«Չեչեն մոջահեդները կուտակում են հայկական քաղաքականության հետեւանքով առաջացած չարությունը» - Mediamax.am

25026 դիտում

«Չեչեն մոջահեդները կուտակում են հայկական քաղաքականության հետեւանքով առաջացած չարությունը»


Մովլադի Ուդուգով
Մովլադի Ուդուգով

Չեչեն գրոհայինների գլխավոր գաղափարախոս Մովլադի Ուդուգովի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին (1999թ. հուլիս):

1999 թվականի հուլիսին Մեդիամաքսը բացառիկ հարցազրույց վերցրեց Մովլադի Ուդուգովից, որին առաջին չեչենական պատերազմի ժամանակ ընդունված էր համարել չեչեն գրոհայինների «գլխավոր գաղափարախոսը»: Մենք կապ հաստատեցինք Ուդուգովի հետ «Կովկաս Կենտրոն» («Кавказ Центр») կայքի միջոցով եւ շուտով ստացանք գրավոր պատասխանները` հետեւյալ նշումով. «մեզանից անկախ պատճառներով մենք չենք կարող պատասխանել ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին, բայց ամեն դեպքում կաշխատենք լինել հնարավորինս օբյեկտիվ եւ անկեղծ»:

Այդ հարցազրույցից մեկ ամիս անց չեչեն գրոհայինների ջոկատները Շամիլ Բասաեւի եւ Խաթաբի գլխավորությամբ ներխուժեցին Դաղստան, եւ սկսվեց երկրորդ չեչենական պատերազմը:

Կարծում ենք, ձեզ հետաքրքիր կլինի 12 տարի անց կարդալ այդ հարցազրույցը:


- Արդյո՞ք վերջին տարիների ընթացքում, այդ թվում` Չեչնիայում պատերազմի ժամանակ, եղել են Հայաստանի եւ Չեչնիայի իշխանությունների ներկայացուցիչների միջեւ շփումների կամ հանդիպումների փորձեր:

- 1991 թվականի իրադարձությունների ընթացքում, երբ Իչկերիայում իշխանությունն անցավ չեչեն ժողովրդի համազգային համագումարին, մի քանի անգամ Գրոզնի էր այցելել Հայաստանի Գերագույն Խորհրդի ոչ պաշտոնական պատվիրակությունը` կոմիտեներից մեկի նախագահի գլխավորությամբ: Ես նրա անունը չեմ հիշում, բայց գիտեմ, որ նա անձամբ ծանոթ էր Ջոհար Դուդաեւի հետ:

- Համապատասխանու՞մ է իրականությանը տեղեկատվությունն այն մասին, որ չեչենական ջոկատները հրամանատարներ Շամիլ Բասաեւի եւ Ռուսլան Գելաեւի գլխավորությամբ մասնակցել են ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում:

- (անպատասխան):

- Ինչպիսի՞ն եք տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Ձեր կարծիքով, այս դեպքում ինչպե՞ս կարող է լուծվել երկընտրանքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ սահմանների անքակտելիության սկզբունքի միջեւ:

- Հայտնի երկընտրանքները գոյություն ունեն ի սկզբանե ստահոդ հարցադրման շնորհիվ: Մենք մտադիր չենք աջակցել դեկլարատիվ քաղաքական խաղերին, որոնք քողարկում են իրական վիճակը: Իսկ իրողությունը հետեւյալն է. XX դարի վերջում ավելի հստակ են երեւում քրիստոնյա-հեթանոսական դաշինքի ուրվագծերը, որի միջուկը հանդիսանում է սիոնիզմը: Այդ դաշինքը պատերազմ է հայտարարել ողջ մահմեդական աշխարհին: Ըստ էության, այդ դաշինքի կողմից անամոթաբար իրականացվում է մահմեդական հողերի օկուպացիան: Ղարաբաղը (ի դեպ, Ղարաբաղի չեչենական անվանումն է Արց) ոչ միայն ադրբեջանական, այլեւ մահմեդականների տարածք է: 

- Որեւէ՞ զուգահեռներ տեսնում եք ղարաբաղյան եւ չեչենական հակամարտությունների միջեւ:

- Այս համատեքստում արեւմտյան դաշինքը, որը հայտնի է «համաշխարհային հանրություն» վերացական-մշուշոտ անվանմամբ, գաղտնի կերպով սատարում է Ղարաբաղի օկուպացիային եւ միաժամանակ դրդում է Ռուսաստանի բաց չթողնել Իչկերիան (իբր դա կախված է Ռուսաստանից):

- Ինչպես ե՞ ք գնահատում Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, մասնավորապես, կովկասյան հարցերում:

- Հարեւան պետության տարածքի 20%-ի զավթումը եւ օկուպացիան աննախադեպ է նույնիսկ հետխորհրդային երկրների համար: Սա անհեռատես քաղաքականություն է, հատկապես Կովկասում: Կովկասի ժողովրդների փոխհարաբերությունների պատմության մեջ նման դեպքեր հայտնի չեն: Դա կուտակում է կովկասյան ժողովրդների մեծ մասի, հատկապես` չեչեն ժողովրդի զայրույթը:

- Արդյո՞ք զգում եք փոփոխություններ հայկական քաղաքականությունում այն բանից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանին փոխարինեց Ռոբերտ Քոչարյանը:

- Հարցը կոռեկտ չէ քաղաքագետի համար: Հայկական քաղաքականությունն արդեն վաղուց կախված չէ առանձին մարդկանցից կամ կուսակցություններից, այլ թելադրվում է նրանց կողմից, ովքեր որպես օգնություն «Միրաժներ» եւ «ՄիԳ»-եր են մատակարարում: Ցավոք, հայ քաղաքական գործիչները օտար շահերի պատանդ են դարձրել եւ իրենց, եւ հայ ժողովրդին: 

 - Ին՞չ եք կարծում, կարո՞ղ է Չեչնիան միջնորդի դեր խաղալ Հայաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման գործում:

- Չեչնիան չի կարող միջնորդի դեր խաղալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Միջնորդությունն ինքնին չեզոքություն է ենթադրում: Մենք չենք կարող կրկնօրինակել Արեւմտյան Եվրոպայի «չեզոքությունը»: Աստված երեսպաշտություն չի ներում: Մենք հանդես ենք գալիս բոլոր ադրբեջանական տարածքների անվերապահ ազատման օգտին: Եվ մենք աջակցելու ենք Ադրբեջանի մահմեդական ժողովրդին:

- Ինչպիսի՞ ն եք տեսնում Հայաստանի եւ Չեչնիայի միջեւ հարաբերությունների ապագան:

- Ամեն ինչ կախված է հայկական ղեկավարությունից: Կփոխի՞ նա իր քաղաքական կուրսը, թե ոչ: Կհրաժարվի՞ տարածքային բռնազավթման տեսք ստացած պատմական անախրոնիզմից: Հարց խորհելու համար. ինչու՞ ԱՄՆ-ը, չլինելով Հայաստանից թույլ, չի կիրառում որեւէ տարածքների միացման պրակտիկան:

- Ինչպիսի՞ ն եք տեսնում Հայաստանի տեղը Կովկասում:

- Հայաստանի տեղը եւ դերը Կովկասում կախված կլինի հայկական ղեկավարության քաղաքականությունից:

- Հայաստանն ակտիվորեն զարգացնում է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ եւ իր գլխավոր ռազմական եւ ռազմավարական դաշնակից է անվանում Մոսկվային: Կարո՞ ղ է դա բացասաբար ազդել հայ-չեչենական հարաբերությունների վրա:

- Հայաստանի ռազմական եւ ռազմավարական գործընկերոջ (Մոսկվայի) մոտ լուրջ խնդիրներ եւ ցնցումներ կլինեն հաջորդ տարի: Բայց նույնիսկ եթե Հայաստանը կտրուկ շրջադարձ կատարի դեպի ՆԱՏՕ, սկզբունքային տարբերություն նա չի զգա: Եվ Ռուսաստանը, եւ ՆԱՏՕ-ն հավատարիմ են մնալու հակամահմեդական ուղղվածությանը: Համապատասխանաբար, չեն բարելավվի նաեւ հայ-չեչենական հարաբերությունները: Կարելի է ընտրել ցանկացած հովանավոր եւ գործընկեր, սակայն անհաջող քաղաքական դասավորումների դեպքում Հայաստանը հնարավոր չի լինի տեղափոխել ոչ Արխանգելսկի մարզ, ոչ էլ Պիրենեյան թերակղզի:

- Ինչպե՞ ս եք գնահատում Իրանի դերը մեր տարածաշրջանում: 

- Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Իրանը սխալ կողմնորոշիչներ է ընտրել:

- 1997 թվականի հունիսին, Ահմեդ Զաքաեւը հայտարարել էր, որ Վրաստանը Չեչնիայի գլխավոր ռազմավարական գործընկերն է: Ինչպիսի՞ ն են այսօր Չեչնիայի առաջնահերթությունները Անդրկովկասի երեք երկրների հետ հարաբերություններում:

- Իչկերիայի գլխավոր առաջնահերթությունը Կովկասի ապագաղութականացումն է:

- Արդյո՞ ք Չեչնիայում կա թշնամական վերաբերմունք Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

- Ինչպես արդեն նշեցի, չեչեն մոջահեդները կուտակում են հայկական քաղաքականության հետեւանքով առաջացած իրենց չարությունը: Ես գիտեմ, որ Դաղստանի ազատագրումից հետո շատ չեչենական ռազմական խմբերի թիվ 2 հարցը Ղարաբաղն է:

- Ինչպիսի՞ ն եք տեսնում մահմեդականության եւ քրիստոնեության հարաբերությունները 21-րդ դարում:

- (անպատասխան):

- Չե՞ ք կարծում, որ ԼՂ հայերի եւ չեչենների պայքարն ինչ-որ տեղ նման է: Չե՞  որ երկու ժողովրդներն էլ փաստացի պայքարել եւ պայքարում են հարազատ հողում ապրելու իրավունքի համար:

- (անպատասխան):

- Եթե Ձեզ հրավիրեն այցելել Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ, դուք կհամաձայնե՞ք:


- (անպատասխան):

- Եթե Լեռնային Ղարաբաղում վերսկսվի պատերազմը, կարելի՞  է ենթադրել, որ չեչեն կամավորները ցանկություն կհայտնեն մասնակցել դրան:

- Իսլամական ռազմական ստորաբաժանումները, ըստ երեւույթի, չեն սպասելու Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսմանը: Որոշ տվյալներով, 2000 թվականին նրանք նախատեսում են սկսել Անդրկովկասի մահմեդական տարածքների վերականգնման արշավը:

- Չեչենական պատերազմի ժամանակ Ձեզ անվանում էին գաղափարական եւ տեղեկատվական «պատերազմի» գլխավոր կազմակերպիչը: Համաձա՞ յն եք դրա հետ:

- Տեղեկատվությունը, որպես այդպիսին, ձեւավորում էին չեչեն զինվորները մարտերում, ես միայն ապահովում էի փաստերի հավաստի արձանագրումը:

- Պ-ն Ուդուգով, այսօր շատ խոսակցություններ կան վահաբիզմի մասին, որը տարածվում է Չեչնիայում: Այս շարժումը իսկապե՞ ս կարող է սպառնալիք դառնալ արտաքին աշխարհի համար:

- Վահաբիզմը քաղաքական-քարոզչական միֆ է:

- Վրաստանի խորհրդարանի Կովկասի ժողովրդների հետ հարաբերությունների խորհրդարանական խմբի նախագահ Մամուկա Արեշիձեն հայտարարել էր, որ հենց դուք եք չեչեն վահաբիստների գաղափարային ոգեշնչողը:

- Մամուկան սխալվել է:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին