Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 11-րդ - Mediamax.am

exclusive
23061 դիտում

Արարատ 73` վերելքի ուղին. խաղ 11-րդ


Լուսանկարը` eduardmarkarov.com:

Լուսանկարը` eduardmarkarov.com:

Լուսանկարը` Ալյոշա Աբրահամյանի արխիվից:

Հովհաննես Զանազանյան
Հովհաննես Զանազանյան

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից:

Ալեքսանդր Պոնոմարյով
Ալեքսանդր Պոնոմարյով

Լուսանկարը` shakhtar.com.

Լուսանկարը` Արկադի Անդրեասյանի արխիվից:


Մեդիամաքս-ի «Արարատ 73` վերելքի ուղին» պատմում է 1973 թվականին Երեւանի Արարատի ԽՍՀՄ առաջնությունում տարած հաղթանակի մասին: Նախագծի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:
 
«Արարատ» - «Շախտյոր» - 3:0 (1:0)

Երեւան. «Հրազդան» մարզադաշտ. 13 հունիսի. 19 աստիճան տաքություն. 56 000 հանդիսատես:

«Արարատ»՝ Ա.Աբրահամյան, Գեւորգյան, Սարգսյան, Կովալենկո, Մեսրոպյան Անդրեասյան, (Իշտոյան, 40), Բոնդարենկո (Մարտիրոսյան, 55), Պողոսով, Մարկարով, Զանազանյան, Ն.Ղազարյան:

Գոլեր՝ 1:0 Մարկարով (10), 2:0 Ղազարյան (84), Իշտոյան (90):

Արսեն Կակոսյան

13 հունիսի: Տուր XI: Երեւանցիները ծանոթանում են բարձրագույն լիգայի նորակոչիկ «Շախտյորի» հետ:

ՀԵՐԹԱԿԱՆ ՏՈՒՐԻ ՎԱՐԴԵՐՆ ՈՒ ՓՇԵՐԸ

Մահացել է Ալեքսանդր Սեմյոնովիչ Պոնոմարյովը: Հաղորդավարն այս ցավալի լուրը հայտնեց ռադիոյով, եւ ամբողջ մարզադաշտը ոտքի կանգնեց մեկ րոպե լռությամբ: Եթե ինչ-որ ցուցիչ սարք կարողանար կարդալ հանդիսատեսի, ֆուտբոլիստների եւ դատավորների մտքերը եւ դուրս բերեր ընդհանուր կարծիքի բանաձեւ, ապա այն կունենար մոտավորապես հետեւյալ տեսքը.

«Պոնոմարյով: Ֆուտբոլում այսպիսի անունները միլիոնավոր պատանիների ստիպել են դուրս գալ կանաչ խաղադաշտ եւ երազել փառքի մասին»:

Եթե հիմա «Արարատն» առաջին տեղում է, անցյալ տարի չորրորդում էր, իսկ նախանցյալ տարի դարձել էր արծաթե մրցանակակիր, ապա դա, իհարկե, Ալեքսանդր Սեմյոնովիչի՝  «Արարատի» մարզչի վաստակն է, թեեւ ճակատագրի հեգնանքով նրան բախտ չվիճակվեց տոնել այդ հաղթանակների ուրախությունը: Նա գնաց մարզելու հավաքականը. նրա կազմակերպած, ստեղծած ֆուտբոլային նվագախումբը սկսեց հանդես գալ առանց իր գեղարվեստական ղեկավարի: Հիշում եմ, նրան բաժին էին ընկնում միայն անախորժություններ: Նույնիսկ եկավ մի պահ, երբ «Արարատը» դուրս էր մնում բարձրագույն լիգայից: Նրան պակասում էր մեկ միավոր, եւ նա ստիպված էր պաշտպանել իր տեղը ուժեղագույների շարքում հետնապահների խմբում. այն ժամանակ այդպիսին էր խաղային համակարգը:


Ալեքսանդր Պոնոմարյով:

Լուսանկարը՝ shakhtar.com:

Ալեքսանդր Սեմյոնովիչն ինձ ասում էր, որ իրեն ամենաշատը տանջում է անարդարության մասին միտքը. նա տեսնում է, նա զգում է, որ թիմը ուժ, վարպետություն է հավաքել, որ շուտով կթռչի, բայց ահա տարօրինակ մրցաշարային քաղաքականության կազմակերպիչների կամքով կարող է դուրս մնալ բարձրագույն լիգայից:

Հիշում է Նիկոլայ Ղազարյանը

Ալեքսանդր Պոնոմարյովի հիշատակը շատ թանկ է մեզ համար: Նա ամբողջությամբ նվիրվում էր աշխատանքին՝ միաժամանակ հոգ տանելով մեր մասին: Մի օրինակ բերեմ: Ամռանը մարզումների ժամանակ դաշտը չոր էր լինում, եւ նա ջրի ցնցուղ էր պահում դարպասի մոտ, որպեսզի դարպասապահի վայրէջքը ինչ-որ չափով փափուկ լինի:

Մի ժամանակ «Արարատը» վատ էր հանդես գալիս դրսի հանդիպումներում: Կարծես մինչեւ խաղի մեկնարկը հոգեբանորեն պարտված լինեինք: Պոնոմարյովը զգում էր դա, եւ հանդիպումից առաջ կարող էր, օրինակ, հարցնել ինձ` «Ղազարյան, գիտես, թե որքա՞ն է կշիռդ եւ հասակդ»: Պատասխանում էի հարցին, ինչից հետո նա հայտնում էր ինձ հակառակորդ թիմի պաշտպանի կշիռն ու հասակը, եւ ասում էր, որ ինչ էլ լինի, ես պարտավոր եմ հաղթող դուրս գալ մեր մենամարտերում: Նա կարող էր վստահություն ներշնչել յուրաքանչյուրին:

Մեկ-մեկ Ալյոշա Աբրահամյանը դժգոհում էր, որ մարզումների ժամանակ շատ մոտ տարածությունից ենք հարվածում դարպասին: Ի վերջո Պոնոմարյովը թիմ հրավիրեց Բորիս Ռազինսկուն, որը դարձավ հիմնական դարպասապահ, իսկ Ալյոշան` պահեստային: Բորիսն անվախորեն ասում էր, որ հնարավորինս մոտ տարածությունից հարվածենք: Ալյոշան էլ տեսավ դա եւ վարակվեց նրանից: Պոնոմարյովը շատ հետաքրքիր հնարքներ էր կիրառում յուրաքանչյուրիս վրա հոգեբանորեն ազդելու համար: Նա շատ արժանի մարդ էր եւ մեծ ներդրում է ունեցել «Արարատի» կայացման գործում:


Լուսանկարը՝ eduardmarkarov.com
:
 
«Արարատը» ոչ միայն հաստատուն կերպով մնաց, այլեւ դարձավ առաջինն իր «սփոփիչ» խմբում: Նա ցուցադրեց ավելի կայուն խաղ, քան խաղաշրջանի սկզբում, եւ դրանք հուսադրող նախանշաններ էին: Դրանք ներկայիս «Արարատի» ծիլերն էին: Հենց այդ տարի՝ 1969թ.-ին, երբ հաջողվեց դժվարին պայքարում տեղ զբաղեցնել բարձրագույն լիգայում, ձեւավորվեց, Հովհաննես Զանազանյանի կարծիքով, ներկայիս թիմը.

- Այո,- հետագայում ասում էր թիմի ավագը,- մեկ խաղաշրջան անց մենք դարձանք երկրորդը, իսկ այն ժամանակ քայլում էինք անդունդի եզրով: Դժվար է դրան հավատալ, բայց դա այդպես է:

Պոնոմարյովը լուրջ ուշադրություն էր դարձնում ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությանը… Նրա կարգախոսը շարժումն էր, իսկ շարժումն առանց տոկունության հնարավոր չէ: Խոստովանեմ. մեզ համար սկզբնական շրջանում հեշտ չէր: Այն, ինչը մեզ էր հարմար, ձեռք չէր տալիս մարզչին: Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում էր հակառակորդի ոտքերի արանքով ուղարկել գնդակը, իսկ Պոնոմարյովի հրահանգներն անփոփոխ էին. խաղալ մեկ-երկու հպումով՝ հաճախակի օգտվելով հեռահար փոխանցումներից:


Հովհաննես Զանազանյան:
Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

Կտրուկ աճեց ծանրաբեռնվածությունը: Մենք ավելի վաղ մարզվել էինք Գագրայում՝ նախամրցաշարային հավաքներում: Հետո ծանրաբեռնվածությունը թուլացել էր: Պոնոմարյովը 1969թ. մեզ թույլ տվեց լիցքաթափվել միայն խաղաշրջանի ամենավերջում: Կյանքում այդքան չէի վազել, որքան այդ տարի: Չեմ ճանաչում մեկ այլ մարզչի, ով նման խանդոտ կհետեւեր ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակին: Պոնոմարյովի ժամանակ մենք ծանոթացանք լուրջ բժշկական հետազոտությունների, շոգեբաղնիքի, կշեռքի հետ: Ավելորդ քաշը մարզչին պարզապես հանում էր հունից: Կարծում եմ, Կովալենկոն, Բոնդարենկոն մինչ օրս հիշում են, թե ինչ համառ էր Պոնոմարյովը ավելորդ քաշը գցելու պահանջի մեջ:

Հիշում է Արկադի Անդրեասյանը

Ալեքսանդր Պոնոմարյովը մեր մեջ սերմանեց աշխատասիրություն,  նպատակասլացություն, ավելացրեց ծանրաբեռնվածությունը: Օրվա ընթացքում մեզ մոտ 2-3 մարզում կարող էր լինել. մարզում կար անգամ խաղից առաջ: Պատահել է, որ խաղադաշտ է դուրս գալիս այն մտքով, որ խաղի ընթացքում, ի վերջո, կհանգստանամ:

Մի անգամ մարզվում էինք Ռոստովում, որտեղ չափազանց շոգ էր, եւ չգիտես ինչու նա մեզ մարզման դուրս բերեց ժամը 13:00-ին: Մի քիչ վազեցի, սակայն վատ զգացի ինձ եւ կանգնեցի: Նա նայեց ինձ եւ հարցրեց՝ «Ինչո՞ւ չես մարզվում»: Ես էլ պատասխանեցի, որ չափազանց շոգ է: Նա ինձ հանդերձարան ուղարկեց: Հետո եկավ եւ ասաց, որ եթե ես իսկապես չէի կարող մարզվել, դա մի բան է, սակայն եթե «գլուխ եմ պահել», դա՝ վատ է: Բայց ես իրոք ինձ լավ չէի զգում եւ չէի կարող վազել: Նա հիշաչար մարդ չէր, միշտ կարող էր մոտենալ, զրուցել:

Իմ քաշը 72.5 կգ էր, իսկ Պոնոմարյովը առաջարկեց ինձ եւս մեկ կիլոգրամ նիհարել: Չնայած, որ ես ինձ լավ էի զգում, հետեւեցի նրա խորհրդին եւ մեկուկես կիլո «գցեցի», ինչից հետո սկսեցի ինձ դաշտում էլ ավելի լավ զգալ: Նա նաեւ ինձ սովորեցրեց  ջուր շատ չխմել, ինչը եւս լրացուցիչ թեթեւության հաղորդեց խաղիս:

Իսկ ինչ վերաբերում է խաղի ստեղծագործմանը, ապա այս հարցում նա թերություններ ուներ: Կարող եմ ասել, որ նա իմ մեջ նաեւ ստեղծագործ խաղացողի այդպես էլ չտեսավ:


Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:


Նրա պահանջկոտությունը տարածվում էր բոլորի վրա նույն կերպով: Նա կարող էր ոչ բավարար ակտիվության համար հանդերձարան ուղարկել երիտասարդ Անդրեասյանին եւ նույն անսասանությամբ ուրիշ քաղաքից տուն ուղարկել կարգը խախտած փորձառու Կովալենկոյին:     

Հիմա ես միայն կարող եմ զարմանալ Պոնոմարյովի համառությանը, որով նա հաղթահարում էր հակազդեցությունը: Եթե միայն այդ ժամանակ ներկա լինեիք մեր քննարկումներին ու խորհրդակցություններին… Դրանք երբեմն շարունակվում էին երեք ժամ, բոլորը խոսում էին, իսկ նախկինում մեր թիմը երբեք զրուցասեր չէր եղել. ամեն մեկը ուրախանում եւ վրդովվում էր ինքն իր համար:

Փոխարենը տարեվերջին մենք ունեցանք թիմ, հենց թիմ, այլ ոչ թե կազմ: Իսկ 1970 թվականին «Արարատն» արդեն անվանեցին հեռանկարային: Առաջին շրջանը մենք լավ ավարտեցինք, իսկ հետո… Դե, բախտներս չբերեց, հայտնվեցինք 12-րդ տեղում:

Հիշում է Ալյոշա Աբրահամյանը

Ալեքսանդր Պոնոմարյովը հոյակապ մարզիչ էր: Նա սովորեցրեց մեզ ճիշտ վերաբերվել պրոֆեսիոնալ սպորտին: Նա ուշադիր էր մեր խնդիրների նկատմամբ: Եթե մեզանից ինչ-որ մեկը ընտանեկան կամ այլ խնդիրներ ուներ, նա զրուցում էր եւ ճիշտ լուծումներ էր առաջարկում:


Լուսանկարը՝ Ալյոշա Աբրահամյանի արխիվից:

…Ինչի՞ մասին էին այդ պահին մտածում մեր հյուրերը՝ Դոնեցկի ֆուտբոլիստները: Նրանք, հավանաբար, հիշում էին, թե ինչպես էր Պոնոմարյովը՝  «քնած առյուծը», խաղում «Շախտյորի» կազմում, օգնում թիմի կայացմանը: Բարի խոսքով են հիշում Ալեքսանդր Սեմյոնովիչին (վստահ էի դրանում) եւ Խարկովում, որտեղ նա մարզել էր «Ավանգարդը»: Այդ ժամանակ թիմն այնպիսի վատթար վիճակում չէր, որքան այսօր: Կարծում եմ, ֆիննական «Ուպոն-Պալո» թիմը նույնպես Պոնոմարյովի մահը հարգել է մեկ րոպե լռությամբ, չէ՞ որ այդ թիմը եւս մարզել է Ալեքսանդր Սեմյոնովիչը: Այնուհանդերձ, նրա անունն ամենաշատը կապված է երկու ակումբների՝ Մոսկվայի «Տորպեդոյի» եւ «Դինամոյի» հետ: Առաջինում նա փայլեց որպես առաջին մեծության ֆուտբոլային աստղ, իսկ երկրորդ կոլեկտիվին նա 1963թ. դարձրեց երկրի չեմպիոն:

Կասկած չկա, որ տխուր լուրն այսօր կսկիծ հարուցեց ամբողջ աշխարհի ֆուտբոլի գիտակների սրտերում: Պոնոմարյովի խաղը դեռ այն ժամանակներում գլխիվայր շրջեց բոլոր պատկերացումները թիմում կենտրոնական հարձակվողի տեղի ու դերի մասին եւ իսկական բացահայտում հանդիսացավ:

…Հիմա խաղի մասին: Հենց հնչեց դատավորի սուլիչի ձայնը, երկրպագուները սկսեցին ինքնամոռաց աղմկել: Նրանք կարծես գրոհի էին մղում երեւանցիներին: Կարծում եմ, այսօր տրիբունաները գոհ մնացին սիրելի թիմի խաղից: Նախ, նրանք գեղեցիկ խաղաոճով հաղթեցին առաջատարներից մեկին: Երկրորդ, նրանց կուռքը` Մարկարովը գոլ խփեց, ընդ որում՝ կրկին գլխով, կրկին՝ խաբելով դարպասապահին: Ղազարյանի եւ Իշտոյանի խփած հաջորդ երկու գոլերը եւս «մաքուր» էին եւ հայտնվել էին դարպասում ոչ առանց Մարկարովի մասնակցության:

Հիշում է Էդուարդ Մարկարովը

11-րդ տուրից առաջ մենք ԽՍՀՄ Գավաթի խաղարկության շրջանակում հանդիպում էինք Բաքվի «Նեֆթչիի» հետ (Էդուարդ Մարկարովը հանդես է եկել «Նեֆթչիի» կազմում 1961-1970 թթ., - խմբ.): 1971թ. երբ «Արարատը» նվաճեց ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալները, «Նեֆթչին» դուրս մնաց բարձրագույն խմբից, իսկ 1973թ. կրկին հայտնվեց առաջին լիգայում:

Ես ասում էի մարզիչին, որ իմ նախկին թիմի դեմ հանդես գալու հետ կապված որեւէ խնդիր չունեմ, բայց առաջին 1-2 տարիներին թիմի ղեկավարությունը չէր ընդգրկում ինձ կազմում՝ ավելորդ լարվածությունից խուսափելու համար:

Սակայն որոշ ժամանակ անցավ, եւ 1973 թ. ես մեկնեցի Բաքու: Իհարկե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 30 տարի ապրել եմ այդ քաղաքում, որից 20-ը՝ ֆուտբոլում, ինձ դժվար էր հանդես գալ նախկին թիմի դեմ: Առաջին րոպեներին ես ավելի շատ հետեւում էի խաղին, սակայն հետո ամեն ինչ մոռացվեց, եւ մնաց միայն մեկ նպատակ` հաղթել: Պատասխան խաղը Երեւանում նույնպես բարդ ստացվեց: («Արարատը» երկու դեպքում էլ հաղթանակներ տարավ (Բաքվում՝ 1:0 եւ Երեւանում՝ 3:1), եւ երկու խաղերում Մարկարովին հաջողվել էր գրավել մրցակցի դարպասը-խմբ):


Լուսանկարը՝ eduardmarkarov.com:

Այսպիսով, հաղթանակը փայլուն էր, համոզիչ եւ շատ կարեւոր: Երկու միավորով ետ է մղվել առաջատարներից մեկը, ձեռք են բերվել միավորներ խոշոր հաշվի մրցանակի համար (խոշոր հաշվով տարած չորրորդ հաղթանակը, մինչդեռ հակառակորդներից ոչ մեկը նույնիսկ երկու խոշոր արդյունք չունի): Եվ առհասարակ, այսօրվա տուրն ամրագրեց «Արարատի» առաջին տեղը գնդակների տարբերությամբ: 14 միավոր ունի նաեւ ԲԿՄԱ-ն, բայց խփած եւ բաց թողած գնդակների անհամեմատ վատ տարբերությամբ:  «Սպարտակը» հետ է մղել «Դնեպրին» եւ արագ մոտենում է առաջատարներին: Նույնը կարելի է ասել նաեւ «Զարյայի» մասին, որն ունի 12 միավոր: Կեցցեն, չկոտրվեցին անհաջող մեկնարկից հետո:

Հիշում է Նիկոլայ Ղազարյանը

«Շախտյորը», ինչպես եւ մնացած ուկրաինական թիմերը, անհարմար մրցակից էր մեզ համար, սակայն մենք նրանց հաղթեցինք՝ ցուցադրելով հարձակողական խաղ: Ընդհանրապես, «Արարատը» նվաճեց չեմպիոնությունը հենց հարձակողական ֆուտբոլի շնորհիվ: Մեր հարձակվողներն ուղղակի պարտավոր էին գոլ խփել, քանի որ կիսապաշտպանները հսկայական աշխատանք էին տանում: Կիսապաշտպանները` Բոնդարենկոն, Անդրեասյանը, Զանազանյանը եւ Պողոսյանը եւս շատ գոլեր էին խփում:

Միակ բանը, որ վշտացրեց հանդիսատեսին, Անդրեասյանի վնասվածքն էր: Խաղից առաջ կիրովականցիները նրան նվեր մատուցեցին՝ մրցանակ 500-րդ գոլի համար, որը նա խփել էր «Պախտակորի» հետ նախորդ խաղի ընթացքում, իսկ 40 րոպե անց նրան դաշտից դուրս էին հանում շտապօգնության պատգարակով:


Լուսանկարը՝ Արկադի Անդրեասյանի արխիվից:

Հիշում է Արկադի Անդրեասյանը

«Շախտյորի» հետ խաղում՝ 40-րդ րոպեին վնասվածք ստացա: Մարկարովը անհարմար փոխանցում կատարեց, մտա պայքարի մեջ, եւ ուկրաինացիների աջ պաշտպանը վնասեց ոտքս: Ստիպված էի լքել խաղադաշտը, ոտքիս կարեր դրեցին եւ մոտ 18 օր չխաղացի: Վերադարձա միայն ԲԿՄԱ-ի հետ խաղի ժամանակ (հուլիսի 8-ին)՝ դուրս գալով 2-րդ խաղակեսում:

Այդ կորստի «փոխհատուցումը» եղավ Իշտոյանի անսպասելի լավ խաղը: Փոխարինելով վնասվածք ստացած ընկերոջը՝ նա խաղաց այնպես եռանդուն ու ագրեսիվ, ինչպես վաղուց չէր խաղացել: Հանդիպման ավարտին նա իր տեղափոխություններով շփոթության մեջ գցեց հյուրերի պաշտպանությանը եւ գոլ խփեց, որը արժանապատվորեն պսակադրեց ֆուտբոլային տոնը:

Նախագծի վրա աշխատել են` Արամ Մակարյանը, Մարիամ Մանոյանը, Արամ Արարատյանը, Կարինե Պետրոսյանը, Արա Թադեւոսյանը:

Նախորդ խաղերի մասին կարդացեք այստեղ:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին