Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-21
Պրյախինի կոչն ու Քոչարյանի գնահատականը
Ապրիլի 15-ին Հայաստանում ԵԱՀԿ դեսպան Վլադիմիր Պրյախինը՝ «Գոլոս Արմենիի» թերթում հրապարակված հարցազրույցում կոչ էր արել հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչներին «դրսեւորել զսպվածություն, հավասարակշռություն եւ կառուցողական բանակցությունների պատրաստակամություն»:
«Եթե երկխոսություն չլինի, քաղաքական պատի իրավիճակը կշարունակվի: Ի դեպ, այն, որ ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտում են Ազգային ժողովի աշխատանքը, մեր կարծիքով, լավագույն մոտեցումը չէ»,- ասում էր Վլադիմիր Պրյախինը:
Նա շեշտել էր, որ Հայաստանում ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացրած եւ բացթողումների վերաբերյալ իր դիտարկումներն արտահայտած ԵԱՀԿ-ն «այդպիսով կասկածի տակ չի առել ընտրված իշխանությունների լեգիտիմությունը»:
«Հետեւաբար, խիստ կասկածելի են եզրակացություններն այն մասին, որ ԵԱՀԿ-ն չի ճանաչում ներկա իշխանությունների լեգիտիմությունը: Դա այդպես չէ»,- նշում էր Վլադիմիր Պրյախինը:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Ապրիլի 20-ին Ռոբերտ Քոչարյանն «անընդունելի եւ անհասկանալի» էր անվանել ընդդիմության մարտավարությունը, որը «նախապայմաններ է դնում նախագահի առջեւ՝ իր պարտականությունների կատարումը եւ խորհրդարանի աշխատանքները վերսկսելու համար»:
Հայաստանի նախագահը ընդդիմության գործողությունները համեմատել էր նեղացկոտ երեխայի պահվածքի հետ, «որը հրաժարվում է ուտել, քանի որ նրան խաղալիք չեն գնել»:
Վռամ Գալստյանի ինքնասպանությունը
Ապրիլի 16-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ինքնասպանություն էր գործել Վռամ Գալստյանը՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում ահաբեկչություն կատարած հինգ հանցագործներից մեկը:
Վռամ Գալստյանն ահաբեկիչների առաջնորդ Նաիրի Հունանյանի քեռին էր:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-21
«Ղարաբաղը չի կարող նվիրաբերվել Ադրբեջանին»
Ապրիլի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է. «Ղարաբաղը որեւէ պայմանով չի կարող նվիրաբերվել Ադրբեջանին»:
«Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. այս հարցում Ադրբեջանը վաղուց արդեն սպառել է վստահության բոլոր պաշարները»,- շեշտել էր Սերժ Սարգսյանը:
Ալիեւը Լաչինի ու «առաջընթացի» մասին
Ապրիլի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ «Լաչինի միջանցքի հետ կապված հարցերը կարող են արդյունավետ լուծվել»:

Լուսանկարը` REUTERS
«Մենք գիտակցում ենք հայկական կողմի համար Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապ ունենալու կարեւորությունը: Այս պարագայում մենք խնդիրներ չենք տեսնում: Եվ Լաչինի միջանցքի հետ կապված հարցերը կարող են արդյունավետ լուծվել այնպես, որպեսզի չանհանգստանան այժմ Լեռնային Ղարաբաղում ապրողներն ու ադրբեջանական բնակչությունը, ով այնտեղ կվերադառնա հակամարտության կարգավորումից հետո: Միաժամանակ, մենք հասկանում ենք, որ, որպեսզի հակամարտությունը լուծվի, այն մարդիկ, ովքեր ապրում են այնտեղ, պետք է իրենց անվտանգ զգան, պետք է ինքնակառավարման հնարավորություն ունենան, պետք է ապրեն իրենց կյանքով: Այդ առումով մենք հարկադրանքի կամ նրանց կյանքին խառնվելու փորձեր չենք կատարի: Այսինքն, ես կարծում եմ, որ այդ գործոնների զուգակցումը կարող է հանգեցնել առաջընթացի կարգավորման գործընթացում»,- ասում էր Ադրբեջանի նախագահը:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-21
«Գիտակցում էինք, թե ում հետ գործ ունեինք»
Ապրիլի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ հայ-թուրքական գործընթացը մտավ փակուղի եւ այսօր սառեցված է այն պատճառով, որ թուրքական կողմը փորձեց նախապայմաններ առաջադրել եւ «յուրովի մեկնաբանել որոշ գործընթացներ»:
«Հայ-թուրքական գործընթացը մենք սկսել ենք եւ հրապարակայնացրել ենք ազնիվ մղումներով` որպեսզի տարածաշրջանում համագործակցությունն ու անվտանգությունը բարձրացնենք նոր մակարդակի: Եթե որեւէ մեկին թվում էր, որ մենք դրա դժվարությունները չէինք գիտակցում, նա խորապես սխալվում է: Մենք շատ լավ գիտակցում էինք, թե ում հետ գործ ունեինք եւ ինչպիսի ծանր խնդիր ենք փորձում լուծել»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն
Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին, Սերժ Սարգսյանը նշել էր.
«Շատերն ասում էին, որ այդ երկու փաստաթղթերը հայանպաստ չեն, այլ ակնհայտորեն Թուրքիայի շահերից են բխում: Այդ դեպքում ինչու՞ մինչեւ հիմա թուրքերը չեն վավերացնում այդ փաստաթղթերը: Ակնհայտ է՝ եթե այդ փաստաթղթերը բխեին թուրքերի շահերից, նրանք վաղուց ոչ մի բանի առջեւ կանգ չէին առնի՝ ոչ Ադրբեջանի կարծիքի, ոչ որեւէ մեկի կարծիքի, եւ այդ փաստաթղթերը հանգիստ կվավերացնեին»,- ասում էր Սերժ Սարգսյանը:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: