Երեւան: Մեդիամաքս: Ուկրաինական արտադրության միջին տեղատարողության ավտոբուսների ներկրման հնարավորություններն են քննարկել այսօր Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ «Ուկրավտո» կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Շպակը:
Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, ներկայացնելով մայրաքաղաքի տրանսպորտային քաղաքականությունը, քաղաքապետը նշել է , որ այժմ մշակվում է տրանսպորտային նոր հայեցակարգ, համաձայն որի ոլորտում առաջնությունը տրվելու է միջին եւ մեծ տեղատարողության ավտոբուսներին: Այս առումով Կարեն Կարապետյանը հատկանշել է, որ նաեւ չինական արտադրության ավտոբուսների ներկրման պայմանավորվածություն է ձեռք բերվել, եւ քաղաքապետարանը ուկրաինական ընկերության հետ եւս պատրաստ է փոխշահավետ գործըներություն քննարկել:
Ուկրաինական պատվիրակության ղեկավար Անդրեյ Շպակը, վկայակոչելով նախորդ տարիների աշխատանքային համագործակցությունը հայաստանյան շուկայի հետ, նշել է, որ ուկրաինական ավտոբուսները շուկայում մրցունակ են, մեծ պահանջարկ ունեն, եւ իրենց ընկերությունը պատրաստ է ապահովել Երեւանի քաղաքապետարանի կողմից ներկայացված չափորոշիչները եւ քննարկել պայմանները:
Կողմերը նախնական պայմանավորվել են ավտոբուսների ձեռք բերումն իրականացնել ֆինանսական ինստիտուտների միջոցով` երկարաժամկետ ու ճկուն մարման գրաֆիկով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: