Վիրուսն ու երթեւեկը Երեւանում՝ «Յանդեքս.Խցանումների» «աչքերով» - Mediamax.am

exclusive
8145 դիտում

Վիրուսն ու երթեւեկը Երեւանում՝ «Յանդեքս.Խցանումների» «աչքերով»


Լեոնիդ Մեդնիկովը
Լեոնիդ Մեդնիկովը

Լուսանկարը` Քսենիա Կոլեսնիկովա

Լեոնիդ Մեդնիկովը
Լեոնիդ Մեդնիկովը

Լուսանկարը` Քսենիա Կոլեսնիկովա

Աշխատանքային օրվա ընթացքում խցանումների բալի փոփոխություն, 2020 թվականի փետրվար
Աշխատանքային օրվա ընթացքում խցանումների բալի փոփոխություն, 2020 թվականի փետրվար
Կարանտինի ազդեցության ներքո խցանումների միջին բալի փոփոխություն
Կարանտինի ազդեցության ներքո խցանումների միջին բալի փոփոխություն

Արդեն երկու տարի Երեւանում գործում է «Յանդեքս.Խցանումներ» սերվիսը: Մեդիամաքսը զրուցել է  ծառայության վերլուծաբան Լեոնիդ Մեդնիկովի հետ երեւանյան երթեւեկության, խցանումների մակարդակի վրա կորոնավիրուսային կարանտինի ազդեցության, ինչպես նաեւ ժամանակակից ուրբանիստիկայում փողոցների ծանրաբեռնվածության տվյալների կիրառման մասին:

 

- Որտեղի՞ց են ստացվում Յանդեքս.Խցանումների տվյալները եւ ինչպե՞ս են դրանք մշակվում:

 

- 2006 թվականին, երբ գործարվեցին Յանդեքս.Խցանումները,  ճանապարհային իրավիճակի վերաբերյալ տվյալները փոխանցվում էին փողոցներում տեղադրված հատուկ սարքերի միջոցով: 2008 թվականին գաղափար առաջացավ, որ ճանապարհին գտնվող անձը կարող է դառնալ տեղեկատվության աղբյուր: Սմարթֆոնների հայտնվելուց ու լայն տարածում գտնելուց ի վեր շատ վարորդներ սկսեցին երթեւեկել միացված նավիգատորով: Հիմա մենք կարող ենք բավականաչափ արագ եւ ճշգրիտ հաշվարկել մեքենաների հոսքի միջին արագությունը այս կամ այլ փողոցում:

Լեոնիդ Մեդնիկովը Լեոնիդ Մեդնիկովը

Լուսանկարը` Քսենիա Կոլեսնիկովա

Այն վարորդը, որը ճանապարհորդում է Յանդեքս.Քարտեզների կամ Յանդեքս.Նավիգատորի օգնությամբ եւ ունի ինտերնետային միացում, մի քանի վայրկյանը մեկ անանուն տվյալներ է փոխանցում իր գտնվելու վայրի եւ տեղաշարժի արագության մասին:  Յանդեքս.Խցանումների ալգորիթմը համախմբում է հազարավոր վարորդների տվյալները, անտեսում է արագության «անոմալ» շեղումները (օրինակ, եթե ինչ-որ մեկը կայանել է մեքենան), հաշվարկում է միջին արագությունը եւ «ներկում է» քարտեզը համապատասխան գույներով՝ կանաչ, դեղին կամ կարմիր:

 

Համակարգը ցույց է տալիս, թե որքան արագ է հնարավոր տվյալ պահին անցնել ճանապարհի որոշակի հատվածը, սակայն ճանապարհորդության արագությունը ուղղակիորեն կապված է երթեւեկության գերբնակվածության աստիճանի հետ: Նույն տվյալների հիման վրա Յանդեքս.Քարտեզները կամ Յանդեքս.Նավիգատորը հաշվարկում են ընտրված երթուղու համար ճանապարհորդության գնահատված տեւողությունը: Իսկ խցանումների բալը ամբողջ քաղաքում տիրող ընդհանուր ճանապարհային իրավիճակի արագ գնահատումն է:

 

Այսպիսով, յուրաքանչյուր վարորդ, որը վարելիս օգտվում է ծառայությունից, օգնում է մեզ վերլուծել ճանապարհային իրավիճակը: Ստացվում է յուրատեսակ «ճանապարհային Վիքիպեդիա»: Որքան շատ են վարորդների տվյալները, այնքան ավելի ճշգրիտ է ծառայությունը, եւ այս իմաստով Յանդեքս.Տաքսիին միացված վարորդները մեզ շատ են օգնում Երեւանում, քանի որ նրանք վարում են մեր նավիգատորի օգնությամբ:

 

- Ինչպե՞ս եք գնահատում Յանդեքս.Խցանումների աշխատանքը Երեւանում եւ ի՞նչ միտումներ կարող եք առանձնացնել:

 

- Ծառայության շնորհիվ կազմվող երթուղին թույլ է տալիս շրջանցել խցանումները, ինչը օգնում է հավասարակշռել ճանապարհային ծանրաբեռնվածությունը:

 

Բոլոր քաղաքներն ունեն առավոտյան եւ երեկոյան պիկ ժամեր: Բայց Երեւանում հետաքրքիր առանձնահատկություն կա. խցանման առավոտյան պիկի աճը սկսվում է անսովոր ուշ:

Աշխատանքային օրվա ընթացքում խցանումների բալի փոփոխություն, 2020 թվականի փետրվար Աշխատանքային օրվա ընթացքում խցանումների բալի փոփոխություն, 2020 թվականի փետրվար

 

Խցանումների զգալի աճը սկսվում է առավոտյան 8-ին, եւ ժամը 8:40/8:50-ին հասնում է գագաթնակետին: Օրվա կեսին հետաքրքիր երեւույթ է տեղի ունենում ՝ ժամը 12:00-ից 13: 00-ն խցանումներն ավելանում են: Այս մակարդակը համեմատելի է առավոտյան պիկի հետ եւ պահպանվում է հետագա ժամերին: Երեկոյան գագաթնակետը 18:30-ն է եւ տեւում է ավելի երկար, քան առավոտյան պիկը:

 

Այս բոլոր տվյալները վերաբերում են աշխատանքային օրերին, որոնք շատ նման են միմյանց, ինչը նույնպես անսովոր է, քանի որ շատ քաղաքներում շաբաթվա օրերը շատ տարբեր են: Հանգստյան օրերն ընդհանուր առմամբ ավելի թեթեւ են. շաբաթ օրը ցուցանիշները ավելի բարձր են, քան կիրակի օրը:

 

- Ինչպե՞ս են ազդել կորոնավիրուսը եւ կարանտինը երեւանյան խցանումների պատկերի վրա:

 

- Մարտի 16-ից սկսվեց նկատելի անկում: Ավելի ցածր մակարդակ գրանցվեց մարտի 25-ին: Եթե նախկինում աշխատանքային օրերին խցանումների միջին միավորը մոտ 5 բալ էր, ապա հաջորդ օրերին ցուցանիշը սկսեց աստիճանաբար նվազել եւ մարտի 25-ին հասավ 2 բալի, ինչը նշանակում է խցանումների գրեթե լիակատար բացակայություն:

Կարանտինի ազդեցության ներքո խցանումների միջին բալի փոփոխություն Կարանտինի ազդեցության ներքո խցանումների միջին բալի փոփոխություն

 

Վերլուծելով այլ քաղաքներում առկա տվյալները՝ մենք տեսնում ենք հետաքրքիր ընդհանուր միտում: Նույնիսկ կարանտինային սահմանափակումների պայմաններում, երկրորդ շաբաթից մարդիկ աստիճանաբար սկսում են «հայտնվել» ճանապարհներին: Երեւանում խցանումների ցածր մակարդակը պահպանվեց մարտի 25-ից ապրիլի 5-ը: Հաջորդ շաբաթվանից սկսած ցուցանիշը սկսեց աստիճանաբար աճել:

 

- Յանդեքս.Խցանումների տվյալների վերլուծությունը կիրառվելու է Երեւանի Օղակաձեւ այգու վերակառուցման աշխատանքներում: Ինչպե՞ս:

 

- Մեզ խնդրել են տրամադրել տվյալներ ՝ վերակառուցման ընթացքում հնարավոր դժվարությունները հասկանալու համար: Այգու շուրջ ընտրված հատվածների համար մենք հաշվարկել ենք երթեւեկության միջին արագությունը ըստ ժամերի եւ տարբեր սեզոնների:

 

Ի սկզբանե Յանդեքս.Խցանումները չեն դիտարկվել որպես ուրբանիստիկայի համար նախատեսված ծառայություն. այն իրական աշխարհ է եկել համացանցից: Դասական մոտեցումը կիրառելիս, կարող եք տեղադրել տեսախցիկներ եւ ուղարկել մարդկանց, որոնք կհաշվեն մեքենաների քանակը  ուսումնասիրվող վայրում: Սա ծախսատար եւ երկարատեւ գործընթաց է: Բացի այդ, դուք հաստատ չեք կարողանա պարզել, թե ինչպիսին էր իրավիճակը տվյալ հատվածում, օրինակ, անցյալ ամառ: Գրեթե բոլոր ստանդարտ մեթոդները հիմնված են մեքենաների հոսքի վերաբերյալ տեղեկատվության վրա: Մենք չունենք այդ տեղեկատվությունը, մենք տիրապետում ենք միայն այն վարորդների անանուն տվյալներին, որոնք միացրել են նավիգատորը, բայց փոխարենը մենք լավ գիտենք արագությունը ու դրա փոփոխության դինամիկան տարբեր ժամանակահատվածների ընթացքում:

 

Զրուցել է Սոնա Միրզոյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին