50 գլոբալ հայերը` Նաիրա Հովակիմյան - Mediamax.am

exclusive
29280 դիտում

50 գլոբալ հայերը` Նաիրա Հովակիմյան


Լուսանկարը` Լուսանկարը` Ն. Հովակիմյանի արխիվից


Նաիրա Հովակիմյանը մաթեմատիկոս է: Ծնվել եւ մեծացել է Երեւանում: Գերազանց ավարտելով Երեւանի թիվ 139 դպրոցը, 1983թ. ընդունվել է ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետը: 1988-1992 թթ. սովորել է եւ պաշտպանել է դոկտորական աշխատանքը Մոսկվայի Կելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտում: 1994 թ. ստացել է կրթաթոշակ եւ մեկնել Գերմանիա, այնուհետեւ աշխատել է Ֆրանսիայում, եւ, վերջապես, հրավիրվել է ԱՄՆ, որտեղ եւ ապրում է մինչ օրս: Նաիրան աշխատում է կառավարման եւ նավիգացիոն համակարգերի բնագավառում: Նրա ստեղծած համակարգը լայն կիրառում է գտել ամբողջ աշխարհում:

Սովորել եմ Երեւանի թիվ 139 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցում: Փոքրուց լեզուների հանդեպ մեծ ձգտում եւ հետաքրքրություն ունեի եւ մինչեւ 5-6-րդ դասարան խորացված սովորում էի անգլերեն լեզուն: Հետո, 6-րդ դասարանից սկսեցինք անցնել երկրաչափություն, ֆիզիկա ու ես «վարակվեցի» այդ առարկաներով: 9-10-րդ դասարաններում արդեն հստակ պատկերացում ունեի, թե ինչով եմ ցանկանում զբաղվել կյանքում:

Ոսկե մեդալով ավարտելով դպրոցը, Նաիրան ընդունվում է ԵՊՀ-ի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը եւ ավարտելով այն գերազանցության դիպլոմով, որոշում է շարունակել իր ուսումը Մոսկվայում:

Այն ժամանակ, իհարկե, այսօրվա հնարավորությունները չկային` դռները դեպի արտասահման փակ էին, սակայն տարբերակ կար գնալ Մոսկվա ուսումը շարունակելու համար եւ որոշեցի օգտվել այդ հնարավորությունից: 4 տարի աշխատելով իմ դոկտորական թեզի վրա` օպտիմալ կառավարման ու դիֆերենցիալ խաղերի վերաբերյալ, ի վերջո, հաջողությամբ պաշտպանեցի այն Կելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտում:

1992թ. հունվարին վերադարձա Հայաստան: Հենց այդ ժամանակ էին մեր կյանքի ամենասեւ օրերը` պատերազմ, խնդիրներ հոսանքի հետ, շրջափակում: 1994թ. այնպես ստացվեց, որ Գերմանիայի դեսպանության միջոցով կրթաթոշակ ստացա եւ փոխանակման ծրագրով մեկնեցի Գերմանիա: Այնտեղ մնացի 1,5 տարի, այդ ընթացքում նաեւ մեկնեցի Ֆրանսիա` կրթաթոշակը տալիս էր նման հնարավորություն: Այնտեղ ներկայացրեցի իմ դոկտորական թեզի արդյունքները: Ֆրանսիայում կապ հաստատեցի մի պրոֆեսորի հետ, ով հրավիրեց ինձ աշխատանքի, սակայն կրթաթոշակ ստանալու գործընթացը պետք է տեւեր մոտ մեկ տարի եւ ժամանակավոր վերադարձա Երեւան:

1996թ. դեկտեմբերին իմ թեկնածուական աշխատանքի արդյունքները ներկայացվեցին Ճապոնիայի Կանագավա քաղաքում կայացած Դինամիկ խաղերի եւ կիրառությունների 7-րդ Միջազգային գիտաժողովում (Seventh International Symposium on Dynamic Games and Applications) եւ ես դարձա երիտասարդ հետազոտող լավագույն աշխատանքի դափնեկիրը: Պիտի մեկնեի Ճապոնիա` մրցանակը ստանալու, սակայն ֆինանսավորման խնդիր կար` մրցանակի չափը $‌1000, իսկ ընդհանուր ճանապարհածախսը` $‌1500: Օգնեց Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակը, որը եւ տրամադրեց պակասող գումարը:

Ուղեւորությունը Ճապոնիա վճռորոշ դարձավ Նաիրայի համար:

Այնտեղ հանդիպեցի Իսրայելից մի պրոֆեսորի, ով հրավիրեց ինձ կարճատեւ այցելության Տեխնիոն: Այնտեղ մեկնեցի արդեն Ֆրանսիայից: Գտնվելով Իսրայելում, իմացա ամերիկյան Ջորջիայի տեխնոլոգիական համալսարանի (Georgia Institute of Technology) աշխատելու հնարավորության մասին եւ որոշեցի փորձել դիմել այնտեղ, չնայած, որ այն մի փոքր տարբերվում էր իմ նեղ մասնագիտացումից: Այդ ժամանակ, 1997թ. Հայաստանում, ուր ես ամեն դեպքում պետք է վերադառնայի Ֆրանսիայից հետո` դեռ չէի տեսնում «լույսը թունելի վերջում»: Ինձ հաջողվեց ընդունվել Georgia Tech եւ այդպես 1998թ. հայտնվեցի Միացյալ Նահանգներում:

Առաջին տարիներն ԱՄՆ-ում շատ ծանր էին: Չնայած այն հանգամանքին, որ մինչ այդ ես որեւէ փորձ այդ բնագավառում չունեի, միացա մի խմբին, որն աշխատում էր թռիչքների ինժեներական կառավարման վրա: Իմ առջեւ նոր մարտահրավեր էր` թռիչքի կառավարման առաջատար մեթոդների կայունության հետ կապված խնդիրների լուծում: Ստիպված եղա սովորել մի քանի նոր ոլորտների ֆունդամենտալ հիմունքները` այս գործընթացում իմ դերակատարումն ունենալու համար: Այդ ուսումը ցավոտ էր, բայց շատ օգտակար: Մի քանի տարիների ընթացքում ինձ հաջողվեց մշտական աշխատանք ստանալ ԱՄՆ-ում եւ ինձ առաջարկեցին աշխատել Վերջինիայի պոլիտեխնիկական համալսարանի (Virginia Tech) ֆակուլտետում:


NASA-ի Հետազոտական կենտրոնում:
Լուսանկարը` Ն. Հովակիմյանի արխիվից:


Այնտեղ ես իմ ուսանողների եւ ասպիրանտների հետ սկսեցի աշխատել նոր ուղղության վրա` ադապտիվ կառավարման համակարգեր (adaptive control systems), որն, օրինակ, թույլ է տալիս ավիացիոն անվտանգության ապահովման միջոցով իրականացնել օդանավերի հսկողությունը եւ կառավարումը չվերթի ծայրահեղ անկայուն եղանակների պարագայում: Այդ աշխատանքը շատ բարձր գնահատականի արժանացավ եւ նոր հնարավորություններ բացեց բազմաթիվ այլ ոլորտներում դրա արդյունքների ավելի լայն կիրառության համար, օրինակ` ծովային տեխնիկա, նավթահանություն, ցավազրկում եւ այլն:


2008թ. Ուրբանում եւ Շամպեյնում Իլինոյսի համալսարանը (University of Illinois at Urbana-Champaign, UIUC) հրավիրեց Նաիրա
յին իր մոտ, որտեղ նա աշխատում է մինչ այսօր: Հետաքրքրվում եմ, թե ինչ դժվարություններ է ունեցել Նաիրան իր փայլուն մասնագիտական կարիերայի ընթացքում:

Մասնագիտական ասպարեզում ինձ համար գլխավոր դժվարությունը հանդիսացել է այն, որ ես չունեմ «ամերիկյան կրթություն»: ԱՄՆ-ի ակադեմիական աշխարհն այդ տեսանկյունից բավականին փակ է եւ ունի իր դաժան կանոնները, սակայն աշխատում եմ չկենտրոնանալ այդ հանգամանքի վրա, քանի որ ունեմ մշտական աշխատանք, որը բավարարում է նորմալ կյանք վարելու համար: Ունեմ տաղանդավոր ուսանողներ, որոնց ղեկավարելը գերագույն հաճույք է, ունեմ գործընկերներ, որոնցից կարող եմ անվերջ սովորել, ունեմ համախոհներ ԱՄՆ-ում եւ աշխարհում, ում հետ զարգացնում եմ բազմաթիվ նոր ուղղություններ, ունեմ շատ լավ ընկերներ:


Չինաստանում կայացած կոնֆերանսում:
Լուսանկարը` Ն. Հովակիմյանի արխիվից:

 
«Երջանկությունը դա մի մեծ ադամանդ չէ, այլ փոքրիկ քարերի հարմոնիկ խճանկար»: XIX-րդ դարի Ֆրանսիացի հայտնի վիպասան Ժան-Բապտիստ Ալֆոնս Կարի հենց այս խոսքն է հանդիսանում Նաիրայի կարգախոսը: Նա խոստովանում է, որ հենց այս սկզբունքով է ապրում եւ առաջնորդվում` փորձելով լցնել իր կյանքը, որքան հնարավոր է շատ գեղեցիկ պահերով: Նաիրան պահպանում է կապը Հայաստանի հետ եւ հաճախակի գալիս է Երեւան:

Հայաստան հաճախ եմ ժամանում: Հանդիպում եմ այս ոլորտի մասնագետների հետ: Մի քանի անգամ դասախոսություններ եմ կարդացել երեւանյան բուհերում: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ աշխատել Հայաստանի գիտնականների հետ: Մեր երկրում շատ մեծ փոփոխություններ եմ տեսնում ու հսկայական առաջընթաց, որը բազմաթիվ հնարավորություններ է բացում: Սիրով կդասավանդեի հայ ուսանողներին եւ կփորձեի օգտակար լինել իրենց մասնագիտական ուղին ընտրելու հարցում:

Նաիրան հանդիսանում է “L1 ադապտիվ կառավարման տեսություն` երաշխավորված կայունություն եւ արագ ադապտացում” (L1 Adaptive Control Theory: Guaranteed Robustness with Fast Adaptation) գրքի համահեղինակը եւ 250-ից ավել հրապարակումների հեղինակ է: Նաիրան նաեւ դասախոսություններ է կարդում ամբողջ աշխարհում: Հետաքրքրվում եմ, ունի նա արդյո՞ք ինչ-որ հաջողության բանաձեւ:


L1 խմբի անդամների հետ:
Լուսանկարը` Ն. Հովակիմյանի արխիվից:


Երբ ինքնահաստատման ճանապարհն արդեն անցնում ես, սկսում ես ավելի մեծ պատասխանատվություն զգալ` ցանկանում ես ինչ-որ բանով օգտակար լինել հասարակությանը: Եթե 20-25 տարեկանում կարող ես ձգտում ունենալ եւ հաճույք ստանալ թեորեմ ապացուցելուց, ապա հետո մտածում ես, որ միայն թեորեմ ապացուցելով չի լինի, պետք է փորձել գտնել քո տեղը կյանքում: Եվ, վերջապես, որոշ տարիքից հետո արդեն գալիս ես նրան, որ պետք է մարդկանց ինչ-որ լավ ժառանգություն թողնել: Կյանքի ամեն մի փուլում տարբեր կերպ ես ընկալում եւ քո շուրջ գոյություն ունեցած աշխարհը, եւ քո գործունեությունը: Ես շատ եմ սիրում «առաքելություն» բառը: Ինձ թվում է շատ կարեւոր է կյանքի ամեն մի փուլում փորձել ճիշտ ընկալել եւ իրականացնել քո առաքելությունը: Երբ դա ստացվում է` հասնում ես հաջողության:


Statoil ընկերության աշխատակիցների համար անցկացված դասախոսությունից հետո:
Լուսանկարը` Ն. Հովակիմյանի արխիվից:

Հիմա ես ավելի շատ ուրախանում եմ իմ ուսանողների հաջողություններով եւ կոնֆերանսների ու գիտաժողովների մեկնելիս, միշտ վերցնում եմ իմ ասպիրանտներին: Եթե կան գործի շարունակողները, ուրեմն կյանքը շարունակվում է:

Արամ Արարատյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին