ՀՖՀՀ կին շրջանավարտները՝ գործելու, ստեղծելու ու հաջողելու մասին - Mediamax.am

exclusive
2074 դիտում

ՀՖՀՀ կին շրջանավարտները՝ գործելու, ստեղծելու ու հաջողելու մասին


Լուսանկարը` Մեդիամաքս

Կարինե Աբրահամյանը
Կարինե Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անուշ Մնացականյանը
Անուշ Մնացականյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Թորոսյանը
Մարիամ Թորոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նաիրա Առաքելյանը
Նաիրա Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բերտրան Վենարը
Բերտրան Վենարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռազմավարության կարեւորագույն կետերից է կրթել կանանց վերնախավ: Համալսարանի ուսանողների 73 տոկոսը կազմող աղջիկներին ՀՖՀՀ-ում սովորեցնում են նպատակասլաց լինել, ոչ միայն պահանջել տղաներին հավասար իրավունքներ, այլեւ լիարժեք իրացնել դրանք՝ ապագայում դառնալով իրենց ոլորտներում առաջատար մասնագետներ, լավ ղեկավարներ, լավ մայրեր:

 

Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ համալսարանը ՀՖՀՀ շրջանավարտ կանանց մասնակցությամբ կազմակերպել էր «Մտքի կանայք, գործի կանայք» կլոր սեղան-քննարկման երկրորդ թողարկումը, որի մասնակիցները խոսել են իրենց անցած ճանապարհի, դժվարությունների, հաջողությունների ու այդ ամենում Ֆրանսիականի շրջանավարտ լինելու դերի մասին:

 

Մեդիամաքսը ներկա է եղել քննարկմանն ու առանձնացրել հետաքրքիր դրվագները:

 

Առանց կանանց ներգրավման ոչ մի երկիր չի կարող զարգանալ

 

«Հասարակությունները կարելի է ներկայացնել՝ խոսելով դրանցում կանանց դերի, կանանց ու տղամարդկանց հարաբերությունների մասին», - ասել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը:

 

Նա նշել է՝ ՀՖՀՀ ռազմավարությունն ինչ-որ առումով թերի էր, քանի դեռ դրանում որպես կարեւորագույն դրույթներից մեկը չներգրավվեց կանանց վերնախավի կրթումը:

Բերտրան Վենարը Բերտրան Վենարը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կանայք պետք է ունենան բացարձակ հավասարություն տղամարդկանց հետ: Այս մոլորակի բնակչության ու մեր երկրի բնակչության 50 տոկոսը կանայք են: Ոչ մի երկիր չի կարող զարգանալ եւ առաջընթաց ունենալ առանց կանանց ներգրավման, առանց իր ներուժի 100 տոկոսի վրա հիմնվելու», - ասել է ՀՖՀՀ ռեկտորը:

 

Նա ընդգծել է՝ խտրականությունը որեւէ կերպ չի կարող ընդունելի լինել:

 

«Հայուհիները խելացի են, ունեն նորարար մտածողությունը, եւ մեր կանանց միայն մի փոքր համարձակություն է պակասում, որ ինչ-որ պահի ասեն՝ այո՛, ես կարող եմ ղեկավար լինել, ու դա շատ կարեւոր է»:

 

Հաջողությունների հասած կանանց օրինակը կարեւոր է

 

Քննարկմանը մասնակից բոլոր կանայք իրենց խոսքում պարտադիր նշել են՝ Ֆրանսիական համալսարանում իրենց սովորեցրել են սովորել. ճիշտ կարդալ գիրքը, ճիշտ ուսումնասիրություններ կատարել:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կարծում եմ՝ սա ամենակարեւոր հատկանիշն է հետագա կյանքի համար: Այս համալսարանում ոչ թե զուտ գիտելիք կամ ինֆորմացիա են փոխանցում, այլ սովորեցնում են հմտություն, որով ինքդ հետագա ամբողջ կյանքում կարող ես սովորել, զարգացնում են քննադատական մտածողությունը», - Մեդիամաքսին ասել է իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Մարիամ Թորոսյանը, ով կանանց պաշտպանությանն ուղղված Safe You ստարտափի հիմնադիրն ու ղեկավարն է:  

 

Safe You. ապահով թվային միջավայր կանանց համար

Նրա խոսքով՝ գիտելիքից ու որակյալ կրթությունից բացի ՀՖՀՀ-ն իրեն տվել է լավագույն ընկերներ, որոնք այսօր նաեւ գործընկերներ են դարձել.  

 

«Համալսարանն է ստեղծել այն միջավայրը, որում ընկերացել ենք, սկսել ենք համագործակցել, որովհետեւ սովորելու ընթացքում անընդհատ պետք է նախագծեր իրականացնեինք, ինչն առանց թիմային աշխատանքի անհնար էր»:

 

Մարիամի ստեղծած հավելվածի գլխավոր նպատակն է օգնել կանանց՝ խորհրդատվության, վտանգավոր իրավիճակներում աջակցության առումով: Եթե կինը ենթարկվում է բռնության, հավելվածի միջոցով կարող է ահազանգ ուղարկել իրավապահ մարմիններին ու իր հարազատներին:

Մարիամ Թորոսյանը Մարիամ Թորոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Աշխատում էի Համաշխարհային բանկի հետազոտական ծրագրերից մեկում, որի նպատակն էր գտնել ինովացիոն լուծումներ կանանց նկատմամբ բռնությունը նվազեցնելու համար: Ծրագրի ավարտից հետո հասկացա՝ չպետք է թողնեմ այս գործը, և որոշեցի ինքս հիմնել կազմակերպություն, որը կաշխատեր այս ուղղությամբ: Այդ ժամանակ հղի էի, առաջնեկիս էի սպասում, որն աղջիկ էր: Ինքս այդ ընթացքում հասարակությունից տարբեր ազդակներ էի զգում: Մի օր մի տարեց կին հարցրեց. «Առաջնե՞կն է, տղա է չէ՞»։ Երբ ոգեւորված պատասխանեցի, որ ո՛չ, աղջիկ է, զգալիորեն տխրեց ու հուսադրեց, որ երկրորդը տղա կլինի: Դա ինձ վրա շատ ազդեց, ու հասկացա՝ կնոջ դերը հասարակությունում ցածրացնում են նույնիսկ դեռ չծնված: Այդ դերի բարձրացման, կանանց դեմ բռնության հարցը ֆունդամենտալ լուծման կարիք ունի», - ասել է Մարիամ Թորոսյանը:

 

Այսօր հայկական Safe You-ն աշխարհի 50 ստարտափներից մեկն է, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կողմից ճանաչվել է թվային հանրային բարիք: Այն արդեն իսկ օգտագործում են Հայաստանում, Վրաստանում, Իրաքում:  

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Թորոսյանը նշել է՝ կարեւոր է, որ ինչ-որ հաջողություններ գրանցած կանայք ավելի հաճախ մասնակցեն հանրային միջոցառումների, ավելի շատ «երեւան».

 

«Այսօր միշտ լսում ենք տղամարդկանց ձայնը, որոշումներ կայացնողների մեծ մասը տղամարդիկ են, բայց կարծում եմ՝ ինչ-որ ոլորտում հաջողությունների հասած կանայք ավելի շատ պետք է երեւան, որպեսզի մեծացող սերունդը տեսնի այդ օրինակներն ու հասկանա՝ ինքն էլ կարող է»:

 

Կին ղեկավարն իրավիճակին կարողանում է ավելի լայն նայել

 

ՀՖՀՀ կառավարման ֆակուլտետի շրջանավարտ Անուշ Մնացականյանը հիմնել ու ղեկավարում է Burnwe վիդեոմարքեթինգային ընկերությունը.

 

«Burnwe-ն առաջին ու միակ ընկերությունն է Հայաստանում, որ զբաղվում է վիդեոմարքեթինգով: Մենք համագործակցում ենք տեխնոլոգիական ընկերությունների հետ, որոնց մոտ 80 տոկոսը միջազգային են՝ ԱՄՆ-ից, Կանադայից, ԵՄ երկրներից, ու դա նաեւ իմ ստացած միջազգային կրթության արդյունքն է», - ասել է Անուշ Մնացականյանը:

Անուշ Մնացականյանը Անուշ Մնացականյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայաստանի ֆրանսիական համալսարանում կրթությունն իսկապես շատ տարբերվող է, ու եթե ուսումնական հաստատություն ընտրելու երկրորդ շանս ունենայի, միանշանակ նորից կընտրեի ՀՖՀՀ-ն»:

 

Խոսելով ղեկավար կնոջ կերպարի մասին՝ Անուշը նշել է՝ չէր ցանկանա ղեկավարման մեջ հատուկ տարանջատում դնել, քանի որ սեռերից յուրաքանչյուրն իր առավելությունն ունի.

 

«Այնպես որ, առավել արդյունավետ է, երբ կազմակերպության ղեկավար կազմում եւ՛ կանայք կան, եւ՛ տղամարդիկ: Մեր ընկերությունում այդպես է: Կին ղեկավարը կարողանում է իրավիճակին ավելի լայն նայել, ինչը կարեւոր է, իսկ տղամարդիկ հաճախ հեռատես են լինում, ինչը պակաս նշանակություն չունի»:

 

Կիրթ կնոջ դերն ամենակարեւորն է կիրթ սերունդ ունենալու համար

 

Այսօր ArchiDutch եւ ArDesk ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերի գլխավոր տնօրեն Կարինե Աբրահամյանը ՀՖՀՀ է եկել Վանաձորից՝ ուսուցչի խորհրդով.

 

«Երբ պետք է բուհ ընտրեի, ուսուցիչներիցս մեկն ինձ ու ընտանիքիս անընդհատ ասում էր, որ մեկ անգամ գամ, բացեմ Ֆրանսիական համալսարանի դուռը, և դա բավական կլինի։Իսկապես, երբ առաջին անգամ եկա մարքեթինգի ֆակուլտետ, տեսա՝ ովքեր են ինձ դասավանդելու, ինչպես են նրանք ինձ հետ խոսում, հասկացա՝ սա այն կրթությունն է, որը կերազեի ստանալ Հայաստանում»:

 

Կարինեն նշել է՝ համալսարանում սովորելուն զուգահեռ աշխատել է, որպեսզի ինքնուրույն հոգա իր ֆինանսական կարիքները.

 

«Բավականին ծանր էին այդ տարիները: Մինչեւ ժամը վեցը համալսարանում էի, հետո՝ աշխատանքի: Երկրորդ կուրսում առողջական խնդիրներ ունեցա ու նախընտրեցի տարկետում չվերցնել՝ մտածելով, որ կկարողանամ հասցնել լրացնել դասերս: Բայց Ֆրանսիական համալսարանում այդպես չի լինում. արդյունքում ստիպված եղա կրկնել երկրորդ կուրսս: Այն ժամանակ շատ ցավալի էր ինձ համար, իսկ հիմա հասկանում եմ՝ դա եւս մեկ ցուցիչ էր, որ այս համալսարանում գնահատական ես ստանում միայն այն դեպքում, երբ սովորում ես»:

 

ArchiDutch-ը ճարտարապետության, ճարտարագիտության եւ շինարարության ոլորտներում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող գործակալություն է Նիդեռլանդներում: Հայաստանում ընկերության աշխատակիցների 80 տոկոսը տղամարդիկ են: Կարինեն նշում է՝ կին լինելն իրեն չի խանգարում տղամարդկանց կոլեկտիվ ղեկավարել:

Կարինե Աբրահամյանը Կարինե Աբրահամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Տարիներ շարունակ կանանց շրջանում բիզնես նախագծերի զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք շատ կարեւոր են, բայց, ըստ իս, պետք է նաեւ հետեւել, որ տղամարդու ու կնոջ դերը հավասարաչափ լինի, համամասնությունը չխախտվի: Այնպես չլինի,որ հանկարծ հակառակ անհամաչափությունը ունենանք, ու տղամարդը զիջի իր դիրքերը, իմիջը, ուժը, վստահությունը», - ասել է Կարինեն:

 

Նա նշել է՝ կնոջը պետք է ոգեւորել, քաջալերել, քանի որ աշխատանքում հաջողության հասած կանայք հաճախ երկու բարդ կառույց են ղեկավարում.

 

«Շատ կանայք հաճախ միաժամանակ ընտանիք ու բիզնես են ղեկավարում: Այս առումով՝ կիրթ կնոջ դերն անփոխարինելի է: Հենց կանայք են լավ սերունդներ դաստիարակում, իսկ սա նաեւ լավ պետություն ունենալու հիմքն է»:

 

Կարեւոր է կանանց խնդիրները ոչ միայն կանանց շրջանում քննարկել

 

Արդշինբանկի մարքեթինգային հաղորդակցությունների վարչության ղեկավար ու ՀՖՀՀ առաջին շրջանավարտներից Նաիրա Առաքելյանը քննարկմանը նկատել է այն  փաստը, որ դահլիճում եզակի տղամարդիկ են ներկա.

 

«Ստացվում է՝ կանանցով կանանց խնդիրներ ենք քննարկում: Մենք միշտ մեր իրավունքները պաշտպանելու խնդիր ունենք, բայց մեզ լսող չկա», - կատակել է նա ու նշել՝ լավ կլիներ տղամարդկանց եւս հետաքրքրեր հարցը:

Նաիրա Առաքելյանը Նաիրա Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նաիրան ՀՖՀՀ-ն ավարտել է 2006թ.-ին ու առաջին ուսանողներից է, որ ընդունվել է նորաբաց Ֆրանսիական համալսարան: Նրա խոսքով՝ որոշումը ռիսկային էր, սակայն լիովին արդարացված:

 

«Կարիերային զուգահեռ հասցրել եմ ունենալ երկու բալիկ, բայց դա երեւի շատ մեծ հաջողություն համարել չի կարելի: Ավելի մեծ հաջողություն կհամարեի, եթե հինգ բալիկ ունենայի», - ժպիտով նշել է Նաիրան:  

 

«Այսօր ես ներկայացնում եմ բանկ, որն անցած տարի գենդերային չեմպիոն է ճանաչվել Ասիական զարգացման բանկի կողմից: Մեր աշխատակիցների 70 տոկոսը կանայք են, ունենք նաեւ կանանց ոչ այնքան բնորոշ մասնագիտությամբ կին աշխատակիցներ, օրինակ՝ երկու կին ոսկերիչ»:  

 

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին