Վանի հերոսամարտը՝ մաս VIII - Mediamax.am

exclusive
22740 դիտում

Վանի հերոսամարտը՝ մաս VIII


Հայ կամավորների հեծելավաշտը՝ Վանում
Հայ կամավորների հեծելավաշտը՝ Վանում

Լուսանկարը` Սերգեյ Վարդանյանի արխիվից

Հայ եւ ռուս սպաները՝ գեներալ Նիկոլաեւի, Արամի, Դրոյի, Խեչոյի եւ Վարդանի հետ
Հայ եւ ռուս սպաները՝ գեներալ Նիկոլաեւի, Արամի, Դրոյի, Խեչոյի եւ Վարդանի հետ

Լուսանկարը` Ս. Վարդանյանի արխիվից

Կոստի Համբարձումյանը
Կոստի Համբարձումյանը

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից

Կոստիի դաշույնը
Կոստիի դաշույնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կոստիի համրիչը
Կոստիի համրիչը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսի հատուկ նախագիծը պատմում է 1915 թվականին Վանում կազմակերպված հայերի ինքնապաշտպանության մասին: Հոդվածաշարը պատմում է, թե Վանի հայերն ինչպես էին կռվում իրենց ինքնության ու սեփական տանն ապրելու իրավունքի համար:

 

«Վանի հերոսամարտը» հատուկ նախագծի բոլոր նյութերը կարդացեք այս հղումով:

 

1915թ. մայիսի 2

 

Զինվորական մարմնի՝ մայիսի 2-ի թվագրությամբ մայիսի 3-ին հրապարակած հաղորդագրության համաձայն՝ թշնամին ռմբակոծում է մի քանի հայկական դիրքեր:

 

Ռմբակոծություններից վնասվում են հայկական դիրքի մի հատված, գերմանական, ամերիկյան շենքերը: Պատահաբար մի աղջիկ է սպանվում: Հաջի-Բեքրի դիրքից բեռնակիրները շարժվում են Հայոց-Ձորի ուղղությամբ: Այս գծում խուճապը մեծանում է: Զորքերը՝ ընտանիքներով, շարժվում են, բայց որ ուղղությամբ, հայերին հայտնի չէ:

 

Օնիկ Մխիթարյանը մայիսի 2-ի առավոտն այսպես է նկարագրում.

 

«Մայիսի 2-ի օրն էր, օդը քիչ մը ցուրտ, կիսատ հով մը կըփչեր: Ի՞նչ փույթ, սակայն: Թուրք գաղթականներով նավերը կը մեկնեին մեր Վասպուրական աշխարհի եզերքներեն: Ի՞նչ փույթ, թե ծովը փոթորկոտ էր այդ օրը, ու հովն՝ աննպաստ: Ի՞նչ փույթ, թե ալիքները կըրնային խորտակել զանոնք խութերու վրայ: Հայ կամավւորին պատուհասող ձեռքը կըմտրակեր զանոնք Բերկրի Գալէէն: Պետք է մշտապես լքել այն վայրերը, որոնք մերն ու մեր պապերունն էին եղած դարերով եւ որոնք Հայաստանի կնիքով էին դրոշմուած»:

 

1915թ. մայիսի 3

 

Մայիսի 3-ին հակառակորդը վերսկսում է Այգեստանի հրետակոծումը: Ռմբակոծման են ենթարկվում նաեւ ամերիկյան հաստատությունները, չնայած այն հանգամանքին, որ միսիոներները չեզոք տերության քաղաքացիներ էին: Հայերը հարձակվում եւ հրդեհում են թուրքական երկու զորանոց, իսկ երեկոյան կարողանում են գրավել բանտն ու ազատել համաքաղաքացիներին: Ռուսական բանակն ու հայ կամավորականները կամաց-կամաց մոտենում են Վանին:

Հայ եւ ռուս սպաները՝ գեներալ Նիկոլաեւի, Արամի, Դրոյի, Խեչոյի եւ Վարդանի հետ Հայ եւ ռուս սպաները՝ գեներալ Նիկոլաեւի, Արամի, Դրոյի, Խեչոյի եւ Վարդանի հետ

Լուսանկարը` Ս. Վարդանյանի արխիվից

Մայիս 3-ին Զին. մարմինը վերջին հաղորդագրությունն է հրապարակում, որով ամփոփվում էին մի քանի օրերի դեպքերը:

 

«Վանի հայ ժողովրդի համար մայիսի 3-ը պայքարի վերջին օրն էր: Միեւնույն ժամանակ՝ հաղթանակի ու փրկության մեծ օրը։ Բայց հայ ժողովուրդը դա չգիտէր եւ չէր էլ նախատեսում»,- գրում է Ա-Դոն:

 

Մայիսի 4-ի առավոտը Քաղաքամեջը դիմավորում է ազատված իր դարավոր թշնամուց: Հայրավանքից լսվող երաժշտությունը տեղեկացնում է, որ Քաղաքամեջ է տեղաշարժվում Այգեստանի բնակչությունը: Տեղի է ունենում երկու քաղաքների բնակչության ջերմ հանդիպումը:

 

Փանոս Թերլեմեզյանը ողջունելով համաքաղաքացիներին, ասում է.

 

«Ողջույն քաղաքացի հերոս ժողովրդին, պարծանք բոլոր կռվողներուն, որոնք խիզախորեն կուրծք տվին թշնամուն եւ հաղթանակեցին: Մենք բերեր ենք ձեզ այգեստանցի ձեր զինակից ընկերներու համբույրներն ու հիացմունքը: Երկու տեղերն ալ փառքով հաղթանակեցինք. թշնամին, անզոր ու խայտառակված, փախավ»:

 

Վանի ինքնապաշտպանության ընթացքում Քաղաքամիջում զոհվում է 43 հայ, որոնցից 15-ը կռվող տղաներ էին, վիրավորվում է 71 մարդ։ Ինչ վերաբերում է Այգեստանում սպանվածների ու վիրավորների քանակին, դա անհամեմատ ավելի քիչ է լինում, սակայն հստակ թիվը հայտնի չէ:

 

Զին. մարմնի վերջին դիմումը

 

Մայիսի 5-7 ընկած ժամանակահատվածում Վան են մտնում հայ կամավորական ջոկատներն ու ռուսական բանակը: Այս օրերին խանդավառություն է տիրում ողջ Վանում:  Զին. մարմինը վերջին դիմումն է հրապարակում մայիսի 6-ին։

 

«Ահա կը բոլորենք մենք ամսօրեակը - ամսօրեակը պայքարի ու փառքի. մահւան ու յարութեան մեր ցեղին։ Ամսօրեակը նաեւ հայութեան առաջին եւ պայծառ գարունին։

 

Ամիս մը առաջ. այսօր. երբ թշնամին վատաբար կռիւ յայտարարեց քաղաքակրթութեան եւ արդարութեան դէմ. մեր դէմ. մենք հաւատքով փարեցինք մեր զէնքին եւ մեր հոգիի խորերէն զգացինք. որ յաղթանակը մեր պիտի ըլլայ այս կռւին մէջ. վասնզի մեր կռիւը խաւարի դէմ էր. տգիտութեան ու բռնութեան դէմ՝ ճշմարտութեան եւ արդարութեան համար։

 

Եւ վերցուցինք զէնքը. կուրծք տալու համար թշնամիի գնդակներուն ու ռումբերուն. որոնք կուգային վերջնական հարւածը հասցնելու մեր ցեղի կորացած մէջքին. որոնք գետին ծռել կուզէին ճակատը մեր երիտասարդութեան եւ քանդել ակնաղբիւրները վերացնւող մեր ցեղին…

 

Այսօր ահա հայկական Դրօշն է. որ հազար տարիներու ընթացքին. առաջին անգամ ըլլալով. կը փալփլի Վանի պատմական բերդի գլխին. հայու ազատութեան պայծառ արեւի  տակ: Այսօր ահա առաջին անգամն է. որ բռնութիւնը հայ զինւորի գնդակէն հալածական կը փախչի ինչքով. ընտանիքով եւ իշխանութեամբ: Այսօր ահա առաջին անգամն է. որ հայկական բանակը օգնութեան կը փութայ իր հոգեկից մարտնչող հայ երիտասարդութեանը…

 

Մեր այս հերոսական կռիւներով մենք արդէն հիմքը դրինք այն հոյակապ ազատութեան. որուն երազեցին մեր հանճարները մեր ժողովրդին հետ. որու համար երեսունամեայ կռիւներով միլիոնաւոր կեանքեր զոհաբերեցինք - որու առաջին արշալոյսը կը ծագի ահա բաղդաւոր Վասպուրականի պհարտ լեռներու վրա…»:

 

Երկրորդ կառավարությունն ու վերջին գաղթը. Կոստի Համբարձումյան

 

Վանում ապրիլյան հերոսամարտից, 70-օրյա հայկական իշխանության հաստատումից հետո ռուսական զորքերի եւ հայ բնակչության նահանջն ու վերադարձը մի քանի անգամ կրկնվեց: Մինչ 1918թ. մարտ ամիսը Վանում հայկական իշխանություն կար, որը ղեկավարում էր Կոստի Համբարձումյանը:

Կոստի Համբարձումյանը Կոստի Համբարձումյանը

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից

Վահան Փափազյանն իր հուշերում պատմում է, որ Կոստին ամենից սիրված ու ժողովրդական դեմքն էր. «Կազմակերպչական տաղանդով օժտուած, խիստ մատչելի եւ մանավանդ հոգածու եւ պատրաստակամ այդ ընկերը իրավամբ զգայուն հայր մը դարձած էր ժողովուրդին»:

 

***

 

Կոստի Համբարձումյանը (Վասպուրականի Կոստին, Ուխտավոր) ծնվել է 1882թ. Շուշիում, ՀՅԴ անդամ է եղել: Կապանում կրթական տեսուչ աշխատած Կոստին 1908թ. հայ ազատագրական շարժման մարտիկներին զինելու նպատակով Պարսկաստանով զենքի առաքում է կազմակերպել: 1909թ. ձերբակալվել է, որոշ ժամանակ Թիֆլիսի Մետեխի բանտում անցկացնելուց հետո, աքսորվել Խարկով։

 

1915թ. մայիսին մասնակցել Վանի ազատագրմանը։ 1917 թ. աշնանը, երբ ռուսական զորքերը սկսում էին նահանջել Վանից, Կոստի Համբարձումյանը դառնում է Վանի հայկական ժամանակավոր կառավարության ղեկավարը։ Միայն 1918 թ., երբ թուրքական մեծաքանակ ուժերը հարձակվում են Վանի վրա, հայերը՝ Կոստի Համբարձումյանի ու Լեւոն Շաղոյանի գլխավորությամբ, հարկադրված գաղթում են: Կոստին զոհվել է 1918թ.:

 

Կոստիի դաշույնը

 

Կոստի Համբարձումյանի դաշույնը 1915թ.-ից հետո հերոսների ընկերների կամ ընտանիքի անդամների պահած իրերի հետ հասել է Երեւան՝ ՀՅԴ պատմության թանգարան: Վանի հերոսական օրերի «ականատեսի» հետ կապված պատմություններ, սակայն, մեզ չեն հասել:

Կոստիի դաշույնը Կոստիի դաշույնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ուխտավորի համրիչը

 

Մեր օրեր Կոստի համբարձումյանի համրիչն է հասել, որն իր վրա կրում է մեկ դարի պատմություն: Համրիչը տարիների ընթացքում քայքայվել ու մաշվել է: Փոքրիկ տուփում պահվում են համրիչի ամբողջական մնացած հատիկներն ու մաշվածների փոշին:

Կոստիի համրիչը Կոստիի համրիչը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայերի վերջին նահանջը

 

Վանի՝ 1918թ. մարտին տեղի է ունենում հայերի վերջին նահանջը: Բայց մինչ այդ Կոստի Համբարձումյանը փաստացի վերականգնել էր հայկական իշխանությունը, իսկ կառավարության անդամները հայեր էին: 1917 թ. դեկտեմբերին, երբ հեռացան ռուսական զորքերի վերջին ստորաբաժանումները, պաշտպանության գործը նորից հայերը սկսեցին իրականացնել:

 

Հիմնվում է Զինվորական խորհուրդ, մեկ ամիս անց արդեն երկու գունդ կար կազմավորված, որոնց կազմում՝ 200 հազ. մարդ, այդ թվում՝ 200-ը ձիավոր:

 

Հայերի ինքնապաշտպանությունը շարունակվում է մինչեւ 1918 թ. փետրվարի թուրքական լայնածավալ հարձակումը: Վիճակը մարտին օրեցօր ծանրանում է, եւ Վասպուրականի հայությունը հարկադրված սկսում է նահանջել: Մարտի 28-ին սկսվում է Վանի հայության նահանջը Արեւելյան Հայաստան եւ Պարսկաստան: Կոստի Համբարձումյանը թուրքերի դեմ մարտում զոհվում է հունիսի 20-ին՝ Սային Կալայում (այժմ Իրաքում է):

 

«Վանի հերոսամարտը» հատուկ նախագծի բոլոր նյութերը կարդացեք այս հղումով:

 

Մարի Թարյան, Աստղիկ Հակոբյան

 

Վանի հերոսամարտին նվիրված Մեդիամաքսի հատուկ նախագիծն իրագործվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պետական հանձնաժողովի աջակցությամբ:

 

Նախագծի խորհրդատուներն են՝

 

ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Հարություն Մարությանը;

 

Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից Ռուբեն Սահակյանը;

 

ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն, պատմաբան Անուշ Ամսեյանը:

 

Նախագծում օգտագործված աղբյուրներն են՝ Մխիթարյան Օ., «Վանի հերոսամարտը», Սոֆիա, 1960թ., Սահակյան Ռ., «Արեւմտահայության ցեղասպանությունը եւ ինքնապաշտպանական կռիվները 1915 թվականին», Ե., 2005թ., Ա-Դո, «Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թվականներին», Երեւան, 1917թ., Հայաստանի մայրաքաղաքները. Գիրք I, Վան (Վան քաղաքի առաջին հիշատակության 2865-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու), Երեւան, ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, 2013թ., Վան-Վասպուրականի հերոսամարտը-75, Երեւան, 1990թ., Հայկական հարց հանրագիտարան, Երեւան, 1996թ.:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին