Ռոնալդ Սյունի․ ԱՄՆ-ն ավելի քննադատաբար է տրամադրված Թուրքիայի նկատմամբ - Mediamax.am

1134 դիտում

Ռոնալդ Սյունի․ ԱՄՆ-ն ավելի քննադատաբար է տրամադրված Թուրքիայի նկատմամբ


Լուսանկարը`


Միչիգանի համալսարանի պատմության եւ քաղաքագիտության բաժնի պրոֆեսոր, Չիկագոյի համալսարանի քաղաքական գիտությունների եւ պատմության պատվավոր պրոֆեսոր Ռոնալդ Գրիգոր Սյունին ապրիլի 22-ին Futures Studio-ի եւ լրագրող Մարկ Գրիգորյանի համատեղ «Խոսենք ապագայից» շարքի հյուրն է եղել։ Մեդիամաքսն առանձնացրել է Հայաստանի ապագայի մասին զրույցի որոշ հատվածները:

 

Եթե Բայդենը ճանաչի ցեղասպանությունը

 

Քաղաքականության մեջ կան կարեւոր պահեր եւ կան սիմվոլային կարեւորության պահեր։ Սա սիմվոլիկ կարեւորության պահ է, բայց այն կարող է ունենալ համաշխարհային կարեւորություն։

 

Նախ պետք է հասկանալ՝ ինչ պայքար ենք մենք անցել այս տարիների ընթացքում։ Ամերիկայի նախագահի նախկին բոլոր թեկնածուներն իրենց բոլոր քարոզարշավների ժամանակ խոստանում էին, որ ճանաչելու են Հայոց ցեղասպանությունը, միայն որպեսզի հրաժարվեն դրանից հետագայում՝ ռազմավարական նկատառումներից ելնելով։

 

Այս պահին թուրք-ամերիկյան հարաբերությունները, կարծես թե, փոխվում են՝ ակնհայտ է, որ Բայդենը Էրդողանի համակիրներից չէ։ Նախորդ տարիներին եղել են տարատեսակ քննարկումներ, բախումներ, նվաստացուցիչ պահեր եւ այդ ամենը Բայդենի համար չափազանց կարեւոր է։ Օրինակ, մի քանի տարի առաջ Էրդողանն իր ԱՄՆ այցի ընթացքում նվաստացրեց ամերիկացիներին, երբ նրա թիկնապահները ծեծի ենթարկեցին հայերին։

 

Ամերիկյան հայացքներում սա շատ լուրջ շրջադարձ էր եւ Թուրքիայի քաղաքականությունն ընկալելու առումով, եւ այն ողբերգության առումով, որը բաժին ընկավ Հայաստանին՝ Արցախյան պատերազմի պարտության հետեւանքով։ Սա բավականին հուսադրող պահ է։

 

Ամերիկա-թուրքական հարաբերությունների ազդեցությունը

 

Ես խոսում եմ որպես ամերիկացի եւ ամերիկահայ՝ ես ծնվել եմ ԱՄՆ-ում եւ ծնվել եմ այն միջանկյալ գոտում, որտեղ քեզ կոչում են ամերիկացի եւ ամերիկահայ։ Ես ինձ նույնացնում եմ ամերիկացիների հետ, բայց քննադատաբար եմ մոտենում այս երկրի քաղաքականությանը եւ խոսում եմ նաեւ այս տեսանկյունից։

 

Կարծում եմ, այս պահին աշխարհում չկա որեւէ պետություն, որն ունի ԱՄՆ ռազմական ուժը կամ ազդեցությունը։ Ինչպես ասում են՝ երբ Ամերիկան փռշտում է, ամբողջ աշխարհը վարակվում է հարբուխով։

 

Ուզենք, թե ոչ, ԱՄՆ-ն պահպանում է որոշակի դիրք, շարունակում մնալ ժողովրդավարության պաշտպանն ու իրեն դրսեւորում է որպես ազատ աշխարհի առաջնորդ, ինչը կարեւոր պատկեր է։

 

ԱՄՆ-ն ավելի քննադատաբար է տրամադրված Թուրքիայի նկատմամբ, եւ բնականաբար, ավելի մեծ ճնշում է դրվելու Էրդողանի վրա, որպեսզի նա փոխի իր քաղաքականությունը։ Սա կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի եւ ընդհանրապես՝ ամբողջ Հարավային Կովկասի համար։

 

Այս պահին Էրդողանը թույլ է՝ տնտեսությունը Թուրքիայում շատ վատ վիճակում է եւ իր ժողովրդականությունն էլ գնալով նվազում է։

 

Թուրքիան փոխվում է, Էրդողանը փորձում է իրեն ներկայացնել որպես բռնապետ, ինչպես Պուտինը, բայց, փաստն այն է, որ նա ավելի դաժան է, քան Պուտինը։

 

Առաջիկայում ընտրություններ են լինելու, եւ եթե Էրդողանի ժողովրդականությունն այսպես նվազի, իր կուսակցության մեջ կարող է բաժանում լինել, ինչը կբերի լուրջ փոփոխությունների։

 

Հետէրդողանական հարաբերություններ Թուրքիայի հետ

 

Մենք կարող ենք սկսել մտածել այս ուղղությամբ։ Չարժի նետվել այդ ծովը, որովհետեւ քաղաքականությանը պետք է վերաբերել այնպես, ինչպես այն գոյություն ունի այսօր, այլ ոչ այնպես, ինչպիսին կարող է լինել վաղը կամ ապագայում։ Մենք պետք է սպասենք, թե ընտրություններն ինչ արդյունք կտան, քանի որ Թուրքիայում, ինչպես եւ Ռուսաստանում, գոյություն չունի արդյունավետ ընդդիմություն։

 

Այս երկու երկրների առաջնորդները`Էրդողանն ու Պուտինը, չեն առնչվում բաց եւ արդյունավետ քաղաքական ընդդիմության հետ։ Ռուսաստանի ընդդիմությունը` Նավալնիի գլխավորությամբ, այսօր բանտում է, մարդիկ փողոցում են՝ փորձելով դիմադրել Պուտինի բռնապետական կառավարման ոճին, իսկ Թուրքիայում էլ ձերբակալված են քրդական կուսակցության կարեւոր ղեկավարները։

 

Բայց այս երկու երկրում էլ շատ հետաքրքիր համակարգ է՝ հիբրիդային ավտորիտարիզմ։

 

Հայերը վերջին տարում հասել են հուսախաբության եզրին եւ քաղաքականության առումով ցինիկ են, կամ ավելի ճիշտ՝ ցինիկ վերաբերմունք ունեն քաղաքականությանը։ Մյուս կողմից՝ Հայաստանը 2018 թվականին մի փայլուն քայլ արեց եւ դարձավ լույսի փարոս աշխարհի համար, որովհետեւ սա այն քիչ երկրներից էր, որտեղ եղավ ժողովրդավարական հեղափոխություն եւ որտեղ ընդդիմությունը՝ ժողովրդական շարժմամբ, կարողացավ իշխանությունից զրկել օլիգարխիկ մաֆիատիպ կառավարությանը։

 

Ցեղասպանության ճանաչման գաղափարը

 

Չկա որեւէ տարբերակ, որպեսզի խուսափենք եւ չխոսենք այն մասին, թե ինչ տեղի ունեցավ հայերի հետ 106 տարի առաջ։ Կա ազգ, որը գոյություն է ունեցել հարյուրավոր տարիներ նաեւ պատմական Հայաստանում, այնտեղ, որտեղ հիմա Արեւելյան Թուրքիան է։

 

Մենք գիտենք, որ այս ազգը կարողացել է վերապրել Ցեղասպանությունը, դառնալ նաեւ Խորհրդային Հայաստան ու դնել նորանկախ Հայաստանի հիմքերը։ Այս փորձառությունը չի կարելի մեջտեղից հանել, ուրանալ, կամ վերացնել։

 

Բայց եկեք հարց հասկանանք՝ ի՞նչ է լինում այն ազգի հետ, որի հիմնական միավորող պատկերը ոչնչացումն է, բնաջնջումը, այլ ոչ այն պատմությունը, որը տեղի է ունեցել դրանից հետո։

 

Ամենավաղ տարիքից ես ուսումնասիրել եմ Խորհրդային Հայաստանի պատմությունը։ Շատ առումներով այն ե՛ւ ողբերգական է, ե՛ւ հերոսական։

 

Այն երկիր, որտեղ դուք ապրում եք հիմա, կառուցվել է 70 + տարիների ընթացքում։ Ստալինի դաժանությունը, կոլտնտեսական համակարգի ներդրումը, համաշխարհային պատերազմի հիմքի վրա հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը եւ ծնվեց հույս՝ կառուցելու ապագա պետությունը։

 

 

Կարեւոր դրվագ է, թե ինչ տեղի ունեցավ սառը պատերազմի ընթացքում՝ 1960-70-ականներին, երբ հայերը բաժանված էին ամբողջ աշխարհում։ Կային հայաստանցի հայեր եւ սփյուռքահայեր, եւ վերջիններից քչերն էին պաշտպանում Խորհրդային Հայաստանը՝ որպես ապագա Հայաստան, ինչպես, օրինակ, պապս։

 

Մյուս տեղերում դաշնակցականներն էին, որոնք հակադրվում էին Խորհրդային Հայաստանին։ Հայերը բաժանված էին։

 

Երբ Խորհրդային Հայաստանը վերացավ եւ ստեղծվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը, ստեղծվեց հնարավորություն, որ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերը ունենան միասնական տեսլական, որը կապված կլիներ միասնական Հայաստանի հետ։ Բայց ինչպես պարզվեց, Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ մնաց այդ բաժանումը եւ միասնական գաղափարի տեսլականը մնաց ավելի շատ խաբկանք, քան իրականություն։

                                                                                                                                                                        Հայերը հիմա ունեն երկու սիրտ, մեկը Սփյուռքում, մյուսը Երեւանում՝ ինչ-որ տեղ, Արարատի մոտ եւ սրա արդյունքում մենք մնում ենք բաժանված ազգ։

 

Ուզում եմ նայել ապագային եւ հասկանալ, արդյո՞ք մենք չենք կարող գտնել որեւէ այլ սիմվոլիկ կետ, պատկեր, բացի Ցեղասպանությունից, որովհետեւ մենք անընդհատ ողբում ենք։ Ես բազմաթիվ երիտասարդ հայերի եմ հանդիպում, որոնք դադարել են անել դա՝ նրանք ոչինչ չեն մոռանում, նրանք շարունակում են ճանաչման քարոզարշավը, բայց միեւնույն ժամանակ՝ պատրաստ են մեկ այլ առաջ անել։

 

Առանձնացրեց Լուսին Մկրտչյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին