Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-10
ԱՄՆ նոր դեսպանատունը
Մայիսի 6-ին Երեւանում բացվել էր ԱՄՆ նոր դեսպանատունը։
Համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է 90 հազար քառ. մետր: ԱՄՆ-ի կառավարությունը 76 միլիոն դոլար էր ծախսել նոր դեսպանատան կառուցման վրա:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Ելույթ ունենալով դեսպանատան նոր շենքի բացման արարողությանը, դեսպան Ջոն Էվանսն ասել էր, որ «ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը»:
Նա հաստատել էր Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ նպաստելու ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Դեսպանը նշել էր, որ ղարաբաղյան խնդրի լուծմանը հասնելու համար Երեւանն ու Բաքուն ստիպված կլինեն փոխզիջումների գնալ՝ շեշտելով, որ Միացյալ Նահանգները «մտադիր չէ կողմերին հակամարտության լուծում պարտադրել»:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ ԱՄՆ դեսպանատան նոր շենքը ոչ միայն վկայում է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմանն ուղղված այդ երկրի մտադրության մասին, այլեւ հանդիսանում է «ապագայի յուրօրինակ ներդրում»։
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-10
Դիվանագիտական սկանդալ Վրաստանի հետ
Մայիսի 4-ին Վրաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն ասել էր, որ Թբիլիսին ստուգում է տեղեկություններն այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը հանդիպել է Հարավային Օսիայի խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովի հետ, որը Արցախ էր ժամանել որպես դիտորդ մասնակցելու մայիսի 3-ին կայացած ԱԺ ընտրություններին:
Նույն օրը ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հայտնել էր, որ հանդիպումը կրել է մասնավոր բնույթ եւ «պաշտոնական որեւէ հարց չի քննարկվել» ։
Մայիսի 5-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել էր իր վրաց պաշտոնակից Իրակլի Ղարիբաշվիլիին, որ Հայաստանն անվերապահորեն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ դա «անձնական բնույթի, ոչ պաշտոնական շփում էր, որը տեղի էր ունեցել ոչ աշխատանքային օրվա ընթացքում»:
Միաժամանակ, Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը հրավիրվել էր երկրի ԱԳՆ, որտեղ հանդիպել էր փոխնախարար Գիգի Գիգիաձեի հետ: Վրացի դիվանագետը «ծայրահեղ մտահոգություն» էր հայտնել Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ու Անատոլի Բիբիլովի հանդիպման կապակցությամբ:
Աղոթք՝ Վաշինգտոնում
Մայիսի 7-ին Վաշինգտոնի ազգային մայր տաճարում տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթք։
Աղոթքի արարողությանը մասնակցել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Ֆիքսե Թվեյթը եւ այլք:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն
Ելույթ ունենալով արարողության ընթացքում, Սերժ Սարգսյանը հույս էր հայտնել, որ ԱՄՆ-ն վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը:
ՀՀ նախագահը հիշեցրել էր, որ ամերիկյան առաջադեմ հասարակական-քաղաքական գործիչները դեռեւս 19-րդ դարի վերջին խստորեն դատապարտել են սուլթանական կառավարության հակահայկական քաղաքականությունը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն
«Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի անունը ոսկե տառերով է հավերժացվել հայերի բարեկամների շարքում: Ժամանակին նա դարձավ առաջին ամերիկացին, որն աշխարհին պատմեց հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի զանգվածային հանցագործությունների մասին՝ որպես «ազգի ոչնչացման արշավ» որակելով Հայոց ցեղասպանությունը:
Հայ ժողովուրդը հավերժ կհիշի նաեւ հարյուրավոր այն ամերիկացիներին, ովքեր Հայաստանի, Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի տարածքում որբանոցներ հիմնեցին՝ մահից փրկելով եւ խնամելով ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայ որբերին»,- նշել էր Սերժ Սարգսյանը:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: