Ադրբեջանը, «Ալ Ղաիդա»-ն եւ մյուսները - Mediamax.am

19551 դիտում

Ադրբեջանը, «Ալ Ղաիդա»-ն եւ մյուսները

Washington ProFile կենտրոնը 2002թ. ամռանը տեղեկություն տարածեց այն մասին, որ «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպությունը դեռեւս 1980-ական թվականների վերջին բացել էր իր գրասենյակը Բաքվում:

Լուսանկարը`


Washington ProFile կենտրոնը 2002թ. ամռանը տեղեկություն տարածեց այն մասին, որ «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպությունը դեռեւս 1980-ական թվականների վերջին բացել էր իր գրասենյակը Բաքվում եւ 90-ականների սկզբին սկսեց աջակցել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն սահմանելու՝ Հայաստանի դեմ պատերազմում: 1993թ. սեպտեմբերին Ղարաբաղյան պատերազմին մասնակցելու նպատակով Ադրբեջան ժամանեցին մոտ 1500 աֆղանացի մոջահեդներ, նշում էին ամերիկյան աղբյուրները:

«1994-ի ամռանը նրանց թիվն աճեց մինչեւ 2500: Հայերի դեմ ծանր մարտերից հետո աֆղանական բրիգադը կազմալուծվեց, սակայն դրա անդամներից շատերը մասնակցեցին նաեւ տարածաշրջանային այլ հակամարտություններին»,- գրում էր Washington ProFile-ը:

 

Ղարաբաղում պատերազմելու համար մոջահեդների հավաքագրմամբ զբաղվում էր նաեւ «Մեծ Արեւելքի մարտիկների իսլամական ճակատը», որը 2003-ին ստանձնեց Թուրքիայում մի շարք ահաբեկչությունների պատասխանատվությունը: Ինչպես հայտնում էր ԱՄԷ-ում հրատարակվող Gulf News թերթը, «Մեծ Արեւելքի մարտիկների իսլամական ճակատը» զինվորներ էր ուղարկում նաեւ Չեչնիա եւ Դաղստան:

 

Այսօր քչերն են հիշում, որ 2002-ի հունվարին Սերժ Սարգսյանը, ով այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարն էր, ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը, մի շարք փաստեր ներկայացրեց, որոնք վկայում էին այն մասին, որ Ադրբեջանը աջակցել է եւ շարունակում է աջակցել միջազգային ահաբեկիչներին:

 

ՀՀ պաշտպանության նախարարը հիշեցրել էր, որ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կռվում էին այսպես կոչված «հատուկ ուժերը», որոնք ձեւավորված էին աֆղան եւ չեչեն մոջահեդներից: Սերժ Սարգսյանը հայտնել էր նաեւ այն բնակավայրերի անվանումները, որտեղ տեղակայվել էին մոջահեդների ջոկատները, որոնք մասնագիտացած էին ահաբեկչական եւ պատժիչ գործողություններ իրականացնելու գործում: Բաքվի «Ապշերոն» հյուրանոցում գործում էր հատուկ գրասենյակ, որը զբաղված էր վարձկանների ընդունմամբ եւ հետագա բաշխմամբ, ասում էր ՀՀ պաշտպանության նախարարը:

 

Սերժ Սարգսյանը նաեւ նշել էր, որ 1994թ. զինադադարից հետո մոջահեդների մի մասը մնացել է Ադրբեջանում: Իբրահիմ Էյդուրասը, որն ավելի ուշ Եվրոպայում ձերբակալվեց Քենիայում եւ Թանզանիայում ԱՄՆ դեսպանությունները ռմբակոծելու համար, 1995-97 թթ. ղեկավարում էր «Ալ Ղաիդա»-ի ադրբեջանական բաժանմունքը»,- նշել էր ՀՀ պաշտպանության նախարարը:

 

1998թ. օգոստոսին «Իսլամական Ջիհադ» կազմակերպության հենց ադրբեջանական բաժանմունքն էր, որը հետագայում համաձուլվեց Օսամա Բեն Լադենի «Ալ Ղաիդա»-ի հետ, համակարգում Քենիայում եւ Թանզանիայում ԱՄՆ դեսպանատների ռմբակոծումը, հիշեցրել էր Սերժ Սարգսյանը: Իր ելույթի ավարտին նա ներկայացրել էր իսլամիստական խմբավորումների ցանկը, որոնք շարունակում էին գործել Ադրբեջանի տարածքում:  

 

2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտը սկսեց հրապարակել «Գլոբալ ահաբեկչության կառույցները» (Patterns of Global Terrorism) ամենամյա հաշվետվությունները: 2001-ի զեկույցում նշվում էր, որ Ադրբեջանը մի շարք քայլեր է իրականացրել իր տարածքում ահաբեկչական ակտիվությունը պակասեցնելու ուղղությամբ, ձերբակալվել եւ երկրից արտաքսվել են մի շարք անձինք, ում կասկածում էին միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունենալու համար:

 

2002-ի զեկույցում նշվում էր, որ նախորդ տարիներին «Ադրբեջանով անցնում էին միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունեցող մոջահեդների տեղափոխման ուղիներ»: «2002 թ-ին Ադրբեջանը լրացուցիչ ջանքեր գործադրեց եւ որոշակի հաջողությունների հասավ նման գործողությունների կանխման գործընթացում»,- նշվում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում: Փաստաթղթում նշվում էր նաեւ, որ Ադրբեջանի իշխանություններն արգելել են արաբական 2 հիմնադրամների գործունեությունը, ինչպես նաեւ ձերբակալել են Hizb ut-Tahrir ծայրահեղական իսլամական խմբավորման 6 անդամների:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին