Բարեվարքությունը որպես ՀՖՀՀ-ի գործունեության ուղենիշ - Mediamax.am

exclusive
1138 դիտում

Բարեվարքությունը որպես ՀՖՀՀ-ի գործունեության ուղենիշ


Լուսանկարը` ՀՖՀՀ

Լուսանկարը` ՀՖՀՀ

Լուսանկարը` ՀՖՀՀ


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարի հոդվածը:

 

Հայաստանում ֆրանսիական համալսարանի եզակիությունը պայմանավորված է հետեւյալ տարրերի   համատեղմամբ․

 

•    Դուռ դեպի մեծ աշխարհ,

•    Պրոֆեսիոնալիզացիա,

•    Կանանց վերնախավի կրթում,

•    Բարեվարքություն։

 

Վերջին տարբերակիչ բաղադրիչը շատ արագ կարող էր դասվել առեղծվածային հմայությունների շարքում, բայց, իհարկե, առանց որեւէ հիմնավորման։ Համալսարանները հաճախ են այնպիսի ռիսկի դիմում, ինչպիսին է կանաչ լվացքը (green washing). այն է՝ բարձրաձայնել որեւէ գաղափարախոսություն սեփական կերպարն արժեւորելու համար, երբ գործնականում պատկերն այլ է։

 

ՀՖՀՀ-ում բարեվարքությունն ունի 4 հիմնական նշանակություն։    

 

Առաջին իմաստով բարեվարքությունը համալսարանում սահմանվում է որպես բարոյական արժեք, որն իր հերթին համարժեք է ազնվությանը։ Միշտ դժվար է այն ի ցույց դնել։ Այն արտահայտվում է առօրյա մի շարք գործողություններում՝ չնայած հակադիր ուժերին։ Այն երբեմն թիմերից որոշակի խստություն է պահանջում. կանոնը հարգելը կարող է առաջացնել բյուրոկրատացման որոշակի ռիսկ։ Երբ նույնիսկ ազնվորեն կիրառված կանոնը գերազանցում է ողջախոհությանը, ի հայտ է գալիս բյուրոկրատիան։ Ազնվությունը ՀՖՀՀ-ից պահանջում է մեծ զգոնություն եւ ուշադրություն մանրուքների հանդեպ: Պետք է նաեւ նվազագույնի հասցնել հեղինակության շահարկմամբ կիրառվող կանոնները։ Օրինակ՝ ուսանողի վրա ձեռք բարձրացնող դասախոսը պետք է անմիջապես ազատվի աշխատանքից։

Լուսանկարը` ՀՖՀՀ

Բարեվարքության (լատիներեն՝ integritas) երկրորդ իմաստն է կայուն լինելը, ասել է թե՝ հավատարիմ լինել նախնական գաղափարին։ Այս առումով, համալսարանը հավատարիմ է մնացել իր հիմնադիրների գաղափարներին՝ ի դեմս Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունիի։ «Հորիզոն ՀՖՀՀ 2021-2025թթ․» ռազմավարական նոր ծրագրի ներկայացման ժամանակ, համալսարանի նոր առաքելությանը ծանոթանալով, նա հայտարարեց. «Սա բառացիորեն մեր սկզբնական նախագիծն է»։  Համալսարանը մշտապես պահպանել է իր հանձնառությունը Հայաստանում որոշակի արժեքների խթանման գործում։ Ըստ այսմ՝ բարեվարքությունը ՀՖՀՀ-ում կարող է ընկալվել իր ծագումնաբանական իմաստով՝ հաշվի առնելով համալսարանում արժեքների հարատեւությունը։

 

Բարեվարքության երրորդ իմաստն ընդգծում է համալսարանի գործողությունների համահունչ լինելը։ Ընկալվելով որպես ամբողջական համակարգ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանն այսպիսով պարտավորվում է համապատասխանեցնել իր բոլոր արժեքներն ու գործողությունները։ Խոսքը գաղափարների եւ գործնական լուծումների կայուն համապատասխանության  մասին է։ Այսպիսով, բարեվարքության ջատագով ՀՖՀՀ-ն Հայաստանում առաջին համալսարանն է եղել, որ մշակել եւ կիրառել է զինվոր ուսանողների վերաինտեգրման ծրագիրը՝ դյուրին դարձնելու ուսումնառության վերսկսումը եւ աջակցելու սգավոր ընտանիքներին։ ՀՖՀՀ-ում բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու համար  առաջացել է նաեւ հակամարտությունից տուժած երիտասարդներին աջակցելու անհրաժեշտություն։

 

Բարեվարքության վերջին նշանակությունը հուսալիությունն է։ Այսպիսով, համալսարանի հավատամքն է դառնում․ խոսքը գործ է՝ առանց որեւէ բացառության, ասել է թե՝ չշեղվել համալսարանի սկզբունքներից։ Համալսարանի ղեկավարը կարող է խնդրանքներ ստանալ թղթային եւ էլեկտրոնային նամակների տեսքով կամ բանավոր կերպով։ Դրանց կարող են ուղեկցել նվերներ, շողոքորթող խոսքեր կամ սպառնալիքներ։ Նպատակն է ստիպել զիջումների գնալ բողոքարկողին հարմար ձեւով, կարծեք թե ղեկավարը կարող է որոշում կայացնել՝ հաշվի չառնելով օրենքը, կանոնները եւ իր թիմի կարծիքը։ Համալսարանն ունի իր կանոնակարգերը հարգելու եւ իր գործընթացներում թափանցիկ լինելու վաղեմի ավանդույթ։ Այսինքն՝ հուսալիությունը պարտավորությունների մշտական կատարումն է՝ ամենայն մանրամասնությամբ։

Լուսանկարը` ՀՖՀՀ

Բարեվարքության բազմիմաստությունը (ազնվությունը, նախնական գաղափարին հավատարիմ լինելը, համահունչ լինելը եւ հուսալիությունը) համալսարանի ամենախրթին մարտահրավերը չէ։ Խնդիր է նաեւ այն մշտապես անբիծ պահելը ուսումնական գործընթացի բոլոր մասնակիցների շրջանում․ ուսանողներ, դասախոսներ, անձնակազմ, շահագրգիռ կողմեր։ 2021թ․-ին ՀՖՀՀ ընդունվելուց մեկ ամիս անց մենք հարցում ենք իրականացրել 645 ուսանողների շրջանում։ Հպարտ իրենց համալսարանով՝ նրանք արդեն լիովին ընկղմված էին կանոնակարգերի, դրանց կիրառման, համալսարանի պահանջած կարգապահության հորձանուտում։

 

Բարեվարքության մյուս խնդիրն է համակարգի փլուզման վտանգը։ Եթե թույլ տանք, որ ճնշումները պսակվեն հաջողությամբ, այդժամ փոխզիջման միազմները վարակի պես կփտեցնեն համալսարանական մի գեղեցիկ կառույց, իսկ արժեքների անկումը կհանգեցնի տեւական ձախողման։  Բարեվարքությունը ծածանվող դրոշ է, որով առաջ ենք շարժվում։ Բայց այս բառն ավելի հեշտ է արտասանել, քան կիրառել։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին