Ցեղասպանության պատճառները՝ անցյալի եւ ապագայի խաչմերուկում - Mediamax.am

exclusive
5682 դիտում

Ցեղասպանության պատճառները՝ անցյալի եւ ապագայի խաչմերուկում


Մարիա Սադոյանը
Մարիա Սադոյանը
Ռոնալդ Գրիգոր Սյունի
Ռոնալդ Գրիգոր Սյունի

2022 թվականի աշնանը «Մագաղաթ» հրատարակչությունը հայերեն ներկայացրեց ամերիկահայ պատմաբան Ռոնալդ Գրիգոր Սյունիի «Հայոց Ցեղասպանության պատմությունը» («Նրանք կարող են ապրել միայն անապատում») գիրքը՝ Մարիա Սադոյանի թարգմանությամբ:

Մեդիամաքսը զրուցել է հեղինակի եւ թարգմանչի հետ:

Ռոնալդ Գրիգոր Սյունի. «Ինձ համար շա՛տ կարեւոր էր ունենալ այս գրքի հայերեն թարգմանությունը»

- Ձեզ համար կարեւո՞ր էր ունենալ գրքի հայերեն թարգմանությունը։

- Ինձ համար շա՛տ կարեւոր էր ունենալ Ցեղասպանության մասին գրքիս հայերեն թարգմանությունը։ Այն արդեն թարգմանվել էր թուրքերեն (Ստամբուլի հայկական մամուլի կողմից) եւ հունգարերեն: Այնպես որ, հայերեն թարգմանությունը գիրքը կհասցնի ամենակարեւոր լսարանին՝ կարդալու հայերի երկար պատմության ամենաողբերգական իրադարձության մասին:

Քանի որ սա պրոֆեսիոնալ պատմաբանի գիտական գիրք է եւ գրված չէ ազգայնականության կամ նարցիսիզմի ոգով, սփյուռքի շատ հայերին վրդովեցրել է այն, որ փորձել եմ բացատրել, թե ինչու երիտթուրքերը, քրդերը եւ հասարակ մարդիկ դարձան իրենց հարեւանների զանգվածային սպանությունների հեղինակները: Ինձ ասում էին, որ պետք չէ փորձել «բացատրել» Ցեղասպանությունը, քանի որ դա կարող է հանգեցնել օսմանցիների՝ հայերի եւ ասորիների նկատմամբ 1915-1916 թվականներին կատարածի ռացիոնալ բացատրությանը եւ նույնիսկ արդարացմանը:

Ռոնալդ Գրիգոր Սյունի Ռոնալդ Գրիգոր Սյունի


Բայց առանց բացատրության հնարավոր չէ հասկանալ ողբերգության պատճառները, որոնք բարդ են եւ որոնց վրա խոր ազդեցություն է թողել ոչ մուսուլման ժողովուրդների նկատմամբ օսմանցիների վերաբերմունքը, միջազգային հակամարտությունները եւ մեծ տերությունների հավակնությունները, ինչպես նաեւ իրենց ժողովրդին պաշտպանելու եւ Օսմանյան կայսրությունում որոշակի աստիճանի իշխանություն ունենալու հայ հեղափոխականների ջանքերը:
 
Ես հույս ունեմ, որ այս գիրքը կոգեշնչի խորասուզվել մեր պատմության այս սարսափելի պահի մեջ եւ կավելացնի մեր գիտելիքները կատարվածի եւ դրա պատճառների վերաբերյալ:

- Երբ գրքեր եք գրում, եւ հատկապես՝ այս մեկը, մտածու՞մ եք, թե արդյոք ընթերցողը կլինի ամերիկացի, ռուս, գերմանացի, թե հայ: Դա ձեզ համար կարեւո՞ր է:

- Ամեն անգամ, երբ գրում եմ գրքեր եւ հոդվածներ, գրում եմ տեղեկացված լսարանի համար՝ ուսանողների, ուսուցիչների, հետաքրքրված հանրության համար՝ բոլոր ազգությունների, ոչ թե հատուկ ամերիկացիների կամ հայերի համար: Անշուշտ, եթե գիրքը Ցեղասպանության մասին է, ես կուզենայի, որ հայերը, թուրքերը եւ քրդերը բոլորից շատ կարդան այն, հետեւաբար շատ ուրախ էի ունենալ թուրքերեն թարգմանությունը, եւ ավելի շատ ոգեւորված եմ հայերենն ունենալու համար:

- Հայաստանը հիմա դժվար ժամանակներ է ապրում, եւ կան հակասական մոտեցումներ։ Ոմանք ասում են, որ մենք պետք է «մոռանանք» մեր անցյալը եւ կենտրոնանանք ապագայի վրա, մյուսները շեշտում են, որ մենք չենք կարող առաջ գնալ առանց մեր անցյալի մասին հստակ պատկերացում ունենալու:

- Չկա այդպիսի բան՝ մոռանալ անցյալը: Կարող են լինել անցյալի ավելի լավ կամ վատ ըմբռնումներ: Հույս ունեմ, որ այս գիրքը կխրախուսի բարդ, նրբանկատ, տեղեկացված մտածողությունը թուրքերի, քրդերի եւ հայերի միասին ապրելու երկար պատմության մասին, այլ ոչ թե մտածելու այդ երկար դարերի համակեցության մասին միայն դրանց ողբերգական ավարտի տեսանկյունից: Շատ կարեւոր է, որ Ցեղասպանություն իրականացնողներից ոմանք՝ քրդերը, իրենք են այսօր դարձել թուրքերի զոհը եւ սկսել են ճանաչել Ցեղասպանությունը եւ իրենց դերը դրանում:


Զարմանալի եւ հուսադրող զարգացում է, որ մարդիկ կարող են վերանայել պատմությունը եւ միասին ապրելու նոր ուղիներ փնտրել: Հայերին վիճակված է ապրել վտանգավոր հարեւանների հետ՝ շրջապատված ադրբեջանցիներով, թուրքերով ու քրդերով: Անցյալի մասին տեղեկանալու եւ տեղի ունեցածը ճանաչելու միջոցով միգուցե մի օր ապագայում այդ վտանգավոր հարեւանությունը կդառնա ապահով, բարգավաճ եւ ապաստան կլինի աշխարհասփյուռ հայերի համար:

Մարիա Սադոյան. «Ժամանակն է Եղեռնի մասին խոսել առավել համապարփակ ձեւով»

- Ինչո՞ւ որոշեցիք թարգմանել Ռոնալդ Սյունիի «Հայոց Ցեղասպանության պատմությունը»:

- Շատ լավ հիշում եմ որոշում ընդունելու այդ պահը. «Թվիթեր»-ում քննարկում էր, թե Եղեռնի մասին որ գիրքն է առավել ամփոփիչ ու բազմակողմանի ներկայացնում հարցը, եւ արեւմտյան քաղաքական վերլուծաբաններից մեկն ասաց, որ Սյունիի «Նրանք կարող են ապրել միայն անապատում» աշխատությունն իր խորությամբ թերեւս լավագույնն է համարվում թե՛ ակադեմիական, թե՛ ընթերցողների շրջանում, բայց, ցավոք, թարգմանված չէ հայերեն, չնայած թուրքերեն այն արդեն լույս է տեսել: Ես միանգամից հետաքրքրվեցի:

Երբ կարդացի գրքի նախաբանը, հասկացա, որ այն տարբերվելու է Ցեղասպանության պատմության մասին մեզ ծանոթ դասագրքային պատումից: Ոչ էլ սա պատմական փաստաթղթերի կամ անձնական հուշերի ու կենսագրական ակնարկների ժողովածու է: Ի տարբերություն նախկին ուսումնասիրությունների, որտեղ նկարագրված է, թե ինչպես տեղի ունեցավ այդ ոճրագործությունը, այս աշխատությունը փորձ է հասկանալու, թե ինչու այն տեղի ունեցավ, եւ դա ինձ համար ամենագրավիչն էր:
Մարիա Սադոյանը Մարիա Սադոյանը


«Նրանք կարող ապրել միայն անապատում» գիրքը (որի անվանումը մեջբերում է Թալեաթ փաշայից, որն այդ բառերը ժամանակին ասել էր Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին) արխիվային փաստաթղթերի եւ ականատեսների վկայությունների վրա հիմնված տարեգրություն է: Սյունին քայլ առ քայլ վերլուծում է հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը եւ այն աշխարհաքաղաքական եւ էթնոհոգեբանական իրավիճակը, որը հասցրեց այն սարսափելի հանգրվանին, երբ Օսմանյան կառավարությունը որոշեց տեղահանել եւ բնաջնջել կայսրության հայ բնակչությանը՝ մի քանի այլ ժողովուրդների հետ միասին: Գրքում փորձ է արվում վեր հանել այս ոճրագործությունն իրականացող երիտթուրքերի մտածողության արմատները, այն գաղափարախոսությունը, որը թույլ տվեց օսմանյան առաջնորդներին եւ նրանց հետեւորդներին ընկալել հայերին որպես մահացու սպառնալիք թուրքական պետության եւ թուրք ժողովրդի համար:

- Թերեւս, տեղյակ եք, որ Հայաստանում «ավանդական» պատմագիտական դպրոցի շատ ներկայացուցիչներ որ միանշանակ վերաբերմունք ունեն Ռոնալդ Սյունիի եւ նրա աշխատությունների հանդեպ: Այս հանգամանքը ձեզ չի՞ կաշկանդել:

- Այդ հանգամանքն ինձ, ընդհակառակը, ոգեւորել է: Ես կարծում եմ, որ մենք կարիք ունենք մեր պատմությունը տեսնել պակաս էմոցիոնալ, այսպես ասած՝ հեռանկարում:

Սյունին ուսումնասիրում է իրադարձության երկու առանձին, հակասական պատումներ: Մեկը ցեղասպանության ժխտումն է թուրքերի կողմից, որոնք ներկայացնում են ջարդերը որպես ռացիոնալ պատասխան ապստամբ, դավաճան բնակչության նկատմամբ, որը սպառնում էր իրենց պետության գոյատեւմանը: Մյուսը ողբերգության հայկական կողմի բնութագրումն է, որպես թուրք մահմեդականների կատաղի եւ անմարդկային վճռականություն՝ բնաջնջել կայսրության ոչ մուսուլմաններին։

Արխիվային նյութերը վեր հանելով՝ Սյունին զավեշտալի է համարում թուրքերի մերժողականությունը. «Ցեղասպանություն չի եղել, եւ դրա մեղավորները հենց հայերն են»: Սակայն նա համարում է նաեւ, որ Հայոց Ցեղասպանությունը ոչ թե երկարատեւ ծրագրավորված եւ զգուշորեն իրականացված գաղափար էր, այլ աշխարհաքաղաքական իրադարձությունների, մասնավորապես, Առաջին աշխարհամարտի ազդեցության տակ ծնված վրիժառու միտք, որը, ցավոք, դարձավ պետական քաղաքականության մաս։


Այս դատողության համար Սյունին ենթարկվել է սուր քննադատության իր ազգակից պատմաբանների կողմից: Սյունին առարկում է՝ ասելով, որ հայ պատմաբանները տրամադրված չեն փորձել բացատրել կատարվածը: Թերեւս, նրանց մեջ վախ կա, որ բացատրել կնշանակի ռացիոնալացնել երիտթուրքերի հանցագործությունը եւ նույնիսկ փորձել արդարացնել այն: Բացի այդ, հայ գիտական շրջանակները չեն ցանկանում փոխել ընդունված շարադրանքը: Սյունին համարում է, սակայն, որ բացատրել նշանակում է հասկանալ եւ ապագայում կանխել:

«Մագաղաթ» հրատարակչության հետ բանակցելիս մենք ընդհանուր տեսլական ունեինք. ժամանակն է Եղեռնի մասին խոսել առավել համապարփակ ձեւով, իսկ ոչ միանշանակ վերաբերմունքը պետք է քննարկման առիթ դառնա:

- Աշխատանքի ընթացքում հեղինակի հետ շփվելու առիթներ ունեցե՞լ եք:

- Անձամբ շփվելու առիթ, ցավոք, չեմ ունեցել: Այնուամենայնիվ, Սյունիի անունն ինձ ծանոթ էր դեռ միջազգային հարաբերություններ ուսանելու իմ տարիներից. նա Ամերիկյան ամենահեղինակավոր համալսարաններից մեկի՝ Չիկագոյի համալսարանի քաղաքական գիտությունների եւ պատմության պատվավոր պրոֆեսոր է, Միչիգանի համալսարանի պատմության եւ քաղաքագիտության բաժնի պրոֆեսոր: Նրա մասնագիտական հետաքրքրությունների ոլորտում են 20-րդ դարի Ռուսաստանի եւ ԽՍՀՄ պատմությունը, հատկապես Կովկասը, էթնիկ հակամարտություններն ու ազգայնականությունը: Նա բազմաթիվ գրքերի եւ գիտական աշխատությունների հեղինակ է, որոնք, կարծում եմ, նույնպես լավ կլիներ թարգմանել հայերեն:


Ի դեպ, Սյունին ինքը Ցեղասպանություն վերապրածների զավակ է: Նա ծնվել է 1940 թվականին Ֆիլադելֆիայում, պապն ու տատը լքել են Թուրքիան 1894-1896 եւ 1909 թվականների ջարդերից հետո, իսկ բոլոր մնացած հարազատները կոտորվել են:

- Ո՞րն է գրքի կարեւորությունը հատկապես այսօր, երբ մեր ապագան նույնքան հակասական եւ մշուշոտ է թվում, որքան մեր անցյալը:

- Սյունին, Հրանտ Դինքի պես, հանդիսանում է հայ-թուրքական հաշտեցման ջատագովը: Նա համարում է, որ երկու ժողովուրդների հաշտեցումը, որոնց բախտ է վիճակվել ընդմիշտ կողք կողքի ապրել, պահանջում է համատեղ պատմության եւ միմյանց տառապանքների ճանաչում եւ սթափ հայացք Օսմանյան կայսրության այդ արյունալի էջերի նկատմամբ: Այդ հայացքը ձեւավորելու համար նա առաջնային է համարում ակադեմիական համագործակցությունը: Այդ նպատակով նա՝ Ժիրայր Լիպարիտյանի եւ Ֆաթմա Մյուգե Գյոչեքի հետ միասին հիմնադրեց հայ եւ թուրք գիտնականների աշխատախումբ: Գյոչեքի հետ նա Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների ասոցիացիայի կողմից արժանացավ Ակադեմիական ազատության մրցանակին՝ հայ եւ թուրք գիտնականներին Հայոց ցեղասպանության հետազոտման մեջ միավորելու համար:

Ապագային նայելով, Սյունին համարում է, որ Թուրքիայի կառավարության պաշտոնյաների ժխտողական դիրքորոշումն այլեւս որեւէ դեր չի խաղում: «Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ առավել խելամիտ մարդիկ, ովքեր մանրակրկիտ ուսումնասիրել են այդ իրադարձությունները, հասկանում են, որ տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը, անկասկած, համապատասխանում են «ցեղասպանություն» սահմանմանը», - ասում է նա:

Սյունին լավատես է. «Թուրքական հանրությունն առաջ է անցել սեփական կառավարությունից: Պատմաբաններ, սոցիոլոգներ, հնէաբաններ եւ այլ գիտնականներ արդեն հասկացել են 1915-ի Ցեղասպանությունը, իսկ թուրք լրագրողները, համալսարանների ուսանողներն ու դասախոսները բացահայտել են Օսմանյան կայսրության ավարտն ու Թուրքիայի Հանրապետության հիմնադրումն ուղեկցող սարսափելի իրադարձությունները: Թուրքիայի քուրդ քաղաքացիները, որոնք ներկայացնում են միլիոնավոր այլախոհ ձայներ, վաղուց են ճանաչել Ցեղասպանությունը, որին մասնակցել են իրենց ապուպապերը: Առաջադեմ թուրք մտավորականությունը կազմակերպել է համաժողովներ, հրատարակել գրքեր, գրել հոդվածներ եւ հայտնվել հանրության առաջ՝ բացելու թուրքական անցյալի մութ էջերը»:

Այսպիսով, գրքի նպատակն է տալ Ցեղասպանության պատմության այնպիսի փաստացի եւ համապարփակ վերլուծություն, որի շնորհիվ թուրքերը, քրդերը, հայերը եւ մյուս ժողովուրդները կկարողանան տեսնել իրադարձությունները առանց ազգայնական եւ քաղաքական շղարշի եւ, ինչպես Ռեջեփ Թայիփ Էրդողանին ժամանակին հորդորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, «հաշտվել» սեփական երկրի պատմության հետ:

- Որն է ձեր ամենամեծ տպավորությունը գրքից՝ իբրեւ ընթերցող:

- Ցեղասպանագետ չլինելով՝ ես առաջին հերթին տպավորված էի այն հազվագյուտ արխիվային նյութերով, որոնց ծանոթացա այս գիրքն ընթերցելիս: Անհնար է առանց սառսուռի կարդալ, թե ինչպես, օրինակ, հանդիպումներից մեկի ժամանակ Թալեաթն ասում է դեսպան Մորգենթաուին. «Ոչ մի հայ... չի կարող է մեզ ընկեր լինել այն բանից հետո, թե ինչ մենք արեցինք նրանց հետ»:

Որպես միջազգայնագետ, ինձ համար շատ կարեւոր էր Ցեղասպանության երեւույթը տեսնել աշխարհաքաղաքական տեսանկյունից, հասկանալ տարածաշրջանի զարգացումները եւ տեսնել դրանց կապը: Հետաքրքիր է նաեւ զուգահեռներ անցկացնել այն ժամանակ Թուրքիայի եւ Ռուսաստանի հայերի եւ այսօր Ղարաբաղի, Հայաստանի եւ Սփյուռքի հայերի տարաձայնությունների միջեւ:

Ինչպես գրել է Financial Times-ը՝ գիրքը սարսափազդու մանրամասն է եւ առավելագույնս օբյեկտիվ: Սյունիի լեզուն գրավիչ է եւ հանրամատչելի, ինչը, հուսով եմ, կգնահատի նաեւ հայերեն ընթերցողը:

Ռոնալդ Գրիգոր Սյունիի եւ Մարիա Սադոյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին