2024թ. սեպտեմբերի 24-ին Երեւանում տեղի ունեցավ բաց հանդիպում Հաագայի Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։ Մոտ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում նա ներկայացրել է այն ճանապարհային քարտեզը, որով կարող են առաջնորդվել հայերը միջազգային արդարադատության հասնելու եւ արցախահայության վերադարձի իրավունքը պաշտպանելու համար։
Լուիս Մորենո Օկամպոն Հայաստան է եկել ԱՄՆ-ում գործող Ճշմարտության եւ արդարադատության կենտրոնի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ Վեհափառի հրավերով։
Մեդիամաքսը ներկա է եղել հանդիպմանն ու ներկայացնում է Օկամպոյի խոսքից որոշ դրվագներ։
Անցյալի սխալները եւ միջազգային իրավունքը
Աշխարհը կազմակերպված է պետությունների շուրջ․ մենք ունենք իրավունքներ եւ պետությունները պաշտպանում են մեզ։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ունի պետություն, սակայն այն ոչ ոք չի ճանաչել։ Դա առաջին մեծ խնդիրն է։ Ես արցախցիների հետ հանդիպում ունեցա եւ նրանցից մեկն ինձ ասաց, որ միջազգային իրավունքը կեղծ է։ Ես ասացի՝ այո, միջազգային օրենքն իսկապես հիասթափեցնող է, այն լավ չի աշխատում, սակայն մյուս գործիքը զենքն է, որը եւս խնդիրը չի լուծում։
1994 թվականին Հայաստանը հարցը լուծեց զենքով, սակայն չկարողացավ օգտագործել օրենքը՝ իր ներկայությունն ամրագրելու համար։ 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն որոշում ընդունեց, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող տարածքները եւ 30 տարի շարունակ Հայաստանը չարեց դա։ Երբ 2020 թվականին Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, խնդիր կար, որ թեեւ Լեռնային Ղարաբաղն անկախ էր, սակայն ոչ դրա շրջակա տարածքները։ Այսինքն՝ օրենքն ինքն իրենով լուծում չէ, սակայն առանց օրենքի մենք մեծ խնդիր ունենք։
Դուք ասում եք, որ Ստալինը հիմար որոշում է կայացրել եւ ձեր տարածքները տվել Ադրբեջանին եւ հետո դուք ազատագրել եք դրանք։ Ես չգիտեմ՝ դուք ճիշտ եք, թե ոչ, սակայն խնդիրն այն է, որ առաջնակարգ միջազգային հեղինակություն հանդիսացող ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անվանել է դա օկուպացված տարածք, որը պետք է վերադարձնել Ադրբեջանին։ Եվ դա է միջազգային օրենքը մեզ համար։ Անկախ նրանից, թե դուք ինչ եք մտածում, երբ 2020 թվականին Ադրբեջանը հարձակվեց, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար այդ տարածքների վերականգնումն Ադրբեջանի կողմից նորմալ էր դիտարկվում։ Եվ դա խնդիր է։
Լեռնային Ղարաբաղի պարագան այլ է, բոլորն ընդունում էին, որ Լեռնային Ղարաբաղը (հեղ․՝ նկատի ունի նախկին ԼՂԻՄ տարածքը) Ադրբեջանի մասը չէր, բայց խնդիրն այն էր, որ չկար իրավական լուծում այս հարցի համար։ Ես գիտեմ, որ այս ամենը ձեզ դուր չի գալիս, բայց դուք պետք է հասկանաք միջազգային օրենքը եւ այն, թե ինչպես է խնդիրը դիտվում դրսից։
Լուսանկարը` Մեդիամաքս
1994 թվականին, երբ Հայաստանը հաղթեց պատերազմը, այն ուներ հնարավորություն խնդիրը լուծելու։ Այն կարող էր 2001, 2004 թվականի բանակցությունների ժամանակ իր կամքը թելադրել։ Ես հասկանում եմ, որ դուք բուֆերային գոտու մասին եք խոսում, բայց այն չի ընդունվել միջազգային օրենքի կողմից։ Այդ ժամանակ կարող էիք պայմանավորվածություն ձեռք բերել՝ ճանաչելով այդ տարածքները որպես Ադրբեջանի մաս, եւ դրա դիմաց ստանալով իրավական կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որն, օրինակ, կարող էր լինել Հայաստանի մարզ։ Դրա համար կա Հավայան կղզիների մոդելը, կա մեկ այլ՝ Պուերտո Ռիկոյի մոդելը։
Դուք ընտրեցիք միանգամայն այլ բան՝ անկախ երկրի մոդելը, ինչը շատ խնդրահարույց է։ Բացատրեմ, թե ինչու․ աշխարհի բազում երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, Արգենտինայում, Միացյալ Թագավորությունում, մշտապես կան անջատողական տարածաշրջաններ, եւ երկրներն ատում են դա, ուստի ոչ ոք չէր ցանկանում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դրա համար դուք զրոյական ճանաչում ստացաք։
Հիմա Ադրբեջանը եւս պետք է հասկանա, որ եթե չկատարի միջազգային իրավունքը, խնդիրը չի լուծվելու, եւ նույն կերպ նա եւս խնդիր է ունենալու 20, 30 տարի հետո, երբ ուժի գերակայությունը փոխվի։ Ահա թե ինչու է, որ անգամ եթե իրավական համակարգը լիարժեք չի աշխատում եւ չի կարող հարյուր տոկոսով լուծում լինել, այն միեւնույն է լուծման մաս է։
Դուք պետք է գտնեք ճանապարհներ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պաշտպանելու համար՝ միեւնույն ժամանակ գիտակցելով, որ անցյալում սխալներ եք գործել եւ այն, ինչ մենք ունենք, որոշակի իմաստով հետեւանք է անցյալի այդ սխալների՝ իրավական խնդիրը չլուծելու։ Ես հասկանում եմ, որ ձեզ համար սա ծանր է։ Սակայն ինչ սխալներ էլ որ եղել են, դա որեւէ կերպ չի արդարացնում այն, ինչ եղավ Լեռնային Ղարաբաղում։
Արցախի շրջափակումը եւ տեղահանությունը՝ ցեղասպանության ձեւեր
Այն ինչ եղել է Լեռնային Ղարաբաղում՝ ցեղասպանություն է։ Ցեղասպանության մի քանի տեսակ կա։ Առաջինն այն է, որի զոհը դուք դարձել եք 1915 թվականին, երբ 1,5 միլիոն հայ սպանվեց։ Սա ցեղասպանության ծայրահեղ դրսեւորումն է, սակայն Ցեղասպանության կոնվենցիան սահմանում է ցեղասպանության նաեւ այլ տեսակներ, որոնք միշտ չէ, որ մահեր են նախատեսում։ Օրինակ՝ կոնվենցիայով սահմանվող 2-րդ C ցեղասպանությունը ենթադրում է այնպիսի պայմանների ստեղծում, որը հանգեցնելու է մարդկանց խմբի ոչնչացման։ Լաչինի միջանցքի շրջափակումն ինքն իրենով հենց ցեղասպանություն է։ Եվ սա իմ կարծիքը չէ, դա ասում են Արդարադատության միջազգային դատարանի դատավորները, որոնք պարտադրում էին Ալիեւին ապաշրջափակել միջանցքը։
Եթե դանակը պահում եմ կողքինիս վրա, եւ ինձ ասում են՝ իջեցրու դանակը, այլապես կսպանես նրան, բայց ես շարունակում եմ պահել, հետո ինձ նորից են ասում նույն բանը, բայց ես, միեւնույն է, շարունակում եմ պահել դանակը, ապա ակնհայտ է, որ ես սպանելու մտադրություն ունեմ։ Երբ Ալիեւը դատարանից կարգադրություն ստացավ բացելու միջանցքը, բայց չարեց դա, իսկ հետո Մակրոնն ու Բլինքենը զանգեցին ու նույնն ասացին, բայց Ալիեւը նորից չբացեց միջանցքը, դա ակնհայտ ցեղասպանություն էր։
Ցեղասպանության վերաբերյալ զեկույցը գրելուց հետո հանդիպում ունեցա ԱՄՆ պետդեպարտամենտում, որտեղ պետքարտուղարն ինձ ասաց, որ չի հասկանում Լեռնային Ղարաբաղի մարդկանց, որովհետեւ Ադրբեջանը առաջարկում է նրանց սնունդ մեկ այլ ճանապարհով, սակայն նրանք մերժում են։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ես առաջարկեցի, որ պատկերացնի հետեւյալը․ Ձեզ փակել եմ Ձեր տանը՝ կողպելով դուռը, ու ասում եմ՝ մի անհանգստացեք, ես ամեն օր պատուհանից Ձեզ սնունդ կբերեմ, արդյոք Դուք կընդունե՞ք դա, իհարկե՝ ոչ։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող են դա ընդունել Լեռնային Ղարաբաղի մարդիկ։
Այն, որ թողեցիք ամեն ինչ՝ ձեր նախնիների հողը, ձեր գերեզմանները, ձեր սրբավայրերը, ձեր ունեցվածքն ու հիշողությունները, եւ փախուստի դիմեցիք, նշանակում է, որ ծայրաստիճան վախի մեջ էիք։ Սա հենց ցեղասպանություն է, անգամ եթե այդքան շատ մահեր չեն գրանցվել։
Ցեղասպանության արձանագրումը՝ իրավունքների վերականգնման ճանապարհ
Ինչու՞ է կարեւոր արձանագրել, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է։
Քանի որ ձեր պետությունը չի ճանաչվել, դուք համարվել եք Ադրբեջանի քաղաքացիներ։ Այժմ կարեւոր է արձանագրել, որ սա ցեղասպանություն է, քանի որ այլ պարագայում դուք կդառնայիք Ադրբեջանի քաղաքացիներ, մինչդեռ ցեղասպանության պարագայում մենք ասում ենք՝ ցեղասպանության զոհերը չեն կարող լինել ցեղասպանի ենթակայության տակ։ Ուստի, Լեռնային Ղարաբաղի պաշպանության լավագույն իրավական հնարավորությունը, իմ կարծիքով, ապացուցելն է, որ սա ցեղասպանություն էր, եւ դուք չեք կարող լինել ցեղասպանի ձեռքերում։
Իրավականորեն ոչ ոք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը, եւ եթե ծանոթ եք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախորդ տարվա սեպտեմբերի բանավեճին, երբ Հայաստանը փորձում էր պաշտպանել ձեզ, Ադրբեջանն ասում էր, որ դա իր ներքին խնդիրն է, եւ սա իրավական իմաստով խրթին է։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ուստի Ցեղասպանության կոնվենցիան այս խնդրի իրավական լուծումն է։ Ես հույս ունեի, որ շրջափակման ժամանակ դա առաջ տանելով հաջողության կհասնեինք, սակայն Ալիեւն ավելի արագ գործեց եւ հարձակվեց՝ անցնելով ցեղասպանության երկրորդ մասին։ Հիմա դուք իրավունք ունեք վերադառնալու, եւ Ադրբեջանի իշխանությունները եւս դա ընդունում են, իսկ թե ինչպես վերադառնալ՝ դրա շուրջ պետք է քննարկումներ լինեն։
Ես եկել եմ օգնելու
Ես միայնակ ոչինչ անել չեմ կարող, ես այստեղ միայն ինքս ինձ եմ ներկայացնում։ Ես ոչինչ չեմ կարող անել, սակայն կարող եմ օգնել ձեզ, որ դուք գործեք եւ հասնեք ձեր իրավունքների վերականգնմանը։ Հիմա շատ կարեւոր է վկայությունների, փաստաթղթերի հավաքագրումը, որոնք հետագայում պետք է ներկայացնել միջազգային դատարանին։ Մենք պետք է դա անենք հիմա, եւ պետք է շտապենք։ Եթե հապաղենք, շուտով կարող է Լեռնային Ղարաբաղում ձեր հետքերն այլեւս չմնան։
Վկայությունների հավաքագրումից հետո մենք սկսենք ձեր իրավունքների վերականգնումը։ Օրինակ, կարող ենք սկսել ձեր գերեզեմաններ կամ սրբավայրեր այցելելու իրավունքի իրացումից, հետո վերականգնել ձեզ պատկանող գույքի իրավունքները։
Ամենավատ բանը, որ կարող եք անել՝ լռելն է, որովհետեւ նրանք կօգտվեն ձեր լռությունից ու կսկսեն օգտագործել ձեր տները, կանեն ինչ ուզում են։
Միջազգային արշավ՝ COP29-ին ընդառաջ
Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի համար կա դատարան, որն արձանագրել է այդ իրավունքը, եւ հիմա պարզապես ավելի մեծ քաղաքական ճնշում է պետք դա իրականացնելու համար։ Մինչդեռ Բաքվում պահվող հայ պատանդների համար այս պահին դատարան չկա, ուստի մենք պետք է միջազգային արշավ սկսենք՝ օգտագործելով հաղորդակցության բոլոր միջոցները, որպեսզի այդ կերպ ճնշում գործադրենք եւ հասնենք հայերի ազատ արձակմանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Պետություններն այնքան էլ հետաքրքրված չեն այս խնդրով։ Թեկուզ եւ հարգում են ձեզ եւ ընդունում ձեր իրավունքները, նրանք չեն ցանկանում ձեզ համար շատ պայքարել։ Ուստի մենք ինքներս պետք է ճանապարհ գտնենք գործելու։
Կարեւոր հանգամանք է այն, որ աշխարհով մեկ սփռված են բազում հայեր, որոնք ձեզ հետ են։ Վերջերս Բուենոս Այրեսի մի դպրոցում էի, որտեղ կախված էր Հայաստանի դրոշը, Արգենտինայի դրոշը եւ Արցախի դրոշը։ Աշխարհի բոլոր հայերը ձեզ հետ են։ Դուք մենակ չեք, պարզապես մենք պետք է գտնենք ճանապարհ համախմբվելու եւ գործադրելու բավարար ճնշում՝ ձեր իրավունքները վերականգնելու համար։
Այժմ մենք ունենք հնարավորություն մեծ աղմուկ բարձրացնելու եւ հաջողության հասնելու COP29-ին ընդառաջ։ Բաքվում հավաքվելու են աշխարհի տարբեր պետությունների ներկայացուցիչներ եւ մեր խնդիրն է բոլորին բացատրել, որ Բաքվում պահվող հայերը պատանդներ են եւ ցեղասպանության զոհեր։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այդ մարդիկ պահվում են բանտերում որպես ուղերձ հայերին՝ չվերադառնաք Լեռնային Ղարաբաղ, որովհետեւ եթե վերադառնաք, ձեզ կսպանենք կամ կբանտարկենք։ Տխուր է, սակայն սա հենց նույնն է, ինչ կատարվել է 1915 թվականին, երբ թուրքերն առաջնահերթ սպանեցին հայկական էլիտային՝ գլխատելու համայնքի առաջնորդությունը։
Դուք բազմիցս ենթարկվել եք ջարդերի, սակայն հաղթահարել եք դա։ Այժմ էլ մեզ բարդ ճանապարհ է ստացվում, սակայն դուք չպետք է հանձնվեք, մի՛ հանձնվեք։
Գրի առավ Գայանե Ենոքյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: