• 15 ՏԱՐԻ ԱՌԱՋ: 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-10
Դաշինք, որը չկայացավ
Սեպտեմբերի 4-ին 16 ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ միավորում ստեղծելու մասին հայտարարություն ստորագրեցին, «որի նպատակն է վերաճել նախընտրական դաշինքի»: Հայտարարության մեջ նշվում էր, որ նախընտրական դաշինքի ստեղծման դեպքում 16 կուսակցությունները 2003 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում կառաջադրեն միասնական թեկնածու:
«Վճռականորեն մերժելով Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ռեժիմի իշխանությունը, մենք իշխանափոխությունը համարում ենք այլընտրանք չունեցող կենսական անհրաժեշտություն մեր ազգի եւ երկրի համար», - հայտարարել էին 16 կուսակցությունների առաջնորդները:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Նախընտրական դաշինք, սակայն, չստեղծվեց: 2003 թվականի նախագահական ընտրությունների առաջին փուլին մասնակցում էին 8 ընդդիմադիր թեկնածու, մասնավորապես՝ Ստեփան Դեմիրճյանը, Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը:
Աջակցություն Ամերիկային
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը սեպտեմբերի 10-ին հայտարարել էր, որ «միջազգային հակաահաբեկչական գործողության ժամանակ Ամերիկան Հայաստանից ստացել է քաղաքական եւ գործնական աջակցություն»:

Լուսանկարը` ԱՄՆ Պետքարտուղարություն
Նա նաեւ ասել էր, որ 2001 թվականի սեպտեմբերի 11 ահաբեկչություններից հետո հայ-ամերիկյան հարաբերություններում հայտնվել է երկու նոր բաղադրիչ՝ փոխգործակցություն իրավական ոլորտում եւ պաշտպանական համագործակցություն:
• 10 ՏԱՐԻ ԱՌԱՋ: 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-10
Շավարշ Քոչարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը
Ազգային-դեմոկրատական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը սեպտեմբերի 4-ին հայտարարել էր, որ եթե Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «մասնակցի նախագահական ընտրություններին որպես ընդդիմության միասնական թեկնածու, դա միանշանակ ձեռնտու կլինի Սերժ Սարգսյանին»:
Սերժ Սարգսյանի ընտրվելը, փաստացի, ձեռնտու եղավ Շավարշ Քոչարյանի համար` նա 2008 թվականից զբաղեցնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը:
Վազգեն Մանուկյանը եւ հեղափոխությունը
Ազգային-ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 5-ին հայտարարել էր Հայաստանում «հեղափոխություն» անելու անհրաժեշտության մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Հայաստանում ձեւավորվել է կառավարման մի մոդել, որը թույլ է տալիս ընտրյալների որոշակի խմբին տնօրինել խոշոր բիզնեսը, ստանալ գերշահույթ, հանցագործություններ կատարել եւ անպատիժ մնալ, իսկ ընտրությունների ժամանակ նպաստել իշխանության վերարտադրմանը», - ասում էր քաղաքական գործիչը: ԱԺՄ առաջնորդը նշում էր, որ 2008 թվականին կայանալիք նախագահական ընտրությունները նա դիտարկում է որպես հեղափոխություն անելու եւ այդ մոդելը փոխելու հնարավորություն:
Մոդելը, ինչպես գիտենք, չփոխվեց, հեղափոխություն չեղավ, իսկ Վազգեն Մանուկյանը, ըստ ամենայնի, իրեն լավ է զգում Հանրային պալատի նախագահի պաշտոնում:
Հայաստան-ՆԱՏՕ՝ 26+1 ձեւաչափով
Սեպտեմբերի 5-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հուպ Սխեֆերը քննարկեցին Հայաստան-ՆԱՏՕ 26+1 ձեւաչափով քաղաքական խորհրդակցությունների կազմակերպմանն հարցերը:
Խոսելով Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով (ԱԳԳԾ) նախատեսված միջոցառումների իրագործման մասին, Օսկանյանը նշում էր, որ մշակվել է Ազգային անվտանգության հայեցակարգը, Երեւանում բացվել է ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը, ընթանում են Հայաստանում Ճգնաժամային կառավարման իրավիճակային կենտրոնի ստեղծման աշխատանքները, առաջադրվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ պաշտպանական ոլորտում բարեփոխումներ անցկացնելու համար:
Բակո Սահակյանի երդմնակալությունը
Սեպտեմբերի 7-ին ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում կայացավ նախագահ Բակո Սահակյանի երդմնակալությունը: ԼՂՀ նոր նախագահը իր ելույթում նշեց, որ իշխանությունների գլխավոր նպատակը պաշտպանված, սոցիալապես արդար, տնտեսապես զարգացած եւ քաղաքական առումով կայուն պետության ստեղծումն է:

Լուսանկարը` Ֆոտոլուր
«Մեր զարգացման տեմպերը կարող են լուրջ ազդակ ստանալ ԼՂՀ միջազգային ճանաչման դեպքում, ինչը մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունն է», - ասել է Բակո Սահակյանը:
• 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ: 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-10
Սաֆարովի գործը
Սեպտեմբերի 5-ին ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը ասել էր, որ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու որոշումը «անընդունելի» է, եւ կոչ էր արել Ադրբեջանի իշխանությանը վերանայել այն: «Ես միանում եմ միջազգային հանրության հայտարարություններին, որոնք քննադատում են պարոն Սաֆարովի կատարած սարսափելի հանցագործության «հերոսացումը» »,- ասել էր Մինյոնը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը սեպտեմբերի 5-ին Երեւանում հայտարարել էր, որ «Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը չի նպաստում խաղաղ գործընթացին եւ վնասում է վստահությանը»:

Լուսանկարը` ՆԱՏՕ
«Ես խորապես մտահոգված եմ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի որոշմամբ: Նա կատարել է սարսափելի հանցագործություն է, որը չպետք է հերոսացվի», - ասել էր Ռասմուսենը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, իր հերթին, հայտարարել էր, որ Սաֆարովի գործում վերջին զարգացումները» չպետք է ստվեր նետեն Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա»:
Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականը
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 10-ին հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի նախագահին:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Հովհաննիսյանի հրաժարականից հետո նրա տեղը խորհրդարանում զբաղեցրեց «Ժառանգության» ցուցակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: