G7-ը, բռնապետները եւ «Գլոբալ հարավը»՝ «կարկանդակի» համար պայքարում - Mediamax.am

exclusive
1340 դիտում

G7-ը, բռնապետները եւ «Գլոբալ հարավը»՝ «կարկանդակի» համար պայքարում


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Մյունխենի անվտանգության համաժողովի հետազոտությունների եւ քաղաքականության բաժնի տնօրեն Թոբիաս Բունդեի եւ Մյունխենի անվտանգության համաժողովի հետազոտությունների եւ հրապարակումների բաժնի ղեկավար Սոֆի Էյզենթրաութի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Միջազգային հանրությունը երբեք ավելի հաստատուն չէր կանգնել խաղաղ եւ արդար համաշխարհային կարգի ուղու վրա, քան հետսառըպատերազմյան առաջին տարիներին: Թեեւ գլոբալ կառավարումը անթերի չէր, մեծ տերությունների պատերազմի վտանգը ցածր էր, իսկ աղքատությունը նվազում էր: Ավելին, զարգացմանը եւ շրջակա միջավայրի պահպանմանը նվիրված գագաթնաժողովների նախնական արդյունքները հույսեր էին ներշնչում, որ մարդկության ամենահրատապ խնդիրներին բեկումնային լուծում է գտնվելու:

Սակայն աշխարհաքաղաքական լարվածությունն ու տնտեսական անորոշությունը արդեն վաղուց դուրս են մղել այդ դարաշրջանի լավատեսությունն ու հավակնությունները: Հրատապ մարտահրավերները լուծելու համար համագործակցելու փոխարեն միջազգային հանրությունն այժմ «անշարժացել է հսկայական գլոբալ փակուղում», ինչպես վերջերս ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Դեռ ավելին. բազում պետություններ կարծես այլեւս անտարբեր են լիբերալ աշխարհակարգի լայն օգուտների նկատմամբ. նրանց ավելի շատ հետաքրքրում է կարկանդակի իրենց կտորը: Տրանսատլանտյան համայնքի հիմնական դերակատարները, հզոր բռնապետությունները եւ այսպես կոչված «Գլոբալ հարավը»՝ բոլորն էլ դժգոհ են, որ համաշխարհային համագործակցությունից ստացված ձեռքբերումները իրենց կարծիքով անհավասար են բաշխվում:

Արեւմտյան շատ երկրներում բնակչության զգալի մասը կարծում է, որ կարկանդակի իրենց կտորը փոքրանում է, ինչը նրանք ներքին լճացման եւ անկման ընդհանուր միտում են համարում: «Մյունխենի անվտանգության ինդեքսի» նոր տվյալները ցույց են տալիս, որ Մեծ յոթնյակում այսօր քչերն են հավատում, որ իրենց երկրները տասնամյակ հետո ավելի ապահով եւ հարուստ կլինեն: Ավելին, շատերը կարծում են, որ այդ ժամանակահատվածում կհզորանան Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը եւ Հարավային Աֆրիկան:

Լուսանկարը` REUTERS


Արեւմուտքում ամբոխահաճ քաղաքական գործիչները հմտորեն օգտագործում են անկման այս երկյուղը, սակայն նրանց առաջարկած ազգայնական քաղաքականությունը կարող է միայն արագացնել այդ գործընթացը: Նույնիսկ ոչ ամբոխահաճ առաջնորդները սկսել են զգուշանալ գլոբալիզացիայից, քանի որ ակնհայտ են դառնում աճող փոխկախվածության բացասական կողմերը:

Չինաստանը, անկասկած, եղել է ազատական տնտեսական կարգի հիմնական շահառուն: Գլոբալ կարկանդակի մեծացմանը օգնելուց հետո չինացի առաջնորդներն այժմ կարծում են, որ իրենց երկիրն արժանի է ավելի մեծ կտորի, իսկ Միացյալ Նահանգները համարում են ռեվիզիոնիստական ուժ, որը փորձում է կասեցնել Չինաստանի վերելքը եւ թույլ չտալ նրան ստանձնել իր պատշաճ դերը համաշխարհային բեմում:

Հաշվի առնելով մի քանի ներքին մարտահրավերները՝ ներառյալ բնակչության կրճատումը, անշարժ գույքի ճգնաժամը եւ պետական պարտքի բարձր մակարդակը, Չինաստանը, ամենայն հավանականությամբ, առաջիկա տարիներին կկենտրոնանա հարաբերական ձեռքբերումների վրա: Թեեւ չինացի առաջնորդները շարունակում են խոսել երկուստեք շահեկան համագործակցության մասին, մյուսները կատակում են, որ դա այժմ նշանակում է, որ Չինաստանը երկու անգամ է հաղթելու: Ակնհայտ է, որ Չինաստանի վերջին տարիների քաղաքականությունը ստիպել է ոմանց թերահավատորեն վերաբերվել Չինաստանի երկարաժամկետ նպատակներին, եւ մի քանիսը նույնիսկ որոշել են «վտանգազերծել» իրենց հարաբերությունները երկրի հետ:

Մյուսներին չի անհանգստացնում, որ կարկանդակի իրենց մասնաբաժինը փոքրանում է, քանի որ իրենց կարծիքով այն ի սկզբանե չնչին էր: Աղքատության մեջ ապրող կամ երկարատեւ հակամարտություններից տառապող մարդիկ աննրբազգաց են համարում վերացական կանոնների վրա հիմնված կարգը պաշտպանելու եւ ուղեկցող ծախսերը հոգալու կոչերը եւ կարծում, որ դրանց նպատակը Արեւմտյան գերակայությունը ամրապնդելն է:

«Գլոբալ հարավի» շատ երկրներ հոյակապ գիտակցում են, որ ամենաշատը իրենք են տուժելու աճող աշխարհաքաղաքական մասնատումից: Այդ պատճառով նրանք փորձում են չընդունել որեւէ մեկի կողմը եւ փոխարենը բազմակենտրոնության կոչ են անում, որը նրանց թույլ կտա սեփական շահերը հետապնդել: Բայց գործարքային դիվանագիտությունը, որին հավանություն են տալիս այս երկրներից մի քանիսը, որի հիմքում երկկողմանի գործարքներն ու կարճաժամկետ հաղթանակներն են, կարող է բացասաբար ազդել երկարաժամկետ հեռանկարի վրա, որը կարող է ապահովել միայն կանոնների վրա հիմնված համակարգը:

Լուսանկարը` REUTERS


Քանի որ գնալով ավելի շատ պետություններ մյուսների համեմատ են սահմանում իրենց հաջողությունը, կարող է սկսվել զրոյական գումարով մտածողության արատավոր շրջան, որը վատ է համընդհանուր բարգավաճման համար եւ սրում է աշխարհաքաղաքական լարվածությունը: Այս երկուստեք պարտվելու սցենարն արդեն ծավալվում է բազում քաղաքական ոլորտներում եւ տարբեր տարածաշրջաններում: Նույնիսկ կլիմայի քաղաքականությունը, որը թերեւս լավագույն օրինակն է, թե ինչպես գլոբալ համագործակցությունը օգուտ է բերում բոլորին, կարող է զոհ գնալ այն մտահոգությանը, թե որ երկիրն է շահելու մյուսի հաշվին:

Այսպիսի քաղաքականություն ընտրելու համար հիմնավոր պատճառներ կան. տնտեսական հարաբերությունները «վտանգազերծելը» ռացիոնալ պատասխան է մրցակցային միջավայրին եւ կարող է օգնել նվազեցնել խոցելիությունը: Սակայն համաշխարհային տնտեսության բաժանումը մրցակցող աշխարհաքաղաքական բլոկների կարող է կանխել աճը, հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրներում: Նվազող տնտեսական աճը, իր հերթին, նպաստում է զրոյական գումարի մտածելակերպին եւ դառնում ինքնիրագործվող մարգարեություն:

Աշխարհաքաղաքական անորոշության պայմաններում հասկանալի է, որ ամեն մի երկիր ցանկանում է պաշտպանել կարկանդակի իր կտորը: Սակայն միջազգային հանրությունը պետք է թույլ չտա, որ քաղաքական բանավեճերում գերակայի անհավասար արդյունքների վախը: Ամենից կարեւոր է այն, որ կարկանդակի առանձին կտորները պաշտպանելու ջանքերը հավասարակշռվեն այդ կարկանդակը մեծացնելու փորձերով: Դրա համար պետք կլինի նոր գործընկերներ գտնել՝ հիմնված փոխշահավետ համագործակցության վրա, եւ բարեփոխել կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, որպեսզի ձեռքբերումները բաշխվեն բոլորի միջեւ: Եթե այս ջանքերը ձախողվեն, յուրաքանչյուր կտոր փոքրանալու է, եւ երկրները կսկսեն մրցել, թե ով ավելի քիչ կկորցնի:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Copyright: Project Syndicate, 2023.
www.project-syndicate.org




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին