Վանի հերոսամարտը՝ մաս I - Mediamax.am

exclusive
31928 դիտում

Վանի հերոսամարտը՝ մաս I


Վանի պաշտպանները
Վանի պաշտպանները

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից

Քանդված դիրքերը վերականգնող գումարտակը
Քանդված դիրքերը վերականգնող գումարտակը

Լուսանկարը` «Վան-Վասպուրականի հերոսամարտը-75» գրքից

Արամ Մանուկյանը՝ զինակիցների հետ
Արամ Մանուկյանը՝ զինակիցների հետ

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից

Վանա Իշխանը եւ Արամը
Վանա Իշխանը եւ Արամը

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից

Արամ Մանուկյանը
Արամ Մանուկյանը

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից

Արամ Մանուկյանը
Արամ Մանուկյանը

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից

Արամ Մանուկյան
Արամ Մանուկյան

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից

Արամի զինվորական վերնաշապիկը
Արամի զինվորական վերնաշապիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամի զինանշանը
Արամի զինանշանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Մանուկյանի երևանյան աշխատասենյակի բանալին
Արամ Մանուկյանի երևանյան աշխատասենյակի բանալին

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Մանուկյանի Երեւանի կիսաքանդ տունը
Արամ Մանուկյանի Երեւանի կիսաքանդ տունը

Լուսանկարը` Avangard.am


Մեդիամաքսի հատուկ նախագիծը պատմում է 1915 թվականին Վանում կազմակերպված հայերի ինքնապաշտպանության մասին: Հոդվածաշարը պատմում է, թե Վանի հայերն ինչպես էին կռվում իրենց ինքնության ու սեփական տանն ապրելու իրավունքի համար:

 

«Վանի հերոսամարտը» հատուկ նախագծի բոլոր նյութերը կարդացեք այս հղումով:

 

1915թ. ապրիլի 7

 

Վանեցիների ինքնապաշտպանության մեկնարկը տալու առիթ է դառնում 1915թ. ապրիլի 7-ի միջադեպը:

 

Այդ օրը թուրք զինվորները հարձակվում են Վանի մոտ գտնվող գյուղերից մեկից վերադարձող կանանց վրա: Երկու հայ երիտասարդներ փորձում են պաշտպանել կանանց եւ սպանվում են: Հայերը պատասխան կրակ են բացում:

 

Վանի դեպքերի վավերագիրներից Ա-Դոն իր գրքում գրում է, որ այս օրը պայթում է ցասումը, որը կուտակվել էր շաբաթների, ամիսների ու դարերի ընթացքում:

 

Թուրքական հրետանին սկսում է ռմբակոծել Այգեստանը, սակայն հանդիպում է կազմակերպված դիմադրության: Մերձավոր Արեւելքի Ամերիկյան օգնության կոմիտեի բժշկական գործի վարիչ Քլարենս Տ. Աշըրի վկայությամբ՝ թուրքերը չէին սպասում կազմակերպված դիմադրության ու այդ պատճառով խուճապի են մատնվում:

Վանի պաշտպանները Վանի պաշտպանները

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից

Նրանք հարձակվում են արվարձաններում ապրող այն հայերի տների վրա, ովքեր ինչ-ինչ պատճառներով չէին հասցրել հեռանալ: Այս մարդկանց մեծ մասը կոտորվում է, մյուսները հայ մարտիկների օգնությամբ տեղափոխվում են Այգեստան: Մութն ընկնելուն պես զինվորական մարմինն ազդ է ուղարկում, որով տեղեկացնում է, որ հայկական կողմից միայն անզեն մարդիկ են վիրավորվել եւ կոչ է անում, որ անզեն մարդիկ ավելի ապահով տեղերում լինեն:

 

Պաշտպանության կազմակերպումը

 

Պաշտպանության ամբողջ տարածքը բաժանվեց 7 շրջանների՝ 79 դիրքերով:

 

Յուրաքանչյուր շրջանում նշանակվեցին շրջանապետեր ու օգնականներ: Այգեստանում, որտեղ ամենակատաղի մարտերն էին, զենք կրելու ունակ 1500 տղամարդ կար. ունեին 505 հրացան եւ 549 ատրճանակ։ Վանի կուսակալ Ջեւդեթ բեյի հրամանատարության ներքո կար մոտ 12 000 զինվոր, որոնք հայերի դեմ կռվում էին 12 նորագույն եւ մի քանի տասնյակ ողորկափող թնդանոթով։

 

Ինքնապաշտպանության առաջին տասնօրյակում թուրքերը ամեն օր ավելի քան 300 արկ էին արձակում Վանի գլխավոր թաղամասերի վրա:

 

Ապրիլի 5-ի երեկոյան Արամ Մանուկյանի կարգադրությամբ ու հորդորով Այգեստանում արդեն ձեւավորվել էր Զինվորական մարմինը, որի ղեկավարությունը ստանձնել էին Արմենակ Եկարյանը, Գրիգոր Բուլղարացին ու Կայծակ Առաքելը: Այս մարմնին կից գործում էին Տեղեկատու դիվանն ու Զինաբաշխ մարմինը: Հետագա օրերին մարտիկների սննդի եւ հագուստի կարիքները հոգալու համար ստեղծվեց «Հայթայթիչ» անունը կրող մի հանձնաժողով, որի տրամադրության տակ անցան հացի փռերը, ջրաղացները, սպանդանոցները: Այս հանձնաժողովին կից սկսեցին գործել Նպաստից հանձնախումբը, որը զբաղվում էր ձեռք բերված մթերքի դասակարգմամբ ու տեսակավորմամբ եւ Կարմիր խաչը:

 

1915թ. ապրիլի 8

 

Կռվի երկրորդ առավոտը բացվում է լուրով, որ անցած գիշեր թշնամու վատնած հարյուր-հազարավոր գնդակները նպատակ են ունեցել վախեցնել ժողովրդին, բայց հայկական դիրքերը լքված չեն, զոհեր եւ վիրավորներ չկան:

 

Ապրիլի 8-ին թշնամու դիրքերից թնդանոթներն ակտիվ կրակում են: Ռումբերը քանդում են պատերն ու պատնեշները, բայց դիրքերը գրավել չեն կարողանում: Միակ դիրքը. որ այդ օրն անցնում է թշնամուն, Շահբենդերյանի դիրքն էր՝ Հանկույսների եկեղեցուն նայող:

 

Այս դիրքը հայ տղաները թողնում են օղակի մեջ հայտնվելուց եւ կատաղի կռվից հետո:  Անգլիական հյուպատոսարանի շենքում տեղակայված թշնամին այդ օրը կրակի տակ է պահում Այգեստանի մեծ մասը` խզելով դիրքերի հետ կանոնավոր կապը: Հայերը որոշում են գրավել այդ կարեւոր դիրքը եւ ոչնչացնել թուրքական զորանոցը: Մարտիկները՝ կոտրելով հյուպատոսարանի հարեւանությամբ գտնվող շենքի պատը իրենց հնարած նավթ սրսկող գործիքով, որ իրենք «թուլումբա» էին անվանում, դյուրավառ հեղուկ են ցանում փայտերի վրա ու հրդեհում հյուպատոսարանի շենքը: Թուրքերը, չկարողանալով մարել հրդեհը, փախչում են, նրանց մի մասը հայերի բացած կրակից սպանվում է:

Քանդված դիրքերը վերականգնող գումարտակը Քանդված դիրքերը վերականգնող գումարտակը

Լուսանկարը` «Վան-Վասպուրականի հերոսամարտը-75» գրքից

Այս օրը Զին. մարմինը որոշում է խրախուսել հայերին եւ սահմանում է առաջին քաջության շքանշան։ Արծաթյա փոքրիկ խաչը՝ «Հայ Յեղ» մակագրությամբ, կոչում են «Պատվո Խաչ»: Երկրորդ օրվա կռիվը Զին. մարմնի առաջ մի շարք խնդիրներ եւս դնում է. պարզ էր, որ կռիվը շաբաթներ էր տեւելու եւ առաջ է գալիս ռազմամթերք հայթայթելու խնդիրը: Անհրաժեշտություն կար նաեւ նորոգելու թնդանոթներից եւ ռումբերից վնասված դիրքերն ու պաշտպանական պատերը: Կազմվում են որմնադիրների, հյուսների խմբեր, ովքեր անցնում են վերականգնման բարդ ու վտանգավոր գործին;

 

Պայքարի ոգին` Արամ Մանուկյանը

 

Վանի հերոսամարտի խորհրդանիշ Արամ Մանուկյանին հետեւում էին բոլորը: Նա մեծ հեղինակություն ուներ ինչպես վանեցիների, այնպես էլ՝ օտարների եւ իր հակառակորդների մոտ: Նրան Արամ փաշա էին անվանում: Վանի ինքնապաշտպանությունը կազմակերպած Արամ Մանուկյանը Զինվորական մարմնի անբաժան ու հեղինակավոր խորհրդակիցն էր: Հերոսական պայքարից հետո էլ՝ մայիսի 7-ին, նա նշանակվեց Վանի ժամանակավոր նահանգապետ ու չորս ամիս, մինչ ռուսական զորքի անակնկալ հեռանալը, ղեկավարեց Վանը:

Արամ Մանուկյանը Արամ Մանուկյանը

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից

***

 

Արամ Մանուկյանը ծնվել է 1879 թ. Զեյվա գյուղում (այժմ՝ Սյունիքի մարզ, գյուղ Դավիթ Բեկ): Առաջին անգամ Վան է մեկնել 1904թ. աշնանը, որտեղ մեծ սեր եւ հեղինակություն է վայելել, ստացել է Վանի Արամ անունը: Առաջին աշխարհամարտը սկսվելուն պես՝ կազմակերպել ու ղեկավարել է Վանի ինքնապաշտպանական մարտերը: Արամ Մանուկյանը, Վանի նահանգապետության անկման եւ ռուսական զորքերի անակնկալ նահանջի ժամանակ, կազմակերպել է Վասպուրականի հայության գաղթն Արեւելյան Հայաստան, ինչի շնորհիվ էլ փրկվել է շուրջ 200 հազար մարդ:

 

Արամ Մանուկյանը համարվում է Հայաստանի Հանրապետության հիմնադիրը: Հանրապետության հռչակումից հետո երկրի ղեկավարն է եղել մինչեւ 1918թ. հուլիսի 23-ը: Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության նոր կառավարության կազմում Արամ Մանուկյանը զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը: Աշխատանքի եւ խնամատարության նախարար Խաչատուր Կարճիկյանի սպանությունից հետո, մոտ մեկ ամիս, ղեկավարել է նաեւ այդ նախարարությունը:

Արամ Մանուկյան Արամ Մանուկյան

Լուսանկարը` ՀՅԴ պատմության թանգարանի արխիվից

Արամ Մանուկյանը մահացել է 1919թ. հունվարի 29-ին՝ բծավոր տիֆից: Հանգչում է Երեւանի քաղաքային պանթեոնում:

 

***

 

Արամի զինվորական վերնաշապիկը

 

Վանի պայքարի հերոսական օրերի ամենավառ վավերագիրներից մեկն Արամ Մանուկյանի՝ լուսանկարներից հայտնի զինվորական վերնաշապիկն է: Այն պահվում է Երեւանում՝ ՀՅԴ պատմության թանգարանում: Այս զգեստը նրա սիրելիներից է եղել, ինչի մասին փաստում են դրա մաշվածությունն ու տարբեր հատվածներում բացված անցքերը:

Արամի զինվորական վերնաշապիկը Արամի զինվորական վերնաշապիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Զինանշանը

 

Զինանշանը Արամ Մանուկյանն ու Վանա իշխան Նիկոլ Պողոսյանն էին կրում: Վանի 1915թ. ապրիլյան ինքնապաշտպանության նախօրյակին՝ ապրիլի 3-ին, Վանի կուսակալ Ջեւդեթի հրամանով Նիկոլ Պողոսյանին սպանում են: Վանա իշխանի սպանությունից հետո զինանշանը միշտ Արամ Մանուկյանի մոտ էր: 

Արամի զինանշանը Արամի զինանշանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշխատասենյակի բանալին

 

ՀՅԴ պատմության թանգարանում է պահվում Արամ Մանուկյանի երեւանյան աշխատասենյակի բանալին:

Արամ Մանուկյանի երևանյան աշխատասենյակի բանալին Արամ Մանուկյանի երևանյան աշխատասենյակի բանալին

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամի երեւանյան տունը

 

Այն տունը, որտեղ Երեւանում ապրել է Արամ Մանուկյանը, այսօր, մեղմ ասած, անմխիթար վիճակում է: Տարիների ընթացքում շենքը չի խնամվել, եւ այսօր արդեն միայն նրա արտաքին պատերն են կանգուն: Արամ Մանուկյանի տունը ներառված է «Հին Երեւան» նախագծում, որում հավաքվելու են վերջին տարիներին Երեւանում ապամոնտաժված պատմամշակութային շենքերը:

 

Արամի փողոցի 9 հասցեի նկատմամբ ՀՀ  կառավարության որոշմամբ ժամանակին ճանաչվել էր գերակա հանրային շահ, եւ տարածքը ձեռք էր բերել «Գլենդել Հիլզ» ընկերությունը:

 

Երեւանի քաղաքապետարանի փոխանցմամբ, այս ընկերության ներկայացուցիչների հետ բանակցություններ են ընթացել՝ «Հին Երեւան» պատմաճարտարապետական թաղամասի կառուցապատման ծրագրի շրջանակում շինության մի մասը որպես Արամ Մանուկյանի տուն-թանգարան վերակառուցելու մասին:

 

2014թ. նոյեմբերից Գլխավոր պողոտայի Աբովյան, Բուզանդի, Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքը, այդ թվում Արամի փողոց հ. 9 տան հողատարածքը, պատկանում է «Օլդ Սիթի» ընկերությունը: Քաղաքապետարանից Մեդիամաքսին հայտնել են, որ նոր սեփականատիրոջ հետ դեռեւս Արամ Մանուկյանի տուն-թանգարանի ստեղծման վերաբերյալ բանակցություններ չեն սկսվել:

Արամ Մանուկյանի Երեւանի կիսաքանդ տունը Արամ Մանուկյանի Երեւանի կիսաքանդ տունը

Լուսանկարը` Avangard.am

«Հին Երեւան» նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանը Մեդիամաքսին ասել է, որ տարածքների նոր սեփականատիրոջը միայն մեկ անգամ է հանդիպել, եւ ֆունկցիոնալությանը վերաբերող հարցեր չեն քննարկել: Լեւոն Վարդանյանը կողմ է նախագծում մի քանի թանգարանների, այդ թվում՝ Արամ Մանուկյանի տուն-թանգարանի ստեղծմանը: Նա նշել է, որ այստեղ հիմնական անելիքը պետական մարմիններինն է, եւ, մասնավորապես, ՀՀ կառավարությանը:

 

«Կառավարությունը պետք է սեփականատիրոջ հետ պայմանավորվածություն կարողանա ձեռք բերել, որպեսզի այդ տարածքում թանգարան կառուցվի»,- ասել է նա:

 

«Վանի հերոսամարտը» հատուկ նախագծի բոլոր նյութերը կարդացեք այս հղումով:

 

Մարի Թարյան, Աստղիկ Հակոբյան

 

Վանի հերոսամարտին նվիրված Մեդիամաքսի հատուկ նախագիծն իրագործվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պետական հանձնաժողովի աջակցությամբ:

 

Նախագծի խորհրդատուներ՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Հարություն Մարության, Պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից Ռուբեն Սահակյան, ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն, պատմաբան Անուշ Ամսեյան:

 

Նախագծում օգտագործված աղբյուրներն են.՝ Մխիթարյան Օ., «Վանի հերոսամարտը», Սոֆիա, 1960թ., Սահակյան Ռ., «Արեւմտահայության ցեղասպանությունը եւ ինքնապաշտպանական կռիվները 1915 թվականին», Ե., 2005թ., Ա-Դո, «Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թվականներին», Երեւան, 1917թ., Հայաստանի մայրաքաղաքները. Գիրք I, Վան (Վան քաղաքի առաջին հիշատակության 2865-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու), Երեւան, ՀՀ ԳԱԱ հրատարակչություն, 2013թ.։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին