5/10/15. Քոչարյանի պատասխանը, Գարեգին Բ-ն՝ Բաքվում, սրբադասումը - Mediamax.am

exclusive
16361 դիտում

5/10/15. Քոչարյանի պատասխանը, Գարեգին Բ-ն՝ Բաքվում, սրբադասումը


Ահմետ Դավութօղլուն
Ահմետ Դավութօղլուն

Լուսանկարը` REUTERS

Ռեջեփ Էրդողանը
Ռեջեփ Էրդողանը

Լուսանկարը` REUTERS

Յոահիմ Գաուկը
Յոահիմ Գաուկը

Լուսանկարը` REUTERS

Վլադիմիր Պուտինը Երեւանում 2015թ. ապրիլի 24-ին
Վլադիմիր Պուտինը Երեւանում 2015թ. ապրիլի 24-ին

Լուսանկարը` REUTERS

Ռոբերտ Քոչարյանն 2005թ. ապրիլի 20-ին
Ռոբերտ Քոչարյանն 2005թ. ապրիլի 20-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռոբերտ Քոչարյանն 2005թ. ապրիլի 24-ին
Ռոբերտ Քոչարյանն 2005թ. ապրիլի 24-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-26

«Հիշողության մեր իրավունքը դարձավ սառը պատերազմի զոհը»
 
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 20-ին Երեւանում հայտարարել էր, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը «կարեւոր է հայ-թուրքական հարաբերութունների համար, քանի որ այն կպատասխանի մեր երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող բազմաթիվ հարցերին եւ հնարավորություն կընձեռի նայել դեպի ապագա»։

«Մենք անցյալը հիշում ենք դառնությամբ, բայց առանց ատելության: Մեզ համար դժվար է հասկանալ թուրքական կողմի ագրեսիվ արձագանքը, որն արտահայտվում է ոչ միայն անցյալի ժխտման, այլեւ Հայաստանի շրջափակման մեջ: Մենք կանգնած ենք պարադոքսի առջեւ, որն իմաստավորում է պահանջում: Չարացածությունն ուղեկցում է ողբերգական անցյալի համար պատասխանատու կողմին, այլ ոչ թե զոհին։ Մենք վստահ ենք, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը կօգնի Թուրքիային հաշտվել իր անցյալի հետ, հաղթահարել այն բարդույթը, որը՝ փոխանցվելով  սերնդեսերունդ, ավելի ու ավելի մեծ դժվարություններ է ստեղծում մեր հարեւան ժողովուրդների հարաբերություններում»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը՝ ելույթ ունենալով «Ամենածանր հանցագործությունը, ամենածանր մարտահրավերը. ցեղասպանությունն ու մարդու իրավունքները» խորագրով միջազգային համաժողովին։

Ռոբերտ Քոչարյանն 2005թ. ապրիլի 20-ին Ռոբերտ Քոչարյանն 2005թ. ապրիլի 20-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր


ՀՀ նախագահը նաեւ ասել էր.

«Առաջին համաշխարհային պատերազմը, աշխարհի վերափոխման գլոբալ շահերով եւ դրան հաջորդած 20-րդ դարի գաղափարախոսական մեծ դիմակայությունը, դարձան հայ ժողովրդի օրինական իրավունքների ճանաչման ճանապարհին ծառացած հիմնական խոչընդոտները: Մենք դարձանք Առաջին համաշխարհային պատերազմի զոհը, չնայած մենք չէինք այն սկսել: Մեր հիշողության իրավունքն էլ դարձավ սառը պատերազմի զոհը»:

Բուշն աջակցում է Էրդողանի առաջարկությանը

Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարել էր «Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերի ընթացքում 1,5 հայերի զանգվածային սպանությունների եւ բռնի տեղահանումների» մասին:

«Մենք նայում ենք Թուրքիայի եւ Հայաստանի ազատության, խաղաղության եւ բարգավաճման ապագային` հույս հայտնելով, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի վերջերս արված առաջարկը հնարավորություն կտա առաջ տանել այդ գործընթացները»,- ասել էր Բուշը:

Էրդողանի նամակը ՀՀ նախագահին էր ուղարկվել ապրիլի 10-ին: Թուրքիայի վարչապետը, մասնավորապես, առաջարկել էր ստեղծել «մեր երկու երկրների պատմաբաններից եւ այլ փորձագետներից բաղկացած մի խումբ, որը կուսումնասիրի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ երրորդ երկրների արխիվները, եւ իր եզրահանգումները կներկայացնի միջազգային հանրությանը»:

Քոչարյանի պատասխանն՝ Էրդողանին

Ապրիլի 26-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել էր Էրդողանի նամակին:
Ռոբերտ Քոչարյանն 2005թ. ապրիլի 24-ին Ռոբերտ Քոչարյանն 2005թ. ապրիլի 24-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Նամակում, մասնավորապես, ասվում էր.

«Անցյալին անդրադառնալու Ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն չի անդրադառնում ներկային եւ ապագային: Արդյունավետ երկխոսության մեջ ներգրավվելու համար մեզ անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր եւ համապատասխան քաղաքական միջավայր: Երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը կրում են կառավարությունները, եւ մենք իրավասու չենք այն պատվիրակել պատմաբաններին։ Ուստի, մենք առաջարկել ենք եւ կրկին առաջարկում ենք առանց նախապայմանների մեր երկու երկրների միջեւ հաստատել նորմալ հարաբերություններ։ Ահա այս համատեքստում կարող է գումարվել միջկառավարական հանձնաժողով` քննարկելու երկու երկրների միջեւ առկա ցանկացած խնդիր կամ բոլոր կարեւոր խնդիրները, նպատակ ունենալով լուծել դրանք եւ հասնել փոխըմբռնման»:

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-26
 
Վավերացման գործընթացի առկախումը
 
Ապրիլի 22-ին Հայաստանի իշխող կոալիցիայի կազմի մեջ մտնող ՀՀԿ-ի, ԲՀԿ եւ ՕԵԿ-ի քաղաքական խորհուրդներն հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում առաջարկել են առկախել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը ՀՀ Ազգային ժողովում:

Նույն օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը կասեցնում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, բայց պահպանում է իր ստորագրությունն այդ փաստաթղթերի տակ։

Ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում ՀՀ նախագահը, մասնավորապես, ասել էր.

«Մեկ տարի շարունակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նախապայմանների լեզվով շարադրված հրապարակային խոսքերի պակաս չի զգացվել, մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամանակ ձգելու եւ գործընթացը տապալելու համար: Հետեւաբար` մեր եզրակացությունն ու դիրքորոշումն էլ միանշանակ է.

1. Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել եւ առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվել:

2. Ողջամիտ ժամկետները, մեր կարծիքով, ավարտվել են: Ամեն գնով ապրիլի 24-ն անցկացնելու թուրքական գործելաոճը պարզապես անընդունելի է:

3. Մենք անընդունելի ենք համարում նաեւ Հայաստան-Թուրքիա երկխոսությունն ինքնանպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը եւ այս պահից սկսած` հարաբերությունների կարգավորման ներկա փուլը համարում ենք սպառված»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Բաքվում

Ապրիլի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն մեկօրյա այցով մեկնել էր Բաքու, որտեղ մասնակցել էր Հոգեւոր առաջնորդների համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին:

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-26

Սրբադասման արարողությունը եւ SOAD-ի համերգը

Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել էր Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որին 19:15-ին հաջորդել էր համազգային լռության րոպեն:

Լուսանկարը` Ֆոտոլուր


Դրանից քիչ հետո Երեւանի Հանրապետության հրապարակում սկսվել էր System of a Down խմբի համերգը:

Լուսանկարը` Ֆոտոլուր


Դավութօղլուի ուղերձը

Ապրիլի 21-ին Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն հանդես էր եկել հայտարարությամբ, որում «թուրքական կառավարության եւ թուրք ժողովրդի անունից ցավակցությունն է հայտնել հայ ժողովրդին»: Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, թե ապրիլի 24-ին Թուրքիայում Հայ պատրիարքարանի կողմից կմատուցվի հատուկ արարողակարգ՝ ի հիշատակ «զանգվածային կոտորածների ու տեղահանությունների զոհերի»:

«Օսմանյան հայերի հիշատակը եւ հայկական մշակութային ժառանգությունը հարգելը Թուրքիայի պատմական եւ մարդասիրական պարտքն է: Այս ըմբռնումով, Օսմանյան հայերի հիշատակն ապրիլի 24-ին Հայկական պատրիարքարանի կողմից մատուցվելիք կրոնական արարողությամբ կհարգվի Թուրքիայում, ինչպես դա արվում է ամբողջ աշխարհում»,- ասվում էր Թուրքիայի վարչապետի հայտարարության մեջ: 
Ահմետ Դավութօղլուն Ահմետ Դավութօղլուն

Լուսանկարը` REUTERS


«Հնարավոր է ճանաչել Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում կատարվածի պատճառներն ու դրանց իրականացնողներին: Այնուամենայնիվ, ամեն ինչ կապակցելով ընդամենը մեկ բառի հետ եւ ողջ պատասխանատվությունը բարդել բացառապես Թուրքիայի ժողովրդի վրա եւ իրականացնել դա թշնամական հռետորաբանությամբ, բարոյական եւ իրավական տեսանկյունից խնդրահարույց է: Որպես հարյուր տարի առաջ լավ եւ վատ օրերին միեւնույն ճակատագիրը կիսած երկու ժողովուրդների ժառանգներ` մեր փոխադարձ պատասխանատվությունն է ամոքել վերքերը եւ վերականգնվել: Թուրքիան անտարբեր չի գտնվի այս պատասխանատվության հանդեպ եւ կշարունակի անել հնարավոր ամեն ինչ` բարեկամության եւ խաղաղության համար»,- նշել էր Թուրքիայի վարչապետը:

Ավստրիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 21-ին Ավստրիայի խորհրդարանն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: 

Ավստրիական խորհրդարանում ներկայացված 6 քաղաքական խմբակցությունների ընդունած միացյալ հայտարարությունում նշվում էր, որ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված զանգվածային կոտորածները եղել են «ցեղասպանություն»:

«Հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր»

Ապրիլի 24-ին Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները անվանել էր «ցեղասպանություն»:
Յոահիմ Գաուկը Յոահիմ Գաուկը

Լուսանկարը` REUTERS


«Հայերին վիճակված ճակատագիրը զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների, տեղահանումների եւ, այո, ցեղասպանությունների պատմության օրինակ է: Այս ծրագրավորված, հաշվարկված հանցանքը բաժին ընկավ հայերին միայն մեկ պատճառով՝ նրանք հայեր էին»,- ասել էր Գերմանիայի նախագահը` ելույթ ունենալով Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:

Պուտին. 1915թ. իրադարձությունները ցնցեցին ողջ աշխարհը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւանում հայտարարել էր, որ «ռուս ժողովուրդն այսօր սգում է հայ ժողովրդի հետ միասին»:

Այս մասին Վլադիմիր Պուտինն ասել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողության շրջանակում իր ելույթի ընթացքում:
Վլադիմիր Պուտինը Երեւանում 2015թ. ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինը Երեւանում 2015թ. ապրիլի 24-ին

Լուսանկարը` REUTERS


«1915թ. իրադարձությունները ցնցեցին ողջ աշխարհը, իսկ Ռուսաստանում դրանք ընկալվեցին որպես սեփական ցավ: Հազարավոր հայեր ապաստան գտան Ռուսաստանի տարածքում եւ փրկվեցին: Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Այսօր Ռուսաստանի հարյուրավոր քաղաքներում կանցկացվի շուրջ 2000 ոգեկոչման միջոցառում»,- ասել էր ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը եղել եւ մնում է այն, որ մարդկանց զանգվածային սպանությունները չունեն որեւէ արդարացում: Վլադիմիր Պուտինն ընդգծել էր, որ միջազգային հանրությունը պարտավոր է անել ամեն ինչ, որ անցյալի ողբերգական իրադարձությունները այլեւս երբեք չկրկնվեն:

Էրդողանի ցավակցությունները

Ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ցավակցությունն էր հայտնել Թուրքիայի հայ համայնքին ապրիլի 24-ի կապակցությամբ:

«Այս օրը, որը կարեւոր նշանակություն ունի մեր հայ քաղաքացիների համար, ես եւս մեկ անգամ հարգանքի տուրք եմ մատուցում օսմանյան բոլոր հայերի հիշատակին, որոնք կորցրին իրենց կյանքը Առաջին աշխարհամարտում, եւ իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց երեխաներին եւ թոռներին»,- ասել էր Թուրքիայի նախագահը:

Նրա խոսքով՝ «հայկական համայնքի տնտեսական, սոցիալական, մշակութային եւ քաղաքական ներդրումը ինչպես Օսմանյան կայսրությունում, այնպես էլ Թուրքիայում, մշտապես երախտագիտությամբ է հիշվելու»։
Ռեջեփ Էրդողանը Ռեջեփ Էրդողանը

Լուսանկարը` REUTERS


Միաժամանակ՝ Էրդողանը նշել էր, որ «Օսմանյան կայսրությունում տուժել են բոլոր ազգերի միլիոնավոր ներկայացուցիչներ»:

«Մեզ հաջողվել է հիմնել Թուրքիայի հանրապետությունը՝ ոչ թե մոռացության մատնելով, այլ սովորելով հաղթահարել այդ տառապանքները: Այսօր մենք աշխատում ենք եւ ձգտում ենք մեր բոլոր քաղաքացիների ու ընկերների հետ համատեղ՝ անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, հասնել ավելի լավ ապագայի՝ հիմնվելով խաղաղության, ներդաշնակության եւ եղբայրության վրա»,- շեշտել էր Թուրքիայի նախագահը: 

Նրա խոսքով՝ իրենք տեղյակ են «այն ցավալի իրադարձություններից, որոնց անցյալում առերեսվել է հայ համայնքը, եւ կիսում են նրանց վիշտը»:

Արա Թադեւոսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին