«Դասավանդի՛ր, Հայաստանը» ցանկանում է վերջ տալ «թվային մեկուսացմանը» - Mediamax.am

5779 դիտում

«Դասավանդի՛ր, Հայաստանը» ցանկանում է վերջ տալ «թվային մեկուսացմանը»


Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան


Երեւան: Մեդիամաքս: «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը դրամահավաք է նախաձեռնում՝ Հայաստանի եւ Արցախի գյուղերի աշակերտներին անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով եւ ինտերնետ կապով ապահովելու նպատակով:

Հիմնադրամը մտահոգություն է հայտնել, որ հատկապես համավարակի այս օրերին գյուղաբնակ երեխաները չեն կարողանում ամբողջությամբ ներգրավվել կրթական գործընթացին: Տեխնիկական միջոցների եւ ինտերնետի բացակայությունը լուրջ խնդիր են դառնում այս երեխաների համար՝ մեծացնելով կրթական անհավասարությունը:

 

«Դուք կարող եք օգնել, որպեսզի Հայաստանում եւ Արցախում թվային մեկուսացման մակարդակը նվազի։ Նվիրաբերելով 200 դոլար՝ Դուք կկարողանաք մեկ աշակերտին վերազինել տեխնիկական միջոցներով եւ ինտերնետ կապով: Մեր նպատակն է մինչեւ հունիսը 1 000 աշակերտի ապահովել  անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:

Անգամ վիրուսի նահանջից հետո, տեխնիկական անհավասարության խնդիրը մեր աշակերտների շրջանում պետք է բարձրաձայնվի: COVID-19-ը չի ստեղծել թվային մեկուսացումը, այն պարզապես խորացրել է առկա խնդիրը»,- ասել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը:

 

Հիմնադրամը նպատակ ունի հաջորդ ուսումնական տարվանից յուրաքանչյուր աշակերտի տրամադրել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ`համահունչ Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայիս գերակա ուղղություններին:

 

Դրամահավաքին մասնակցելու համար կարող եք այցելել այս հղումով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին