Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26 –ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2
Սահակաշվիլիի հիացմունքը
Նոյեմբերի 30-ին Վրաստանի նախագահի թեկնածու, «Միասնական ազգային շարժման» առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը կենսական նշանակություն ունի Վրաստանի համար»:
«Ինձ թվում է, որ մինչ օրս մեր երկրների միջեւ քաղաքական շփումները ֆորմալ բնույթ էին կրում: Հայաստանը Վրաստանի կարեւորագույն ռազմավարական դաշնակիցն է, ապագայի ամենակարեւոր գործընկերը, եւ այդ երկրի հանդեպ մենք պետք է առանձին քաղաքականություն վարենք: Երբեմն ինձ թվում էր, թե Շեւարդնաձեն իմիջիայլոց էր վերաբերվում Հայաստանի հետ հարաբերություններին»,- ասել էր Միխայիլ Սահակաշվիլին:
Նա նշել էր, որ թեեւ հայկական արմատներ չունի, անընդունելի է համարում որոշ քաղաքական գործիչների փորձերը օգտագործել «հայ» բառը բացասական համատեքստում:

Լուսանկարը` REUTERS
«Նախընտրական քարոզարշավի ժամանակ Բոլնիսիի ղեկավարն ինձ անվանեց «մի հայ, որը չի կարողանա ուրեւէ ձայն ստանալ այդ տարածաշրջանում»: Ցավոք, ես հայկական արմատներ չունեմ, բայց ինձ համար հայի հետ համեմատությունը վիրավորական չէ, ընդհակառակը: Շեւարդնաձեն նման ազգայնական դրսեւորումներին արձագանքելու փոխարեն հանգիստ հետեւում էր այս ամենին` ձեւ անելով, որ ոչինչ տեղի չի ունենում»,- հայտարարել էր Սահակաշվիլին:
Նա նաեւ նկատել էր, որ «միշտ հիացել է նրանով, թե որքան լավ է կազմակերպված հայկական բանակը»:
Ցմահ ազատազրկում
Դեկտեմբերի 2-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ահաբեկչական գործողություն իրագործողներին՝ Նաիրի եւ Կարեն Հունանյաններին, Դերենիկ Բեջանյանին, Վռամ Գալստյանին եւ Էդուարդ Գրիգորյանին:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26 –ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2
Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությունը
Նոյեմբերի 29-ն Վիլնյուսում ընդունվեց Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական Միության համատեղ հայտարարությունը, որում կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունը զարգացնել եւ ամրապնդել Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։

Լուսանկարը` REUTERS
«Եվրոպական Միությունն ու Հայաստանը արձանագրում են, որ ավարտել են Ասոցացման Համաձայնագրի, այդ թվում Խորը եւ Համապարփակ Ազատ Առեւտրի Գոտու շուրջ բանակցությունները, սակայն, չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ։ Կողմերը համաձայն են, որ անհրաժեշտ է արդիականացնել ԵՄ-Հայաստան Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը»,- նշված էր հայտարարությունում:
Շուլցի հիասթափությունը
Նոյեմբերի 28-ին Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ասել էր, որ «խորապես հիասթափված է» այն փաստից, որ Ուկրաինան եւ Հայաստանը հրաժարվել են Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում Ասոցացման համաձայնագրերը ստորագրելու եւ նախաստորագրելու մտադրությունից:

Լուսանկարը` REUTERS
«Հատկապես ցավալի է, որ իրենց ընտրությունը վերանայելու այդ երկրների որոշումը կատարվել է արտաքին ճնշման ներքո: Մենք պետք է հստակ եւ բարձրաձայն հայտարարենք, որ անընդունելի ենք համարում Ռուսաստանի տնտեսական եւ քաղաքական ճնշումները մեր արեւելյան գործընկերների նկատմամբ», - ասվում էր Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախօրեին արված Շուլցի հայտարարության մեջ:
Պուտինը Գյումրիում
Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գյումրիում հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է ամրապնդել իր դիրքերը Կովկասում:
«Ռուսաստանը չի պատրաստվում այստեղից հեռանալ: Ընդհակառակը, մենք պատրաստվում ենք ամրապնդել մեր դիրքերը Կովկասում` հիմնվելով այն լավ ժառանգության վրա, որը մեզ բաժին է հասել մեր նախնիներից, տարածաշրջանի երկրների, այդ թվում` նաեւ Հայաստանի հետ լավ հարաբերությունների վրա»,- ասել էր Վլադիմիր Պուտինը` հանդես գալով հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովում:
Նա ընդգծել էր, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությամբ լայն հնարավորություններ են բացվում հայ-ռուսական համագործակցության զարգացման համար:

Լուսանկարը` Ֆոտոլուր
«Դա (ՄՄ մտնելու մտադրությունը – խմբ.) հայ ժողովրդի եւ հայաստանյան ղեկավարության ինքնիշխան ընտրությունն է: Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի պահպանի Հայաստանի հետ համագործակցության այդ ուղղությունը: Սկսվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործնական նախապատրաստումը, եւ սպասվում է իրավական ու վարչական մեծ փաթեթի համաձայնեցում»,- ասել էր Ռուսաստանի նախագահը:
Պուտինը նաեւ հայտարարել էր, որ Հայաստանը զենք կստանա ներքին ռուսաստանյան գներով:
«Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի այս տարածաշրջանում, որն այդքան մոտ է ՌԴ սահմաններին եւ սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, երբեք չզոհվեն Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները», - ասել էր Վլադիմիր Պուտինը:
Նա «ապակառուցողական» էր անվանել ենթադրություններն այն մասին, թե ինչպիս՞ի քայլեր կարող է ձեռնարկել Ռուսաստանը նոր պատերազմի դեպքում: «Նման խոսակցությունները կարող են տպավորություն ստեղծել, թե մենք պատերազմի ենք պատրաստվում, այնինչ մենք պետք է ձգտենք, որ բոլոր վիճելի հարցերը լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական եղանակով»,- ընդգծել էր Ռուսաստանի առաջնորդը:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: