Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:
• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-31
Ազարյանի վախճանը
Մարտի 31-ին Միացյալ Նահանգներում ողբերգական հանգամանքներում զոհվեց հայտնի հայ ջազային դաշնակահար եւ կոմպոզիտոր Դավիթ Ազարյանը:

Լուսանկարը` Դավիթ Ազարյանին նվիրված ֆեյսբուքյան էջ
51-ամյա Դավիթ Ազարյանը պատրաստվում էր ճամփեզրին փոխել իր ավտոմեքենայի անիվը, երբ մեկ այլ մեքենա հարվածել էր երաժշտին:
Դավիթ Ազարյանը ծնվել էր Երեւանում: 1989 թվականին, հյուրախաղերի մեկնելով ԱՄՆ, նա մշտական բնակություն էր հաստատել Միացյալ Նահանգներում:

Լուսանկարը` Դավիթ Ազարյանին նվիրված ֆեյսբուքյան էջ
«Նոր փուլը»
Մարտի 31-ին Թուրքիայի ԱԳՆ Կովկասի եւ Միջին Ասիայի վարչության գլխավոր տնօրենի տեղակալ Էրթան Թեզգյորը ցանկություն էր հայտնել, «որպեսզի Ռոբերտ Քոչարյանի` Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելով, նոր փուլ սկսվի մեր երկկողմ հարաբերություններում»:
Միաժամանակ, թուրք դիվանագերը թվարկել էր այն խնդիրները, որոնց պատճառով Թուրքիան մինչ օրս դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ: Նախ, ասել էր նա, «Հայաստանը չի ճանաչում 1921 թվականի թուրք-սովետական պայմանագրերը եւ դրանով չի ճանաչում մեր երկրի տարածքային ամբողջականությունը»:

Լուսանկարը` Şalom Gazetesi
Բացի այդ, ասում էր Թեզգյորը, «Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից մեկն այսպես կոչված ցեղասպանության ճանաչումն է»: Երրորդը, ասել էր թուրք դիվանագետը, «Հայաստանը դուրս չի բերում իր զորքերը բռնազավթված ադրբեջանական տարածքներից»:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-31
«Կեղտոտ խաղը»
ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը մարտի 31-ին հայտարարել էր, որ «Ադրբեջանը կեղտոտ խաղ է վարում»:
«Նախ, ադրբեջանական կողմը փորձում է ցրել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ջանալով հրաժարվել բանակցությունների սեղանին դրված փաստաթղթերից մեկից, որը ստեղծվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի երկամյա համատեղ ջանքերի շնորհիվ: Ընդ որում, ադրբեջանական կողմն իր հստակ համաձայնությունն էր տվել այդ փաստաթղթի բոլոր սկզբունքներին»,- ասել էր Վարդան Օսկանյանը:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-31
Մխիթարյանին «սխալ են հասկացել»
Մարտի 29-ին Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, որ իր խոսքերը այլ ակումբ տեղափոխվելու մասին «ճիշտ չեն հասկացել»:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Ես «Շախտյորի» խաղացող եմ եւ շատ ուրախ եմ դրա համար: Այս ակումբի հետ պայմանագիրս գործում է մինչեւ 2015 թվականը: Դա սովորական հանդիպում էր՝ զրույց ուսանողների հետ: Նրանք ինձ հարցեր էին ուղղում, երբեմն` կատակով, ես էլ պատասխանում էի: Ինձ ճիշտ չեն հասկացել եւ սխալ են մեկնաբանել բառերս», - Մխիթարյանի այս խոսքերը մեջբերում էր «Շախտյորի» մամուլի ծառայությունը:
Երեք ամիս անց, 2013 թվականի հուլիսին, Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: