Գործող ուսուցիչները կարող են միանալ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին - Mediamax.am

exclusive
19063 դիտում

Գործող ուսուցիչները կարող են միանալ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին


Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Նազարյանը
Գոռ Նազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապրիլի 30-ին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը կավարտի հայտադիմումների ընդունման փուլը: Հաղթահարելով մի քանի փուլ՝ ընտրված մասնակիցները կսկսեն նախապատրաստվել նոր ուսումնական տարվան:  

 

Արդեն 6-րդ անգամ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հավաքագրում է տարբեր մասնագետների, նրանց վերապատրաստում որպես Ուսուցիչ-առաջնորդ ու 2 տարով գործուղում  Հայաստանի եւ Արցախի համայնքներ, որտեղ ուսուցիչների մեծ պակասի պատճառով երեխաները զրկված են որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից:

 

Համայնքներից «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին հաճախ էին հարցնում, թե ինչու ծրագրում չեն ընդգրկում արդեն գործող ուսուցիչների: Անցյալ տարի հիմնադրամը մի քանի մարզում իրականացրեց պիլոտային ծրագիր՝ վերապատրաստելով գյուղերում աշխատող մի քանի ուսուցիչների: Արդյունքները գոհացնող էին, ու այս տարի արդեն որոշեցին ընդլայնել «Գործող ուսուցիչները՝ որպես Ուսուցիչ-առաջնորդներ» ծրագիրը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինչ այս «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին դիմելու համար մանկավարժական կրթությունը պարտադիր չէր, իսկ ընտրված մասնակիցներն էլ գործուղվում էին մարզեր՝ հաշվի առնելով ոչ թե նրանց ցանկությունը, այլ՝ տվյալ համայնքի կրթական կարիքը: Այժմ ծրագրի մասնակից կարող են դառնալ նաեւ գործող ուսուցիչները, որոնք շարունակելու են աշխատել իրենց համայնքում, բայց նոր մեթոդներով:

 

«Ամբողջ ծրագիրը նույնն է գործող ուսուցիչների համար, միայն մի տարբերությամբ, որ իրենք բնակության վայրը չեն փոխում, մնում են այն համայնքում, այն դպրոցում, որտեղ աշխատում են: Նրանք, ինչպես եւ մյուս դիմորդները, անցնում են ընտրության ամբողջ գործընթացը՝ հայտադիմում, թեստավորում, գնահատման կենտրոն, առցանց նախապատրաստական դասընթաց, Ամառային ակադեմիա: Եվ աշխատանքի հաջորդ 2 տարիներին էլ ստանում են մենթորական, ֆինանսական օժանդակություն, դասավանդելուց բացի կազմակերպում են արտադասարանային խմբակներ, իրականացնում են համայնքային ազդեցության ծրագրեր»,- ասում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հավաքագրման թիմի ղեկավար Գոռ Նազարյանը:

Գոռ Նազարյանը Գոռ Նազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծրագրին կարող են դիմել Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի մարզերի՝ առնվազն 40 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչները, եւ Արցախի՝ առնվազն 20 աշակերտով դպրոցի ուսուցիչները: Նրանք պետք է լինեն մինչեւ 40 տարեկան, ունենան մանկավարժի որակավորում եւ դասավանդվող առարկայի մասնագիտացում, տվյալ ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ: Նրանք պարտավորվում են ծրագրի ավարտից հետո առնվազն 2 տարի շարունակել աշխատանքը նույն դպրոցում:

 

Կարեւոր է հատկապես մաթեմատիկական, բնագիտական առարկաների, հայերենի ու անգլերենի, նաեւ՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչների հավաքագրումը: Այս առարկաները դասավանդել ցանկացող դիմորդները շատ չեն:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գործող ուսուցիչների ներգրավվումը նաեւ պայմանավորված է տվյալ մասնագիտությունների տեր մարդկանց պակասով՝ թե՛ ուսուցիչների, թե՛ դիմորդների շրջանում: Մեր տվյալներով՝ բնագիտական եւ մաթեմատիկական առարկաների ուսուցիչների պակասը չափազանց մեծ է՝ 50  տոկոսից ավելի: Ընտրության ժամանակ մենք առաջնահերթություն ենք տալու այս առարկաներին, բայց, իհարկե, կդիտարկենք նաեւ մյուս առարկաների ուսուցիչների դիմումները»,- նշում է Գոռը:

 

Հավաքագրման թիմի ղեկավարն ասում է, որ ծրագրին դիմելու բազմաթիվ պատճառներ կան: Այն ուսուցիչների համար մասնագիտական աճի լավ հնարավորություն է, նախագծեր իրականացնելու եւ սեփական համայնքը զարգացնելու առիթ:

 

«Սա երկամյա ինտենսիվ վերապատրաստման շատ լավ հնարավորություն է՝ հիմնված տեղական եւ միջազգային փորձի վրա: Ուսուցիչների հետ աշխատելով՝ նրանց օգնում ենք, որ նոր մեթոդներով աշխատեն, կարողանան աշակերտներին ներգրավվել դասին, որ սովորելը հետաքրքիր լինի: Մեր ծրագրի շրջանակում նրանք ստանում են մենթորություն, ինչը չափազանց կարեւոր է: Ուսուցիչներից յուրաքանչյուրին կցվում է մենթոր, որն աշխատում է անհատական զարգացման պլանով: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե ուսուցիչը ցանկանում է իր գիտելիքները, փորձը լրացուցիչ միջոցներով ուղղել տվյալ համայնքի, դպրոցի զարգացմանը, այս ծրագիրը ֆանտաստիկ հնարավորություն է: Մասնակիցները նաեւ այլ գիտելիքներ ու հմտություններ են ձեռք բերում՝ նախագծերի մշակում, կառավարում: Սրանք այն բազային գիտելիքներն են, որոնք կիրառելով՝ կարող են համայնքային ծրագրեր իրականացնել, խմբակներ կազմակերպել: 

 

Նրանք նաեւ ֆինանսական աջակցություն են ստանում: Իհարկե, այն տարբերվում է գյուղեր գործուղված մասնակիցներին տրվող գումարի չափից, քանի որ գործող ուսուցիչները շարունակում են ապրել իրենց համայնքում, կեցության փոփոխության, կենցաղը կազմակերպելու խնդիրներ չեն առաջանում»,-ասում է Գոռ Նազարյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը սկսել է համագործակցություն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների եւ «Ստարտափ Հայաստան» հիմնադրամի հետ: Ֆինանսական եւ մասնագիտական աջակցության շնորհիվ՝ Ուսուցիչ-առաջնորդները կարող են ստեղծել «Արմաթ» լաբորատորիաներ կամ «Ստարտափ ակումբներ» ծրագրի միջոցով օգնել աշակերտներին՝ գործարկել իրենց նորարարական գաղափարները:

 

Մինչ այս էլ, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասնակիցներն իրենց նախաձեռնությամբ Արցախի ու Հայաստանի գյուղերում հիմնել են «Արմաթ» լաբորատորիաներ: Բայց այս սեպտեմբերից այդ համագործակցությունն ավելի համակարգված կլինի:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին