Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 22-րդ - Mediamax.am

exclusive
22476 դիտում

Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 22-րդ


Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` eduardmarkarov.com

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից:


Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» պատմում է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Նախագծի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:

«Արարատ» - «Կայրաթ» (Ալմա-Աթա) 4:0 (2:0):

Երեւան. Հրազդան մարզադաշտ. 1 սեպտեմբերի. 40 000 հանդիսատես:

«Արարատ»՝ Ա.Աբրահամյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Կովալենկո, Մեսրոպյան, Անդրեասյան (Պողոսով, 61), Բոնդարենկո, Իշտոյան, Մարկարով, Զանազանյան, Ն.Ղազարյան (Ն.Պետրոսյան, 65): 

Գոլեր՝ 1:0 Բոնդարենկո (26), 2:0 Իշտոյան (43), 3:0 Մարկարով (55), 4:0 Իշտոյան (65):

Արսեն Կակոսյան

1 սեպտեմբերի: Տուր XXII, որում «Կայրաթը» մեզ կրկին առաջատար է դարձնում

ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖԱԼՅԱՆԻ ՀԵՏ…

... Մեքենայով Սոչիից վերադառնալով Երեւան` կանգ առա Թբիլիսիում եւ «Ինտուրիստ» հյուրանոցում դիտեցի սպարտակցիների հանդիպումը Կիեւի դինամոյականների հետ: Հեռուստացույցին մոտեցա այն պահին, երբ լուսատախտակի վրա արդեն 1 : 0 էր` հօգուտ ուկրաինացի ֆուտբոլիստների: Հանդիպման ավարտին շատ քիչ ժամանակ էր մնացել, եւ ես, անհույս թափահարելով ձեռքերս, իջա սենյակս ու վայրկենապես քնեցի: Իսկ առավոտյան մտնելով Երեւան` տեսա, որ պատերին գրված է` «Սպարտակ» - «Դինամո»: 2 : 1` հօգուտ «Արարատի»: Միանգամից հասկացա, թե բանն ինչումն է: Սպարտակցիներն, ըստ երեւույթին, հաշված րոպեների ընթացքում կարողացել էին հաղթանակ կորզել: Իսկ դա երեւանցիներին հնարավորություն էր տալիս կրկին դուրս գալ առաջին տեղ: Թերևս, այդ մասին էր խոսում պատի գրվածքը: Նրանում, որ դա խաբկանք չէ, միանգամից համոզվեցի` կրպակից գնելով թարմ թերթերը:

Ահա թե ինչու է այսօր այդքան շատ մարդ եկել «Հրազդան»: Սովորաբար պարտությունից հետո հանդիսականների թիվը սրընթաց նվազում է: Իսկ այսօր մարդիկ մարզադաշտ են եկել` կանխատեսելով ոչ միայն հաղթանակ, այլեւ «Արարատի» վերականգնումը առաջատարի դերում: Մի քանի ավանդական հեռուստատեսային երկրպագուների ես ինքս էի համոզել գալ խաղին: Առհասարակ վերջին ժամանակներս ես սկսել եմ ուժեղ «կառչել» հեռուստատեսային երկրպագուներից: Հատկապես, եթե «Արարատը» պարտվում է:   

...Բայց վերադառնանք այսօրվա հանդիպմանը: Խաղի մեկնարկից առաջ Ֆալյանը հյուրերի նստարանին ուղեւորվելու ճանապարհին այնպիսի լայն ժպիտով էր աջ ու ձախ խոնարհվում, որ թվում էր, թե «Կայրաթն» է հավակնում չեմպիոնի տիտղոսին: Կատակը մի կողմ, բայց Ֆալյանը շատ է ուրախանում «Արարատի» հաջողություններով եւ ամեն անգամ բացականչում. «Չէ՞ որ նրանք իմ տղաներն են»:


Լուսանկարը՝ eduardmarkarov.com
:

Հիշում է Էդուարդ Մարկարովը

Պետք է ասեմ, որ ե՛ւ Ֆալյանը, ե՛ւ Գլեբովը, ե՛ւ Պոնոմարյովը ներդրեցին իրենց մտքերը ու գաղափարները «Արարատի» հաղթանակի մեջ: 1973թ. թիմն արդեն պատրաստ էր մեծ հաղթանակների, մեզ, մեծ հաշվով, միայն պետք էր չխանգարել: Իհարկե, մարզչի եւ մարտավարության դերը մեծ էր, բայց երբ մենք զգում էինք, որ խաղից առաջ նախընտրած տակտիկան արդյունք չի տալիս, կարող էինք դաշտում ինքներս փոխել խաղի մոդելը: 

Եվ դա իրականություն է: Առաջին ոսկե մեդալները, թեկուզեւ` «փոքր», «Արարատը» նվաճեց Ֆալյանի հետ միասին, երբ 1965թ. անցավ հայրենական ֆուտբոլի բարձրագույն լիգա: Հետո…հետո ավելի լավ է ասել Զանազանյանի խոսքերով.

«…Իմ կարծիքով, «Արարատի» շարժումը կառավարելի դարձավ մարզիչ Արտյոմ Գրիգորյեւիչ Ֆալյանի ժամանակ: Եվ բանը նրանում չէ, որ նրա օրոք` 1967թ. մենք մեր պատմության մեջ առաջին անգամ տեղ զբաղեցրինք ուժեղագույնների տասնյակում. չէ՞ որ հաջորդ տարի հայտնվեցինք 16-րդ տեղում եւ հետագայում տեղ չզբաղեցրինք տասնյակում: Ֆալյանի ժամանակ սկսեց ձեւավորվել «Արարատի» կազմը. հենց այդ ժամանակ մեկը մյուսի հետեւից թիմ եկան Աբրահամյան եղբայրները, Դեմիրճյանը, ես, Բոնդարենկոն, Ղազարյանը, Անդրեասյանը»:

Հիշում է Ալյոշա Աբրահամյանը

Հատկանշական է, որ թե՛ առաջին, եւ թե՛ երկրորդ խաղաշրջաններում «Արարատի» հաջողությունը սկսվեց «Կայրաթի» նկատմամբ տարված հաղթանակներից: Մեզ հաջողվեց խոշոր հաշվով հաղթել»Կայրաթին» եւ կրկին վերելք ապրել: Այս թիմը մեր «թալիսմանն» էր:

Նրանց մարզիչը Արտյոմ Ֆալյանն էր, ով ժամանակին «Արարատի» մարզիչն էր եւ մեծ ներդրում ուներ թիմի կայացման գործում: Երբ նա մարզում էր «Արարատը», մեծ ռիսկի դիմեց` ինքնադրսեւորվելու հնարավորություն տալով Զանազանյանին, Բոնդարենկոյին, ինձ եւ մի քանի այլ խաղացողների: Նա չվախեցավ եւ խաղալու հնարավորություն տվեց երիտասարդ ու անփորձ խաղացողներին: Այս ժամանակաշրջանում մեզ հաջողվեց հաստատվել թիմի հիմնական կազմում: Չնայած արդեն վաղուց նա մեր մարզիչը չէր, բայց պահպանում էր կապը մեզ հետ եւ ուրախանում էր մեր հաղթանակներով:



Լուսանկարը՝ Ալյոշա Աբրահամյանի արխիվից:

...Ահա, կրկին շեղվեցի: Այսպիսով, մերոնք հաղթեցին: Նորից խոշոր հաշվով` 4 : 0: Միայն թե կան նվազագույն հաշվով տարված հաղթանակներ, որոնք ավելի մեծ հաճույք են պատճառում: Այսօրվա հանդիպումն, անկեղծ ասած, ինձ այնքան էլ դուր չեկավ: Միգուցե պատճառը «Կայրաթի» «կեղտոտ» խա՞ղն էր` հատկապես առաջին խաղակեսում: Կամ միգուցե ազդել էր հոգեբանական վա՞խը: Կատակ բան չէ` չորս պարտություն անընդմեջ: Եթե դա այդպես է, ապա հուսանք, որ տպավորիչ հաղթանակը արարատցիներին թույլ կտա արագ դեն նետել «շղթաները» եւ նոր արշավ սկսել չեմպիոնի տիտղոսի համար: Մրցաշարային ընդհանուր մթնոլորտը դրան է տրամադրում:  

Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:

Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին