Տրանսպորտի թանկացումը հիմնավորող տեղեկանքը մի շարք հարցեր է առաջացնում - Mediamax.am

exclusive
2406 դիտում

Տրանսպորտի թանկացումը հիմնավորող տեղեկանքը մի շարք հարցեր է առաջացնում


Լուսանկարը` Photolure


Երեւանի քաղաքապետարանը ներկայացրել է միկրոավտոբուսների եւ ավտոբուսների մեկ ուղեւորի փոխադրման սակագնի հաշվարկը` 1 ամսվա կտրվածքով: Մեդիամաքս-ը հաշվարկի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսական գիտությունների թեկնածու Բագրատ Ասատրյանից, «Երեւանտրանս» ՓԲԸ եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներից:

 

«Եթե տնտեսության մեջ ապրանքի կամ ծառայության գինը միանգամից աճում կամ նվազում է 50%-ով, դա ճգնաժամի վկայություն է: Սակայն, մեզանում դա սովորության է վերածվել եւ կառավարության ամենամեծ բացթողումներից է: Երեւանի քաղաքապետարանն արհեստական ճգնաժամ է առաջացրել` տրանսպորտի գինը 50% բարձրացնելով»,-Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է Բագրատ Ասատրյանը:

 

Նա նշել է, որ «լուրջ չի վերաբերվում ներկայացված հաշվարկին եւ չի հավատում, որ մինչ թանկացումը համակարգը վնասով է աշխատել. սա այնպիսի մարդկանց բիզնես է, որոնք երբեք թույլ չէին տա, որ վնասներ կրեն»:

 

Անդրադառնալով տեղեկանքում ներկայացված շահույթի տոկոսին` Բագրատ Ասատրյանը նշել է.

 

«5%-ը խղճուկ շահույթ է եւ գծատերերը իրենց քաղաքական դիրքը չէին զոհի ընդամենը 5% շահույթի համար: Իմ տվյալներով, Երեւանում երթուղայինները 25-30% շահութաբերություն ունեն»:

 

Նրա կարծիքով, քաղաքապետարանը կարող է եւ պետք է գործի դնի դոտացիոն համակարգը.

 

«Բազմիցս տեսել ենք, թե ինչ անարդյունավետ ծախսեր են արվում քաղաքապետարանի կողմից` դրանք կարող են ուղղվել տրանսպորտի ուղեվարձի գնաճը զսպելու համար»:

 

Խոսելով տեղեկանքում նշված աշխատավարձների մասին` Բագրատ Ասատրյանն ասել է, որ «Երեւան քաղաքի տրանսպորտի վարորդներից որեւէ մեկը 150 000 դրամ աշխատավարձ չի ստանում, դա կեղծիք է»:

 

Մեր զրուցակիցը արժանահավատ չի համարել նաեւ տեղեկանքում ներկայացված վազքի թիվը: «Ապրում ենք մի երկրում, որտեղ իշխանությունների որեւէ գործողություն հավատի տեղ չի թողնում: Յուրաքանչյուր քայլով հասարակություն-իշխանություն անջրպետը ավելի է խորացվում, այսպես շարունակել չի կարելի»,-նշել է Բագրատ Ասատրյանը:

 

Երեւանի քաղաքապետարանի «Երեւանտրանս» ՓԲԸ (Երեւան քաղաքում վերգետնյա տրանսպորտի վերահսկում իրականացնող) տնօրեն Միսակ Համբարձումյանի փոխանցմամբ, «յուրաքանչյուր երթուղի տարբեր տոկոսներով շահույթ կարող է ունենալ, կոնկրետ թիվ չեմ կարող ասել, քանի որ սպասարկող չեմ»:

 

«Մենք ընդամենը սպասարկողների բողոքների հիման վրա կատարել ենք ուսումնասիրություն ու հասկացել, որ մինչ օրս նրանք վնասով են աշխատել», - նկատել է նա:

 

Անդրադառնալով վարորդների աշխատավարձին` Միսակ Համբարձումյանը Մեդիամաքս-ին ասել է, որ «երթուղիները սպասարկող սուբյեկտների փոխանցմամբ, ամսական «մաքուր» աշխատավարձը մոտ 80-90 000 ՀՀ դրամ է, իսկ ավտոբուսի վարորդներինը, հնարավոր է մի քիչ ավել լինի»:

 

Նշենք, որ քաղաքապետարանի ներկայացրած տեղեկանքի համաձայն, միկրոավտոբուսների վարորդների աշխատավարձը կազմում է 150 հազար դրամ, ներառյալ հարկերը, իսկ ավտոբուսների դեպքում` 200.000 դրամ: 

 

Եթե տեղեկանքի տվյալներից հանենք հարկերը, որոնք 150 000 ՀՀ դրամի դեպքում կազմում են 37 080 դրամ, իսկ 200 000 դրամի դեպքում` 50 080 դրամ, ապա «մաքուր» աշխատավարձը (համապատասխանաբար, 112 920 եւ 149 920 դրամ) ակնհայտորեն հեռու է երթուղիները սպասարկող սուբյեկտների տրամադրած տվյալներից:

 

Մեդիամաքս-ը վարորդների աշխատավարձի չափի մասին տեղեկանք ստանալու խնդրանքով դիմել է նաեւ Պետական եկամուտների կոմիտեին, որը ստանալու դեպքում կներկայացնի ընթերցողներին:

 

Երեւանի քաղաքապետարանից Մեդիամաքս-ը փորձել է պարզել, թե Երեւանում միկրոավտոբուսներով եւ ավտոբուսներով մեկ ուղեւորի փոխադրման տնտեսագիտական հաշվարկ-հիմնավորումը ինչպիսի՞նն էր 100 դրամ ուղեվարձի ժամանակ: Սակայն Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը մեզ հետ զրույցում ասել է, որ  «այդ հաշվարկ-հիմնավորումը կազմվել է 1998 թվականին եւ իր ձեռքի տակ այն այժմ չկա»:

 

Համեմատության համար Հենրիկ Նավասարդյանը բերել է հետեւյալ օրինակը. «Այն ժամանակ երթուղային «Գազել» մակնիշի տաքսիների արժեքը կազմում էր ընդամենը 5 000 $‌, այսօր` 21 000 $‌ է: Գլխավոր զսպակի գինը 5000-6000 դրամ էր, իսկ այժմ գնում են 20-30 հազար դրամով: Բացի այդ, այն ժամանակ մենք բավականին մեծ թվով ուղեւորահոսք ունեինք»,- ասել է վարչության պետը:

 

Սիրանուշ Եղիազարյան

Եկատերինա Պողոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին