ՀՖՀՀ-ն պատրաստում է աշխարհում մրցունակ, բայց Հայաստանում մնացող մասնագետների - Mediamax.am

exclusive
2780 դիտում

ՀՖՀՀ-ն պատրաստում է աշխարհում մրցունակ, բայց Հայաստանում մնացող մասնագետների


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժան Մարկ Բրոտոն
Ժան Մարկ Բրոտոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստինա Սարգսյանը
Քրիստինա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում ֆրանսիական համալսարան հաճախ են դիմում ավագ դպրոցի աշակերտները, հետաքրքրվելով, թե ինչ մասնագիտություններ, ուսումնական ծրագրեր ու ընդունելության պայմաններ է առաջարկում բուհը: Հարցերից ամենատարածվածն ընդունելության համար ֆրանսերենի իմացության անհրաժեշտության մասին է: Ամենեւին անհրաժեշտ չէ ֆրանսերեն իմանալը՝ ՀՖՀՀ ընդունվելու համար։ 2021թ.-ին ՀՖՀՀ ընդունված ուսանողների 90 տոկոսից ավելին ընդհանրապես չէր տիրապետում լեզվին, իսկ 4 տարի անց նրանք չորս լեզվի կտիրապետեն:

 

Ապագա դիմորդների բոլոր «ի՞նչ, ինչո՞ւ, ինչպե՞ս»-ներին լիարժեք պատասխանելու համար Հայաստանում ֆրանսիական համալսարանը կազմակերպել էր բաց դռների օրեր: Ի սկզբանե նախատեսված էր միջոցառումը մեկ օրվա ընթացքում անցկացնել, բայց գրանցված աշակերտների աննախադեպ թիվը համալսարանի ղեկավարությանը ստիպել է եւս մեկ օր տրամադրել հետաքրքրվողներին ֆակուլտետ առ ֆակուլտետ համալսարանը ներկայացնելուն:

 

Մեդիամաքսը ներկա է եղել բաց դռների օրվան ՝ առանձնացնելով հետաքրքիր դրվագները:

 

Համալսարան, որը ձեր առջեւ դռներ կբացի դեպի աշխարհը

 

«Հայաստանում ֆրանսիական համալսարանը երկրի լավագույն բուհերից է, ու մենք շարունակում ենք առաջընթաց ունենալ: Որակի անընդհատ բարելավումը մեր ռազմավարության կարեւորագույն դրույթներից է», - բաց դռների օրը համալսարան այցելած աշակերտներին ու նրանց ծնողներին ասել է ՀՖՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը:

 

Նա նշել է՝ որակի շարունակական բարելավումն արտահայտվում է ինչպես բարձր մակարդակի դիպլոմների տրամադրմամբ, կրթական ծրագրերի զարգացմամբ, այնպես էլ կրթական միջավայրի բարելավմամբ, համալսարանի տեխնիկական հագեցվածությամբ:

 

«Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռազմավարության կարեւոր կետերից են մեր տարբերակիչ հատկանիշները: Կարեւոր է՝ իմանաք դրանք ու մտապահեք, որովհետեւ ինչ-որ պահի կարող եք ձեզ հարց տալ,թե ինչով է առանձնահատուկ Ֆրանսիական համալսարանը, ինչու գնալ այդ համալսարան, ոչ թե Օքսֆորդ կամ Հարվարդ», - կատակել է պրոֆեսոր Բերտրան Վենարը:

Լուսանկարը` Մեդիամաքս

ՀՖՀՀ ռեկտորն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ՀՖՀՀ-ն հայկական վերնախավի կրթման կենտրոն է, հատկապես կանանց վերնախավի։ Այդպիսով, դահլիճում ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետով հետաքրքրված աշակերտների շրջանում գրեթե հավասար է տղաների ու աղջիկների թիվը.

 

«Ինֆորմատիկայի ոլորտի համար սա այնքան էլ տարածված միտում չէ: Բայց մեր նպատակներից է, որ կանայք եւս ներգրավված լինեն այս կարեւոր ոլորտում ու կարծում եմ՝ սա Հայաստանի ու այլ երկրների համար լուրջ մարտահրավեր է: Սա մեր տարբերակիչ հատկանիշներից առաջինն է:

 

Մյուս առանձնահատկությունն այն է, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը դուռ է դեպի մեծ աշխարհը։ Այսպիսով, համալսարանն ավարտելիս մեր ուսանողները ստանում են ՀՖՀՀ եւ Ֆրանսիայի Լիոն 3 համալսարանի կամ Թուլուզ 3 համալսարանի դիպլոմներ: Այդ եվրոպական դիպլոմը ճանաչվում է ամբողջ աշխարհում: Այս փաստին ավելանում են 4 լեզուների իմացությունը (հայերեն,ռուսերեն, անգլերեն ֆրանսերեն), 80 օտարերկրացի դասախոսների ներկայությունը, միջազգային նշանակալի փորձ ունեցող ֆրանսիացի ռեկտորը (նա Օքսֆորդի համալսարանում պրոֆեսոր է եղել), արտերկրում անցկացվող պրակտիկան, միջազգային բարձրակարգ գիտելիքների փոխանցումը։

 

Հայաստանում ֆրանսիական համալսարանի երրորդ տարբերակիչ հատկանիշն ու կարեւորագույն արժեքներից մեկը բարեվարքությունն է: Պրոֆեսոր Բերտրան Վենարն ընդգծում է. «Ուսանողներին հավասար, անկողմնակալ վերաբերվելը մեզ համար բացարձակ արժեք է»:

 

Բերտրան Վենարը նշում է, որ բարեվարքությունն արտահայտվում է նաեւ համալսարանի իրականացրած մի շարք ծրագրերով, որոնցից առանձնացրել է 2020թ. պատերազմի մասնակիցների ու պարտադիր ժամկետային զինծառայությունից վերադարձողների համար իրականացվող ծրագրերը, որոնք միակն են Հայաստանում։ Բարեվարքության այս դրսեւորումը նույնիսկ նշանավորվել է 2021թ․-ին ՄԱԿ-ի կողմից հավատարմագրմամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Վերջին տարբերակիչ հատկանիշը, որը մեր համալսարանն իսկապես եզակի է դարձնում, պրոֆեսիոնալիզացիան է: Մեր կրթական ծրագրերը մշտապես համապատասխանեցվում են աշխատաշուկային, ու ՀՖՀՀ շրջանավարտներն աշխատանքի տեղավորման շատ բարձր ցուցանիշներ ունեն: Օրինակ՝ 2020թ. շրջանավարտների ընդամենը 3 տոկոսն է աշխատանք փնտրում, մյուս 97 տոկոսն արդեն զբաղվածություն ունի», - նշել է ռեկտոր Բերտրան Վենարն ու աշակերտներին հաջողություն մաղթել ընդունելության ընթացքում:

 

Զուգահեռ կրթություն երկու բուհում

 

Բաց դռների օրվան ներկա Ֆրանսիայի Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի նախագահ Ժան Մարկ Բրոտոն պատմում է.

 

«Մենք գործունեություն ենք ծավալում գիտության, ինժեներիայի եւ առողջապահության ոլորտում: Ունենք 36 հազար ուսանող: Տրամադրում ենք նաեւ դոկտորական կրթության հնարավորություն: Տարեկան ունենում ենք 350-ից ավելի դոկտորանտ, այսինքն, գրեթե ամեն օր Թուլուզ 3 համալսարանից մեկ դոկտորանտ է դուրս գալիս»:

Ժան Մարկ Բրոտոն Ժան Մարկ Բրոտոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժան Մարկ Բրոտոն ասել է, որ Թուլուզ 3 համալսարանը համագործակցում է աշխարհի տարբեր երկրների կրթական հաստատությունների հետ, բայց ՀՖՀՀ-ի հետ համագործակցությունն ամենից բարձր մակարդակում է, ուստի ամենից շատ ջանք ու աշխատանք պահանջողներից, ամենագործունյաներից է:

 

«Եթե կարողանաք ընդունվել Հայաստանում ֆրանսիական համալսարան, բակալավրիատն ավարտելուց հետո, ինչպես նշեց ռեկտոր Բերտրան Վենարը, կունենաք երկու դիպլոմ: Մենք համագործակցում ենք նաեւ մագիստրոսական կրթության մակարդակով: Հույս ունեմ՝ ՀՖՀՀ ընդունվելու դեպքում ձեր ուսումնառության ընթացքում հնարավորություն կլինի հանդիպել նաեւ Ֆրանսիայի մեր կամպուսում», - ասել է Ժան Մարկ Բրոտոն:  

 

Դառնալ մրցունակ անդրազգային մակարդակում, բայց մնալ Հայաստանում

 

Բաց դռների օրերի շրջանակում բոլոր ֆակուլտետների դեկանները ներկայացրել են կրթական ծրագրի առանձնահատկությունները։

 

«Ինֆորմատիկայի ոլորտն անսահման է: Այն կայծակնային զարգանում է ու կիրառվում կյանքի բոլոր ոլորտներում», - ասել է ՀՖՀՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Քրիստինա Սարգսյանը:

 

Մեջբերելով Staff.am կարիերայի օնլայն հարթակի վերջին հետազոտությունը՝ նա նշել է, որ ընդունվելով ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ՝ ուսանողները դառնում են Հայաստանում ամենապահանջված ոլորտի մասնագետ.

 

«Ըստ Staff.am-ի հետազոտության՝ թափուր աշխատատեղերի 50 տոկոսը վերաբերում է ՏՏ ոլորտին։ Ուստի, ընդամենը մի քանի տարվա ներդրման շնորհիվ, որը ուսման վարձի տեսքով կկատարեն ձեր ծնողները, կկարողանաք աշխատել ու այն վերադարձնել ձեր ընտանիքին։ Մեր ֆակուլտետում առաջին հերթին փորձում ենք ուղեկցել, աջակցել ձեզ, որ մրցունակ մասնագետ դառնաք անդրազգային մակարդակում, բայց մնաք մեր հայրենիքում: Մնաք Հայաստանում՝ լինելով մրցունակ աշխարհում»:

Քրիստինա Սարգսյանը Քրիստինա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դեկանների ելույթներից հետո իրենց կարծիքն են արտահայտել ՀՖՀՀ-ի ուսանողներն ու շրջանավարտները՝ մատնանշելով համալսարանում ստացած գիտելիքների եւ փորձի կարեւորությունն իրենց անձի ձեւավորման եւ աշխատանքային հաջողությունների հարցում։

 

«Այն փաստը, որ ես այժմ կարողանում եմ համաշխարհային ապրանքանիշների ներկայացուցիչների հետ առեւտրային կապեր հաստատել, բանակցություններ վարել, նաեւ համալսարանում միջազգային հաղորդակցության ոլորտի գիտելիքների շնորհիվ է։ Ֆրանսիացի դասախոսների հետ շփումը, պրակտիկ դասընթացները թույլ են տվել թրծվել », - նշել է մարքեթինգի ֆակուլտետի շրջանավարտ Ինեսսա Միքայելյանը, ով այժմ « Բուրմունք» խանութների ցանցի մարքեթինգի տնօրենն է։  

 

Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Ալբինա Հակոբյանը դիմորդների հետ կիսվել է իր փորձառությամբ՝ նշելով, որ բարդությունները, կատարվելիք աշխատանքը շատ են, բայց արդյունքը՝ դրան համարժեք.

 

«Համոզված եմ՝ մարդը, որ ես եմ այսօր, նաեւ Ֆրանսիական համալսարանի շնորհիվ է: Գիտելիքին զուգահեռ՝ Ֆրանսիական համալսարանը տալիս է մարդկային բազում արժեքներ»:

 

Յուրաքանչյուր ֆակուլտետում ղեկավար կազմի ելույթներից հետո աշակերտների ու համալսարանի ուսումնական, վարչաֆինանսական գծով ներկայացուցիչների միջեւ տեղի է ունեցել հարցուպատասխան:

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերը հղել են նաեւ ՀՖՀՀ ուսանողներին, ուսանողական խորհրդի ներկայացուցիչներին:

 

Բաց դռների օրերը տպավորիչ էին դիմորդների հղած հարցերի եւ ելույթների որակով։ Իսկ ամենազարմանալին ուսանողների եւ շրջանավարտների ոգեւորությունն է համալսարանների հանդեպ։ Անհերքելիորեն, այս խանդավառությունը պայմանավորված է ՀՖՀՀ-ի եզակիությամբ։

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին