Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 18-րդ - Mediamax.am

exclusive
25121 դիտում

Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 18-րդ


Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից


Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» պատմում է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Նախագծի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:

«Դնեպր» (Դնեպրոպետրովսկ) - «Արարատ» - 1:1 (1:1) 5:4 – 11-մետրանոցներով

Դնեպրոպետրովսկ. «Մետեոր» մարզադաշտ. 29 հուլիսի. 36 000 հանդիսատես:

«Արարատ»՝ Ա.Աբրահամյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Ա.Հարությունյան,  Մեսրոպյան, Անդրեասյան (ավ.), Բոնդարենկո, Իշտոյան, Մարկարով, Պողոսով, Ն.Պետրոսյան (Ս.Պետրոսյան): 

Գոլեր՝ 0:1 Մարկարով (29), 1:1 Գրինկո (44 - 11 մետրանոց): 

11-մետրանոցները իրացրեցին՝ Անդրեասյան, Իշտոյան, Հարությունյան, Մարտիրոսյան

Չիրացրեցին՝ Պողոսով, Մարկարով, Բոնդարենկո:

Արսեն Կակոսյան

29 հուլիսի: Տուր XVIII: «Դնեպրի» մասնակի ռեւանշը

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՐՊԱՍԱՊԱՀԸ

Այս ֆուտբոլային օրվա հերոսն, անխոս, Ալյոշա Աբրահամյանն էր: Բայց ափսոս նրա հաջող, չէ՝ «հաջողն» այն խոսքը չէ,- փայլուն խաղը շուտով կմոռացվի… Քանի որ սովորաբար «պատմության մեջ» են մտնում հաղթանակած խաղերը: Պարտվածների մասին բոլորը ձգտում են շուտ մոռանալ, նույնիսկ եթե առանձին խաղացողներն այդ օրը փայլուն են խաղացել: Իսկ Ալյոշան իսկապես հիանալի խաղ ցուցադրեց: Նա որսաց անհամար քանակությամբ «մեռած» գնդակներ եւ ամենակարեւորը՝ հետ մղեց երկու 11-մետրանոց հարվածներ: Միայն Պողոսյանի, Բոնդարենկոյի եւ Մարկարովի անփութությունը, ովքեր վրիպեցին հիմնական ժամանակին հաջորդած 11-մետրանոցների իրացման ընթացքում,  «Արարատին» թույլ չտվեց նվաճել հաղթանակը, իսկ Ալյոշա Աբրահամյանին՝ գրանցել լավագույն ելույթներից մեկը ոչ միայն խաղաշրջանի ընթացքում, այլեւ առհասարակ…

Հիշում է Ալյոշա Աբրահամյանը

Այս խաղից երեք օր առաջ կրկին հանդիպել էին «Դնեպրին»` ԽՍՀՄ Գավաթի խաղում: «Դնեպրի» հետ միշտ լավ էինք խաղում: Գավաթի խաղում հաղթեցինք 1-0 հաշվով: 

Առաջնության խաղում նրանք փորձեցին ամեն գնով միավոր վաստակել: Հնարավոր է, որ պայմանավորվածություն էին ձեռք բերել մրցավարի հետ, քանի որ մենք 1-0 հաշվով հաղթում էինք, սակայն մրցավարը մեր դարպասին 11 մետրանոց հարված նշանակեց, եւ նրանց հաջողվեց հավասարեցնել հաշիվը:

Հետխաղային 11 մետրանոցների ժամանակ սովորաբար մեկ-երկու գնդակ որսում էի… Դոնեցկում, Մոսկվայում «Սպարտակի» հետ խաղի ժամանակ, Երեւանում «Զարյայի» խաղի ժամանակ նույնպես որսացի եւ հաղթեցինք: Այս անգամ, սակայն, հաղթել չհաջողվեց…


Լուսանկարը՝ Ալյոշա Աբրահամյանի արխիվից:

«Ֆուտբոլ-հոկեյ» շաբաթաթերթի վերջին համարի շապիկին տեսնելով Ալյոշա Աբրահամյանի «մենանկարը» տեղեկատվությամբ այն մասին, որ մայիսի 27-ից ի վեր նա առաջնության հանդիպումներում գոլեր բաց չի թողել՝ ես մտածեցի՝ աչքով չտան: Եվ իսկապես, աչքով տվեցին: Հենց շաբաթաթերթի լույս տեսնելու օրը՝ հուլիսի 15-ին, մեր դարպասապահը Տաշքենդում երկու գնդակ բաղ թողեց… Եվս մեկը խփեցին այսօր: Թեեւ՝ 11 մետրանոց նշագծից…

Բայց էականը դա չէ: Ընթացիկ խաղաշրջանում Աբրահամյանը այնպիսի հուսալի խաղ է ցուցադրում, որ ուղղակի զարմանում ես: Արդեն խաղաշրջանի մեկնարկին ասում էին, որ նա մարզվում է ինչ-որ խանդավառությամբ: Կամ նա զգում էր, որ իր ժամը եկել է, կամ դերակատարություն ունեցավ Սիմոնյանի՝ թիմ մտնելը: Պատմում էին, որ երբ «Արարատի» նոր մարզիչը առաջին անգամ հարվածեց Ալյոշայի դարպասին, վերջինս, ոգեւորությունից շնչահեղձ լինելով, բացականչեց. «Վերջապես ես էլ զգացի իսկական մարզչի համը»: Դա մոտ է իրականությանը, քանի որ ես ինքս էլ լսել եմ, թե ինչ սիրով է Աբրահամյանը դիմում Սիմոնյանին՝ նրան անվանելով «Նիկիտա Պավլովիչ ջան»:   

Հիշում է Նիկոլայ Ղազարյանը

18-րդ տուրում միավոր կորցրեցինք, սակայն ես դա պարտություն չեմ համարում, քանի որ 11 մետրանոցներով գրանցվեց: 11 մետրանոցները խաղային եւ կամային հատկանիշների ցուցանիշ չեն, այստեղ հաջողության գործոնը մեծ է: Իհարկե, ֆուտբոլիստը պետք է պրոֆեսիոնալ լինի, որ կարողանա լավ իրացնել դրանք, սակայն, ընդհանուր առմամբ, 11 մետրանոցներին պետք է ավելի թեթեւ վերաբերվել: Այդ պատճառով «Դնեպրին» պարտվելուց հետո խուճապի չմատնվեցինք:

«Դնեպրի» հետ խաղում մեր դարպասապահ Ալյոշա Աբրահամյանն իսկապես իր բարձրության վրա էր: Կարծում եմ, նա կարող էր դառնալ ԽՍՀՄ թիվ մեկ դարպասապահը: Նա լավ ֆիզիկական տվյալներ ուներ եւ շատ աշխատասեր ու կարգապահ էր:

Կարելի է ասել, որ դարպասապահի գործը ամենածանրն է: Նա պետք է վարպետորեն խաղա, որ վստահությունը փոխանցվի նաեւ մյուս խաղացողներին: Երբ Ալյոշան էր դարպասներում, մենք հանգիստ էինք: Չեմ հիշում դեպք, երբ Ալյոշան ընկճված լիներ: Մենք մեզ մրցակիցներից բարձր էինք համարում, քանի որ նրա պես դարպասապահ ունեինք:

Ալյոշա Աբրահամյանն իսկապես վաստակավոր դարպասապահ է: Ինչո՞ւ նրան այդպես էլ ԽՍՀՄ հավաքական չվերցրեցին: Նրանք գիտակցում էին, որ մեր դարպասապահը կհաստատվի այնտեղ, նա վեր էր մրցակցությունից: Բայց իրենց «հարմար չէր» Ալյոշային վերցնել, քանի որ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ հիվանդագին կարող էին մոտենալ այդ հարցին:


Լուսանկարը՝ Ալյոշա Աբրահամյանի արխիվից:

Ինչ էլ լինի, մեր դարպասապահը հուսալի խաղ է ցուցադրում: Զանազանյանը պատմում է. «Նախկինում մենք՝ կիսապաշտպաններն ու պաշտպանները, հաճախ էինք սխալվում եւ, գոլ բաց թողնելով, զայրանում էինք Ալյոշայի վրա՝ ասելով՝ «ինչո՞ւ օգնության չես հասնում»: Հիմա հակառակն է. նա է մեզ հաճախ հանդիմանում սխալների համար: Հանդիմանում է, բայց փրկում է դրությունը…»:

Եվ սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե երեւանցիների բախտը չի բերել դարպասապահների հարցում: Իմ հիշողությունից ջնջվել են Քելեջյանի ելույթները, բայց ինչ վերաբերում է Սերգեյ Զատիկյանին, ապա պատրաստ եմ ցանկացած մեկի հետ վիճել, որ նա շատ բարձրակարգ դարպասապահ էր: Նրա խնդիրն այն էր, որ իր լավագույն տարիները նա անցկացրել էր «Բ» դասում: Իսկ այստեղ նա իսկապես հրաշքներ էր գործում: Հիշում եմ, եղավ մի խաղաշրջան, երբ նա ոչ մի գոլ բաղ չթողեց:

Հիշում է Ալյոշա Աբրահամյանը

Մեր ընտանիքը ֆուտբոլային է եղել. հայրս եւ երեք մեծ եղբայրներս ֆուտբոլ են խաղացել: Չգիտես ինչու, ես վոլեյբոլ էի պարապում, վատ չէի խաղում, մասնակցել եմ Սպարտակիադաների: Մի պահ «Շիրակ» ակումբը դարպասապահի խնդիր ուներ
ու ինձ որոշեցին ընդգրկել թիմում: Մոտ երկու շաբաթ պարապեցի ֆուտբոլային թիմի հետ, ինձ համար լիովին նոր պրակտիկա էր: Հետո իմ հանդեպ անտարբերություն զգացի եւ թողեցի մարզումները:

1963 թ. մեծ եղբայրս ինձ կանչեց տեքստիլ կոմբինատի ֆուտբոլային թիմում մարզվելու: Այդ ընթացքում «Շիրակի» մարզիչ Ալիկ Աբրահամյանն ինձ հրավիրեց «Շիրակ» եւ արդեն սկսեցի լրջորեն պարապել, իսկ 1964թ. Ժարկովն ինձ բերեց Երեւան: Հիշում եմ, երբ դեռ «Շիրակում» էի խաղում, Ռաֆիկ Մաթեւոսյանն ինձ մոտեցավ եւ հարցրեց` «Այ տղա, քեզանից մի բան դուրս կգա՞»: Ես էլ «լեննականցուն» բնորոշ մեծամտությամբ ասացի` «Ինչո՞ւ դուրս չի գա որ»: Ռաֆիկ Մաթեւոսյանը 1966թ. դարձավ «Արարատի» մարզիչ, եւ ես հրավիրվեցի «Արարատ»:

Ես լավ դարպասապահ եմ համարում նաեւ Մաթեւոսյանին: Թեեւ հայաստանյան ֆուտբոլի պատմության մեջ նա մտավ իր զավեշտներով: Սերգեյ Հարությունյանը՝ «Խորհրդային սպորտի» Հայաստանի մասով սեփական թղթակիցը, օրերս ինձ պատմեց մի դեպքի մասին: Երեւանցիները խաղացել են Կիեւի դինամոյականների հետ: Հաշիվն արդեն եղել է 7 : 1: Մաթեւոսյանը ձանձրացել է գնդակներ բաց թողնել Բազիլեւիչից, եւ երբ հերթական անգամ հարձակվողը հայտնվել է իր առջեւ, Ռաֆիկը սառնասրտորեն լքել է դարպասը եւ սկսել բանակցել կիեւցու հետ, թե նա արդյոք չի՞ լսել դատավորի սուլիչի ձայնը: Բազիլեւիչը շրջվել է մրցավարի կողմը, եւ այդ պահին դարպասապահը նրա ոտքերի մոտից վերցրել է գնդակն ու անվրդով դաշտ ուղարկել…


Լուսանկարը՝ Photolure:

Ինձ ամենաշատը զարմացնում է Աբրահամյանի դարպասապահական տեխնիկան: Երբեմն ինձ թվում է, թե նա չգիտի տարրական այբուբենը, որը մարզիչները երեխա դարպասապահներին սովորեցնում են բոլոր դպրոցներում ու թիմերում: Օրինակ, ես միշտ զարմանում եմ Աբրահամյանի` գնդակը որսալու ձեւին: Նա առաջ է մեկնում ձեռքերը, որսում գնդակը եւ այդպես էլ այն պահում մեկնած ձեռքերում: Պարզապես զարմանալ կարելի է՝ ինչպես նա չի կորցնում այն, ինչպես գնդակը չի ցատկում նրա մոտից… Կամ Ալյոշայի խաղը արտագնա հանդիպումներում: Թվում է՝ նա գործում է սխալը սխալի հետեւից, բայց արդյունքում մեծամասամբ հաղթող է դուրս գալիս: 

Ալյոշան «Արարատում» խաղում է արդեն 10 սեզոն: Այդ տարիների ընթացքում նա շատ հաճախ անհարթ է խաղացել, բայց ինձ միշտ տպավորել է նրա նվիրվածությունը, նպատակասլացությունը: Իսկ գնդակները նա բաց է թողել առավելապես իր տաքարյուն բնավորության պատճառով: 

Բայց տարիների ընթացքում, վստահ եմ, ցանկացած մարզիկի ավելի հեշտ է հաջողվում գտնել ինքնակառավարումը: Նրանք պարզապես ավելի իմաստուն են դառնում: Կուտակվում է փորձը, հաշվարկը, հմտությունը: Ահա թե ինչու դարպասապահների մեծ մասն իսկական վարպետ է դառնում 30 տարեկանին մոտ, այդ իմաստով մեր Ալյոշայի առջեւում են 3-4 «ոսկե» խաղաշրջաններ: Եթե հաշվի առնենք նաեւ նրա մոլեգին նվիրվածությունը ֆուտբոլին, ապա կարելի է եզրակացնել, որ դեռեւս մի քանի տարի Աբրահամյանը կհամարվի մեր երկրի լավագույն դարպասապահներից մեկը:  

Ամենահետաքրքիրն այն է, որ Ալյոշայի նախանձելի ճակատագրի մասին ես սկսել էի մտածել այսօրվա Դնեպրոպետրովսկի հանդիպման հեռարձակումից շատ առաջ: Առավոտյան դուրս նայելով պատուհանից՝ տեսա, թե ինչպես են պատանիները բակում «Ալյոշա խաղում»: Դե ինչ, ամեն ինչ ճիշտ է: Դեռ վերջերս նրանք Յաշին էին խաղում, իսկ իմ հասակակիցները խաղում էին Խոմիչ եւ Ակիմով, իսկ Խոմիչն ու Ակիմովը, հավանաբար, իրենց ժամանակ խաղում էին Կանդիդով: Այդ տարիներին նրանք չունեին իսկական հերոս եւ նմանակում էին Լ.Կասսիլի ստեղծած գրական հերոսին՝ «Հանրապետության դարպասապահին»:

Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:

Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին