«Կայծ». նորարարության միջոցով դեպի գերազանց կրթություն - Mediamax.am

exclusive
18528 դիտում

«Կայծ». նորարարության միջոցով դեպի գերազանց կրթություն


Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Հայկուհի Հովհաննիսյանը
Հայկուհի Հովհաննիսյանը

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»


«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամն առաջարկում է դառնալ «Կայծ»-ն այն փոփոխությունների, որոնք կօգնեն Հայաստանի եւ Արցախի երեխաներին ստանալ գերազանց կրթություն՝ հավասար պայմաններում:

 

Բացի երկամյա ծրագրից, որը հավաքագրում, վերապատրաստում եւ մարզեր ու շրջաններ է ուղարկում Ուսուցիչ-առաջնորդների, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը սկսում է նոր ծրագիր:

 

«Կայծ»-ը Հայաստանում առաջին եւ միակ սոցիալական նորարարությունների ինկուբատորն է՝ ուղղված կրթական ծրագրերի խթանմանը: «Կայծ»-ը նրանց համար է, ովքեր ունեն գերազանց կրթական միջավայր ստեղծելու, երեխաների ներուժը բացահայտելու նոր գաղափարներ ու լուծումներ, բայց չգիտեն՝ ինչպես իրականացնել դրանք:  

 

Ծրագիրը մասնակիցներին տրամադրում է մենթորություն, ամենամսյա դրամական օժանդակություն, նաեւ՝ նախաձեռնությունները կյանքի կոչելու համար սկզբնական ֆինանսավորման դիմելու հնարավորություն: 

 

Հայտադիումներն ընդունվում են մինչեւ ապրիլի 26-ը:

 

«Կարծ»-ի նպատակների, անցկացման փուլերի ու հեռանկարների մասին Մեդիամաքսը զրուցել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի նորարարությունների գծով ղեկավար Հայկուհի Հովհաննիսյանի հետ: 

 

Ո՞վ կարող է դիմել «Կայծ» ծրագրին 

 

Ծրագրին կարող են դիմել բոլորը, ովքեր ունեն նորարարական գաղափարներ՝ կրթության ոլորտում որեւէ խնդիր լուծելու կամ հնարավորությունները զարգացնելու համար: Կարող են դիմել անհատներ կամ խմբեր: Ընդունվում են ինչպես գաղափարներ, այնպես էլ արդեն փորձարկման պատրաստ նախագծեր:

 

«Ծրագրի հիմնական պոտենցիալ դիմորդները նաեւ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շրջանավարտ դեսպաններն են: «Կայծ»-ը նրանց հնարավորություն է տալիս շարունակել իրենց առաջնորթության ուղին կրթության ոլորտում՝ իրականացնելով նորարարություններ: Նրանք 2 տարի ապրել են համայնքներում, դասավանդել դպրոցում, շփվել բնակիչների, աշակերտների հետ եւ քաջատեղյակ են կրթության ոլորտի խնդիրներին, գիտեն, թե բացահայտելու, զարգացնելու ինչ հնարավորություններ կան:

Հայկուհի Հովհաննիսյանը Հայկուհի Հովհաննիսյանը

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Ծրագրին դիմելու համար տարիքային, մասնագիտական որեւէ սահմանափակում չկա: Կարեւորը՝ ունենան գաղափար եւ պատրաստ լինեն առաջին փուլում իրենց խմբում ընդգրկել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շրջանավարտներից մեկին: Սա արվում է մի կողմից մեր շրջանավարտների լիարժեք մասնակցությունն ապահովելու համար, մյուս կողմից՝ խմբի համար լրացուցիչ օգնություն է իրենց կողքին ունենալ մարդ, որը 2 տարի աշխատել է դպրոցում, գյուղական համայնքում եւ ծանոթ է խնդիրներին:

Մենք ողջունում եւ ընդունում ենք նաեւ այն մարդկանց, որոնք մինչ այս կրթության ոլորտի հետ չեն առնչվել, բայց ունեն ստարտափեր, ձեռնարկատիրական, տարբեր նորարարական ծրագրեր անելու փորձ»: 

 

Ի՞նչ է սպասվում Inspire փուլում

 

Դիմումների խիստ ընտրություն չի լինելու: Բոլորին տրվելու է սովորելու հավասար հնարավորություն: Անհրաժեշտ է, որ դիմումները բավարարեն նվազագույն պահանջները՝ գաղափարը լինի կրթական, համապատասխանի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի տեսլականին, եւ դիմողն էլ պատրաստ լինի համագործակցել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շրջանավարտի հետ: Ծրագրից դուրս կմնան նրանք, ովքեր չեն կարողանա հաղթահարել ընթացքում առաջադրված խնդիրները:

 

«Կայծ»-ը բաղկացած է մի քանի փուլից: Առաջինը՝ Inspire, տեւում է 4 ամիս, որի ընթացքում օգնելու են մասնակիցներին հստակեցնել, զարգացնել գաղափարները ու պատրաստ լինել նախատիպը կառուցելու արդեն հաջորդ փուլում։

 

«Մասնակիցները ծանոթանալու են սոցիալական ձեռնարկատիրություն իրականացնելու բոլոր փուլերին՝ սկսած գաղափարի, գեներացումից, հստակեցումից  մինչեւ թիմերի կազմավորում, մարքեթինգ, թվային գործիքների տիրապետում, բիզնես մոդելի ձեւավորում եւ այլն: 4-5 շաբաթ հետո գաղափարները վերջնական մշակվելու են, թիմեր են ձեւավորվելու եւ աշխատանքը շարունակվելու է արդեն թիմերի ներսում: 

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Ստարտափ հիմնելու համար շատ կարեւոր է թիմի գործոնը: Վիճակագրությունը վկայում է, որ շատ ստարտափեր ձախողվում են, որովհետեւ չունեն լավ թիմ: Այդ պատճառով մենք առաջին փուլում հատուկ շեշտում ենք թիմի կարեւորությունը, օգնում բացահայտել թիմի առավելություններն ու թերությունները, ըստ կարիքի՝ նոր անդամներ ներգրավել:

 

Նրանց հետ աշխատելու են «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի անձնակազմը որպես մենթորներ, դասընթացավարներ, ներգրավվելու են նաեւ ոլորտի լավագույն փորձագետները»:

 

Ինչպես է գաղափարը նյութականանում

 

Առաջին փուլի ավարտին մասնակիցները ներկայացնում են արդեն մշակված գաղափարները: Գնահատման չափանիշները տեղադրված են ծրագրի կայքում: Հաղթողներն անցնում են հաջորդ փուլ ու ստանում ֆինանսավորում՝ 6 ամսում գաղափարի նախատիպը ստեղծելու եւ փորձարկելու համար: 

 

«Ենթադրվում է, որ մասնակիցները զուգահեռ նաեւ այլ աշխատանքով են զբաղվում: Որպեսզի համատեղման խնդիր չառաջանա, մենք նրանց ամենամսյա դրամական աջակցություն ենք ցուցաբերում, որ կարողանան կես դրույքով նվազեցնել իրենց զբաղվածությունը եւ օրական առնվազն 4 ժամ տրամադրել ծրագրին: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գրասենյակում նրանց ապահովում ենք նաեւ աշխատանքային տարածքով:

 

Այս փուլում մասնակիցները ստեղծում են նախատիպն ու փորձարկում այն: Ենթադրենք, պատրաստում են հեռախոսային հավելված: Ուրեմն, պետք է ստեղծեն դեմո տարբերակը, այն տրամադրեն օգտագործողներին, լսեն նրանց արձագանքները:

 

Երրորդ փուլում, որը տեւում է եւս 6 ամիս, ակնկալվում է մասնակիցների ամբողջ դրույքով ներգրավվածությունը՝ համապատասխան վարձատրությամբ: Այս ընթացքում նրանք պետք է  շարունակեն փորձարկումը, զարգացնեն, կատարելագործեն նախատիպն ու հասցնեն վերջնական տեսքի:

Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»

Ունենք նաեւ լրացուցիչ 4-րդ փուլ, որի ընթացքում մասնակիցները ծրագրից ուղղակի ֆինանասավորում չեն ստանում, բայց հիմնադրամը նրանց օգնում է աճել եւ ընդլայնվել շուկայում, ապահովել ֆինանսական կայունություն: Օրինակ, եթե չունի եկամտի աղբյուր, օգնում է ֆոնդհայթայթման հարցում, կամ եթե ուզում է իր ներկայությունն ապահովել շատ դպրոցներում, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իր կարողությունների շրջանակում աջակցելու է նրանց ինքնուրույն գործել»:

 

Ծրագրի շարունակականության մասին

 

«Կայծ»-ը արդեն  բազմաթիվ հայտեր է ստացել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շրջանավարտներից, ուսուցիչներից, տնօրեններից ու անգամ՝ աշակերտներից: Համաճարակն ու արտակարգ դրությունը ծրագրի իրականացման համար որոշ փոփոխություններ է առաջացրել : Արդեն որոշված է, որ առաջին փուլն անցկացվել է ամբողջությամբ առցանց:

 

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը երկարացվել է մինչեւ ապրիլի 26-ը:

 

«Ի սկզբանե մտածել էինք, որ տարվա ընթացքում առնվազն 2 անգամ գաղափարների ընդունման փուլ ենք ունենալու: Այսինքն՝ օգոստոսին մեկնարկում է երկրորդ փուլը, եւ սրան զուգահեռ՝ նորից հայտարարվում է գաղափարների ընդունման առաջին փուլ:  բայց ներկա իրավիճակի զարգացմամբ պայմանավորված հետագա փուլերի մասին լրացուցիչ կհայտարարվի»:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին