Ներկայացնում ենք «The Philos Project» կազմակերպության կրթության գծով փոխտնօրեն Սիմոնե Ռիզկալահի Israel, Armenia, and the Ivy League հոդվածի հայերեն թարգմանությունը:
Սիմոնե Ռիզկալահ
Իմ ապուպապերը եկան Եգիպտոս քսաներորդ դարի սկզբին՝ մազապուրծ լինելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի եւ այլ փոքրամասնությունների համակարգված ցեղասպանությունից: Ջարդերի նկատմամբ միջազգային անտարբերությունը Հիտլերին ոգեշնչեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների դեմ իր սեփական հոլոքոստը ծրագրելու: Ո՞վ է հիշում հայերի բնաջնջումը:
Երբ Եգիպտոսը հարձակվեց Իսրայելի վրա 1973-ի հոկտեմբերի 6-ին, ինչը հայտնի դարձավ որպես «Յոմ Կիպուրի պատերազմ», տատիկիս ծանոթ նպարավաճառը, որին երեսուն տարի ճանաչում էր, ասաց. «Սկզբում նրանց հախից կգանք, հետո՝ ձեր»:
Տատիկիս այս պատմությունը ես գիտեի դեռ մանկուց: Հաշվի առնելով «Համաս»-ի կողմնակիցների եւ հակասեմիտական վերջին բողոքի ցույցերը, որոնք տեղի են ունենում ամբողջ ԱՄՆ-ում եւ մեր համալսարաններում, ճիշտ ժամանակն է այն պատմելու համար: Ներգաղթյալների ցանկացած երեխա, հավանաբար, անվճռականությամբ ու դժվարությամբ է կիսվում նման պատմություններով, որոնք հակասում են Արեւմուտքի «քաղաքականորեն կոռեկտ» մշակույթին եւ անտեսում են մեր սերնդի տրավմայից քաղված դասերը, որոնք դարերով ապրել են որպես Օսմանյան կայսրության ոչ մուսուլման հպատակներ:
Ես երախտապարտ եմ ծնողներիս, որ 1970-ականներին արտագաղթեցին Միացյալ Նահանգներ, որպեսզի ես կարողանամ օգտվել խոսելու եւ գրելու ազատությունից՝ որպես իրավահավասար քաղաքացի, եւ տնտեսական բարգավաճման հնարավորություն ունենամ: Հոգեւոր եւ մշակութային առումով, սակայն, դա կորուստ էր:
Իմ կաթոլիկ ավագ դպրոցում ես ցնցված էի համադասարանցիներիս կրոնական անտարբերությունից: Զարմանալի չէ, որ իմ լավագույն ընկերներն էին մահմեդական հնդիկ, երկու հինդու հնդիկներ ու լիբանանցի քրիստոնյա: Ես միտումնավոր չէի հավատացյալ ներգաղթյալների երեխաներին փնտրում: Այդուհանդերձ, մտքովս անցավ, որ երբ կա կրոնապես ազատ մթնոլորտ՝ զուգորդված տնտեսական հարստության հետ, աստվածային հարցերը դառնում են երկրորդական:
Լուսանկարը` REUTERS
Իմ լյութերական քոլեջում մթնոլորտը ապատիայից վերածվեց ուղղակի թշնամանքի: Ավագ ուրբաթ օրը ուսանողները բողոքեցին համալսարանի շրջակայքում քրիստոնեական ակումբից բերված խաչերը տեղադրելու դեմ: Քոլեջի թերթի խմբագիրը հոդված գրեց, որտեղ քրիստոնեությունը անհանդուրժողական անվանեց։ Մայրս պատմում էր, որ եթե պապիկս ցանկանում էր այլատեսակ քաղաքական կարծիք հայտնել, ծածկում էր Կահիրեում իր բնակարանի վարագույրները: Նա մորս ասում էր, որ կատարի իր հակաիսրայելական տնային աշխատանքը, բայց չհավատա, թե ինչ են իրեն սովորեցնում հրեա ժողովրդի մասին: Քրիստոնեական համալսարանը, որը թույլ էր տալիս ազատորեն գրել ու հրապարակել հակաքրիստոնեական հոդվածներ, ինձ անհանդուրժող չէր թվում:
Թշնամությունը ահագնացավ, երբ սկսեցի բարձրաձայն հայտնել իմ մտահոգությունը կապված իսլամիզմի աճի հետ: Հիշում եմ, որ ընկերոջս հետ խոսեցի լավագույն «Բաղեղի լիգայի»-ի դպրոցներից մեկն ընդունվելու իր որոշման մասին եւ զգուշացրի զիջումների չգնալ եւ ասել անհարմար ճշմարտությունը, հատկապես երբ խոսքը վերաբերում էր իսլամական գաղափարախոսություններին եւ դրանց ժողովրդականության աճին թե՛ Արեւելքում, թե՛ Արեւմուտքում: Սեպտեմբերի 11-ի հարձակումներից մեկ ամիս առաջ նա ինձ անվանեց «ներգաղթյալների պարանոյիկ զավակ», երբ ասացի, որ չզարմանա, երբ հարձակվեն մեր հողի վրա:
Արտոնությունը թույլ չի տալիս մարգարեական մղում ունենալ: Պատմությունը կրկին հանգավորվեց 2023 թվականին, երբ օսմանցիների ժառանգները 120 000 հայերի (որոնցից 30 000-ը երեխաներ էին) սովի մատնեցին ու տեղահանեցին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից. Թուրքիայի նախագահը պարծեցավ, որ կատարեցին «մեր պապերի առաքելությունը»: Աշխարհը հերթական անգամ անտարբեր էր:
Լուսանկարը` Իսրայելի վարչապետի գրասենյակ
Ճակատագրի հեգնանքով՝ Իսրայելը, որը պետք է լինի Մերձավոր Արեւելքում Հայաստանի ամենամոտ դաշնակիցը, փոխարենը աջակցում է Ադրբեջանին եւ Թուրքիային՝ աշխարհաքաղաքական անհրաժեշտությունից ելնելով: Իսկ Արեւմուտքից լքված Հայաստանը ջերմ հարաբերություններ է պահպանում Իրանի հետ՝ Իսլամական Հանրապետության, որը չի կիսում իր արեւմտյան արժեքները: Արեւմտյան ապատիայի գինը հոգեւոր եւ մշակութային կորուստն է:
Այժմ վտանգը կրկին մեր դաշտում է եւ ծագում է այն վայրերից, որոնք գոյություն ունեն մարդու արժանապատվության եւ իրավունքների պատճառով ու հանուն դրանց: ՀԱՄԱՍ-ի կողմնակից ուսանողները ֆիզիկապես ահաբեկել են հրեա ուսանողներին եւ սպառնացել համաշխարհային «ինթիֆադա»-ով: Հատկապես հեգնական է, որ դասախոսներն ու ուսանողները օգտագործում են իրենց ազատությունը, որը ծնվել է արեւմտյան ավանդույթներից, հանուն մի շարժման, որը մի օր կջախջախի նրանց: Ինչպես արեց հոկտեմբերի 7-ին:
Այսօր հրեաներն են, վաղը՝ դուք:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: