Գլոբբինգի նոր սրահը՝ «Նաիրի» կինոթատրոնի շենքում - Mediamax.am

exclusive
2547 դիտում

Գլոբբինգի նոր սրահը՝ «Նաիրի» կինոթատրոնի շենքում


Լուսինե Ղարիբյանը զրուցում է Դավիթ Հարությունյանի հետ
Լուսինե Ղարիբյանը զրուցում է Դավիթ Հարությունյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Հարությունյանը
Դավիթ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


1950-ականներին էլեկտրալամպերի գործարանի աշխատակիցների համար կառուցված շենքը դարձավ Երեւանի խորհրդանիշերից մեկը։ Գործարանի տնօրենի առաջարկով՝ շենքի անկյունային հատվածում կինոթատրոն բացվեց, ու մայրաքաղաքի ամենահին՝ «Նաիրի» կինոթատրոնն Ամիրյան փողոցից տեղափոխվեց Մաշտոց-Իսահակյան խաչմերուկ։

 

Գեւորգ Թամանյանի նախագծով կառուցված նարնջագույն տուֆից շենքը վերջին տարիներին կինոսերների համար այլեւս նախկին հմայքը չունի։

 

Շուտով կինոթատրոնի շենքի առաջին հարկում բացվելու է Գլոբբինգի նոր սրահը՝ գերժամանակակից, ֆուտուրիստական լուծումներով։ Գլոբբինգում ասում են՝ այն, ինչ բիզնեսում սոցիալական պատասխանատվություն են անվանում, մենք կոչում ենք սեր՝ երկրի, հաճախորդների ու մեր երազանքների հանդեպ։

 

«Մենք ընտրել են «Նաիրի» կինոթատրոնը, քանի որ սիրում ենք մեր քաղաքը եւ Երեւանը շատ կարեւոր է մեզ համար։ Գլոբբինգը Հայաստանում այնքան պահանջված է, որ կարող ենք մեզ թույլ տալ նոր սրահի համար ոչ թե որեւէ տարածք ընտրել, այլ փորձել օգտակար լինել քաղաքի սիրված, կարեւոր վայրերից մեկի պահպանմանը, վերածննդին, ակտիվացմանը։  Բացի այդ, այստեղ կարող ենք մեր հաճախորդներին էլ ավելի հարմար պայմաններ առաջարկել. Մաշտոց 50 հասցեն ավելի ճանաչելի է»,- ասում է Գլոբբինգի հիմնադիր Դավիթ Հարությունյանը։

 

Վարձակալել են շենքի առաջին հարկը՝ 300 քառակուսի մետրը, որը չէր գործածվում, անբարեկարգ էր։ Հիմա նախագծման փուլում են։ Միջազգային օնլայն գնումների հարթակի հիմնադիրն ասում է, որ շենքի ներքին ու արտաքին ճարտարապետությունը մնալու է անփոփոխ։

 

«Կինոթատրոնի շենքում Գլոբբինգը լինելու է անկախ մարմին՝ եկած 23-րդ դարից։ Այս նախագիծն առաջին հերթին առանձնահատուկ է նրանով, որ ճարտարապետական առումով որեւէ փոփոխություն չի նախատեսում, շենքին ձեռք չենք տալու։ Ուսումնասիրել ենք, օրինակ, Վիեննայի ճարտարապետական փորձը, թե ինչպես են հինն ու նորը համադրվում՝ չխանգարելով, այլ հակառակը՝ ընդգծելով մեկը մյուսի գեղեցկությունը։

 

Եթե վերականգնման, թարմացման կարիք կլինի, կզբաղվենք դրանով, եթե ներսից կամ դրսից կլինեն տարրեր, որոնք շենքինը չեն, կհեռացվեն։ Նույնիսկ հնարավոր է՝ գրված չլինի, որ Գլոբբինգ այստեղ է, այլ միայն լույսերով ցույց տրվի»։

 

Գլոբբինգը Հայաստանում է արդեն 5 տարի՝ սպասարկման 5 սրահներով, ավելի քան 120 ստացման կետերով ու լոքերով։ Մաշտոց 50 հասցեում բացվելիքն ամենամեծն է լինելու։ Դավիթ Հարությունյանն ասում է՝ ընդունում ենք, որ վերջին տարիներին կենտրոնի հաճախորդներին անհարմարություն ենք պատճառել։ Պատահել է՝ օրական 700-800 հոգու սպասարկման համար նախատեսված սրահում 3 հազար հաճախորդ են ընդունել։ Խոստանում են՝ նոր սրահում հերթում սպասելու կարիք չի լինի:

Դավիթ Հարությունյանը Դավիթ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գլոբբինգի հիմնադիրը վստահ է, որ իրենց ներկայությունը կնպաստի նաեւ կինոթատրոնի ակտիվացմանը:

 

«Միայն մեր կենտրոնի մասնաճյուղից օգտվում է մոտ հարյուր հազար հաճախորդ։ Այդքան մարդ գալու է կինոթատրոնի շենք: Բացի այդ, Գլոբբինգի հաճախորդները, , քաղաքացիական գիտակցությամբ, գնողունակ մարդիկ են։ Ինչ էլ գործի այդ շենքում, մեր հաճախորդները, ինքնըստինքյան, դառնալու են նաեւ իրենցը»։

 

Առաջիկայում կսկսեն շինարարական աշխատանքները: Նախատեսում են նոր սրահը բացել մինչեւ «Սեւ ուրբաթ»:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին