը կկործանվեն, թե ոչ...»:

 

Հարյուր ինը տարի անց՝ Հոլոքոստից եւ 1948 թվականի ցեղասպանության կոնվենցիայից հետո, Գերմանիայի կառավարությունը հնարավորություն ունի այլ կերպ վարվելու: Ուրբաթ օրը Գերմանիայի ներկայիս կանցլերը կհանդիպի նախագահ Ալիեւի հետ։ Ցեղասպանությունը չի կարելի անտեսել:

 

Որպես Ցեղասպանության մասին կոնվենցիայի 1-ին հոդվածը ստորագրած երկիր՝ Գերմանիան ունի ցեղասպանությունը կանխելու իրավական պարտավորություն: Դա նշանակում է ապահովել, որ հայերը վերադառնան Լեռնային Ղարաբաղ, իսկ նրանց առաջնորդները ազատ արձակվեն:

Լուսանկարը` Nora Erdmann

Ես ցանկանում եմ օգնել կանցլերին՝ տրամադրելով մանրամասն տեղեկատվություն:

 

Նախ՝ հայերին ոչնչացնելու Ալիեւի մտադրությունների մասին:

 

Անցյալ հինգշաբթի ամերիկացի դատավոր Կասյա Աբգարյանը, որը ծնվել է Լիբանանում՝ ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում, եւ ներկայացնում է Ճշմարտության եւ արդարության կենտրոնը, ապացույցներ ներկայացրեց եւ Միջազգային քրեական դատարանի դատախազին խնդրեց հետաքննել նախագահ Ալիեւին՝ էթնիկ հայերի դեմ ցեղասպանության համար:

 

Ցեղասպանությունը հիմնավորելու համար անհրաժեշտ է ապացույց ներկայացնել, որ կա նպատակ ոչնչացնելու նշված խումբը: Շատ դեպքերում ցեղասպանություն իրականացնողները փորձում են թաքցնել իրենց ցեղասպան մտադրությունը: Դատավոր Աբգարյանը բացահայտեց վերջին տասը տարիների ընթացքում նախագահ Ալիեւի կողմից արված հետեւողական հայտարարությունները՝ միանշանակ ցույց տալով էթնիկ հայերին ոչնչացնելու նրա մտադրությունը:

 

Դեռեւս 2015 թվականի ապրիլին նախագահ Ալիեւը կառավարության պաշտոնական կայքում հայտարարություն էր հրապարակել՝ զգուշացնելով էթնիկ հայերին. «Եթե չեք ուզում մեռնել, հեռացե՛ք ադրբեջանական հողերից։ […]»:

 

Անցյալ տարվա սեպտեմբերին նախագահ Ալիեւը մի քանի հեռուստաուղերձերներում տոնեց Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանումը` հայտարարելով. «Ես ասացի, որ եթե նրանք [էթնիկ հայերը] իրենց կամքով չլքեն մեր հողերը, մենք նրանց շների պես կքշենք, եւ հենց դա էլ անում ենք»:

Լուսանկարը` Nora Erdmann

Հատկանշական է, որ Ալիեւի կողմից վերահսկվող Ադրբեջանի խորհրդարանը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղը վերջնական նպատակը չէ: Ադրբեջանը հավակնում է Հայաստանի Հանրապետության տարածքին որպես Արեւմտյան Ադրբեջան: Խորհրդարանն ընդունել է «Հայտարարություն արեւմտյան ադրբեջանցիների պատմական հայրենիք վերադառնալու մասին» բանաձեւը, որով պահանջում է իր ինքնիշխանությունը Հայաստանի ողջ տարածքի վրա: Ոչնչացնելու մտադրության մեջ կասկած չկա: Դա ցեղասպանություն է, որը հաստատվել է խորհրդարանի կողմից։

 

Զանգվածային սպանությունները ցեղասպանության միակ ձեւը չեն: Սովը եւ հոգեկան վնասը նույնպես ցեղասպանության ձեւեր են, որոնք նախատեսված են Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի «բ» եւ «գ» կետերով: Երկու մարտավարությունն էլ կիրառվել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ՝ միջազգային հանրության աչքի առաջ:

 

Կրկին՝ դա իմ կարծիքը չէ: 2023 թվականի սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Գերմանիայի արտգործնախարար տիկին Անալենա Բերբոքը ճանաչեց Ցեղասպանության կոնվենցիայի 2 «գ» հոդվածով նախատեսված փաստացի հանգամանքները՝ ասելով. «Դժվար է պատկերացնել, թե ինչ դժվարություններ են կրել Լեռնային Ղարաբաղի երեխաները, կանայք եւ տղամարդիկ ամիսներ շարունակ, երբ Բաքվի իշխանությունները փաստացի փակեցին Լաչինի միջանցքը: Խանութների դարակները դատարկ էին, բժշկական պարագաները վերջացել էին, բավարար էլեկտրաէներգիա եւ բենզին չկար»:

Լուսանկարը` Nora Erdmann

Նա անդրադարձավ նաեւ հոգեկան վնասի հետեւանքով բռնի տեղահանմանը, հոդված 2 «բ». «Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները: Ադրբեջանը նախընտրեց ռազմական ուժով փոխել իրավիճակը տեղում: Մենք վճռականորեն դատապարտում ենք Բաքվի ռազմական հարձակումը եւ կոչ ենք անում ընդմիշտ եւ ամբողջությամբ դադարեցնել իր ռազմական գործողությունները: Ղարաբաղից էթնիկ հայերի տեղահանումն ու բռնի արտաքսումն ընդունելի չէ»:

 

Ցեղասպանություն է իրականացվել, եւ քանի դեռ հայ առաջնորդները բանտում են, այն դեռ իրականացվում է:

 

Քանի որ հայերը չեն կարող վերադառնալ իրենց հողը Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանությունը դեռ շարունակվում է:

 

Ցեղասպանությունը կանխելու համար անհրաժեշտ չէ դատարանի որոշում, թե արդյոք տեղի է ունեցել ցեղասպանություն: Անհրաժեշտ չեն «կասկածից վեր» ապացույցներ՝ քրեորեն դատապարտելու համար: Անհրաժեշտ չէ «ողջամիտ հիմք՝ հավատալու» չափորոշիչը՝ հետաքննություն սկսելու համար: Բավական է իմանալ, որ ցեղասպանություն իրականացնելու «լուրջ ռիսկ» կա:

 

2007 թվականի «Բոսնիա ընդդեմ Սերբիայի» վճռում Արդարադատության միջազգային դատարանը սահմանեց այն սկզբունքը, որ պետության «կանխելու պարտավորությունը եւ գործելու համապատասխան պարտականությունը ծագում են այն պահին, երբ պետությունն իմանում է, կամ պետք է իմանա, որ գոյություն ունի ցեղասպանություն իրականացնելու լուրջ ռիսկ»:

Լուսանկարը` Nora Erdmann

Կանխելու առաջին քայլը ցեղասպանական իրավիճակի ճանաչումն է:

 

Ինչո՞ւ չկա կանխում:

 

Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որպես Եվրահանձնաժողովի նախագահ, բազմիցս խոսել է Ադրբեջանի գազի անհրաժեշտության մասին եւ նախագահ Ալիեւին բնութագրել որպես «վստահելի գործընկեր»:

 

Որքան հասկանում եմ՝ Ադրբեջանի մատակարարումը ապահովում է եվրոպական գազի մոտ 3%-ը: Դա հնարավոր է դարձել, քանի որ Ռուսաստանն իր գազը վաճառում է Ադրբեջանին ներքին սպառման համար:

 

Բայց ինչպիսի տնտեսական կամ քաղաքական շահեր էլ լինեն Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ պահպանելու հարցում, այդ շահերը չկարողացան հետաձգել ցեղասպանության իրականացումն ու Արցախի ղեկավարների բանտարկությունը:

 

Բանակցություններ են անհրաժեշտ Ադրբեջանի եւ Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի միջեւ տարաձայնությունները լուծելու համար, սակայն ցեղասպանությունը այն սահմանագիծն է, որն անհնար է անտեսել «կառուցողական երկխոսության» ժամանակ:

 

Բացի այդ, Գերմանիայից ցանկացած օգնություն նախագահ Ալիեւին կամ Ադրբեջանին կարող է ընկալվել որպես ցեղասպանության «դյուրացում», կարող է համարվել ցեղասպանության մեղսակցություն: Նախագահ Ալիեւը բազմիցս նշել է իր նպաստավոր դերը «աշխարհի եւ տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակում»։

 

Ցեղասպանության ժխտումը Ադրբեջանի աշխարհաքաղաքական առավելություններին աջակցելու ձեւ է: Այն թույլ է տալիս շարունակել հոգեկան վնաս պատճառել Լեռնային Ղարաբաղում իրենց պապենական հողերից արտաքսվածներին եւ Բաքվի բանտում գտնվողներին:

 

Ցեղասպանության անտեսումը նպաստում է Ադրբեջանի աշխարհաքաղաքական գերակայությանը:

 

Նոյեմբերին կլիմայի փոփոխության հարցերով (COP) ՄԱԿ-ի հանդիպման ժամանակ Գերմանիայի պատվիրակության ներկայությունը Բաքվում, մինչ հայ ղեկավարները Բաքվի բանտերում են, մեղսակցություն կլինի:

 

Մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակներում. մարդկությունը որոշում է իր ապագան: Սա մեր ապագան քննարկելու հանդիպում է.

 

2023 թվականի դեկտեմբերին լրանում է Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման 75-ամյակը՝ բացահայտելով, որ «այլեւս երբեք» խոստումը կատարված չէ:

 

Ցեղասպանության հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը վերջին մեկ տարվա ընթացքում ահազանգել է 6 ցեղասպանության մասին:

Լուսանկարը` Nora Erdmann

Սա կատարյալ վայր է մարդկության ապագան քննարկելու համար: Հայերը գիտեն ցեղասպանության մասին. Գերմանիան կարողացավ վերականգնվել Հոլոքոստից հետո, դարձավ Ցեղասպանության կոնվենցիան ստորագրող երկիր եւ գլխավորեց Միջազգային քրեական դատարանի ստեղծումը:

 

Վստահ եմ, որ Ադրբեջանի կողմնակիցները կհարձակվեն անձամբ ինձ վրա այս խոսքերի համար: Այդ հարձակումները ուշադրությունը շեղելու փորձ են: Ես անտեսելու եմ դրանք:

 

Ցեղասպանությունը կանխելու՝ Գերմանիայի պարտավորությունը պահանջում է դիմակայել նախագահ Ալիեւի՝ հայերի վրա հարձակվելու ցեղասպան մտադրությանը, երաշխավորել հայերի իրավունքները՝ անվտանգ վերադառնալու իրենց պապենական հողը, եւ ապահովել «հայ պատանդների» անհապաղ ազատումը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին