Վանի հերոսամարտը՝ մաս VII - Mediamax.am

exclusive
22165 դիտում

Վանի հերոսամարտը՝ մաս VII


Վանի ինքնապաշտպանական դիրքերում
Վանի ինքնապաշտպանական դիրքերում

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից

Ինքնապաշտպանական դիրքերում
Ինքնապաշտպանական դիրքերում

Լուսանկարը` Սերգեյ Վարդանյանի արխիվից

Զինվորական Մարմինը՝ Հայկակ Կոսոյանի ղեկավարությամբ
Զինվորական Մարմինը՝ Հայկակ Կոսոյանի ղեկավարությամբ

Լուսանկարը` Վան-Վասպուրականի հերոսամարտը-75 գրքից

Վանի հերոսամարտը
Վանի հերոսամարտը

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից

Փանոս Թերլեմեզյանը
Փանոս Թերլեմեզյանը

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից

Վանի մարտիկները
Վանի մարտիկները

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից


Մեդիամաքսի հատուկ նախագիծը պատմում է 1915 թվականին Վանում կազմակերպված հայերի ինքնապաշտպանության մասին: Հոդվածաշարը պատմում է, թե Վանի հայերն ինչպես էին կռվում իրենց ինքնության ու սեփական տանն ապրելու իրավունքի համար:

 

«Վանի հերոսամարտը» հատուկ նախագծի բոլոր նյութերը կարդացեք այս հղումով:

 

1915թ. ապրիլի 29

 

Ապրիլի 29-ին մեկ օրվա ընթացքում թշնամու հրետանին 5 անգամ ավերում է Սահակ բեյի եւ Թովմազյանի տուն-դիրքերը: Ամրաշենները 5 անգամ վերականգնում են դրանք: Թշնամին ամբողջ գիշերվա ընթացքում չի դադարեցնում այդ դիրքերի հրացանային եւ հրետանային գնդակոծումը: Զինվորական մարմինը հանդես է գալիս հայտարարությամբ` հայտնելով, որ թուրքերի մեջ խուճապ է նկատվում:

 

Զինվորական մարմինը կարգադրում է հետախուզել եւ իմանալ՝ արդյո՞ք լուրերը համապատասխանում են իրականությանը, թե՞ թուրքերը ծուղակ են լարում: Որոշ աղբյուրներում նշվում է, որ Առաջնորդարանի վերին հարկից երեւում էր, թե ինչպես են թուրքերը բեռնում նավերը, իսկ Արտամետի ճանապարհի վրա երեւում էին ճանապարհ դուրս եկած թուրք ընտանիքները:

Վանի մարտիկները Վանի մարտիկները

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից

1915թ. ապրիլի 30

 

Ապրիլի 30-ին տարբեր շրջաններից լուրեր են ստացվում, որ հակառակորդի դիրքերում, ամրություններում եւ խրամատներում սովորականից քիչ թվով զինվորներ են մնացել: Երեկոյան կողմ թշնամին, ասես գլխի ընկնելով, որ հայերը տեղեկացել են իրենց սակավության մասին, փոթորկալից կրակ է բացում, որը տեւում է մինչեւ առավոտ:

 

Հովհաննես անունով մի հայ մարտիկի հաջողվում է հետախուզություն իրականացնել եւ ստույգ տեղեկություններ հաղորդել Զինվորական մարմնին: Ըստ այդ տեղեկությունների՝ ոստիկաններ տուն առ տուն մտել եւ հեռանալու հրաման են տվել:

 

Հայ ոստիկան Հովհաննեսը, ում հաջողվել էր փախչել գերությունից, պատմել է.

 

«Երեք օր ի վեր է, որ թուրքերը սկսած են գաղթել դեպի Պիթլիս: Առաջին մեծ ընտանիքները եւ հիւանդանոցը Աւանուց նավահանգիստը գնացին, նաւով դատուան երթալու: Երեկ ալ Ճեւվտէթի խիստ հրամանով, ոստիկաններն ու փոլիսները թուրք թաղերը պտտեցան ազդարարելու, որ պետք է շուտով հեռանան Գաւաչ, հակառակւողները բռնի ճամբայ պիտի հանուին: Բոլորովին ստոյգ է , որ ռուսական բանակը մտեր է Ապաղայ եւ յարձակվեր է Բերկրիի վրայ: Այնտեղի Գայմադամն ու պաշտոնեութիւնը երեկ քաղաք հասան: Նոյնպէս ռուսները մտած են Պաչգալէ: Ճեւվտէթի հրամանը այնպէս է՝ զինուորներն ու կռուղները պետք չէ, որ հեռանան, միայն ընտանիքներն ու երեխաները հեռանալու են: Զօրանոցի մէջ մենք եօթը հայ ժանտարմներ մնացեր էիք, զինաթափ վիճակի մէջ: Մեզ ալ կուզէին տանիլ եւ գիտեմ, թե ողջ պիտի չթողնեէին, ուստի ընկերներով խորհեցանք փախչիլ քաղաքի մէջ, բայց անոնք չհամաձայնեցան: Ես մենակ, մութեն օգտուելով, դուրս ելայ եւ կերպով մը յաջողեցայ հասնիլ հոս»:

Ինքնապաշտպանական դիրքերում Ինքնապաշտպանական դիրքերում

Լուսանկարը` Սերգեյ Վարդանյանի արխիվից

Զին.Մարմինը հրապարակում է կուսակցություններին եւ մասնավոր անհատներին պատկանող զենքերի վիճակագրությունը.

 

1. Հրացաններ – մոսինի, Մաուզերի, Մոդել այնալի. Կափաղլի, բերդան՝ 480 հատ՝ 68.000 փամփուշտով։

 

2. Ատրճանակ- տաս-հարվածային մաուզերի 520 հատ՝ 42.000 փամփուշտով։

 

3. Ատրճանակ այլ տեսակի՝ 265 հատ 11.000 փամփուշտով։ Ընդամենը՝ 1265 զենք 212. 000 փամփուշտով։

 

Կռվի սկզբում եղած զենքի թիվը հասնում էր 700-ի, այժմ այդ թիվը մեծացել էր: Կռվի ընթացքում Հայոց-ձորի. Թիմարի. Արճակի, Շուշանց եւ Վարագի կռվողները, տեղի տալով թշնամու գերազանց ուժերին, իջել էին Այգեստան՝ իրենց հետ բերելով զենքերը: Ինչ վերաբերում է փամփուշտի քանակին, այդ արդեն ցույց է տալիս, թե ինչպես էին փամփուշտի խնայողության հետ միասին նորից ու նորից լցնում դատարկ պարկուճները եւ գործածում։

Զինվորական Մարմինը՝ Հայկակ Կոսոյանի ղեկավարությամբ Զինվորական Մարմինը՝ Հայկակ Կոսոյանի ղեկավարությամբ

Լուսանկարը` Վան-Վասպուրականի հերոսամարտը-75 գրքից

1915թ. մայիսի 1

 

Մայիսի 1-ին արդեն բոլոր դիրքերից երեւում է, թե ինչպես է հեռանում մահմեդական բնակչությունը: Մինչեւ մայիսի 3-ը թշնամու հրետանին լռում է: Այդ ամենը վկայում էր, որ ռուսական բանակը մոտենում է Վանին եւ թուրքերը սկսել են տարհանել զորքն ու բնակչությունը:

 

Շահպենտերի դիրքում սպանվում է հայտնի կռվող ասորի քահանան՝ Կաշան։ Ա. Շրջանից տեղեկություն է ստացվում, որ Հաջի-պեքրի զորանոցի առջեւի դիրքից թնդանոթներով ռմբակոծում են Այգեստանի արեւելյան բոլոր սահմանները: Կրակը հետագայում ուղղվում է մի քանի հայկական դիրքերի վրա, բայց վնասներ չեն լինում: Երեկոյան ռումբեր են արձակվում բոլոր դիրքերի վրա, երեք հայ է վիրավորվում, որոնցից մեկը մահանում է: Տարտանելի հատվածում սկսված ռմբակոծությանը մեկ հայ է զոհ գնում, նկատվում է թշնամու շարժ մի քանի ուղղություններով:

Վանի հերոսամարտը Վանի հերոսամարտը

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից

Զին. Մարմնի ստացած տեղեկություններով՝ ծովի վրա 10 նավ է երեւում, որոնց ուղղությունը հայտնի չէ:

 

Մաուզեր վրձնի փոխարեն՝ Փանոս Թերլեմեզյան

 

«1915թ.-ին վանեցիք երգելով կը կռուէին թուրք բանակին դէմ, բացարձակօրէն անհաւասար ուժերով: Կը կռուէին եղունգներով, ատրճանակներով, որսի հրացաններով, եւ կը դիմադրէին Կրուպի թնդանօթներուն, որովհետեւ հաւատքը իրենց կուրծքերէն պրօնզէ պատնէշներ կերտեց, եւ համերաշխ ու անձնուէր գործունէութիւնը յոյսի առաջնորդող ջահն եղաւ …»: Վանի հերոսամարտը հետագայում այսպես է նկարագրում նկարիչ Փանոս Թերլեմեզյանը, որը ապրիլյան այդ օրերին մի կողմ էր դրել վրձինն ու ձեռքն էր առել մաուզերը:

 

***

Փանոս Թերլեմեզյանը Փանոս Թերլեմեզյանը

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից

Փանոս Թերլեմեզյանը ծնվել է 1865թ.-ին` Վանում: Դեռ Վանի Կեդրոնական վարժարանում սովորելու տարիներին անդամագրվում է Արմենական կուսակցությանը, հետագայում միանում է սուլթանական կառավարության դեմ պայքարող երիտասարդական խմբավորմանը, ինչի պատճառով էր 1893թ.-ին ստիպված է լինում լքել Վանն ու փախչել Իրան, այնուհետեւ՝ Թիֆլիս: 1898թ.-ին Թերլեմեզյանը մեկնում է Փարիզ, ընդունվում Փարիզի Ժյուլիան գեղարվեստի ակադեմիան։ 1912թ. Փանոսը Կոմիտասի հետ մեկնում է նրա ծննդավայր Քյոթահիա։ Նրանք ապրում են վրանի տակ։ Ահա այստեղ էլ Թերլեմեզյանը մեծն երգահանին պատկերում է` ծառի տակ նստած, երաժշտական գործիքը կողքին, խորասուզված նոտաների ընթերցանության մեջ: 1914թ.-ին գեղանկարիչը ստեղծագործական շրջագայություն է կատարում Վանում։ Նկարում է «Սիփան սարը Կտուց կղզուց», «Վանա լիճը» բնանկարները։ Շնորհալի արվեստագետը կյանքից հեռացավ 1941թ. ապրիլի 27-ին՝ Երեւանում:

 

***

 

Այգեստանում ծավալված մարտերի եւ դրանցում նկարչի մասնակցության մասին վկայություն կա Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպում:

 

Ստեղծագործության վերամշակված տարբերակի «Ճանապարհորդություն դեպի անցյալ. Փանոս Թերլեմեզյանի հետքերով» վերնագրված հատվածում, որն առաջին անգամ հրատարակվել է «Սովետական արվեստ» ամսագրում, խոսվում է Թերլեմեզյանի անցած ուղու եւ նկարչի բանտարկության մասին:

 

Գուրգեն Մահարին նկարագրում է Թերլեմեզյանի եւ Խրիմյան Հայրիկի ջերմ փոխհարաբերությունները, մեծ ակնածանքով է շարադրված նրա եւ Կոմիտասի բարեկամությանը նվիրված հատվածը:

 

Թերլեմեզյանը եղել է առաջնակարգ նշանառու։ Նա իր դիպուկ գնդակով ոչնչացրել է հայերին կեղեքող Նուրիին, իսկ 1915 թ. Վանի հերոսական պաշտպանության ժամանակ Փանոսն աչքի ընկնող կազմակերպիչներից մեկն էր, նրան տանում էին մի գծից մյուսն ու խնդրում դիպուկ գնդակով հեռվից ոչնչացնել թշնամու դիրքերի սպաներին եւ զինվորական այլ աստիճանավորների։

 

Այգեստանի հերոսամարտի մասնակից Օնիկ Մխիթարյանը գրում է.

 

«Փանոս Թէրլէմէզեան ջղայնոտ կը մոտենայ դիրքին, մօտիկէն կը զննէ, կը ստուգէ թնդանօթի ծուխն ու վայրը, հետօ մէկ, երկու կարձակէ հրացանը եւ ետ կուղուի յուսալով թէ սպանած է թուրք թնդանոթաձիգը: Դիրքը պարապ չի մնար: Հերթապահ զինուորը կանցնի Փանոսի տեղը եւ ակնդէտ կը հսկէ…»:

 

Փանոս Թերլեմեզյանի մասին հատվածը պատրաստվել է արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, Երիտասարդ արվեստաբանների խորհրդի նախագահ Մերի Կիրակոսյանի աջակցությամբ:

 

«Վանի հերոսամարտը» հատուկ նախագծի բոլոր նյութերը կարդացեք այս հղումով:

 

Մարի Թարյան, Աստղիկ Հակոբյան

 

Վանի հերոսամարտին նվիրված Մեդիամաքսի հատուկ նախագիծն իրագործվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պետական հանձնաժողովի աջակցությամբ:

 

Նախագծի խորհրդատուներն են՝

 

ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Հարություն Մարությանը;

 

Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից Ռուբեն Սահակյանը;

 

ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն, պատմաբան Անուշ Ամսեյանը:

 

Նախագծում օգտագործված աղբյուրներն են՝ Մխիթարյան Օ., «Վանի հերոսամարտը», Սոֆիա, 1960թ., Սահակյան Ռ., «Արեւմտահայության ցեղասպանությունը եւ ինքնապաշտպանական կռիվները 1915 թվականին», Ե., 2005թ., Ա-Դո, «Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թվականներին», Երեւան, 1917թ., Հայաստանի մայրաքաղաքները. Գիրք I, Վան (Վան քաղաքի առաջին հիշատակության 2865-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու), Երեւան, ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, 2013թ., Վան-Վասպուրականի հերոսամարտը-75, Երեւան, 1990թ., Հայկական հարց հանրագիտարան, Երեւան, 1996թ.:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին