«Սերունդ դպրոցներ» նախագիծը մեկնարկում է Տավուշից - Mediamax.am

exclusive
10165 դիտում

«Սերունդ դպրոցներ» նախագիծը մեկնարկում է Տավուշից


Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Ալեքսանդր Պլատո Հակոբյանը
Ալեքսանդր Պլատո Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մինչեւ 2019 թվականը Դիլիջանի Թախտա թաղամասից քաղաքի մեկ այլ հատված հասնելը մեծ խնդիր էր, հատկապես՝ ձմռանը։ Վատ ճանապարհների ու միայն որոշ ժամերին աշխատող տրանսպորտի պատճառով Թախտայում ապրողները մեկուսացել են սարերերով շրջապատված իրենց թաղամասում։

 

Որպեսզի գոնե տարրական դասարանի աշակերտները չզգան ճանապարհի դժվարությունները, նրանց համար Թախտայում բացվել է Դիլիջանի թիվ 2 դպրոցի մասնաճյուղը։ Մոտ 700 աշակերտից այստեղ սովորում է 70-ը։

 

Նաեւ այս մեկուսացվածության ու անհավասար պայմանների պատճառով էր, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը որոշեց իր «Սերունդ դպրոցներ» նախագիծը մեկնարկել Թախտայից։

 

«Ծրագրի հիմնական նպատակն է վերաձեւակերպել կրթությունը՝ մեր աշակերտներին զինելով նորարարությունների եւ արագորեն փոփոխվող աշխարհում կողմնորոշվելու հմտություններով: Մենք դա ցանկանում ենք իրականացնել՝ խթանելով հուզական զարգացումը եւ նախագծային ուսուցումը: COVID-19-ը մեզ ցույց տվեց, թե որքան կարեւոր է նաեւ այնպիսի գիտելիքի տրամադրումը, որը, գուցե, գրքերից անդին է: Մենք պետք է զարգացնենք տոկունություն եւ խոչընդոտները հաղթահարելու կարողություն՝ ստեղծագործական մտածողության միջոցով»,- ասում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ռազմավարական նախաձեռնությունների գծով տնօրենի ժ/պ Ալեքսանդր Պլատո Հակոբյանը։

Ալեքսանդր Պլատո Հակոբյանը Ալեքսանդր Պլատո Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

6 տարի Հայաստանի եւ Արցախի համայնքներում աշխատելուց, մարտահրավերներին ու խնդիրներին ծանոթանալուց հետո «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շրջանավարտները  հասկացան, որ խնդիրը ոչ միայն որակյալ կրթության ապահովումն է, այլեւ՝ մոտեցումը երեխաների նկատմամբ։ Շատ հաճախ նրանց ներուժն ու տաղանդները մնում են չբացահայտված, դրանք անտեսվում են նաեւ մասնագիտություն ընտրելիս։

 

Հատկապես զբոսաշրջային ակտիվ գոտիներում ապրող երիտասարդները դեռ դպրոցական տարիքից ներգրավվում են սպասարկման ոլորտում։ Ալեքսանդրն ասում է՝ սա եւս կարեւոր աշխատանք է, բայց անհրաժեշտ է հասկանալ, թե նրանք ուրիշ ինչո՞վ կարող են զբաղվել։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմը հասել է Թախտա, որովհետեւ հավատում է՝ լավ կրթությունն այստեղ կբացահայտի տաղանդավոր ջութակահարի կամ Նոբելյան մրցանակի արժանի ֆիզիկոսի։

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

«Պիլոտային փուլում մեր «հանգույցը» աշակերտի հետ աշխատող ուսուցիչն է։ Մենք օգնելու ենք ուսուցչին աշխատել այն մեթոդաբանությամբ, որով կկարողանա բացահայտել երեխայի ներուժը եւ զարգացնել նրա սոցիալ-հուզական հմտությունները։ Ավանդական դպրոցը առարկայական գիտելիքներին վերաբերվում է որպես «այբ-ից ֆե» պարզ հաջորդականություն։ Այն, ինչ մենք փորձում ենք իրականացնել«Սերունդ դպրոցներ»-ում, օգնում է աշակերտներին ըմբռնել, որ իրականում գոյություն ունեն հարյուրավոր «այբուբեններ», եւ երբ դրանք զուգորդում ես թվերի հետ, հնարավորությունները դառնում են նշանակալի:

 

Մեզ համար շատ կարեւոր է դաստիարակել զարգացած սոցիալական եւ հուզական ինտելեկտով, եւ, ըստ այդմ էլ՝ բարձր ինքնագիտակցությամբ վաղվա քաղաքացի, ով ի վիճակի կլինի ճկունորեն ընդառաջ գնալ մարտահրավերներին՝ տեղայնացնելով համաշխարհային փորձը»։

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Օգոստոսին Դիլիջանի թիվ 2 դպրոցի ուսուցիչներին ներկայացրել են «Սերունդ դպրոցներ»-ը։ Նախագծին միանալ ցանկացող ուսուցիչների հետ թիմային ու անհատական հանդիպումներ են ունեցել եւ ընտրել այն 9-ին, որոնք աշխատելու են Թախտայի դպրոցում՝ 4 դասվար, 4 տարբեր առարկաների ուսուցիչներ եւ մեկ ուսուցչի օգնական։ Երկու ուսումնական տարի նրանց հետ աշխատելու են «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի փորձառու մասնագետներից երեքը, որոնք ծրագրի շրջանավարտներն ու ջատագովներն են։

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

«Մինչեւ սեպտեմբերի 15-ն օգնելու ենք վերակազմակերպել դասարանները՝ ըստ նախարարության ուղեցույցի։ Սեպտեմբերի 15-30-ը միայն դասերին ենք ներկա լինելու, դիտարկումներ անելու։ Դրանից հետո ամբողջ շաբաթվա ընթացքում աշխատելու ենք ուսուցիչների հետ անհատապես՝ սկսած դիտարկումներից մինչեւ խորհրդատվություն, քոուչինգ, մենթորություն՝ յուրաքանչյուր ուսուցչի համար ապահովելով անհատական մոտեցում։

 

Ուսուցիչների համար հատուկ ձեռնարկներ ունենք, եթե անհրաժեշտ լինի, առանձին ուսուցիչների հետ աշխատելու ուղեցույց կմշակվի։ Մեր նպատակն է, որ նրանց մասնագիտական կարողությունների զարգացման համար արված ներդրումը չկորչի։

Մեր խնդիրն է դպրոցն առավել օգտակար դարձնել աշակերտների համար, որպեսզի մեր հազարամյա մշակութային ժառանգությունն ու փոխանցվող գիտելիքը լինեն ոչ թե ծանրաբեռնող, այլ թեւեր տվող՝ միաժամանակ առանց դասավանդվող առարկաների բովանդակության փոփոխության»։

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Ալեքսանդրն ասում է, որ այս հավակնոտ նախագիծը միայնակ իրականացնել չէին կարող, եթե չլիներ ԿԳՄՍ նախարարության մեծ ըմբռնումը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի օգնությունն ու «Կիզազի» միջազգային կրթական ցանցի աջակցությունը։

 

Ծրագիրը պիլոտային է։ Ակնկալված արդյունքները տեսանելի կլինեն տարիներ անց, բայց նաեւ ընթացիկ գնահատում կարվի։ Թեեւ ունեն հստակ ռազմավարություն, մշակված ծրագրեր, գործողությունների հաջորդականություն, բայց «Սերունդ դպրոցներ»-ի թիմը վստահ է, որ շատ հարցերի պատասխաններ կստանան ընթացքում ու կանեն անհրաժեշտ փոփոխությունները։

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

«Սա շատ երկարաժամկետ նախաձեռնություն է։ Մենք հավատում ենք, որ 15 տարի անց, երբ այսօրվա աշակերտները կդառնան ծնողներ, այս համայնքը շատ տարբեր կլինի։ Մեզ համար կարեւոր է, որ կրթությունը միգրացիայի պատճառ չդառնա, որ ծնողները հասկանան՝ Տավուշն անտեսված չէ, եւ այստեղ կա լավագույն հանրակրթական միավոր, որտեղ իրենց երեխաները կարող են սովորել։

 

Նախաձեռնության հեղինակները հուսով են, որ 2026 թվականին կունենան «Սերունդ դպրոցների» ցանց։

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին