2013թ. հուլիսին Երեւանի քաղաքապետարանը հրապարակեց մայրաքաղաքում միկրոավտոբուսներով եւ ավտոբուսներով մեկ ուղեւորի փոխադրման տնտեսագիտական հաշվարկ-հիմնավորումը:
Տեղեկանքում, մի շարք վիճելի կետերից բացի, ուշագրավ էր միկրոավտոբուսի եւ ավտոբուսի վարորդների աշխատավարձի մասին տեղեկությունը, համապատասխանաբար, 150000 եւ 200 000 դրամ՝ ներառյալ հարկերը: Վարորդների աշխատավարձի մասին տեղեկությունը Մեդիամաքսը-ը փորձել է պարզել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից:
ՊԵԿ լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնից Մեդիամաքս-ը տեղեկացավ, որ մայրաքաղաքում կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող «Երեւանի ավտոբուս» եւ «Ավտոբուս» ընկերությունների վարորդների աշխատավարձը չի համապատասխանում քաղաքապետարանի տնտեսագիտական հաշվարկ-հիմնավորման մեջ ներկայացրած տվյալներին:
Մասնավորապես, նշված ընկերությունների աշխատակիցները, ներառյալ վարորդները, հարկային մարմին ներկայացրած հաշվարկների հիման վրա 2013թ. առաջին կիսամյակում ստացել են հետեւյալ միջին ամսական աշխատավարձերը.
«Ավտոբուս» ՓԲԸ` 85 847.3 դրամ;
«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ` 73 457. 3 դրամ:
Եթե քաղաքապետարանի տեղեկանքում նշված 150 000 եւ 200 000 դրամ աշխատավարձից հանենք հարկերը, որն առաջինի դեպքում կազմում է 37 080, իսկ երկրորդի դեպքում` 50 080 դրամ, ապա վարորդների «մաքուր» աշխատավարձը կկազմի, համապատասխանաբար, 112 920 եւ 149 920 դրամ, ինչն էապես տարբեր է հարկային մարմնի տրամադրած տվյալներից:
Ստացվում է, որ քաղաքապետարանի ներկայացրած տվյալները իրականությանը չեն համապատասխանում:
Նշենք, որ «տնտեսագիտական հաշվարկի» հրապարակման օրը Մեդիամաքս-ը վարորդների աշխատավարձի ճշգրիտ թիվը փորձել էր պարզել նաեւ Երեւան քաղաքում վերգետնյա տրանսպորտի վերահսկումն իրականացնող «Երեւանտրանս» ՓԲԸ-ից, որի տնօրեն Միսակ Համբարձումյանը մեզ հետ զրույցում ասել էր հետեւյալը. «Երթուղիները սպասարկող սուբյեկտների փոխանցմամբ, ամսական «մաքուր» աշխատավարձը մոտ 80-90 000 դրամ է, իսկ ավտոբուսի վարորդների դեպքում հնարավոր է փոքր-ինչ ավել լինի»:
Մեդիամաքս-ը աշխատավարձի իրական չափի մասին փորձել է խոսել մի քանի վարորդների հետ, որոնք, սակայն, վախենալով աշխատանք կորցնելուց, չեն համաձայնել ներկայանալ եւ հայտնել տվյալներ իրական աշխատավարձի մասին:
Սիրանուշ Եղիազարյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: