Safe You. ապահով թվային միջավայր կանանց համար - Mediamax.am

exclusive
4400 դիտում

Safe You. ապահով թվային միջավայր կանանց համար


Լիլիթ Շախուլյանը, Մարիամ Թորոսյանը եւ Շողիկ Վարդանյանը
Լիլիթ Շախուլյանը, Մարիամ Թորոսյանը եւ Շողիկ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Թորոսյանը
Մարիամ Թորոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Շախուլյանը
Լիլիթ Շախուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Safe you

Լուսանկարը` Safe you

Շողիկ Վարդանյանը
Շողիկ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Շախուլյանը, Մարիամ Թորոսյանը եւ Շողիկ Վարդանյանը
Լիլիթ Շախուլյանը, Մարիամ Թորոսյանը եւ Շողիկ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Շախուլյանը եւ Մարիամ Թորոսյանը
Լիլիթ Շախուլյանը եւ Մարիամ Թորոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, աշխարհում յուրաքանչյուր երրորդ կին իր կյանքի ընթացքում բախվում է ֆիզիկական կամ սեռական բռնության դեպքի:

 

Ցավոք, Հայաստանը եւս զերծ չէ այս իրողությունից: Փորձելով առաջարկել սեռով պայմանավորված բռնության կանխարգելման համակարգային լուծում՝ Մարիամ Թորոսյանն ու իր թիմը ներկայացնում են Safe You հավելվածը, որի հիմնական նշանակությունն է վտանգի պահին ծառայել որպես օգնության գործիք։

 

Մեդիամաքսը զրուցել է Safe You-ի համահիմնադիր Մարիամ Թորոսյանի եւ նրա թիմի անդամների հետ հավելվածի ստեղծման, գործիքների եւ ազդեցության մեխանիզմների մասին:

 

«Ոչինչ, երկրորդը տղա կլինի»

 

Safe You-ի գաղափարի ձեւավորման մեկնարկային կետը 2018 թվականն է, երբ  «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը շահում է դրամաշնորհ՝ կատարելու հետազոտական աշխատանք առ այն, թե ինչպես կարող է նորարարությունն աջակցել սեռով պայմանավորված բռնության դեմ պայքարին:

 

Ծրագրի շրջանակում ձեւավորվում է առանձին թիմ, որը սկսում է զբաղվել համակարգային լուծում առաջարկող նախագծի շուրջ: Այս աշխատանքները ղեկավարում է Մարիամ Թորոսյանը, ում կյանքն այդուհետ կապվում է նախագծին:

 

«Երբ սկսեցի աշխատել նախագծի վրա, հղի էի: Մի անգամ մոտ 80 տարեկան մի կին նայեց ինձ ու ասաց. «Գեղեցկացել ես, հավանաբար տղայի ես սպասում»: Երբ պատասխանեցի, որ աղջիկ եմ ունենալու, նա շատ տխուր հայացքով կարծես փորձեց մխիթարել՝ ասելով, որ ոչինչ, երկրորդը տղա կլինի: Այդ պահին ինձ մոտ անցյալը, ներկան ու ապագան միախառնվեցին: Անցյալն այդ կինն էր խորհրդանշում, որն այդպես խոսեց գուցե իր ապրած ոչ այնքան լավ կյանքի, կամ արմատացած կարծրատիպերի բերումով: Ես հասկացա, որ պետք է մի բան անեմ այս իրողության հետ, որովհետեւ կարգավիճակս ստիպում էր նայել դեպի ապագա: Աղջիկ երեխային տղային ստորադասող հենց այդ տեսակետն է, ցավոք, բազմաթիվ դեպքերում հանգեցնում կանանց նկատմամբ բռնությունների»,- հիշում է Մարիամ Թորոսյանը:

Մարիամ Թորոսյանը Մարիամ Թորոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցանկալի փոփոխությանը հասնելու համար նա սկսում է Safe You հավելվածի հետ կապված ուսումնասիրություններն ու նախագծման աշխատանքները՝ համագործակցելով փորձագետների եւ ՁԻՀ ղեկավարության հետ: Այնուհետև տեսնելով, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակում հավելվածի կյանքը մոտենում է ավարտին՝ Մարիամը շարունակում է կատարելագործել այն սեփական ուժերով:

 

Թիմի համալրումն ու ապրիլի 7-ը

 

Լիլիթ Շախուլյանը, որ այժմ Safe You-ի օպերացիոն հարցերով մենեջերն է, Մարիամի գաղափարին միացել է 2020 թվականից, երբ կորոնավիրուսը Հայաստանում արդեն բավականին տարածված էր:

 

«Նախագիծը հասել էր մի կետի, որտեղից այն առաջ մղելու համար համակարգային քայլեր էին անհրաժեշտ, որը Մարիամը միայնակ չէր կարող անել: Քանի որ ընկերներ ենք, տեղյակ էի՝ թե ինչ ծրագրի վրա է աշխատում ու որոշեցի միանալ նրան: Միասին զարգացրինք առկա նախատիպը եւ հասցրինք ավարտուն տեսքի: Իհարկե, այն ենթակա է անդադար կատարելագործման»,- պատմում է Լիլիթը:

Լիլիթ Շախուլյանը Լիլիթ Շախուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Չնայած համավարակի պատճառով բոլոր հաստատությունները փակ էին՝ աղջիկներին հաջողվում է առցանց գրանցել կազմակերպություն, որով էլ սկսում են շարժվել սոցիալական ձեռնարկատիրության մոդելով:

 

«Կազմակերպությունն անվանել ենք Impact Innovations Institute, քանի որ մեր նպատակն է մշակել այնպիսի նորարարական լուծումներ, որոնք կբերեն սոցիալական ազդեցության: Խորհրդանշական է, որ կազմակերպության գրանցումն ապրիլի 7-ին էր: Առցանց եղանակով գրանցումն ու բանկային հաշիվների բացումն ապացույց էր առ այն, որ տնից եւս կարելի է փոխել աշխարհը այսօրվա տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով»,- նշում է Մարիամը:

 

Ազդեցության գործիքներ

 

Մարիամի խոսքով՝ հավելվածում ստեղծել են այնպիսի գործիքներ, որոնք կնպաստեն կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին 3 կարեւոր ուղղություններով՝ կանխարգելում, պաշտպանություն եւ հետաքննում։

 

«Առաջին հնարավորությունը, որ տալիս է հավելվածը, «Կանչ» կոճակի առկայությունն է: Սեղմելով այն՝ հավելվածը մինչեւ 3 հեռախոսահամարի անվճար տարբերակով ահազանգող SMS է ուղարկում, ինչպես նաեւ օգտատիրոջ գտնվելու վայրի մասին տեղեկատվություն է փոխանցում: Նամակի հասցեատերերը կարող են լինել ինչպես տվյալ օգտատիրոջ անձնական շրջանակից, այնպես էլ մեր գործընկեր հասարակական կազմակերպությունները, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եւ ոստիկանությունը: Այսպիսի բազմազանությունը նախատեսել ենք հաշվի առնելով այն, որ կանայք գուցե սկզբնական շրջանում չկարողանան վստահել հասարակական կազմակերպություններին կամ ոստիկանությանը»,- մանրամասնում է գաղափարի հեղինակը:

Լուսանկարը` Safe you

Նրա խոսքով՝ «Կանչ» կոճակի սեղմումը նաեւ ակտիվացնում է ձայնագրիչը: Ձայնագրությունը հետագայում կարող է օգտագործվել հետաքննությանն աջակցելու համար, նաեւ ցանկացած պահի ջնջվել օգտատիրոջ կողմից։

 

«Վերջերս ինքս թեստավորեցի հավելվածը՝ ահազանգ ուղարկելով մայրիկիս եւ եղբորս, որոնց դեռեւս չէի պատմել Safe You-ի մասին: Նրանց խիստ անհանգստացած ու հապճեպ արձագանքն ինձ ստիպեց համոզվել, որ գործիքն իսկապես կենսունակ է»,- նշում է Մարիամը:

 

Հզորացնող համայնք

 

Հավելվածը համախմբում է նաեւ կանանց իրավունքների պաշտպանությամբ եւ կանանց հզորացմամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների եւ անհատ մասնագետների։ Ցանցում հասանելի են այդ կազմակերպությունների գտնվելու վայրի եւ կապի միջոցների մասին տեղեկատվություն:

 

«Մենք շատ կանանց հետ ենք զրուցել ու պարզել ենք, որ հիմնական բարդություններից մեկը աջակցող հասարակական կազմակերպությունների մասին տեղեկատվության պակասն է: Պատահում է, որ իրավիճակը հասնում է նրան, որ կինը պետք է լքի բնակարանը, սակայն չգիտի՝ որտեղ է գտնվում մոտակա ապաստարանը: Իհարկե, որոշ ապաստարաններ թաքցնում են իրենց կոնկրետ գտնվելու վայրը, սակայն առնվազն իմանալը, թե այն որ քաղաքում է, արդեն իսկ օգտակար կլինի»,- մանրամասնում է Մարիամը:

Լուսանկարը` Safe you

Հաշվի առնելով այն, որ հավելվածը չի կարող գործել միայն մեկ կոճակի հիման վրա, առաջ է եկել քննարկումների հարթակ ունենալու գաղափարը: Այստեղ օգտատերերը կարող են անանուն եղանակով մասնակցել տարատեսակ քննարկումների, ստանալ խորհրդատվություն հավելվածի կողմից վավերացված փորձագետների կողմից:

 

Ընդլայնելով օգտատերերի շրջանակը

 

Հավելվածի մասին պատմելու ու ամենախոցելի շերտերին այն հասցնելու համար Safe You-ի թիմին է միանում Շողիկ Վարդանյանը, որ սկսում է զբաղվել հավելվածի մարքեթինգով:

 

«Կան կանայք, որ ազատ են սոցիալական ցանցերից օգտվելու հարցում, հանգիստ կարող են քննարկումների մասնակցել, տարբեր հավելվածներ ներբեռնել, մինչդեռ մի ստվար զանգված էլ, որ գուցե ավելի խոցելի խմբում է, դժվարանում է պատմել իր խնդիր մասին, ինչ-որ տեղ գրառում կատարել, խորհուրդ հարցնել: Մեր խնդիրն այժմ առաջին խմբի մարդկանց շրջանակն անընդհատ ընդլայնելն է»,- նշում է Շողիկը՝ հավելելով, որ սոցիալական ցանցերում իր աշխատանքը բարդացնում են նաեւ ամուսինների/զույգերի համատեղ օգտահաշիվները, որ բավականին տարածված են:

 

Նրա խոսքով՝ առաջիկայում կայցելեն մարզեր, որպեսզի կարողանան կենդանի շփումների միջոցով ավելի մատչելի ներկայացնել հավելվածն ու այն կիրառելու եղանակները:

Շողիկ Վարդանյանը Շողիկ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթն էլ հավելում է, որ սոցիալական հարթակներում պասիվ շրջանակներին փորձելու են հասնել գործընկեր հասարակական կազմակերպությունների միջոցով: Մեկ արդյունավետ հանդիպում պոտենցիալ օգտատերերի հետ արդեն իսկ անցկացրել են Լոռու մարզում:

 

Իրազեկում եւ խնդրի ճանաչում

 

Շողիկը նաեւ քննարկումների հարթակում իրազեկող հոդվածներ է հեղինակում ոչ ֆիզիկական բռնության տեսակների, հետապնդման, զոհին մեղադրելու եւ այլ թեմաների շուրջ: Նրա կարծիքով՝ կանանց պետք է կրթել հատկապես այն նպատակով, որպեսզի նրանք կարողանան ճանաչել խնդիրը:

 

«Հաճախ կանայք ենթարկվում են ինչ-որ տեսակի բռնության, բայց իրենք գիտեն, թե դա նորմալ է: Ֆորումի շրջանակում մասնագետների հետ հարց ու պատասխանների միջոցով փորձելու ենք մեր ջանքերն ուղղել խնդրի ճանաչման համար անհրաժեշտ խորհրդատվության ու տեղեկատվության տրամադրմանը՝ կլինի դա իրավաբանության, բժշկության, թե հոգեբանության դաշտում»,- նշում է նա:

Լիլիթ Շախուլյանը, Մարիամ Թորոսյանը եւ Շողիկ Վարդանյանը Լիլիթ Շախուլյանը, Մարիամ Թորոսյանը եւ Շողիկ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աղջիկները կարծում են, որ չկա այնպիսի կին, որ երբեւէ չի բախվել բռնության որեւէ ձեւի, պարզապես դրա մասին խոսելն ինքնին բարդույթավորման է հանգեցնում, իսկ երբ փորձում է այդ մասին խոսել շրջապատում, հաճախ հենց իրեն են մեղադրում:

 

Վրաստանից դեպի միջազգայնացում

 

Հավելվածն ի սկզբանե ստեղծվել է որպես Հայաստանում կանանց բռնության դեմ պայքարի գործիք, սակայն հիմնադիրները նպատակ ունեն այն դարձնելու տարածաշրջանային, ապա նաեւ միջազգային նշանակության լուծում:

 

«Երբ Հայաստանում հայեցակարգի մշակմամբ էի զբաղվում, հնարավորություն ունեցա հանդիպելու Վրաստանից մասնագետների հետ՝ լսելու նաեւ իրենց կարծիքը: Հետագայում նրանք Safe You-ն Վրաստանում ներդնելու ցանկություն հայտնեցին եւ մենք արտոնագիր տրամադրեցինք»,- ասում է Մարիամը:

 

Վրաստանում հավելվածի մասին իրազեկման առաջին արշավից մեկ ամիս անց, Safe You-ն արդեն իսկ ունի մոտ 1 000 օգտատեր: Հայաստանում իրազեկումը նոր է մեկնարկել, սակայն օգտատերերի թիվն արդեն 100-ից ավելի է:

 

Հավելվածի արտոնագրի տրամադրման համար այժմ բանակցում են նաեւ ուկրաինական մի կազմակերպության, ինչպես նաեւ World Fair Trade Organization-ի հետ՝ ասիական շուրջ 10 երկրներում 2021 թվականի կեսերից հավելվածը ներդնելու նպատակով:

Լիլիթ Շախուլյանը եւ Մարիամ Թորոսյանը Լիլիթ Շախուլյանը եւ Մարիամ Թորոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշխատում են նաեւ հետագայում հավելվածի միջոցով կանանց կիրառական գիտելիքներ տրամադրելու, ձեռներեցությամբ զբաղվելու հմտություններ տալու ուղղությամբ՝ հաշվի առնելով այն, որ բռնությունը երբեմն սոցիալական պայմանների հետեւանքն է:

 

«Մեր հեռահար նպատակն է Safe You-ն դարձնել տվյալների վրա հիմնված հավելված, որը կկարողանա իրական ժամանակում վիճակագրություն հավաքագրել, որն էլ կտրամադրվի քաղաքականություն մշակողներին, հասարակական կազմակերպություններին եւ այլ շահագրգիռ կողմերի: Սա կօգնի թիրախային ու ավելի արդյունավետ լուծումներ ստանալ»,- ամփոփում է Մարիամ Թորոսյանը:

 

Safe You հավելվածը կարող եք բեռնել այս հղումներով.

 

IOS` https://apps.apple.com/us/app/safe-you/id1491665304

 

Android` https://play.google.com/store/apps/details?id=fambox.pro

 

Գայանե Ենոքյան

 

Զրույցը կայացել է The Alexander հյուրանոցի Gabriel's Patisserie սրճարան-խանութում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին