Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-27
Ռուսաստանցի միջնորդը՝ ԵԽԽՎ-ի հետ համագործակցության մասին
Սեպտեմբերի 23-ին ռուսաստանցի միջնորդ Յուրի Մերզլյակովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ԼՂ հարցով հատուկ կոմիտեն կարող են համագործակցել մի շարք հարցերի շուրջ:
«Մինսկի խմբի համանախագահները բանակցություններում զբաղվում են միջնորդությամբ, ներկայացնում են առաջարկություններ, իսկ ԵԽԽՎ-ն կարող է ներդրում ունենալ երկու երկրներում հասարակական կարծիքի մոբիլիզացման գործում` կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ փոխզիջումը գտնելու համար: ԵԽԽՎ-ն կարող է նաեւ ակտիվ լինել Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս երկու երկրների ստանձնած պարտավորությունների կատարման հարցերում, որոնցից կարեւորագույնը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու պարտավորությունն է», - ասել էր ռուսաստանցի դիվանագետը:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Յուրի Մերզլյակովը կարծիք էր հայտնել, որ «Եվրոպայի Խորհուրդը եւ իր Խորհրդարանական Վեհաժողովը կարող են իրենց վրա վերցնել հակամարտության գոտում զինադադարի ռեժիմի խախտման յուրաքանչյուր դեպքի վերահսկողությունը» եւ «ազդել կողմերի վրա, որպեսզի նրանք հետեւեն ստանձնած պարտավորություններին»:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-27
Զոհեր Տավուշում
Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական զինված ուժերը խախտել էին հրադադարի ռեժիմը՝ ինտենսիվ կրակ վարելով Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայերի ուղղությամբ: Արդյունքում հայկական կողմից խաղաղ բնակիչներ էին զոհվել. Պառավաքարում 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, Բերդավանում՝ 94-ամյա Շուշան Ասատրյանը եւ 41-ամյա Սոնա Ռեւազյանը:
Միջնորդների արձագանքը
Սեպտեմբերի 25-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լուրջ մտահոգություն էին հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական շրջաններում եւ դրանց շուրջ ականանետների եւ ծանր զինատեսակների օգտագործման վերաբերյալ:
«Նման զինատեսակների կիրառումը հանգեցնում է հակամարտության անթույլատրելի սրման: Խստիվ հորդորում ենք կողմերին՝ խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից: Կողմերը Ժնեւյան կոնվենցիաներով պարտավորություններ են ստանձնել՝ պաշտպանելու ոչ զինվորականների անվտանգությունը»,- նշել են համանախագահները:
Միջնորդներն ափսոսանք էին հայտնել, որ միջադեպերը տեղի են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Նյու Յորքում ծրագրված հանդիպման նախօրեին:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Մենք ակնկալում ենք նախարարներից ծավալել լուրջ քննարկումներ բանակցային գործընթացի, ինչպես նաեւ հակամարտության սրման միջադեպերի վերաբերյալ: Քանի դեռ մենք չենք կարող հստակ որոշել, թե ինչպես են սկսվել այդ միջադեպերը, քանի որ կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին, հակամարտության կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ-ի կողմից հետաքննություն անցկացնելու մեխանիզմի ներդրման ուղղությամբ, ինչպես դա քննարկել էր նախագահների կողմից»,- ասել էին միջնորդները:
Երեւանի արձագանքը
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ եւ իր վրդովմունքն էր հայտնել Ադրբեջանի կողմից զինադադարի կոպիտ խախտումների կապակցությամբ։
«Ադրբեջանը վատ ավանդույթ է դարձրել տարածաշրջանային կարեւոր այցելություններից, բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին ամեն՝ իրավիճակը սրելը՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով հանդիպումների նպատակահարմարությունը, խոչընդոտելով բանակցային գործընթացը»,- ասել էր Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:
Պարգեւներ Ալեքսանյանին եւ Ծառուկյանին
Սեպտեմբերի 26-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր էր ստորագրել «Ալեքս Գրիգ» ընկերության նախագահ Սամվել Ալեքսանյանին եւ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրելու մասին:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն
Հրամանագրերում ասված էր, որ նրանք պարգեւատրվել են «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար»:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: