Վանի հերոսամարտը՝ մաս V - Mediamax.am

exclusive
21564 դիտում

Վանի հերոսամարտը՝ մաս V


Լուսանկարը` Կոլաժը՝ Աննա Աբրահամյանի

Առաջնորդական տեղապահ Եզնիկ Վարդապետը՝ երեխաների հետ
Առաջնորդական տեղապահ Եզնիկ Վարդապետը՝ երեխաների հետ

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից

75-ամյա կամավոր Տեր Գրգորը՝ կամավորականների հետ մտնում է Վան
75-ամյա կամավոր Տեր Գրգորը՝ կամավորականների հետ մտնում է Վան

Լուսանկարը` Ս. Վարդանյանի արխիվից

Կամավորական Տեր Գրիգորը
Կամավորական Տեր Գրիգորը

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից

Արմենակ Եկարյանը
Արմենակ Եկարյանը

Լուսանկարը` Wikipedia

Զենք կրելու արտոնագիր
Զենք կրելու արտոնագիր

Լուսանկարը` ՀՀ ազգային արխիվի փաստաթղթերից

Զենք կրելու արտոնագիր
Զենք կրելու արտոնագիր

Լուսանկարը` ՀՀ ազգային արխիվի փաստաթղթերից

Վանի ոստիկանության անդամ Դավիթ Փափազյանը
Վանի ոստիկանության անդամ Դավիթ Փափազյանը

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից


Մեդիամաքսի հատուկ նախագիծը պատմում է 1915 թվականին Վանում կազմակերպված հայերի ինքնապաշտպանության մասին: Հոդվածաշարը պատմում է, թե Վանի հայերն ինչպես էին կռվում իրենց ինքնության ու սեփական տանն ապրելու իրավունքի համար:

«Վանի հերոսամարտը» հատուկ նախագծի բոլոր նյութերը կարդացեք այս հղումով:

1915թ. ապրիլի 21

Ջեւդեթը չի բավարարվում ապրիլի 20-ին իր ուղարկած զինվորականի այցով եւ հաջորդ օրը երկու հայ կանանց միջոցով նամակ է ուղարկում հայերին, որը հասցեագրում է Առաջնորդական տեղապահ Եզնիկ վարդապետին: Նա խոստանում է խնայել բոլորին, եթե հայերը համաձայնեն հանձնել ամբողջ զենքը եւ հնազանդություն հայտնեն:

«Այս առաջարկները ընդունելու պարագային, խոստանում եմ միջնորդել, որ կայսերական գթության արժանանաք։ Ի զուր տեղ ավելորդ արյուն մի թափեք, ձեր ընտանիքներին խնայեցեք: Եթե համառեք, մեղքը ձեր վիզը»,- գրում է Վանի դավադիր կուսակալը:

Եզնիկ վարդապետը պատասխան նամակ է ուղարկում՝ հայտնելով, որ հայերն ապստամբներ չեն: Նամակում նա առաջարկում է պատասխան տալու համար երկու պատվավոր անձ ուղարկել:

Առաջնորդական տեղապահ Եզնիկ Վարդապետը՝ երեխաների հետ Առաջնորդական տեղապահ Եզնիկ Վարդապետը՝ երեխաների հետ

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից


Իրականում, ինչպես նշում է Ա-Դոն, հայերը որեւէ բանակցության նպատակ չունեին, եւ այս նամակը գրելով, պարզապես ցանկանում էին հնարավորություն ստեղծել Քաղաքամեջի ու Այգեստանի միջեւ կապ հաստատելու՝ պատրվակ բերելով, թե հաշտության համար պիտի խորհրդակցել քաղաքի մյուս մասում ապրող հայերի հետ: Իրականում, Զին. մարմինը համոզված էր, որ Ջեւդեթը հերթական խորամանկությանն է դիմում, որպեսզի քաղաքը սպանդանոցի վերածի:

Կուսակալ Ջեւդեթի առաջին նամակը ոգեւորել էր հայերին: Ա-Դոն գրում է, որ ընդհանուր տրամադրությունը բարձրանում է, եւ հույսը սկսում ժպտալ: Դե Նոգալեսը խոստովանում է իր հուշերում, որ այս օրերին հայերը դեւի պես էին կռվում: Հայերը նախահարձակ են լինում դիրքերից մեկում: 4 քուրդ է սպանվում, 3 հայ վիրավորվում:

Ջեւդեթը շարունակում է նամակագրությունը՝ հույս ունենալով մոլորեցնել հայերին:

Մի փոքր բանակցությունից հետո հայերի առաջնորդներն ու Ջեւդեթի ուղարկած մարդիկ հանդիպում են բաց տարածքում: Հայերը պայման են դնում, որ հնարավորություն տան Եզնիկ վարդապետին այցելել Այգեստան՝ հաշտության պայմաններ առաջարկելու համար, իսկ որպեսզի ապահովվի նրա անվտանգ վերադարձը, պատանդ թողնել երկու պատվավոր թուրքերի:

Զին. Մարմինը ազդագրով տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին թշնամին թնդանոթի զարկերի տակ է պահում Ամիրխանյանց դիրքը, ապա անցնում Շահպենդերենց դիրքին։ Ընդհարումների արդյունքում թշնամին գետում թողնում է 10-12 սպանված, եւս 20-ը՝ Շահպենդերենց դիրքի մոտ:
75-ամյա կամավոր Տեր Գրգորը՝ կամավորականների հետ մտնում է Վան 75-ամյա կամավոր Տեր Գրգորը՝ կամավորականների հետ մտնում է Վան

Լուսանկարը` Ս. Վարդանյանի արխիվից


Տարբեր դիրքերի ուղղությամբ եկած ռումբերը վնասում են պաշտպանական պատերը, որից հետո հայերն անցնում են ամրացման եւ վերանորոգման գործին: Այս օրը հայերը մի քանի ուղղություններով փայլուն հաղթանակներ են տանում: Թշնամու զոհերը հաշվվում են մոտ 50-60: Ապրիլի 21-ի գիշերը թուրքական կողմից մեկ ժամում արձակված գնդակների թիվը հասնում է 10 հազարի:

1915թ. ապրիլի 22

Ջեւդեթի նամակը գալիս է մեկ օր անց՝ ապրիլի 22-ին, որով բացահայտվում է նրա նենգ մտադրությունը: Նա հայտնում է, որ իր առաջարկները փոխանցել է նաեւ Այգեստանի մեջ գտնվող հայությանը, իսկ եթե Եզնիկ վարդապետը չի կարող համոզել Քաղաքամեջում ապրողներին, ապա ոչինչ չի կարող անել այս թաղամասից դուրս: Ջեւդեթը կրկին հորդորում է ապավինել իշխանությունների գթասրտությանն ու հանձնվել, հակառակ դեպքում՝ հրամայելու է ոչնչացնել մինչեւ վերջին զինվորը: Հայերն այս նամակը թողնում են անպատասխան:

Այս օրվա մարտերի մասին Զինվորական մարմինը հաղորդագրություն է տարածում, որտեղ ասված է, որ թշնամին համեմատաբար լռություն է պահպանել: Այս օրվա լռության բացատրությունը հետագայում երեւում է Նոգալեսի հուշերում, որտեղ ասված է, որ թուրքերը նոր ուժերի էին սպասում: Ռազմամթերք ստանալուց հետո, հաջորդ օրը նրանք հուժկու հարձակում են սկսում: Գիշերը հայերը գրոհում են թուրքական դիրքերից մեկը ու զենք ու ռազմամթերք են վերցնում, իսկ Վանի մեկ այլ հատվածում մարտիկներին հաջողվում է ոչնչացնել թշնամու թնդանոթաձիգին, մարտերի արդյունքում երկու հայ է վիրավորվում: Այս օրը Շատախից եկած սուրհանդակը այգեստանցի մարտիկներին հայտնում են, որ իրենք նույնպես հաջողությամբ հետ են մղում թշնամու գրոհները:

1915թ. ապրիլի 23

Ապրիլի 23-ին հայերը հարձակվում եւ հրդեհում են թուրքական երկու դիրք: Շարունակվում է փախստականների հոսքը Այգեստան: Աշըրիի վկայությամբ, թուրքերը դիտավորյալ մարդկանց դեպի Այգեստան էին քշում` հույս ունենալով, որ այս կերպ սով կսկսվի, ինչը կստիպի հայերին հանձնվել: Զինվորական մարմնի ազդագրերը հայտնում են մեծ թվով թուրքերի շարժի մասին:
Կամավորական Տեր Գրիգորը Կամավորական Տեր Գրիգորը

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից


Մի քանի դիրքերի ուղղությամբ կրակը պարբերաբար կրկնվում է, քաղաքից ներս եղած բոլոր դիրքերը հայերին ձեռքին են, իսկ հակառակորդի դիրքերը, ինչպես նաեւ հեռագրատունն ու կառավարական շենքերը վնասված են: Զին. Մարմինը նաեւ ուրախությամբ տեղեկացնում է, որ Ջեւդեթի տարածած տեղեկություններն այն մասին, որ Քաղաքամեջն ավերված ու դատարկված է, չեն համապատասխանում իրականությանը:

1915թ. ապրիլի 24

Ապրիլի 24-ին գիշերային հարձակման ժամանակ թշնամու մոլորված ստորաբաժանումները ընդհարվում են միմյանց հետո, որը վերջանում է նրանց համար ծանր կորուստներով: Օգտվելով դրանից, հայ մարտիկները կարողանում են բնակչությանը դուրս բերել շրջափակումից եւ տեղափոխել նրանց Ավերակի գյուղը: Հետագա օրերին թշնամին հարձակվում է նաեւ այս գյուղի վրա: Հայերը ստիպված են լինում գիշերային գրոհ նախաձեռնել եւ, ճեղքելով պաշարման օղակը, մարդկանց Այգեստան տեղափոխել:

Զինվորական մարմնի անփոխարինելի ղեկավարը՝ Արմենակ Եկարյան

Արմենակ Եկարյանը Վանի ինքնապաշտպանության կազմակերպման առանցքային դեմքերից է: Եկարյանը ինքնապաշտպանության ամբողջ ընթացքում ղեկավարել է Զինվորական մարմինը, հետագայում էլ ստանձնել նահանգային ոստիկանության ղեկավարումը:

1870թ. Վանում ծնված Եկարյանը ընտրել էր դերձակի մասնագիտությունը: Իր մասնագիտության մեջ դեռ չհմտացած պատանին շուտով հրաժարվում է դրանից, ընդունվում Արմենական կուսակցության շարքերն ու սկսում զենք տեղափոխել հայ կամավորական խմբերի համար: Եկարյանը շուտով ստանձնում է ամենաբարդ առաջադրանքները՝ բազմաթիվ անգամներ կտրելով Վան-Թավրիզ-Սալմաստ ճանապարհն ու զենք հասցնելով մարտիկներին: Երբեմն, նա իր խմբով ամիսներով ճանապարհներին էր անցկացնում՝ զենքը տեղափոխելով ոտքով եւ աշխատելով հիմնականում գիշերները, քանի որ համիդյան լրտեսներն ամենուր էին եւ ցանկացած վրիպում այս գործում, կարող էր ձերբակալությամբ ավարտվել:
Արմենակ Եկարյանը Արմենակ Եկարյանը

Լուսանկարը` Wikipedia


Եկարյանն արդեն կոփվել էր այս գործում, երբ սկսվեց Վանի հերոսամարտն ու պատահական չէ, որ նրան միաձայն Զինվորական մարմնի ղեկավար կարգեցին: Վանի ինքնապաշտպանության ականատեսներից շատերն են իրենց հուշերում պատմում, թե ինչպես էր Եկարյանը դիրքից դիրք շրջում, անձամբ ստուգում ամրությունները, երբեմն անձամբ էր ղեկավարում խմբերը, որոնք օգնության պիտի հասնեին դժվար կացության մեջ հայտնված մարտիկներին:

Արմենակ Եկարյանը հետագայում Վանի ինքնապաշտպանության մասին հուշեր է գրել: Իր կյանքի 55 տարիներից 25-ը զինվորական գործին նվիրված, կռիվների թոհուբոհով անցած, բազմաթիվ անգամներ բանտում հայտնված, ամեն ինչ տեսած այս մարդը ցավով է հիշում, թե ինչպես հաղթանակած վանեցին ստիպված եղավ լքել իր տունը: Վանի հայության գաղթի օրերին եւս Եկարյանը անգործ չէր. նրա ղեկավարությամբ գործող մի խումբ ստանձնել էր որբերին հավաքելու ու խնամելու պարտականությունը:  Վանի ինքնապաշտպանական մարտերից հետո Եկարյանը միանում է հայերի խմբին, որ պատրաստվում էր ազատագրել Կիլիկիան, անգամ ռազմական ուժեր է հավաքագրում, բայց Անկարայի դաշնագրի կնքումից հետո հիասթափված ռազմական գործիչը թողնում է հայրենիքն ու մեկնում Պոլիս, այնուհետեւ Եգիպտոս, որտեղ եւ կնքում է իր մահկանացուն: Արմենակ Եկարյանը մահանում է 1925թ.-ին՝ ժանտախտից:

Վանի ոստիկանությունը

Վանում հաղթանակից հետո նահանգապետության ստեղծման եւ նոր կուսակալի նշանակման ժամանակ որոշվում են, որ Վանը նաեւ ոստիկաններ պիտի ունենա, իսկ այդ մարմինը Եկարյանը պիտի ղեկավարի: Ոստիկանության ղեկավարումը հանձնում են Եկարյանին՝ հաշվի առնելով ինքնապաշտպանության ամբողջ ընթացքում Զինվորական մարմնի կազմակերպված աշխատանքը:
Վանի ոստիկանության անդամ Դավիթ Փափազյանը Վանի ոստիկանության անդամ Դավիթ Փափազյանը

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից


Թվում է՝ նոր կազմավորվող այդ կառույցը պիտի երկար ճանապարհ անցներ կայանալու համար, բայց բավական են մի քանի փաստեր ոստիկանության գործունեության մասին, որպեսզի պատկերացում կազմենք, թե որքան հեռատես ու բանիմաց էին այս գործը ստանձնողները:

Հայաստանի Ազգային արխիվում պահպանվել են Վանի նահանգային ոստիկանության աշխատանքը ներկայացնող փաստաթղթեր: Ոստիկանության տրամադրած զենք կրելու արտոնագրերով հաշվառում էին այն վանեցիներին, ովքեր զենք ունեին կամ ցանկանում էին զենք կրել:
Զենք կրելու արտոնագիր Զենք կրելու արտոնագիր

Լուսանկարը` ՀՀ ազգային արխիվի փաստաթղթերից


Վան քաղաքը բաժանվում է ոստիկանական 5 տեղամասերի, յուրաքանչյուրում նշանակվում է շրջանապետ (կոմիսար): Կարճ ժամանակահատվածում կառույցի ղեկավարները մշակում են ոստիկանական ծառայության ներքին կանոնադրություն: Այն կազմված էր 7 բաժիններից եւ 53 հոդվածից: Հետագայում մշակվում է նաեւ բանտային կանոնադրություն, քանի որ Վանի բանտը նույնպես անցնում է  ոստիկանության վերահսկողությանը: Վանի նահանգային ոստիկանությունը, թեեւ սուղ միջոցներին, ամեն բան անում էր նահանգում ու Վան քաղաքում կարգուկանոնը պահպանելու ուղղությամբ: Յուրաքանչյուր քայլ վերահսկվում էր ոստիկանության կողմից. դա են վկայում նաեւ արխիվում պահվող փաստաթղթերը:

«Վանի հերոսամարտը» հատուկ նախագծի բոլոր նյութերը կարդացեք այս հղումով:

Մարի Թարյան, Աստղիկ Հակոբյան

Վանի հերոսամարտին նվիրված Մեդիամաքսի հատուկ նախագիծն իրագործվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պետական հանձնաժողովի աջակցությամբ:

Նախագծի խորհրդատուներն են՝

ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Հարություն Մարությանը;

Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից Ռուբեն Սահակյանը;

ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն, պատմաբան Անուշ Ամսեյանը:

Նախագծում օգտագործված աղբյուրներն են՝ Մխիթարյան Օ., «Վանի հերոսամարտը», Սոֆիա, 1960թ., Սահակյան Ռ., «Արեւմտահայության ցեղասպանությունը եւ ինքնապաշտպանական կռիվները 1915 թվականին», Ե., 2005թ., Ա-Դո, «Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թվականներին», Երեւան, 1917թ., Հայաստանի մայրաքաղաքները. Գիրք I, Վան (Վան քաղաքի առաջին հիշատակության 2865-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու), Երեւան, ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, 2013թ., Վան-Վասպուրականի հերոսամարտը-75, Երեւան, 1990թ., Հայկական հարց հանրագիտարան, Երեւան, 1996թ.:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին