Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ՓԵՏՐՎԱՐԻ 2
Փաստահավաք առաքելությունը Քելբաջարում
Հունվարի 31-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության անդամներն այցելել էին Քելբաջար շրջկենտրոն եւ հարակից գյուղեր:
ԵԱՀԿ պատվիրակության անդամները հանդիպումներ էին ունեցել շրջանի բնակիչների հետ եւ անցկացրել անկետավորում, որի նպատակը նրանց նախկին բնակության վայրերի ճշտումն էր:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության անդամներն այցելել էին նաեւ Ֆիզուլիի եւ Ջեբրաիլի շրջաններ:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27 – ՓԵՏՐՎԱՐԻ 2
«Ետ կգցի ողջ տարածաշրջանը»
Հունվարի 28-ին The Wall Street Journal թերթը մեջբերել էր Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի խոսքերն այն մասին, որ «եթե հայ-թուրքական հարաբերությունների բարելավման առկա հնարավորությունը բաց թողնվի, ապա դա ետ կգցի ողջ տարածաշրջանը»:
«Մենք մոտենում ենք այն պահին, երբ իրավիճակը գնալով ավելի ու ավելի բարդ է դառնում»,- նշել էր Վիգեն Սարգսյանը:

Լուսանկարը` PanPhoto
«Եթե այս հնարավորությունը բաց թողնվի, դա ետ կգցի ողջ տարածաշրջանը, ընդ որում ոչ այնտեղ, ուր մենք գտնվում էինք բանակցությունների մեկնարկի պահին, այլ ավելի հեռու» - նշել էր Վիգեն Սարգսյանը:
Նույն օրը Լոնդոնում, Աֆղանստանի հարցով համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը: Վերջինս վերահաստատել էր ԱՄՆ աջակցությունը հայ-թուրքական արձանագրությունների արագ վավերացման եւ իրագործման հարցում:
Նալբանդյանն իր հերթին նշել էր, որ արձանագրությունների Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը «եւս մեկ ապացույց է, որ Հայաստանը հավատարիմ է կատարել իր պարտավորությունները եւ նույնն ակնկալում է նաեւ Թուրքիայից»:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27 – ՓԵՏՐՎԱՐԻ 2
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը
Հունվարի 29-ին Երեւանում բացվել էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտը:

Լուսանկարը` Ֆոտոլուր
«Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հայ ժողովրդի միասնության եւ վերածննդի խորհրդանիշն է: Կոմիտաս վարդապետը միավորեց հոգեւորը եւ աշխարհիկը, ազնվականը եւ գեղջկականը, արեւմտահայկականը եւ արեւելահայկականը՝ ապացուցելով, թե որքան արհեստական են եղել այդ եւ բազում այլ բաժանարար գծերը: Դրանով իսկ նա դարձավ ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի նոր ընթացքի ռահվիրան ու երաշխավորը՝ վեր հանելով եւ մեզ հասցնելով մի ահռելի քաղաքակրթական շերտ»,- թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի գրքում գրել էր Սերժ Սարգսյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը դարձավ անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանը:
Համահայկական հռչակագիրը
Հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն
Հռչակագիրը միաձայն ընդունվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում:
Փաստաթուղթն ընթերցել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հռչակագրի ամբողջական տեքստը հասանելի է այս հղումով:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: