Անցյալն ու ներկան, մահն ու կյանքը՝ Արչիլ Քիքոձեի «Մողեսը տապանաքարին» վեպում - Mediamax.am

exclusive
2185 դիտում

Անցյալն ու ներկան, մահն ու կյանքը՝ Արչիլ Քիքոձեի «Մողեսը տապանաքարին» վեպում


Արչիլ Քիքոձեն
Արչիլ Քիքոձեն
Արչիլ Քիքոձեն և իր գրքերի թարգմանիչ Ասյա Դարբինյանը
Արչիլ Քիքոձեն և իր գրքերի թարգմանիչ Ասյա Դարբինյանը

Լուսանկարը` Զանգակ

Արչիլ Քիքոձեն և իր գրքերի թարգմանիչ Ասյա Դարբինյանը
Արչիլ Քիքոձեն և իր գրքերի թարգմանիչ Ասյա Դարբինյանը

Լուսանկարը` Զանգակ

Լուսանկարը` Վերնատուն


«Վերնատուն» հրատարակչությունը լույս է ընծայել  Արչիլ Քիքոձեի «Մողեսը տապանաքարին» վեպը՝Ասյա Դարբինյանի թարգմանությամբ:
 
Այն պատկերում է անցյալի եւ ներկայի, հիշողության եւ մոռացության, մահվան եւ կյանքի՝ մշտապես արդիական հակամարտությունը։ Մինչեւ այս՝ 2021-ին հայ ընթերցողին ներկայացվել էր վրացի գրողի «Հարավային փիղը» ուրբանիստական վեպը։

Արչիլ Քիքոձեի հետ Մեդիամաքսը զրուցել է «Մողեսը տապանաքարին»  գրքի մասին։

-Գիրքը լուսավոր թախիծով է պարուրված եւ հանդարտ ընթացք ունի։ Մեր ժամանակներում կյանքն ավելի ռիթմիկ է, ավելի անկանխատեսելի։ Գուցե գրականությունից ա՞յլ բան ենք ուզում՝ դեպի ավելի խորքը տանող պատում ու տրամադրություն։ Ինչպիսի՞ն է «Մողեսը տապանաքարին» վեպն այս առումով։

- Չգիտեմ, գուցե իմ կյանքը նման է այս գրքին՝ ռիթմիկ ժամանակի հոսքից դուրս ընկած, կամ այս գիրքը գրելու ժամանակ էր էդպես։ Ես այս գիրքը գրել եմ բոլորովին այլ ժամանակում՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ։ Ակնարկով նշվում է, որ համաճարակը գալիս է Չինաստանից, իրականում համատարած պանդեմիա էր, երբ ես գրում էի, եւ երբ ավարտեցի վեց ամսում, առանձնապես շատ բան չէր փոխվել։ Բնականոն հունից դուրս եկած ժամանակ էր, չէ՞, գուցե դա ազդեցություն ունեցավ։ Այն ժամանակ բոլորս շատ էինք մտածում հավերժական բաների կամ մահվան մասին: Ընդհանրապես, մենք՝ամբողջ մարդկությունը, շատ ժամանակ ունեինք մտածելու: Թե ով եւ ինչպես օգտագործեց այդ առիթը, դա է խնդիրը։

- Հպանցիկ, բայց երեւում են ժամանակները, ազգային կենսակերպը, հինը, ժամանակակիցը եւ, իհարկե, խորհրդային ժամանակների ուրվագիծը։ Ազդեցությունը, որ թողել են խորհրդային կարգերը, մինչ օրս զգալի՞ է։

-Իհարկե զգացվում է՝ ամեն քայլափոխի ու ամեն ինչում։ Հիմա, օրինակ, Թբիլիսիի փողոցներում գտնվող եւ իր ապագայի համար պայքարող սերունդը Խորհրդային Միությունից հետո առաջին սերունդն է, որը քննադատաբար է մտածում եւ չի հետեւում միայն հասարակության սահմանած վարքագծի կանոններին։ Ես միշտ ասում եմ, որ հետխորհրդային մարդուն շատ հատկանշական է մտածելուց ու դատողելուց վախենալը. նա նախընտրում է գործել արդեն պատրաստի բաղադրատոմսերով, տեղավորվել շրջանակի մեջ։ Այդպես ավելի հարմարավետ է զգում: Եթե սկսի մտածել, աշխարհը կփլուզվի գլխիվայր: Այդ իսկ պատճառով հետխորհրդային երկրներն այդքան պարարտ հող են ամեն տեսակ պոպուլիզմի համար։ Այդ երիտասարդները հաճախ վախեցնում են նույնիսկ սեփական ծնողներին, որովհետեւ նրանք ինքնուրույն են մտածում, բոլորովին տարբեր են միմյանցից՝ թեկուզ հենց քաղաքական հայացքներով, բայց շատ ավելի ազատ են, քան իմ սերունդը։ Ես խորհրդային ժառանգությունը տեսնում եմ շատ բաներում, նույնիսկ բառապաշարում, օրինակ, երբ իշխանության կողմնակիցները մեզ անվանում են «վնասատուներ» եւ չեն էլ գիտակցում, որ ուղղակիորեն Ստալինի շարունակողներն են։

-Հիշատակում եք աշխատության մասին, որը այս գրքի գլխավոր ոգեշնչումն է դարձել։ Փաստագրակա՞ն է աղբյուրը, որից օգտվել եք գիրքը գրելիս։ Գիգոն, նրա կառուցած ապաստարանը իրականում գոյություն ունե՞ն։

-Այդպիսի գիրք կա, տապանագրերը հավաքել են երկու համակրելի մարդիկ՝ Էթեր Թաթարաիձեն եւ Ամիրան Արաբուլին։ Ինձ համար դա ուղղակի պատրաստի նյութ էր: Ես շատ շնորհակալ եմ նրանց այս գրքի համար։ Թբիլիսիի ծովում կա նաեւ սրբավայր։ Ամենազավեշտալին այն է, որ այն մարդը, որը շենքը կառուցել է որպես անձրեւից ապաստան, որ հետագայում դարձավ մատուռ, շատ հպարտ է այս վայրով եւ չի հասկանում իրավիճակի անհեթեթությունը։

Լուսանկարը` Վերնատուն


Մի անգամ՝ շատ տարիներ առաջ, նա հանդիպեց ինձ փողոցում եւ պատմեց, թե ինչպես է կառուցել այս ապաստարանը, ինչպես են սկսել սրբապատկերները դասավորել ու հանգանակություններ բերել, հետո ինչպես են երեխաները կռվել, որ մեկը սուրբ վայրից փող է գողացել։ Բայց այս ամենը նրան դուր է եկել ու մինչ օրս դուր է գալիս։ Նա անընդհատ «Ֆեյսբուք»-ում հրապարակում է այդ «սրբավայրի» լուսանկարները։ Ես անմիջապես հասկացա, որ պետք է ինչ-որ բան դարձնեի այս պատմությունը: Սրբավայրի պատմությունն այն է, ինչից սկսվել է ամեն ինչ: Մնացածը վերնաշենք է։ Ես այդպիսին եմ. մի պատմություն լսում եմ ու հետո, եթե այն ինձ բաց չի թողնում ու անընդհատ հիշում եմ, պետք է դա մի բան անեմ։

-Ապաստարան, որ դառնում է սրբավայր, հետո արդեն՝ քրիստոնեական սրբավայր՝շրջապատված կինոաստղերի նկարներով։ Ի՞նչն եք շեշտադրում՝ ինչպես են ծնվում կուռքերը, տաճարները, ինչպես են զուգակցվում աշխարհիկն ու հոգեւորը… թե՞ մի այլ բան։

-Ամբողջ գրքի նպատակը (գրականության հետ կապված այս բառը ինձ դուր չի գալիս, բայց ուրիշ բան չկարողացա մտածել) հասարակության վիճակը փոխանցելն էր, որտեղ որոշ արժեքներ ոչնչացել են, իսկ նորերը դեռ չեն հաստատվել, եւ ահա թե ինչն է հետաքրքիր դարձնում այս պետությունը. մի հասարակություն, որը կարծես օդում կախված լինի, թեկուզեւ՝ երկիրը։ Ասենք, Դանիայում, որտեղ հասարակությունը պայմանավորվել է վարքագծի հիմնական կանոնների շուրջ, այդպիսի գիրք չէր կարող գրվել։ Իսկ մեզ մոտ ամեն ինչ եռում է, ու այս եռալն այնպիսի անհեթեթ իրավիճակների տեղիք է տալիս, երբեմն նույնիսկ ոչինչ հորինելու կարիք չկա։

Ես իսկապես տեսել եմ կինոդերասանների նկարներով զարդարված եկեղեցի, բայց ոչ Իմերեթիում, Թբիլիսիի մերձակայքում գտնվող Սամշվիլդե գյուղի մոտ, որտեղ, ի դեպ, դարեր շարունակ հայեր են ապրել։ Իմ հաջորդ այցելության ժամանակ ես այլեւս նկարներ չգտա եւ ամեն ինչ զարդարված էր ըստ կանոնների: Այնքան, որ ասես դերասանուհիների նկարները չկային, ասես դրանք իմ երեւակայության արգասիքն էին։ Կամ էլ կար ու անհետացավ, բայց շատ գեղեցիկ ու տարօրինակ էր, եւ ինձ մեծապես տպավորեց։

-Կա՞ն բաներ, որ հասկանելի են ավելի շատ վրացի ընթերցողին։ Եվ ի՞նչն է, որ կարող է գրավել օտար ընթերցողին։

-Ես դրա մասին շատ չեմ մտածում: Գիտեմ, որ օտար (արեւմտյան) ընթերցողներին հետաքրքրում են սովետական բաները, «գուլագները» եւ այլն։ Ընդհանրապես ճիշտ չէ ընթերցողի մասին մտածելը։ Կարեւոր է, որ այն, ինչ անում ես, քեզ հետաքրքիր լինի։ Միայն այս դեպքում արդյունք կլինի։ Եթե գրականությունն իսկական է, այն միշտ ընթերցողներ կգտնի, լինի դա Վրաստանում, թե դրսում:

-Կարելի՞ է ասել՝ գիրքը նաեւ մոր մասին է՝ Մանանայի։ Հետաքրքիր կերպար է, տարբերվող։ Զուր չի ասվում՝ ես հպարտ էի այդպիսի մայր ունենալու համար։ Ուշագրավ է նաեւ մոր մասին անունով պատմելը՝ Մանանան, այլ ոչ մայրս։

-Այս գիրքը մոր մասին էլ է։ Ընդհանրապես ես գաղափար չունեմ, թե ինչի մասին են իմ գրքերը։ Հետո ուրիշները ինչ-որ բան կասեն կամ կգրեն, եւ դա ինձ հաճախ դուր է գալիս։ Դե, իմ երիտասարդ ընկերներից մեկը՝ Նուկա Գամբաշիձեն, ասաց, որ այս գիրքը կանանցով շրջապատված տղամարդու մասին է։ Եվ ինձ դուր է գալիս նրա ասածը: Համաձայն եմ։ Դրա մասին էլ է հաստատ: Տղամարդու մասին, որը մեծանում է այնպիսի հասարակությունում, ինչպիսին Վրաստանում է, եւ միեւնույն ժամանակ անընդհատ փորձում է հաշվի առնել կանանց։ Երեք մարդիկ, որոնց նա ամենաշատն է սիրում, կանայք են՝ մայրը, երեխան եւ կինը, որը հա՛մ կինն է, հա՛մ էլ չէ: Չի ամուսնանում։ Այս կոնֆլիկտը, որը ես առաջ եմ քաշել, ինձ շատ է դուր գալիս՝ կինը այդպես էլ չի ամուսնանում նրա հետ։ Երբեմն մորս մայրիկով եմ դիմում, երբեմն էլ անունով։ Թբիլիսիում սա ինչ-որ տեղ սովորական բան է։

-Նկատելի է նաեւ հոր կերպարը, որն արդեն չկա, զավակների հետ հարաբերությունները։ Եվ հետաքրքիր հարցադրում է առաջ գալիս. «Ես ավելի շատ ո՞վ եմ՝ հա՞յր, թե՞ որդի»։ Հաճախ գրականության մեջ հանդիպում ենք խնդրահարույց ընտանեկան մոդելների։ Այստեղ ընտանեկան հարաբերությունները բոլոր կողմերից համակրանք են առաջացնում։ Այնուամենայնիվ, ինչո՞ւ են որդիները հայրերին դժվարությամբ ասում, թե ինչքան են սիրում նրանց։

-Չգիտեմ։ Փաստն այն է, որ նրանք դժվարանում են: Որոշ հայրեր նույնպես դժվարանում են ասելուց իրենց երեխաներին ինչ-որ բաներ։ Իմ կյանքը նման չէր գրքի պատմողին, բայց ես նույնպես դժվարությամբ էի խոսում հորս հետ, թեեւ անընդհատ հիանում էի նրանով: Գուցե իմ խնդիրն այն էր, որ ինձ համար եւ՛ մայրը, եւ՛ հայրը բարձրագույն հեղինակություններ էին։ Ես հավատում էի, որ իրական մարդիկ հենց իրենք են, եւ գուցե իրենց եւս մի քանի ընկերներ: Մի տեսակ ընտանեկան սնոբիզմ ունեի։ Եվ հետո ես որոշեցի այդպիսի կուռք չլինել իմ երեխաների համար։ Ամեն ինչ արեցի, որ ինձ տեսնեն որպես սովորական մարդու, եւ ուրիշ ոչ մեկին։ Կարծում եմ՝ ի վերջո, ես լրիվ ծաղրածուի վերածվեցի ու նույնիսկ մի քիչ չափն անցել եմ. ինձ ընդհանրապես լուրջ չեն նայում, բայց ես դրա հետ կապված խնդիր չունեմ։

-Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցը թեթեւութուն է զգում, որ մարդ չի սպանել։ Այսօր էլ պատերազմող աշխարհում ենք ապրում։ Ու բոլոր դեպքերում հասարակ մարդիկ միշտ են տուժում՝ անկախ նրանից սպանվում են, թե սպանում։ Եվ երեւի թե ոչ ոք էլ չի ցանկանա հակառակն անել՝ պարծենալ կատարած «սպանությունների» թվով։

- Որոշ մարդիկ դա ցանկանում են, եւ դա ողջամիտ չէ: Աշխարհը լի է այդպիսի մարդկանցով։ Մենք գիտենք, որ կան մարդիկ, որոնք կարոտում են պատերազմը, իրենց կորած են զգում խաղաղ պայմաններում։ Սա ողբերգություն է: Գուցե նրանք մեղավոր չեն, բայց, այո, մեր շուրջը անընդհատ պատերազմ է, որը մենք բառացիորեն ամեն օր դիտում ենք համացանցով եւ կարծես մեղսակից ենք այդ ամենին: Իսկ հասարակ ժողովուրդը, ինչպես ասացիք, տառապում է։

- Գրքում կան կերպարներ, որ մշուշոտ են մնում, օրինակ՝ Քեթին։ Գուցե նաեւ սա է բնականություն տալիս գրքին։ Կյանքում էլ է այդպես՝ մարդիկ, երեւույթները մնում են լրիվ չբացահայտված։ «Մենք երբեք չգիտենք, թե ինչի միջով է անցել ուրիշը»։

- Այո, չգիտենք: Քեթին բնական մտավ այս գրքի մեջ, եւ ես թողեցի նրան: Ընդհանրապես այս գիրքն առաջինն էր, որտեղից ես շատ բան դեն նետեցի, շատ տեսարաններ ու կերպարների հեռացրի, եւ ես հպարտ եմ, որ կարողացա դա անել։ Իմ գործում դա ամենադժվար բաներից մեկն է, ինչն առաջին անգամ ստացվեց:

-Չինական վիրուսը մարդկանց փակում է տներում, եւ անհանգստանում են, որովհետեւ մի բուռ ազգ են, եւ որովհետեւ «հարսանիքը դեռ էլի հեչ, ո՞վ ա լսել մեռելին առանց հարգանքի էն աշխարհ ճամփեն»։ Ավագ սերնդի այս վարք ու բարքը, մտածողությունը կարծում եք կանցնե՞ն նոր սերնդին։

- Սրան մասամբ արդեն պատասխանեցի։ Որոշ բաներ կմնան, որոշ բաներ կանհետանան։ Սա բնական է։ Անբնական է սովորությունից կառչելն ու այն գլխին փաթաթելը։ Օրինակ, երբ ես ընկերներիս հետ խմում եմ, շատ եմ սիրում կենաց ասել, բայց երբ երկու հարյուր հոգանոց հարսանիքի ժամանակ թամադան ինձ բացատրում է, որ մենք պետք է սիրենք մեր մորն ու հորը, որովհետեւ նրանք մեզ կյանք են տվել, դա ինձ համար ձանձրալի է. ուզում եմ փախչել այնտեղից։ Ինչ վերաբերում է երիտասարդներին, ապա նրանք առանձնահատուկ զգայունություն ունեն կեղծիքի նկատմամբ, եւ քանի որ հեռուստաէկրաններից նրանց հաճախ առաջարկում են ամբողջովին արժեզրկված եւ կատակերգական կերպարների՝ որպես/իբրեւ ավանդույթների ու մաքրության կրողների, եւ նրանք էլ դիդակտիկ տոնով խոսում են ինչ-որ անհեթեթություններ, երիտասարդների մեջ անտագոնիզմ է առաջանում այս ավանդույթների նկատմամբ։ Սա ցավալի պատմություն է ինձ համար։ Որովհետեւ շատ եմ սիրում, երբ մարդ գիտի իր արմատները, գիտի իր ընտանիքի պատմությունը։
Արչիլ Քիքոձեն և իր գրքերի թարգմանիչ Ասյա Դարբինյանը Արչիլ Քիքոձեն և իր գրքերի թարգմանիչ Ասյա Դարբինյանը

Լուսանկարը` Զանգակ


Այսօր աշխարհը լի է գեղեցիկ երիտասարդներով, որոնք իրենց անվանում են աշխարհաքաղաքացիներ, բայց այն մարդը, որը չգիտի իր արմատները, ինձ համար հետաքրքիր չէ։ Բայց մյուս կողմից այս արմատները լիովին իդեալականացված ու առասպելականացված են «ավանդականների» կողմից։ Սրանով երիտասարդներին այլեւս չես կարող խաբել, իսկ «հնի» ու «նորի» անջրպետն ավելի ու ավելի է խորանում։

- «Ինչ գիտեն էսօրվա երիտասարդները դաշտում աշխատելու մասին։ Նրանց միայն դրամաշնորհներն են հետաքրքրում»։ Հույս կա՞, որ բնությունից հեռացող ժամանակակից մարդը, մեկ է, էլի կվերադառնա դեպի բնությունը։

-Այս հատվածը մի քիչ տեղին չէ, քանի որ այն ավելի շատ վերաբերում է ավագ սերնդի գիտնականներին ծաղրելուն, քան իմ դիրքորոշմանը կամ սրտացավությանը: Չգիտեմ՝ կվերադառնա՞, թե՞ ոչ, փաստն այն է, որ նա կարոտում ու ձգտում է բնությանը, սկզբում ոչնչացնում է, հետո՝ կարոտում։ Ես չեմ խզել այս կապը, ես բնագետ եմ, բնության մարդ եւ ամենաշատը սիրում եմ այդպիսի մարդկանց։

- «Իսկ ես մարդուն խղճում եմ ծնված օրից, իսկ Կատոյին՝ ամենաշատը, քանի որ իմ երեխան է, եւ բոլոր փորձանքները, սրտնեղությունները ու մենակությունը դեռ սպասում են նրան»։ Պատմողն է ասում, բայց նաեւ ուզում է, որ լաց լինող աղջնակը տեսնի՝ ինչ գեղեցիկ է մայրամուտը, ինչ գեղեցիկ են մարդիկ, երբ սիրում են իրար։ Թվում է՝ սա այն է, ինչ գիտենք՝ մարդու մենակությունը, սիրելու կարեւորությունը, բնության փրկարար ուժ… Բայց այսպիսի պարզ ակնարկները չե՞ն, որ ստեղծագործությունը հարազատ են դարձնում ընթերցողին։

-Իմ կողմից ճիշտ չէ դատել իմ ստեղծագործությունը եւ խոսել այն մասին, թե ինչն է այն հարազատ դարձնում ընթերցողի համար: Մի բան կասեմ, որ սա շատ անձնական գիրք է, որը, ըստ իս, ես հաջողել եմ:

- Ասվում է՝միակ գանձը որ հերոսները տանում են իրենց հետ՝ հիշողությունն է։ Գիրքը նույնպես հիշողություն է, որը սակայն մնում է մեր աշխարհում։

- Այո, այդպես է։ Ավելի ճիշտ, այստեղ կան մտքեր այն մասին, թե ինչ է մնալու մեզնից հետո, եւ մենք բոլորս գիտակցում ենք, որ առանձնապես ոչինչ։ Այս գիրքը տխուր գիրք է։ Ես էլ տխուր մարդ եմ։ Այս գրքում կա նաեւ հերոսության մասին դատողություն. չէ՞ որ հերոսությունը սեփական անունը հավերժացնելու փորձ է, երբեմն բոլորովին ապարդյուն փորձ։

- Կառամատույցի վերջին հասնող գնացքը… կարծում եմ՝ կյանքի անցողիկության մասին է։ Ու նաեւ դա է գրականությունը/կյանքը պարուրում լուսավոր թախիծով։

- Այդպես ստացվեց, որ այս գնացքը դարձավ անցողիկության խորհրդանիշ: Դա էն ժամանակ հասկացա, երբ ընկերս ինձ ասաց՝ օ՜, ինչ լավ բարձրացար ու ինչպես նստեցիր այդ գնացքը: Եվ ես մտածեցի՝ ինչո՞ւ էր նա այդքան հիացած։ Ես հասկացա, որ նա այդպես էր հասկանում, եւ ինձ դուր եկավ։ Ես ասացի, որ շատ բան եմ սովորում ընթերցողների գնահատականներից։

- Հարցազրույցներից մեկում ասել եք, որ երբեմն գողանում եք մարդկանց հետ կատարվող պատմությունները։ Իսկ ինքներդ ձեզնից պատմություն գողանո՞ւմ եք։ Ի՞նչ չափով եք ներկա Ձեր գործերում։ Նաեւ այս գործում։

- Իհարկե, ես նույնպես այնտեղ եմ: Ինչքան էլ քողարկեմ իմ տեսակետները, վերջին երեք գրքերը գրել եմ առաջին դեմքով, իսկ պատմողը միշտ իմ տարիքի մարդ է։ Ըստ այդմ՝ ծերանում է։ Ես այլեւս չեմ ուզում դա: Ուզում եմ, որ հաջորդ գիրքը գրվի երրորդ դեմքով եւ այլ ոճ ունենա։ Տեսնենք, թե ինչ կստացվի։ Գիտեք, ամենահետաքրքիրն այն է, որ ես միշտ հիացել եմ լատինամերիկյան գրականությամբ եւ կարող եմ ասել, որ լավ գիտեմ այս գրականությունը։ Եվ, չնայած դրան, ես ավելի շատ եվրոպական վեպը հաջողեցի, հատկապես այս վերջինը, քանի որ հեղինակի ձայնը ստանալը լատինամերիկացիները ընդհանրապես չեն կարողանում, եւ այս գրքերն ամբողջությամբ հիմնված են հավաքական հիշողության եւ առասպելի վրա։ Ես էլ եմ ուզում նման բան գրել, բայց ամեն գրքի հետ գնալով հեռանում եմ նպատակից։

-Ի՞նչ ջանք է պահանջում գրքի ծնունդը, եւ ի՞նչ է զգում գրողը, երբ արդեն ավարտում, ընթերցողին է հասցնում գիրքը։

-Լավ զգացողություն է: Գրելու գործընթացն ինքնին լավ է, երբ արդեն ընթացքի մեջ ես եւ ապրում ես գրքի ներսում: Այս զգացողությունը հետո մոռանում ես, այն փոխանցելն անհնար է, իսկ երբ հաջորդ գիրքը գրելիս նորից այցելում է քեզ, ուրեմն ամեն ինչ իր տեղում է։ Այն, ինչ նախկինում գրել ես, էլի քոնն է, եւ դու լիարժեք կապ ունես գրածներիդ հետ։ Թույն գործընթաց է: Ավարտելն ուղեկցվում է որոշակի դատարկությամբ, բայց հետո ձեռագիրը տալիս եմ լավագույն ընկերներիս եւ ընտանիքիս անդամներին կարդալու։ Նրանք ուզում են խմել ինձ հետ, եւ դա նշան է, որ ինչ-որ բան ստացվել է: Հակառակ դեպքում նրանք կթաքնվեին եւ չէին ցանկանա խմել ու խոսել հետս։

- Հայ ընթերցողը հետաքրքրված է Ձեր գրքերով։ Ինչպե՞ս է կայացել այդ կապը։

- Այս կապը առաջին հերթին հայաստանյան «Վերնատուն» հրատարակչության եւ թարգմանչիս՝ Ասյա Դարբինյանի շնորհիվ է։ Ընդհանրապես, երբ թարգմանում ես այլ լեզվով, իսկ հետո այդ լեզվով լսում տեքստը, շատ տարօրինակ զգացողություն է: Իսկ երբ այն սիրում են այդ երկրի ընթերցողները՝ երջանկություն է։
Արչիլ Քիքոձեն և իր գրքերի թարգմանիչ Ասյա Դարբինյանը Արչիլ Քիքոձեն և իր գրքերի թարգմանիչ Ասյա Դարբինյանը

Լուսանկարը` Զանգակ


Կարծեմ՝ թարգմանվել եմ ութ լեզվով, եւ ամենաշատը բախտս բերել է լեհ եւ հայ թարգմանիչների դեպքում։ Ասյան երկու գրքերս էլ մեծ սիրով ու համբերությամբ թարգմանեց, եւ այնուամենայնիվ չէի սպասում, որ «Հարավային փիղը» այդքան շատ կհավանեն։ Երբ եկա Երեւան ու այդքան ջերմ խոսքեր լսեցի, մեծ երջանկություն էր։

-Այս գրքի մասին կարծիք, քննադատություն, որ կարեւորում եք:

-Երկու վրացերեն քննադատություն կար, որոնք հիշում եմ՝ հավանել եմ։ Ինձ դուր եկավ այն, որ դա իսկական գրական քննադատություն էր, այլ ոչ թե գովասանք կամ հայհոյանք, ինչը հաճախ է լինում վրացական իրականությունում։ Երկու գրախոսությունների հեղինակներն էլ երիտասարդներ էին։ Այդ տեքստերից նույնպես շատ բան իմացա իմ գրքի եւ այնտեղ օգտագործվող խորհրդանիշների մասին, բայց դրանք իսկապես լավ հոդվածներ էին։ Բայց չեմ մեջբերի դրանք՝ թող հայ ընթերցողն ինքը որոշի այս գրքի արժանիքներն ու թերությունները:

Արմինե Սարգսյան

Հարցազրույցը թարգմանել է Ասյա Դարբինյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին