Թուրքիայի ԱԳՆ եւ ՆԳՆ ղեկավարները մեղադրել են Արեւմուտքի երկրներին - Mediamax.am

3320 դիտում

Թուրքիայի ԱԳՆ եւ ՆԳՆ ղեկավարները մեղադրել են Արեւմուտքի երկրներին


Լուսանկարը` https://www.mfa.gov.tr/


Երեւան։ Մեդիամաքս։ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն այսօր մեղադրել է անվտանգության սպառնալիքների պատճառով հյուպատոսությունները փակած արեւմտյան երկրներին դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ։

«Եթե նրանք դաշնակիցներ լինեին, մեզ կզգուշացնեին սպառնալիքների մասին: Եթե ահաբեկչական սպառնալիք կա, արդյո՞ք մեզ չպետք է տեղյակ պահեն։ Մենք հարցրեցինք մեր ՆԳ նախարարությանը եւ հետախուզությանը։ Կոնկրետ տեղեկատվության փոխանակում չի եղել։ Կարծում ենք, որ այդ փակումները միտումնավոր են»,- ասել է Չավուշօղլուն Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։

 

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հյուպատոսությունների աշխատանքը դադարեցրած երկրների (Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Նիդեռլանդներ, ԱՄՆ, Ֆրանսիա, Շվեյցարիա եւ Շվեդիա) դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները հրավիրվել են Թուրքիայի ԱԳՆ։ Նրանց հետ հանդիպմանն ընդգծվել է, որ Թուրքիայի բոլոր դիվանագիտական հաստատությունների անվտանգությունն ապահովվում է միջազգային պայմանագրերի հիման վրա։

 

Դեսպանները հրավիրվել էին այն բանից հետո, երբ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասել է, որ մի շարք արեւմտյան երկրներ «հոգեբանական պատերազմ» են սանձազերծել իր երկրի դեմ՝ փակելով դիվանագիտական ներկայացուցչությունները ահաբեկչական սպառնալիքի պատրվակով՝ առանց որեւէ ապացույց ներկայացնելու։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին