Վանի հերոսամարտը՝ մաս III - Mediamax.am

exclusive
21884 դիտում

Վանի հերոսամարտը՝ մաս III


Վանի վարժարաններից մեկի սաները
Վանի վարժարաններից մեկի սաները

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից

Վանի ինքնապաշտպանությունը
Վանի ինքնապաշտպանությունը

Լուսանկարը` Wikipedia.org

Վանի պարետ Արտավազդ Թումանյանը մանուկների վաշտի հրամանատարին փայտե թուր է հանձնում
Վանի պարետ Արտավազդ Թումանյանը մանուկների վաշտի հրամանատարին փայտե թուր է հանձնում

Լուսանկարը` National Geographic

Արտամետի մանուկների ջոկատը
Արտամետի մանուկների ջոկատը

Լուսանկարը` National Geographic

Արտամետի մանուկների ջոկատի անդամները
Արտամետի մանուկների ջոկատի անդամները

Լուսանկարը` National Geographic

Սեւոն
Սեւոն

Լուսանկարը` Վան-Վասպուրականի հերոսամարտը-75 գրքից

Վանը՝ կռվի օրերին
Վանը՝ կռվի օրերին

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից


Մեդիամաքսի հատուկ նախագիծը պատմում է 1915 թվականին Վանում կազմակերպված հայերի ինքնապաշտպանության մասին: Հոդվածաշարը պատմում է, թե Վանի հայերն ինչպես էին կռվում իրենց ինքնության ու սեփական տանն ապրելու իրավունքի համար:

 

«Վանի հերոսամարտը» հատուկ նախագծի բոլոր նյութերը կարդացեք այս հղումով:

 

12 ապրիլի

 

Ապրիլի 12-ից սկսած մի քանի օր կատաղի մարտեր են մղվում Այգեստանի բոլոր մասերում: Թշնամին անընդմեջ գրոհում է: Թուրքական հրամանատարությունը գործի է դնում հեծելազորը, բայց ապարդյուն, հայ ինքնապաշտպանները չեն նահանջում:

 

Ապրիլի 12-ին հրդեհվում է Սահակ բեյ դիրքի դիմաց գտնվող թուրքական ամրությունը, տարբեր դիրքերում թուրքեր են սպանվում: Այս օրը Այգեստան են տեղափոխվում մեծ թվով փախստականներ: Ականատեսներն իրենց հուշերում պատմում են, որ 50 մարդու համար նախատեսված գերմանական հիվանդանոցում 142 մարդ էր տեղավորվել:

 

13 ապրիլի

 

Ապրիլի 13-ին իրավիճակը համեմատաբար հանգիստ է լինում: Զին. մարմնի հրապարակած ազդագրում ասվում է, որ թշնամու կռվողներից մի քանիսն են սպանվել, հաջողվել է հրդեհել Թոփել մոլլայի տունը, որը թուրքերի ամենաուժեղ դիրքերից մեկն է: Թուրքերը հակահարձակման են անցել, բայց չի հաջողվել իրականացնել ծրագիրը, զենքերը թողնելով՝ նրանք հեռացել են: Զին. մարմինը տեղեկացնում է ինչպես սպանված թուրքերի, այնպես էլ 11-ամյա հայ աղջնակի զոհվելու մասին:

Վանի ինքնապաշտպանությունը Վանի ինքնապաշտպանությունը

Լուսանկարը` Wikipedia.org

Զինվորական մարմինը, ամփոփելով մի քանի օրվա իրադարձությունները, մարտիկներին խոհեմության կոչ է անում. «Փոքր հաջողությունները թող չմատնեն ձեզ անխոհեմության, ամեն բանի վերջն է գովելի»:

 

Երեխաները ինքնապաշտանությունում

 

Ինքնապաշտպանությունում հսկայական աշխատանք են տանում երեխաները: Թուրքական ողորկող թնդանոթների դեմ նրանց պայքարը լեգենդի պես պատմվում է սերնդեսերունդ: Հայերը հաշվարկել էին, որ դրանց արձակած արկերը պայթում են ընկնելուց 35 վայրկյան հետո: Երեխաները այդ ընթացքում հասցնում էին կտրել պատրույգը եւ կրակը վառոդին չէր հասնում: Ինքնապաշտպանության ամբողջ ընթացքում հենց երեխաներն էին հավաքում դատարկ պարկուճները, որոնք հետո զինանոցում լցվում էին վառոդով եւ նորից օգտագործվում:

 

Հայ 10-15 տարեկան մոտ 50 պատանիներ մահն աչքի առաջ, խմբվում էին այն տեղերում, ուր ընկնում էին թշնամու հրասանդ տիպի թնդանոթների արկերը: Դեռ չպայթած` պատանիները հասցնում էին դուրս քաշել պատրույգները, վնասազերծում ռումբերն ու դրանց մեջ եղած վառոդը հանձնում զինագործներին: Այդ չափազանց վտանգավոր պարտականությունը կատարելիս 10-14 տարեկան պատանիների մի մասը զոհվում էր:

 

***

 

Վանի-Վասպուրական կռիվների ողջ ընթացքում երեխանները մեծերի նման պաշտպանում էին իրենց տունը: Փոքրիկ տղաները զենք վերցնելու ամեն հնարավոր առիթ բաց չէին թողնում եւ նույնիսկ կռիվ էին տալիս նման իրավունք ստանալու համար:

 

Այդպիսի մի ջոկատ էլ կար 1918թ.-ին: 70 օր կյանք ունեցած հայկական իշխանության տապալումից ու Վանի 1915 թ. գաղթից հետո մի քանի անգամ հայերի վերադարձ էր եղել, ինչի արդյունքում ստեղծվել էր երկրորդ ժամանակավոր կառավարությունը՝ Կոստի Համբարձումյանի ղեկավարությամբ:

 

Այդ ժամանակ Արտամետում մանուկ կամավորների ջոկատ կար: Երեխաները փայտե հրացաններ էին սարքել ու դրանցով էին պատրաստվում կռվել թշնամու դեմ:

Արտամետի մանուկների ջոկատը Արտամետի մանուկների ջոկատը

Լուսանկարը` National Geographic

Այս մասին պատմությունը մեզ է հասել National Geographic ամսագրի լրագրող Մեյնարդ Օուեն Ուիլյամսի շնորհիվ, ով 1918թ. փետրվարին Վան էր այցելել:

 

Պարբերականի 1919թ. օգոստոսի համարում հեղինակը պատմում է, թե ինչպես են երեխաները իրենց փայտե հրացաններով ներկայանում Վանի ղեկավարությանն ու խնդրում իրենց զենք տրամադրել:

 

1917թ-ից. Վանի հայկական ժամանակավոր կառավարությունը Կոստի Համբարձումյանն էր ղեկավարում, իսկ քաղաքի պարետը Հովհաննես Թումանյանի որդին էր՝ Արտավազդը:

 

Ինչպես նկարագրում է National Geographic-ի թղթակիցը, 8-12 տարեկան երեխաները կտրում են նահանգապետի ճանապարհն ու հայտարարում, որ իրենց փայտե հրացաններն ուզում են իսկական զենքով փոխարինել:

Արտամետի մանուկների ջոկատի անդամները Արտամետի մանուկների ջոկատի անդամները

Լուսանկարը` National Geographic

Նահանգապետն ասում է, որ զենքը սահմանափակ է, եւ տրամադրում են միայն պատրաստվածներին: Երեխաները շարունակում են պնդել, թե մարզված են:

 

Կոստի Համբարձումյանն անհաղորդ չի մնում: Փոքրիկների հրամանատարը հրամայում է փայտե զենքերը դնել գետնին, 8-12 տարեկան մանուկները, դեմքի խիստ արտահայտությամբ, իջեցնում են «զենքերը» եւ շարունակում պնդել, որ չեն վերադառնա տուն, մինչեւ զենք չստանան:

 

Կռվի սուղ պայմաններում մանուկներին զենք չի հասնում, սակայն Վանի պարետը՝ Արտավազդը, նրանց հրամանատարին փայտե սուր է նվիրում: Նա կոչ է անում զգոն լինել եւ շարունակել մարզվել, քանի որ ցանկացած պահի հնարավոր է նրանց կարիքը լինի:

Վանի պարետ Արտավազդ Թումանյանը մանուկների վաշտի հրամանատարին փայտե թուր է հանձնում Վանի պարետ Արտավազդ Թումանյանը մանուկների վաշտի հրամանատարին փայտե թուր է հանձնում

Լուսանկարը` National Geographic

«Մենք պատրաստ կլինենք»,- հայտարարում է փոքրիկ հրամանատարը:

 

National Geographic-ի հոդվածագիրը հավելում է, որ մանուկների փոքրիկ ջոկատը խրոխտ շարժվում է Արտամետ, որով մեկ ամիս անց, Վանի կոտորածի ճանապարհին, անցնում են թուրք հրոսակները:

 

14 ապրիլի

 

Ապրիլի 14-ից սկսած Սահակ բեյ դիրքը անընդհատ հրետակոծվում է, որի հետեւանքով այս շրջանի բոլոր տների վերին հարկերն ամբողջությամբ քանդվում են:

 

Իտալական հյուպատոսի կողմից Վանի կուսակալ Ջեւդեթին նամակ տանող կին սուրհանդակը, ով ըստ օրենքի ճերմակ դրոշակով է լինում, հայկական կողմից դուրս գալուն պես գնդակահարվում է թուրքերի կողմից:

 

15 ապրիլի

 

Ապրիլի 15-ին հայերին հաջողվում է հրդեհել ոստիկանության շենքը:  Այստեղ տեղակայված թուրք զինվորները լուրջ սպառնալիք էին դարձել քաղաքի համար: Վանից սուրհանդակների նոր խումբ է ուղարկվում գործող ռուսական բանակին: Այգեստանի ինքնապաշտպանական հանգույցային կետն էր Խաչ փողոցի շրջանը: Այդ պատճառով թուրքերը հիմնականում այս ուղղությամբ էին գրոհում: Ըստ վկայությունների, հայերը երբեմն նույն դիրքը ստիպված էին բազմաթիվ անգամներ վերականգնել: Աշըրի վկայությամբ հայերը դիմանում էին քիչ կորուստներով: Տների հաստ պատերը նրանց պաշտպանում էին:

Վանը՝ կռվի օրերին Վանը՝ կռվի օրերին

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից

Այս օրը թշնամին մոտ 20 գնդակ է արձակում Սահակ բեյի դիրքի վրա:

 

«Գնդակներ, ինչպէս միշտ որ է, վնաս չեն կրցած պատճառել։ Մեր ընկերները կրկին կը շարունակեն ծաղրել թնդանօթի հարւածները»,- ասված է Զին. Մարմնի ազդում:

 

Կանայք ինքնապաշտպանությունում՝ Սեւոն

 

Վանի հերոսամարտում տղամարդկանց կողքին մարտնչեցին ու հերոսացան շատ վանեցի հայուհիներ: Նրանց մեծ մասը թիկունքում հսկայական աշխատանք էր տանում Կարմիր Խաչի եւ Վասպուրականի հայ կանանց միության կազմում:

 

Վերջինս, որ բազում տարիներ տիկին Սողոմե Ջրբաշյանի եւ օրիորդներ Զարուհու, Հռիփսիմեի ու Արաքսի ղեկավարությամբ կարուձեւ էր ուսուցանում հայ  օրիորդներին, կռիվի հաջորդող օրերին միացավ կազմակերպիչ հանձնախմբերին ու սկսեց  հագուստ արտադրել զինվորների համար:

 

Ականատեսները վկայում են, որ թիկունքի աշխատանքներից զատ կանայք հրաշալի հետախուզում էին թուրքական դիրքերը, սուրհանդակ դառնում հայկական երկու դիրքերի համար: 19-ամյա Իսկուհի Համբարձումյանը նրանցից մեկն էր, ում մասին վկայություններ կան բազմաթիվ աղբյուրներում:

 

Ապրիլի 11-ին հակառակորդի գրաված Շահբենդերյանի դիրքը լուռ էր. այնտեղից կրակ չէր բացվում: Հայերը թակարդի էին սպասում: Ոչ ոք չէր հավատում, որ դիրքի լռությունը պայմանավորված է նրանով, որ թշնամին լքել էր այն: Որոշվում է հետախուզություն կատարել, եւ համարձակ ու վտանգավոր քայլին դիմում է Շահբենդերյանի դիրքում աշխատող 19 տարեկան օրիորդը: Կարճահասակ, նվազ կազմվածքով, պեպենոտ դեմքով Իսկուհի Համբարձումյանը կամ քանքար Խամբոյի աղջիկ Սեւոն տղաների համար կերակուր էր պատրաստում, վիրավորների վերքերը կապում: Նա մաուզերի ատրճանակ էր կրում եւ ազատ ժամանակ կրակում թշնամու կողմը։

Սեւոն Սեւոն

Լուսանկարը` Վան-Վասպուրականի հերոսամարտը-75 գրքից

Վանեցի հայ աղջիկն իջեցնում է ուսից ատրճանակը, հանձնում այն տղաներին եւ ասում.

 

-Պահեք տասնոցս. եթէ ես զարնւեմ. գէթ ատրճանակս ազատւած կը լինի. որը ձեզի հարկաւոր է։

 

Ասում է ու անհետանում: Տղաները սրտատրոփ սպասում էին հետեւանքին:

 

Սեւոն իջնում է, հետախուզում այգին, ապա երկու հարկանի տունը եւ հեռվից տեղացող գնդակների տակ վերադառնում՝ բերելով զգեստի վրա բացված գնդակի անցքը։ Սեւոյի կյանքը հրաշքով է փրկվում: Սեւոն հայտնում է, որ դիրքը դատարկ է, հայերը հետ են վերցնում այն: Սեւոն Պատվո խաչի շքանշանին է արժանանում։

 

«Վանի հերոսամարտը» հատուկ նախագծի բոլոր նյութերը կարդացեք այս հղումով:

 

Մարի Թարյան, Աստղիկ Հակոբյան

 

Վանի հերոսամարտին նվիրված Մեդիամաքսի հատուկ նախագիծն իրագործվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պետական հանձնաժողովի աջակցությամբ:

 

Նախագծի խորհրդատուներն են՝

 

ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Հարություն Մարությանը;

 

Պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից Ռուբեն Սահակյանը;

 

ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն, պատմաբան Անուշ Ամսեյանը:

 

Նախագծում օգտագործված աղբյուրներն են՝ Մխիթարյան Օ., «Վանի հերոսամարտը», Սոֆիա, 1960թ., Սահակյան Ռ., «Արեւմտահայության ցեղասպանությունը եւ ինքնապաշտպանական կռիվները 1915 թվականին», Ե., 2005թ., Ա-Դո, «Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թվականներին», Երեւան, 1917թ., Հայաստանի մայրաքաղաքները. Գիրք I, Վան (Վան քաղաքի առաջին հիշատակության 2865-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու), Երեւան, ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, 2013թ., Վան-Վասպուրականի հերոսամարտը-75, Երեւան, 1990թ., Հայկական հարց հանրագիտարան, Երեւան, 1996թ.:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին