Երեւանի քաղաքապետարան. «Բարեկարգման համալիր ծրագրի ավարտից հետո Մաշտոցի այգին կդառնա հանգստյան հանրային գոտի» - Mediamax.am

2706 դիտում

Երեւանի քաղաքապետարան. «Բարեկարգման համալիր ծրագրի ավարտից հետո Մաշտոցի այգին կդառնա հանգստյան հանրային գոտի»


 Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը

Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանն այսօր ներկայացրել է 2012 թվականին նախատեսված կանաչապատման աշխատանքների համալիր ծրագիրը:

 

«Այս տարի մոտ 3 անգամ կավելանան մայրաքաղաքի կանաչ տարածքները: Սա Երեւանի քաղաքապետի որդեգրած սկզբունք է եւ ընդգրկելու է բոլոր վարչական շրջանները: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի Երեւանը բոլոր համար դառնա հանգստի հաճելի գոտի», -նշել է վարչության պետը:

 

Նախատեսված աշխատանքների շրջանակում Երեւան մտնող ավտոճանապարհների ու պողոտաների միջնամասերը, զբոսայգիների, պուրակների եւ այլ կանաչ գոտիների շուրջ 35 հեկտար տարածքով համապատասխան հատվածները կձեւավորվեն նոր սիզամարգերով, 6 հեկտար էլ կընդգրկեն ծաղկային տարածքները: Դրանց մշտական խնամքի ապահովման նպատակով կանցկացվի 27 հազար գծամետր ոռոգման  ցանց:

 

Մշտադալար ու դեկորատիվ ծառերով եւ թփերով կավելանան մայրաքաղաքի կանաչ գոտիները, այդ թվում նաեւ այգիներն ու պուրակները: ՀՀ մարզերից այդ նպատակով ներկրվել է ավելի քան 19 հազար խմ բուսահող եւ կարմիր ավազ:

 

«Ընդամենը մեկ տարի անց կանաչապատ տարածքների տարբերությունն ակնհայտ կլինի»,-նշել է Ավետ Մարտիրոսյանը:

 

Բնապահպանության վարչության պետը ներկայացրել է նաեւ «Շողակաթ» հեռուստաընկերության հարակից պուրակի եւ Մարգարյանի անվան «Մոր եւ մանկան առողջության պահպանման» ԳՀԿ-ի հարակից տարածքի անբարեկարգ եւ բարձիթողի վիճակը վերացնելու, ինչպես նաեւ կանաչ գոտու պահպանման եւ ընդլայնման անհրաժեշտությունից ելնելով մշակված բարեկարգման համալիր ծրագիրը` նախագծային փաստաթղթերով եւ մանրակերտային լուսանկարներով:

 

Ըստ նախագծի` Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում նախատեսվում է կառուցել սալապատված 2 լայն ճեմուղիներ, որոնք կեզրագծվեն ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ նոր` մշտադալար ու դեկորատիվ  ծառաշարերով եւ կանաչ սիզամարգերով: Տարածքի ծաղկապատման, ինչպես նաեւ կանաչ գոտու մշտական խնամքի ապահովման նպատակով կանցկացվի ոռոգման ցանց: Կվերանորոգվեն նաեւ տարածքի միջնամասի կանաչ գոտու եզրաքարերն ու ջրային ավազանները, կտեղադրվեն հարմարավետ նստարաններ: Ծրագրով նախատեսված է նաեւ գիշերային լուսավորության ապահովում:  Ծրագրի ավարտից հետո տարածքի հետագա բարեկարգումը կիրանացնեն ոչ միայն  համապատասխան ծառայությունները, այլեւ կանաչ գոտուն հարակից ոչ ընդհանուր օգտագործման տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող անհատներն ու կազմակերպությունները:

 

«Ընդգծենք, որ այս օրերին ժամանակավոր, թեթեւ կոնստրուկցիաներով տեղադրվող շինությունները չեն ներառում կանաչ գոտին, ավելին`տեղադրման ընթացքում չի հատվել կամ վերատնկվել որեւէ ծառ: Բարեկարգման համալիր ծրագրի ավարտից հետո տարածքն իրավամբ կդառնա հանգստյան հանրային գոտի: Աշխատանքները կմեկնարկեն գարնանը», - հայտնել է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին