Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-7
5 խմբավորում
Հուլիսի 2-ին ՌԴ ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը Երեւանում հայտարարել էր, որ Ռուսաստանի տարածքում գործում են 5 հանցագործ խմբավորումներ, որոնց առաջնորդները հայեր են:
Միեւնույն ժամանակ՝ նա շեշտել էր, որ այդ խմբավորումները չի կարելի զուտ հայկական անվանել:

Լուսանկարը` REUTERS
«Մենք հանցագործներին չենք բաժանում ըստ ազգային պատկանելիության, քանի որ մեկ խմբի կազմում կարող են ընդգրկվել տարբեր ազգությունների ներկայացուցիչներ», - նշել էր ռուսաստանցի նախարարը:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-7
Կարգավիճակն՝ առանցքային խնդիր
Հուլիսի 6-ին Հայաստանի եւ Կիպրոսի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դիմիտրիս Հրիստոֆիասը աջակցություն էին հայտնել միմյանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Կիպրոսի խնդրի լուծման հարցերում:
«Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները, միեւնույն ժամանակ գոյություն ունի ընդհանուր մոտեցում կարգավորման մեթոդների վերաբերյալ՝ բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի վրա», - ասել էր Սերժ Սարգսյանը Կիպրոսի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Հայաստանի նախագահը շեշտել էր, որ բանակցային գործընթացում Երեւանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. հակամարտության լուծումը պետք է հաստատի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապի առկայությունը եւ ապահովի անվտանգության երաշխիքներ:
Սերժ Սարգսյանը նշել էր, որ կարգավորման առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, եւ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Նրա խոսքով՝ «ցանկացած որոշում, որը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի ընդունի, չի կարող կենսունակ եւ իրագործելի լինել»:
Գյուլն ու Օբաման
Հուլիսի 5-ին Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն իր ամերիկացի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում տեղեկություններ էր հաղորդել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման մասին:

Լուսանկարը` REUTERS
Աբդուլահ Գյուլը եւ Բարաք Օբաման քննարկել էին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-7
«Համակարգային փոփոխությունները չեն կարող լինել ամբողջական»
Հուլիսի 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրության օրվա առթիվ իր ուղերձում ասել էր, որ «հասունացել է երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը, որոնք չեն կարող ամբողջական եւ համընդգրկուն լինել առանց սահմանադրական նոր բարեփոխումների»:
«Մեր երկրի քաղաքական կյանքում եղել են նույնիսկ ճգնաժամային իրավիճակներ, բայց անգամ այդ դեպքերում Սահմանադրությունը դրսեւորել է իր կենսունակությունը եւ բացահայտել մարտահրավերները հաղթահարելու հնարավորությունները:
Այս ընթացքում հասունացել է նաեւ երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը: Առանց սահմանադրական նոր բարեփոխումների դրանք չեն կարող լինել ամբողջական եւ համընդգրկուն», - ասված էր ուղերձում:
Շեւարդնաձեի մահը
Հուլիսի 7-ին 86 տարեկան հասակում մահացել էր Վրաստանի նախկին նախագահ, ԽՍՀՄ նախկին արտաքին գործերի նախարար Էդուարդ Շեւարդնաձեն:
1972-ից 1985 թթ. Էդուարդ Շեւարդնաձեն Խորհրդային Վրաստանի ղեկավարն էր:

Լուսանկարը` REUTERS
1985-1990 թթ. նա գլխավորում էր Խորհրդային Միության արտաքին գործերի նախարարությունը:
1992-1995թթ. նա անկախ Վրաստանի խորհրդարանի նախագահն էր, իսկ 1995-2003թթ.՝ Վրաստանի նախագահը:
Էդուարդ Շեւարդնաձեն 2003 թվականին հրաժարական տվեց «վարդերի հեղափոխության» հետեւանքով:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: