Ադրբեջանը սրում է առճակատումը Ֆրանսիայի հետ - Mediamax.am

796 դիտում

Ադրբեջանը սրում է առճակատումը Ֆրանսիայի հետ


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Bloomberg-ի Azerbaijan Escalates Conflict With France in Pacific Over Armenia Arms Supply հոդվածի հայերեն թարգմանությունը:

Հենրի Մայեր

Հայաստանին մատակարարվող զենքի պատճառով Ադրբեջանը սրում է Ֆրանսիայի հետ իր հակամարտությունը, որը ծավալվում է Խաղաղ օվկիանոսի, Կարիբյան եւ Լատինական Ամերիկայի ֆրանսիական տարածքներում:

Ադրբեջանի կառավարության հետ կապ ունեցող «Բաքվի նախաձեռնող խումբ» կազմակերպությունը քարոզում է դադարեցնել Փարիզի իշխանությունը նրա մի շարք անդրծովյան շրջաններում՝ աջակցելով անկախության կողմնակից ակտիվիստներին Ֆրանսիական Պոլինեզիայում եւ Նոր Կալեդոնիայում:

«Այսօր ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչ է անում ֆրանսիական պետությունը այս գաղութացված տարածքներում», - ասել է խմբի ղեկավար Աբաս Աբասովը։

Առճակատումը կարող է սրվել, քանի որ Ֆրանսիան, որտեղ ապրում է աշխարհի երրորդ ամենամեծ հայկական համայնքը, զենքի մատակարարման պայմանագիր է կնքել Երեւանի հետ: Ակնկալվում է, որ Փարիզը կպահպանի ռազմական աջակցությունը Հայաստանին ՝ անկախ նախագահ Էմանյուել Մակրոնի կողմից նշանակված արտահերթ ընտրությունների արդյունքներից։

Անշուշտ, Ադրբեջանն ինքը միլիարդավոր դոլարներ է ծախսել զենքի գնումների վրա Թուրքիայից, Իսրայելից եւ Ռուսաստանից, ինչն օգնել է նրան 2020 թվականից ի վեր երկու պատերազմ մղել հայկական կողմից հովանավորվող անջատողականների դեմ։

«Ադրբեջանը զայրացել է Հայաստանի կողմից Ֆրանսիայից զենք ստանալու փաստից եւ կտրուկ է արձագանքել դրան»,- ասում է Կարնեգիի Ռուսաստան-Եվրասիա կենտրոնի ոչ-ռեզիդենտ գիտաշխատող Զաուր Շիրիեւը։

Տարաձայնությունները տեղի են ունենում 2022 թվականի հուլիսին Եվրամիության հետ Ադրբեջանից գազի ներկրումը կրկնապատկելու գործարքի իրականացման հետ կապված խնդիրների ֆոնին, քանի որ ԵՄ-ն չի ցանկանում ֆինանսավորել խողովակաշարերի թողունակության ընդլայնումը եւ երկարաժամկետ պայմանագրեր կնքել:

«Ցավոք, փաստ է, որ Ֆրանսիան հակաադրբեջանական ջանքերի գլխավոր նախաձեռնողն է»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով մեր հարցին, թե արդյոք Ֆրանսիան սատարում է 2022թ. պայմանագիրը:

Փարիզում գործող Ժակ Դելոր ինստիտուտից Նգուեն Ֆուկը նշում է, որ ԵՄ-ում լայնածավալ հակազդեցություն կա գործարքի դեմ՝ հանածո վառելիքի օտարման եւ մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունների ֆոնին: Ապրիլին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով Եվրոպական հանձնաժողովին կոչ արեց դիտարկել էներգետիկ գործընկերության դադարեցումը՝ կապված Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության հետ:

«Գոյություն ունի աշխարհաքաղաքական հարթություն», - ասում է նա՝ մատնանշելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանեկան դինաստիան եւ քննադատությունները մարդու իրավունքների խախտումների հարցում: «Չի կարելի աչք փակել այնտեղ տեղի ունեցող զարգացումների վրա», - ավելացնում է Ֆուկը:

Բաքվի եւ Փարիզի միջեւ վեճը իր ամենաթեժ կետին հասել է Նոր Կալեդոնիա արշիպելագում, որտեղ անկախության կողմնակիցների կողմից հրահրած եւ մարդկանց կյանքեր խլած անկարգություններից հետո Մակրոնը չեղյալ հայտարարեց վիճահարույց բարեփոխումները:

Լուսանկարը` REUTERS


Շաբաթներ տեւած բողոքի ցույցերը, հրկիզումները եւ թալանը տարածաշրջանում սկսվեց մայիսին, երբ Ֆրանսիան հաստատեց բարեփոխումները, որոնք Կանակ բնիկները համարում են իրենց իրավունքների խախտում: Որոշ ցուցարարներ ծածանել էին Ադրբեջանի դրոշները, իսկ Ֆրանսիան մեղադրել էր Ադրբեջանին անկարգությունները հրահրելու մեջ:

Մակրոնը 17,000 կիլոմետր ճանապարհ անցավ՝ ճգնաժամը հանդարտեցնելու համար, սակայն դա նրան չի հաջողվել եւ հունիսի 12-ին օրենքը դադարել է գործել։ Այդ պահից սկսած Ֆրանսիայի իշխանություններն ուժեղացրել են իրենց ճնշումները: Նոր Կալեդոնիայում նրանք ձերբակալել են յոթ ակտիվիստների եւ ուղարկել Ֆրանսիա՝ մեղադրանք առաջադրելու համար:

Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն բացասական են Ֆրանսիայի համար, ասել է մի պաշտոնյա, որը ցանկացել է անանուն մնալ՝ հարցի զգայուն լինելու պատճառով։ Նա ասել է, որ ադրբեջանցիները փորձում են ստիպել Ֆրանսիային հետ կանչել կամ նվազեցնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը:

Լուսանկարը` REUTERS


Բաքվի արձագանքը զենքի վաճառքին «տարակուսանք է առաջացնում», ասվում էր Հայաստանի ԱԳՆ-ի հունիսի 19-ի հայտարարության մեջ։ «Յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է ունենալ մարտունակ բանակ՝ հագեցած ժամանակակից ռազմական հնարավորություններով», - ասված էր հայտարարության մեջ: Երեւանը հավելել էր, որ Հայաստանը «միջազգայնորեն ճանաչված իր տարածքից դուրս հավակնություններ չունի»։

2023 թվականի սեպտեմբերից ի վեր «Բաքվի նախաձեռնող խումբը» հակագաղութատիրությանն աջակցող տասնյակ միջազգային միջոցառումներ է անցկացրել, այդ թվում՝ ՄԱԿ-ում հունիսի վերջին՝ Նոր Կալեդոնիայի եւ Ֆրանսիական Պոլինեզիայի պատվիրակությունների Բաքու կատարած այցերից հետո:

Լուսանկարը` REUTERS


Թեեւ Աբասովն ասում է, որ իր խումբը պետական ֆինանսավորում չի ստանում եւ կապ չունի Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջեւ տեղի ունեցող զարգացումների հետ, Ալիեւը հունվարին հրապարակայնորեն հավանություն է տվել դրա աշխատանքին:

«Մենք կօգնենք բացահայտել ֆրանսիական նեոգաղութատիրությունը եւ կնպաստենք ֆրանսիական գաղութների գաղութատիրական լծից ազատագրման գործընթացին»,- ասել էր Ադրբեջանի նախագահը։

Խումբն ասում է, որ համագործակցում է նաեւ Ֆրանսիական Գվիանայի, Մարտինիկայի, Գվադելուպայի, Ուոլիսի, Ֆուտունայի եւ Կորսիկայի հետ:

Հարաբերությունների վատթարացման մեկ այլ նշան էր դեկտեմբերին Ադրբեջանի կողմից երկու ֆրանսիացի դիվանագետների վտարումը, ինչը բուռն արձագանք ստացավ: Ադրբեջանը նաեւ ձերբակալել է ֆրանսիացի մի գործարարի լրտեսության մեղադրանքով ու փակել է Բաքվում գործող ֆրանսիական դպրոցը։

Լուսանկարը` REUTERS


Փարիզի Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի փորձագետ Դորոթի Շմիթն ասում է, որ Ֆրանսիան Ադրբեջանի պահվածքը համարում է «չափազանց անբարյացակամ եւ ագրեսիվ»։ Սակայն, ըստ նրա, Ֆրանսիան կշարունակի զինել Հայաստանը:

Հունիսի 18-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն ասել է, որ սպառազինության վերջին գործարքի շրջանակներում Ֆրանսիան Հայաստանին ինքնագնաց հաուբիցներ է վաճառելու։ Ֆրանսիան արդեն պարտավորվել է մատակարարել ռադարներ, հակաօդային պաշտպանության համակարգեր եւ զրահափոխադրիչներ։

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին