5/10/15. Թորոսյանը՝ ԱԺ խոսնակ, Քաչարյան-Ալիեւ, Փաշինյան vs. Սարգսյան - Mediamax.am

exclusive
4106 դիտում

5/10/15. Թորոսյանը՝ ԱԺ խոսնակ, Քաչարյան-Ալիեւ, Փաշինյան vs. Սարգսյան


Արմեն Գեւորգյանը եւ Սերժ Սարգսյանը 2016թ. հունիսի 6-ին
Արմեն Գեւորգյանը եւ Սերժ Սարգսյանը 2016թ. հունիսի 6-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռոբերտ Քոչարյանը, Թրայան Բասեսկուն եւ Իլհամ Ալիեւը 2006թ. հունիսի 5-ին Բուխարեստում
Ռոբերտ Քոչարյանը, Թրայան Բասեսկուն եւ Իլհամ Ալիեւը 2006թ. հունիսի 5-ին Բուխարեստում

Լուսանկարը` REUTERS

Նիկոլ Փաշինյանը 2011թ. հունիսի 2-ին
Նիկոլ Փաշինյանը 2011թ. հունիսի 2-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Տիգրան Թորոսյանը 2006թ. հունիսի 1-ին
Տիգրան Թորոսյանը 2006թ. հունիսի 1-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
 
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-6

Տիգրան Թորոսյան` ԱԺ նախագահ

Հունիսի 1-ին 50-ամյա Տիգրան Թորոսյանը ընտրվել էր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ:

Տիգրան Թորոսյանը 2006թ. հունիսի 1-ին Տիգրան Թորոսյանը 2006թ. հունիսի 1-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Ընտրվելուց առաջ Տիգրան Թորոսյանը զբաղեցնում էր խորհրդարանի փոխխոսնակի եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավարի պաշտոնը:

ԼՂՀ-ի «լիարժեք ինտեգրման» անհրաժեշտությունը

Հունիսի 5-ին Բուխարեստում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ «արդեն 15 տարի է ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է ապացուցել իր անկախության իրավունքը՝ պետականության կերտման գործում ունեցած նվաճումներով»:
Ռոբերտ Քոչարյանը, Թրայան Բասեսկուն եւ Իլհամ Ալիեւը 2006թ. հունիսի 5-ին Բուխարեստում Ռոբերտ Քոչարյանը, Թրայան Բասեսկուն եւ Իլհամ Ալիեւը 2006թ. հունիսի 5-ին Բուխարեստում

Լուսանկարը` REUTERS


Ելույթ ունենալով Բուխարեստում կայացած Սեւծովյան երկխոսության եւ գործընկերության ֆորումի գագաթնաժողովում ՝ նախագահն ասել էր.

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գործնականում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը՝ միջազգային իրավունքի նորմերին լիակատար համապատասխանությամբ: Անկախության հանրաքվեի արդյունքները պաշտպանվել են նաեւ ժողովրդին պարտադրված պատերազմում: Այս իրադարձությունները տեղի էին ունեցել Սովետական կայսրության փլուզման հետ կապված գլոբալ փոփոխությունների համատեքստում: Դա տարանջատման միջոցով ինքնորոշման դասական օրինակ է: Այնտեղ մեծացել է մի ամբողջ սերունդ, որն իրեն համարում է այս պետականության կրողն ու պաշտպանը: Համոզված ենք, որ անհրաժեշտ են արդյունավետ ջանքեր՝ Հանրապետությունը միջազգային հանրություն լիարժեք ինտեգրելու համար»:

Երեւանում դիմավորել են հաղթողներին

Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը Երեւանում հանդիսավոր կերպով դիմավորել էին Թուրինում կայացած շախմատի օլիմպիադայում հաղթած Հայաստանի ազգային թիմը:

Լուսանկարը` Ֆոտոլուր


Ոսկե մեդալակիրներին հանդիսավոր կերպով դիմավորելու համար օդանավակայան էին ժամանել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուր


Օդանավակայանից հավաքականը ժամանել էր Երեւանի Ազատության հրապարակ, որտեղ, չնայած ուշ ժամին, նրանց սպասում էր մի քանի հազար մարդ:

Լուսանկարը` Ֆոտոլուր


Հայաստանի տղամարդկանց հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ էր նվաճել ոսկե մեդալներ շախմատի օլիմպիադայում:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կրկին չկարողացան համաձայնության գալ

Հունիսի 6-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ հունիսի 4-5-ը Բուխարեստում կայացած բանակցություններում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կրկին չկարողացան համաձայնության գալ այն հարցի շուրջ, որը 2006 թվականի փետրվարին դարձել էր Ռամբույեում բանակցությունների ձախողման պատճառը:

«Նախագահները չկարողացան համաձայնության գալ այս հարցում, չնայած այն հանգամանքին, որ Ռամբույեում կայացած հանդիպումից անցած ժամանակահատվածում միջնորդները կողմերին առաջարկել էին մի շարք նոր մոտեցումներ եւ ձեւակերպումներ», - ասել էր Օսկանյանը:

Հունիսի 6-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն անվանել էին «հրատապ եւ իրականանալի»:

«Համանախագահները շարունակում են մնալ այն կարծիքին, որ խաղաղ կարգավորումը հրատապ է եւ իրականանալի, եւ որ 2006 թվականը հարմար «պատուհան» է առաջընթաց ապահովելու համար: Համանախագահները շարունակում են համոզված լինել, որ իրենց կողմից սահմանված եւ հակամարտող կողմերին ներկայացված կարգավորման հիմնական սկզբունքները փոխընդունելի կարգավորման հիմք են ապահովում: Համանախագահները ափսոսում են, որ կողմերը դեռ համաձայնության չեն եկել այդ սկզբունքների շուրջ», - ասված էր հայտարարությունում:

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-6

Բանակցություններ ՀԱԿ-ի ու իշխանությունների միջեւ
 
Հունիսի 3-ին Հայ Ազգային Կոնգրեսի (ԱՀԿ) քաղխորհրդի արտահերթ նիստում հաստատվել էր իշխանությունների հետ երկխոսության պատվիրակության կազմը:

Այն գլխավորում էր ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Պատվիրակության կազմում էին նաեւ ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը:

Դրանից մեկ օր առաջ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վերջին երեք տարիների ընթացում ՀԱԿ դիրքորոշումը գնալով կոշտացել է, իսկ իշխանության դիրքորոշումը` մեղմացել:

Նրա խոսքերով, «արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պահանջը օրակարգում է, իսկ Սերժ Սարգսյանի հեռանալու պահանջը` ուժի մեջ»:

«Եթե արտահերթ ընտրությունների հանրային պահանջարկը հնարավոր լինի ցույց տալ Ազատության հրապարակում, ապա իշխանափոխությունը մեկ ամսվա ընթացքում լուծվող խնդիր է»,- ասել էր Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը 2011թ. հունիսի 2-ին Նիկոլ Փաշինյանը 2011թ. հունիսի 2-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Հունիսի 6-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել էր, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չկան:

«Մենք միշտ ունենք ընտրության հնարավորություն»
 
Հունիսի 2-ին Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ասել էր, որ «աշխարհաքաղաքական տեսանկյունից մենք այսօր ճիշտ հորիզոնականի վրա ենք»:

«Հայ Զինվոր» թերթին տված հարցազրույցում Դավիթ Տոնոյանը ասել էր․

«Արտաքին կապերն ուրվագծված են, կողմնորոշումները՝ նույնպես։ Ռուսաստանի Դաշնության՝ մեր ռազմավարական եւ ավանդական դաշնակցի հետ արդյունավետ գործընկերությանը զուգընթաց՝ չեն բացառվում նաեւ ընդլայնումները։ Մենք միշտ ունենք ընտրության հնարավորություն։ Այսինքն՝ չենք բացառել տարբերակների առկայությունը, եւ դա մեզ ավելի համարձակ ու ճկուն քաղաքականություն վարելու հնարավորություն է ընձեռում։ Մենք աշխարհաքաղաքական տեսանկյունից ճիշտ հորիզոնականի վրա ենք այսօր։ Ունենք անհրաժեշտ կապեր բոլոր ուժային կենտրոնների հետ՝ ե՛ւ Եվրամիության, ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ Իրանի, ե՛ւ Չինաստանի, ինչը հուսալի երաշխիք է` զսպելու Ադրբեջանի արկածախնդիր նկրտումները»։

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-6

Քոչարյան. «Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ի վերաբերյալ եզրակացություններ անի»

Հունիսի 1-ին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր.

«Այն, որ Ադրբեջանը սկսել էր գերազանցել մեզ սպառազինության որակով՝ գաղտնիք չէր, սակայն մի բան է դա իմանալը, մեկ այլ բան՝ դրան դեմ առ դեմ մարտի դաշտում առերեսվելը: Ցավալին այն է, որ ՀԱՊԿ անդամ, իր տարածքում ռուսական ռազմակայան ունեցող Հայաստանը նկատելիորեն զիջում էր հակառակորդին սպառազինության որակով: Հասարակության ցավագին արձագանքն այստեղ հասկանալի է: Բոլորն ուզում էին հավատալ, որ ռազմական դաշինքը Ռուսաստանի հետ նվազագույնը երաշխավորում է ռազմական բալանսի պահպանումը, այսինքն՝ Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունը (մինչեւ Բաքվի եւ Մոսկվայի միջեւ 2011թ.-ին կնքված պայմանագրի իրագործումը կողմերի միջեւ սպառազինության որակի առումով հավասարակշռությունը պահպանվել է):

Պարզվեց՝ ամեն ինչ շատ ավելի բարդ է: Ռազմական կոնֆլիկտի սրացումը ակնհայտորեն ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ դնում է նրան բարդ ընտրության առաջ՝ միջնորդի պարտավորությունները կատարելու, Հայաստանի ռազմական դաշնակիցը լինելու եւ Ադրբեջանի հետ հետագա մերձեցման ձգտման միջեւ: Նորագույն հարձակողական սպառազինության մատակարարումները Բաքվին խախտեցին բալանսը, զգալիորեն մեծացնելով այդպիսի սցենարի հավանականությունը։

Ինչո՞ւ դա տեղի ունեցավ եւ կարելի՞ էր արդյոք խուսափել իրադարձությունների այդպիսի զարգացումից. այս հարցերը դեռ երկար ժամանակ բանավեճերի, ենթադրությունների ու սպեկուլյացիաների առարկա կլինեն: Հայաստանը պետք է կարողանար կասեցնել ռուս-ադրբեջանական պայմանագրի իրագործումը, ամենաքիչը՝ սահմանափակել այն տեսականու առումով, կամ սինխրոնացնել դրա իրագործումը հավասարազոր մատակարարումներով դեպի Հայաստան:

Փաստարկներն այստեղ առավել քան բավական էին: Ինձ հայտնի չէ, թե ինչպիսի հետեւողականությամբ են իշխանությունները զբաղվել այդ հարցով, եւ ինչու դա հնարավոր չեղավ կանխել, այդ պատճառով զերծ կմնամ գնահատականներ տալուց:

Այս ամենի հետ մեկտեղ մենք անպատրաստ գտնվեցինք մի շարք ռազմական սարքավորումների առումով, որոնց ձեռք բերումը լիովին մեր ուժերի մեջ էր եւ միջկառավարական համաձայնագրեր չէր պահանջում: Արդեն երկու տարուց ավելի է, ինչ հակառակորդի բանակը բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում գիշերային ժամերին, քանի որ հագեցած էր բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Ի՞նչն էր մեզ խանգարում ապահովել բանակը գիշերային տեսանելիության սարքերի, ջերմատեսների, գիշերային նշանառության սարքերի, կապի միջոցների եւ զորահավաքային ռեսուրսի անհատական պաշտպանության միջոցների բավական քանակով: Նորմալ չէ, երբ հրամանատարը կառավարում է մարտը բջջային հեռախոսով, երբ դասակի հենակետում գիշերային նշանառության սարքեր չկան կամ մոբիլիզացիոն ռեսուրսից զորակոչված անձնակազմի համար զրահաբաճկոնների քանակը չի բավարարում: Հարկ է անհապաղ լրացնել բոլոր առկա բացերը ու հասկանալի է, որ աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն տարվում են: Բայց այդ ամենը պետք է անել ինստիտուցիոնալ մակարդակի վրա, այլ ոչ թե «ազգովի», ինչպես Ղարաբաղյան շարժման ամենասկզբում էր: Կամավորները պետք է ռազմաճակատ մեկնեն ոչ թե ինքնաբուխ կերպով, այլ ուղարկվեն զորամասեր զինկոմիսարիատների կողմից՝ ռազմական մասնագիտությանը համապատասխան», - ասել էր Քոչարյանը։

Հայաստանի նախկին նախագահը հայտնել էր, որ «ՀԱՊԿ որոշ երկրների գործողություններն, ըստ էության, անհամատեղելի են ռազմական դաշինքում մեր ընդհանուր անդամակցության հետ:

«Ակնհայտ է, որ այդ երկրների շահերը մենք չենք փոխի, բայց լուրջ հետեւություններ անել պարտավոր ենք: Պետք է ճիշտ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը եւ գերագնահատված սպասումներ չունենալ այդ կազմակերպությունից: ՀԱՊԿ-ն ասիմետրիկ կառույց է, որի առանցքը հանդիսանում են Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերը՝ մասնակից պետություններից յուրաքանչյուրի շահերի հետ ինքնուրույն եւ առանձին շաղկապվածությամբ: Որեւէ արտահայտված համընդհանուր շահ այստեղ չկա: Որտե՞ղ են մեր ընդհանուր ռազմաքաղաքական հետաքրքրություններն, օրինակ, Ղազախստանի կամ Ղրղըզստանի հետ: Միամտություն կլինի կարծելը, թե համատեղ անդամակցությունը ՀԱՊԿ-ին կարող է գերակշռել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Ղազախստանի ձեւավորված փոխհարաբերություններին: Այս պատճառով էլ ՀԱՊԿ-ը պետք է դիտարկել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական համագործակցության համատեքստում: Այդպիսին է իրականությունը, եւ դա չի կարելի հաշվի չառնել», - նշել էր Ռոբերտ Քոչարյանը:

Բունդեսթագի ճանաչումը

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը քննարկել եւ ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:

Բանաձեւը ոչ միայն ճանաչում էր Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված ոճիրը որպես ցեղասպանություն, այլեւ մատնանշում է այդ հանցագործությունում Գերմանիայի պատմական պատասխանատվությունը:

Լուսանկարը` REUTERS


«Հայերի ճակատագիրը զանգվածային ոչնչացման, էթնիկ զտումների, տեղահանության, եւ այո՛, ցեղասպանության, օրինակ է: Խորհրդարանը ցավում է գերմանական կայսրության ամոթալի դերի համար: Որպես Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակից՝  Գերմանիան, տեղյակ լինելով հայերի հանդեպ ծրագրվող ոճիրի մասին, չի միջամտել՝ կանխելու մարդկության դեմ այդ հանցագործությունը»,- ասված էր բանաձեւի տեքստում:

Արմեն Գեւորգյանի վերադարձը

Հունիսի 6-ին Արմեն Գեւորգյանը, որը 2014 թվականին հրաժարական էր տվել փոխվարչապետի պաշտոնից, նշանակվել էր Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
Արմեն Գեւորգյանը եւ Սերժ Սարգսյանը 2016թ. հունիսի 6-ին Արմեն Գեւորգյանը եւ Սերժ Սարգսյանը 2016թ. հունիսի 6-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


«Արմեն Գեւորգյանն ունի բավականաչափ փորձ, որպեսզի կարողանա հավուր պատշաճի կատարել Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի դժվարին պարտականությունները: Կայացած գործիչ է: Նրան ես ճանաչում եմ համատեղ աշխատանքից՝ գրեթե 20 տարի եւ այս 20 տարիների ընթացքում չեմ հիշում մի դեպք, երբ նա դժվարանար իր պարտականությունները կատարել: Այդ ընթացքում նա առնչվել է նաեւ Ազգային անվտանգության խորհրդի գործունեությանը, զբաղվել է հարցերով, որոնք հենց Խորհրդի անմիջական պատասխանատվության ոլորտում են»,- ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Արա Թադեւոսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին