Լիլիթ Գրիշկյան. Իմ երկրորդ մայրը - Mediamax.am

1413 դիտում

Լիլիթ Գրիշկյան. Իմ երկրորդ մայրը


Լուսանկարը`


Գրիչս վերցնում եմ, որ տատիկիս մասին գրեմ, բայց արցունքներս մտքերիցս առաջ են անցնում․ զգում եմ, որ բառերն անզոր են նկարագրելու տատիկիս՝ ինձ համար ողջ աշխարհի տատիկների մարմնացում դարձած լուսաշող էակին։ Որքան եմ կարոտել նրան, որքան չասված խոսքեր են լռել, որքան անավարտ գործեր մնացել։ Նույն հարցն եմ տալիս՝ ինչու՞, ինչու՞ այդքան շուտ։

 

Տատիկս փոքրամարմին էր, տեսքից երևում էր, որ տանջված կին է․ նա իսկական հայ կնոջ իդեալական կերպար էր (թերևս ինձ համար նա այդպիսին էր)։ Արթնանում էր շատ վաղ՝ ժ․ 6-ին․ առաջին հերթին ավլում-մաքրում էր բակը, ապա անցնում նախաճաշ պատրաստելու։ Մինչ մենք՝ տան անդամներս կարթնանայինք, նախաճաշի սեղանն արդեն պատրաստ էր, իսկ տատիկս միշտ գոհ ժպտում էր։ Մայրիկիս շատ էր սիրում և չէր ուզում, որ իր հարսը հոգնի։ Տատիկս հայտնի էր իր համեղ գաթաներով։ Որտեղ հարսանիք՝ այնտեղ անպայման նրա պատրաստած գաթաները պիտի լինեին: Հիվանդ լիներ, թե առողջ, միևնույն է ոչ մեկին չէր մերժում․ սիրով պատրաստում էր իր մեղրածոր գաթաները։

 

Թոռնիկներից ամանաշատն ինձ էր սիրում, ես էլ՝ իրեն։ Իր բոլոր գաղտնիքներն ինձ էր վստահում։ Հիվանդ էր, թույլ էր, հաճախ էր անկողին ընկնում։ Մի անգամ շատ ուժեղ ցավեր ուներ, բայց փորձում էր չտնքալ, քանի որ ես կողքին էի․ ինձ խնդրեց, որ դուրս գամ սենյակից՝ ասելով, թե ուզում է քնել․ կողքի սենյակից ես լսում էի նրա խուլ, կիսախեղդ հառաչանքները ու անզորությունից ինքս էլ լացում։

 

Իմ քաղցր, տանջված տատիկ․․․ Մի անգամ ինձանից ձյուն ուզեց․ սիրտը երևի վառվում էր, այնքան այս ու այն կողմ ընկա, մինչև մի փոքր կտոր մաքուր ձյուն գտա։ Հիմա, երբ լսում եմ «Իմ հիվանդ մայրը» երգը, տատիկիս եմ հիշում։

 

Մահանալիս էլ տատիկս իմ մասին էր մտածում․ ես կողքին լուռ արտասվում էի, չէի կարողանում զսպել ինձ, նա ձեռքով մոտիկ կանչեց, վերջին ուժերը ժողովելով՝ ասաց․ «Որ մեռնեմ, լաց չլինես․ կուրախանաս, կասես վերջապես տատս ազատվեց այս երկրային տանջանքներից»։ Ու նրա այդ խոսքերն ինձ համար մխիթարանք դարձան, եթե կարելի է այդպես համարել։

 

Տատիկս մի մեծ դատարկություն թողեց իրենից հետո․ սկզբում ցավը խեղդում էր կոկորդս, կարոտը դարձել էր մահվան ուրվական ու ինձ տանջում էր։ Տատիկս իր հետ իմ հոգուց մի կտոր տարավ, իմ սրտից՝ մի մասնիկ։

 

Իմ թանկ, իմ բարի, իմ պարզ ու ազնիվ, իմ ամենա-ամենա տատիկ, ես քեզ անչափ շատ եմ կարոտում։

 

Հ․Գ․ Ես անկարող եմ գրել այն ամենն, ինչ զգում եմ։ Դեռ զգացմունքներս արտահայտելու համար բառեր չեն ստեղծվել։ Անկարող եմ նաև նկարագրել, քանզի, ինչպես Էքզյուպերին կասեր, նա իմն է և նման չէ մյուսներին։ Միայն կասեմ, որ կցանկանամ իմ երեխաները նման սիրով չսիրեն ոչ մեկին, քանզի կորստի ցավը ամենադաժանն է, որի դեմ անգամ ժամանակն անզոր է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին