Սրընթաց մեքենաների եւ ցեղասպան մոլագարների օր Ադրբեջանում - Mediamax.am

1157 դիտում

Սրընթաց մեքենաների եւ ցեղասպան մոլագարների օր Ադրբեջանում


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք բրիտանական The Times-ում հրապարակված A day of fast cars and genocidal maniacs in Azerbaijan հոդվածի հայերեն թարգմանությունը:

Դոմինիկ Լոուսոն

Եթե դուք հետեւում էիք Բաքվում ընթացող «Ֆորմուլա 1»-ի մրցավազքին, իմացեք հետեւյալը. Ադրբեջանի մայրաքաղաքի փողոցներով ընթացող վարորդներից կես մղոն հեռավորության վրա գտնվում է պետական անվտանգության ծառայության գրասենյակը, որտեղ, ի թիվս բազմաթիվ այլ քաղբանտարկյալների, տանջվում են Լեռնային Ղարաբաղի հայկական կառավարության նախկին նախարարները, որոնք, Ադրբեջանի՝ վիճելի տարածք ներխուժումից հետո գերեվարվել եւ այժմ ապօրինի պահվում են Բաքվում որպես պատանդ:

Liberty Media-ի ղեկավար Գրեգ Մաֆֆեյը, ում պատկանում է F1 բիզնեսը, քննադատել է այնտեղ իր մրցարշավներից մեկի անցկացումը, սակայն նշել, որ միջոցառումները նաեւ «Բաքվի նման վայրերում» են անցկացվում, քանի որ նրանք մեծ գումար են վճարել այս արտոնության համար. համառոտ նկարագրություն, թե ինչ է «սպորտով մաքրվելը» (sportswashing)։

Սակայն Իլհամ Ալիեւը, ով իր հորից ժառանգեց Ադրբեջանի նախագահի պաշտոնը 2003 թվականին եւ իր կնոջը նշանակեց փոխնախագահ, նույնպես վերջին օրինակներից է, թե ինչպես են ավտոկրատ նավթային պետությունները թաքնվում կլիմայի փոփոխության դեմ բարեխիղճ պայքարի հետեւում: Նոյեմբերին Բաքվում կանցկացվի COP29-ը՝ կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի ամենամյա համաժողովը: Հաշվի առնելով իր վերջին գործողությունները՝ Ալիեւը համարձակություն ունի հայտարարելու, որ դա լինելու է «Խաղաղության COP»: (Դժվար է հավատալ, որ այս կարգախոսը կարող էր հորինել բրիտանական Teneo PR ընկերությունը, որը սպասարկում է Ադրբեջանում COP29-ի անցկացումը: Նախկինում բրիտանական մեկ այլ PR ընկերություն՝ Portland Communications-ը, աշխատում էր ամենաբարձր վարձատրության դիմաց՝ հնարավորինս փայլ հաղորդելու Բաքվի ռեժիմին։)

Լուսանկարը` REUTERS


Ադրբեջանի ՀՆԱ-ի հիմնական մասը եւ արտահանման եկամուտների մոտ 90 տոկոսը գոյանում է նավթի ու գազի արդյունահանումից: Արդյո՞ք սա նշանակում է, որ Ալիեւը ցանկանում է իր երկիրը վերածել հետածխաջրածնային տնտեսության: Հակառակը։ Անցյալ տարվա COP համաժողովին նա ասել էր. «Որպես հանածո վառելիքով հարուստ երկրի ղեկավար, մենք, իհարկե, պաշտպանելու ենք ներդրումներն ու արտադրությունը շարունակելու այդ երկրների իրավունքը»: Նա նաեւ Ադրբեջանի նավթի ու գազի պաշարներն անվանել է «աստվածների նվեր»։

Հաջորդ նվերը Բաքվին ընձեռած բիզնես հնարավորությունն է՝ լրացնել այն բացը, որը առաջացել է Եվրոպայի կողմից ռուսական գազից հրաժարվելու արդյունքում։ Երբ Եվրախորհրդարանը հաստատեց պատժամիջոցները Ալիեւի ու Ադրբեջանի այլ պաշտոնյաների դեմ հայերի նկատմամբ բռնաճնշումների պատճառով, Եվրահանձնաժողովը հրաժարվեց դրանք կիրառել, իսկ նրա նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մեկնեց Բաքու՝ Ադրբեջանն անվանելով ԵՄ-ի «ամենակարեւոր էներգետիկ գործընկերը»՝ ռուսական նավթից ու գազից կախվածությունը նվազեցնելու ջանքերում։

Սակայն Ադրբեջանը, կարծես, ավելացնում է ռուսական գազի սեփական ներմուծումը, միաժամանակ ավելացնելով արտահանումը ԵՄ: Փորձագետ Գուբադ Իբադօղլուն Լոնդոնի տնտեսագիտության դպրոցից գրել է, որ ԵՄ-ի առջեւ իր նոր պարտավորությունները կատարելու Ադրբեջանի «միակ իրատեսական ճանապարհը» Մոսկվայից ավելի շատ գազ գնելն է (դեպի Եվրոպա խողովակաշարերով այն հետ մատակարարելով): Իսկապես, ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատարը Politico-ին ասել է, որ ռուսական գազի նման վերափաթեթավորումը չի հակասի կանոններին, «քանի որ ռուսական գազը պատժամիջոցների ներքո չէ»:

Այս պղտոր հարցում մի բան ակնհայտ է՝ նախագահ Ալիեւն ու նախագահ Պուտինը վայելում են լավագույն հարաբերությունները։ Ադրբեջանի ղեկավարը Ռուսաստանի գործընկերոջը Բաքվում ողջունել էր օգոստոսին՝ վերադարձնելով չորս ամիս առաջ Կրեմլում ստացած հյուրընկալությունը։ Սա լույս է սփռում այն փաստի վրա, որ Ռուսաստանը, որը երկար ժամանակ երաշխավորել է Հայաստանի սահմանները, չեկավ օգնության այս երկրին, երբ անցյալ տարի Ադրբեջանը ներխուժեց նրա տարածք։ Իհարկե, Պուտինը այլ մտահոգություններ ուներ՝ նա փորձում էր գրավել Ուկրաինան եւ սպառնում էր Արեւմուտքին միջուկային ոչնչացմամբ։

Սա, մեղմ ասած, լավ բան չի խոստանում հայերին՝ պաշտոնապես քրիստոնյա դարձած առաջին ազգին (հռոմեական կայսրությունից շատ առաջ), որը նախկինում ցեղասպանության էր ենթարկվել իր մուսուլման հարեւանների կողմից:

Լուսանկարը` REUTERS


«Ցեղասպանություն» եզրույթը ներմուծել է լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը՝ մասամբ ի պատասխան 1915-1918 թվականներին Օսմանյան կայսրության հայ բնակչության նկատմամբ իրականացված վայրագություններին, որի արդյունքում բնաջնջվեց հայերի մոտավորապես երեք քառորդը՝ ավելին, քան Եվրոպայի հրեա բնակչությունը Հիտլերի կողմից:

Հանցագործներից մեկը՝ բժիշկ եւ շրջանային նահանգապետ Մեհմեդ Ռեզիդը հայտարարել էր. «Հայ ավազակները վնասակար մանրէներ են, որոնք վարակել են հայրենիքի մարմինը։ Բժշկի պարտականությունը չէ՞ սպանել մանրէները»։

Այս համատեքստում վախենալու է Ալիեւի՝ էթնիկ հայերի նկարագրությունը՝ «բարբարոսներ ու վանդալներ», որոնք վարակված են «վիրուսով», որից նրանք «պետք է բուժվեն», ինչպես նաեւ նրա կառավարության կողմից թողարկված հուշանվեր նամականիշը, որին պատկերված է հատուկ պաշտպանիչ հագուստով մարդ, որն ախտահանում է Լեռնային Ղարաբաղի տարածքը: Արդյո՞ք Բաքուն այստեղ կանգ կառնի: 2022 թվականի դեկտեմբերի 24-ի իր ելույթում Ալիեւը հայտարարեց. «Նրանք... օտար հողի վրա իրենց համար պետություն են ստեղծել։ Հայաստանն այս տարածաշրջանում երբեք չի եղել: Այսօրվա Հայաստանը մեր հողն է»։

Իրականում «ժամանակակից» Հայաստանը, որը զբաղեցնում է իր պատմական տարածքի մոտ 10 տոկոսը, փոքր, դեպի ծով ելք չունեցող, ռազմավարական նշանակություն չունեցող երկիր է, որը չունի նավթ կամ գազ։ Սա բացատրում է, թե ինչու մշտապես պրագմատիկ արտաքին գերատեսչությունը խորհուրդ է տվել բրիտանական հաջորդ վարչակազմերին չհրահրել Թուրքիային՝ ճանաչելով այն, ինչ նա արեց հայերի նկատմամբ որպես ցեղասպանություն (չնայած ԱՄՆ-ը, Գերմանիան եւ Ֆրանսիան դա անելու համարձակությունն ունեցան):

Լուսանկարը` REUTERS


Ադրբեջանին հաջողվել է գրավել նաեւ Վեսթմինսթերի քաղաքական գործիչներին, հատկապես Բոբ Բլեքմենին, որը երկար տարիներ նախագահել է Ադրբեջան-Բրիտանիա միջխորհրդարանական խումբը, իսկ վերջերս՝ «1922թ-ի կոմիտեն» (Պահպանողական կուսակցության պատգամավորական խումբ հանձնաժողովը), որն այժմ կազմակերպում է կուսակցության առաջնորդի ընտրությունը։

2020 թվականին, երբ Ալիեւը Լեռնային Ղարաբաղը գրավելու հերթական փորձն արեց, Բլեքմենը հպարտորեն հայտարարեց, որ Վեսթմինսթերում ինքը հաճախ «պաշտպանել է Ադրբեջանի մեր լավ ընկերների դիրքերը», եւ որ «նման հակամարտություններում նա, ով անում է լավագույն քարոզչությունը, գրավում է ունկնդիրների եւ հանդիսատեսի ուշադրությունը»: Այդ առիթով Բլեքմենն ասել էր, որ «տեղեկատվություն է ստացել Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան միջոցով», որը «շատ օգտակար է եղել»:

Անցյալ շաբաթ երեք պատգամավոր ստորագրել էին Ֆորմուլա 1-ի ղեկավարին ուղղված նամակը` կոչ անելով «դադարեցնել հնարավորություն տալ Ադրբեջանի նման ռեժիմներին սպորտի միջոցով լվանալ իրենց հանցագործությունները»: Վախենում եմ, որ առջեւում ավելի վատն է սպասվում։

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին