Ալիեւը շարունակում է «մարտնչել» Նժդեհի դեմ - Mediamax.am

3416 դիտում

Ալիեւը շարունակում է «մարտնչել» Նժդեհի դեմ


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։

«Մենք երբեք թույլ չենք տա, որ մեր տարածաշրջանում գլուխ բարձրացնի հայկական ֆաշիզմը։ Մենք երբեք թույլ չենք տա, որ Հայաստանը կրկին պոտենցիալ սպառնալիք դառնա Ադրբեջանի համար։ Եթե տեսնենք, անմիջապես ոչնչացնելու ենք այն։ Դա պետք է իմանան բոլորը»,- ասել է Ալիեւը «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ Գյանջա կատարած այցի ժամանակ:

 

«Մենք հաղթեցինք հայկական ֆաշիզմին, բայց չոչնչացրեցինք այն։ Մենք շարունակելու ենք փորձել արմատախիլ անել հայկական ֆաշիզմի բոլոր դրսեւորումները, եւ մենք կարող ենք դա անել։ Բայց մյուս երկրներն ու միջազգային հանրությունը պետք է միասնական լինեն այս հարցում։ 21-րդ դարում հայկական ֆաշիզմի կատարած հանցագործությունները պետք է բոլորի համար պարզ դարձնեն, որ լավ ու վատ ֆաշիստներ չեն լինում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

 

Իլհամ Ալիեւը նշել է, որ ինքն առաջինն է «բարձրացրել Հայաստանում նացիզմը հերոսացնելու հարցը»։

 

«Նախորդ տարիներին իմ ելույթներում բազմիցս բարձրացրել եմ հայկական ֆաշիզմի հարցը։ Միջազգային կազմակերպությունների ու երկրների առջեւ հարց եմ դրել, որ չի կարելի թույլ տալ ֆաշիստների հերոսացումը։ Ես բարձրացրել եմ դահիճ Նժդեհի թեման՝ ԱՊՀ գագաթնաժողովներից մեկի իմ ելույթում։ Ասացի, որ Հայաստանի մայրաքաղաքում Նժդեհի հուշարձանը ֆաշիզմի քարոզչություն է»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

 

«Հայաստանի հովանավորները պետք է իմանան, հասկանան եւ գիտակցեն, թե ինչ վտանգ ենք մենք վերացրել։ Մենք ոչ միայն մեր հողերն ենք ազատագրել, այլեւ Հարավային Կովկասի տարածաշրջանն ենք ազատագրել այս բարբարոս ուժերից։ Հիմա նրանք ընկել են, սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նորից գլուխ չեն բարձրացնի»,- ասել է Ալիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին