Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Աստանայում ասել է, որ «զարմանքով է կարդացել» Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերակատարության մասին եւ դրանք որակել է «ոչ կոռեկտ եւ անընդունելի»։
«Կարծում եմ, որ այդ հայտարարություններում բացակայում է հակամարտության ընթացքի հասկացողությունը», - ասել է Պուտինը՝ նշելով, որ միգուցե Մակրոնը տեղեկատվություն չունի կողմերի դիրքորոշումների մասին:
Պուտինն ասել է, որ հնարավորության դեպքում կքննարկի այս հարցը Մակրոնի հետ:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է լուծել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում։
Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը:
















