STARMUS-ի հյուրերը. Գրավիտացիոն ալիքները «սանձող» Քիփ Թորնը - Mediamax.am

exclusive
3522 դիտում

STARMUS-ի հյուրերը. Գրավիտացիոն ալիքները «սանձող» Քիփ Թորնը


Քիփ Թորնը
Քիփ Թորնը

Լուսանկարը` Chris Klimek

Ջոն Պրեսկիլը, Քիփ Թորնը եւ Սթիվեն Հոքինգը սեւ խոռոչի պարադոքսի հետ պայքարելիս
Ջոն Պրեսկիլը, Քիփ Թորնը եւ Սթիվեն Հոքինգը սեւ խոռոչի պարադոքսի հետ պայքարելիս

Լուսանկարը` Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի արխիվ

Քիփ Թորնը 1979-ին
Քիփ Թորնը 1979-ին

Լուսանկարը` Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի արխիվ

Քիփ Թորնը եւ Քրիստոֆեր Նոլանը նկարահանումների ժամանակ
Քիփ Թորնը եւ Քրիստոֆեր Նոլանը նկարահանումների ժամանակ

Լուսանկարը` անձնական արխիվ

Նոբելյան մրցանակ ստանալուց հետո Քիփ Թորնը հուզված նայում է Ալբերտ Այնշտայնի նկարին
Նոբելյան մրցանակ ստանալուց հետո Քիփ Թորնը հուզված նայում է Ալբերտ Այնշտայնի նկարին

Լուսանկարը` Alexsander Mahmoud/Nobel Media AB

Լուսանկարը` «The Warped Side Of Our Universe» գրքից, Լիա Հալլորան

Լուսանկարը` Ricardo DeAratanha, Los Angeles Times/Getty Images

Լուսանկարը` College of Natural Sciences


Ալբերտ Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսությունը ժամանակին հեղաշրջեց ֆիզիկայի դասական մոտեցումները՝ կանխատեսելով նաեւ գրավիտացիոն ալիքների գոյությունը, սակայն դրա փաստական արձանագրման համար ավելի քան 100 տարի պահանջվեց։ Ամերիկացի տեսական ֆիզիկոս եւ Նոբելյան մրցանակակիր Քիփ Թորնը տիեզերքի մասին նախկին պատկերացումները փշրող ապացույցի ակունքներում էր։ Հայաստանում 2022թ.-ի սեպտեմբերի 5-10-ը կայանալիք STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնի հյուրերից մեկը հենց նա է։

 

Մեդիամաքսը ներկայացնում է 5 հետաքրքրական փաստ աշխարհահռչակ ֆիզիկոսի մասին։

 

Փաստ № 1. Ջորջ Գամովի գրքի շնորհիվ

 

Մեծանալով Հյուսիսային Ամերիկայի Ժայռոտ լեռներում՝ մանուկ Քիփը միշտ հետեւում էր, թե ինչպես են մաքրում իր հասակից 6 անգամ բարձր ձյան շերտերը:

Դրանով տպավորված՝ ուզում էր ձյուն մաքրող մեքենայի վարորդ դառնալ: Երբ 8 տարեկան էր, մայրը նրան տանում է Արեգակնային համակարգի մասին դասախոսության, որը նրան շատ է գրավում: Այդ պահից նա «թողնում է» ձյուն մաքրելն ու սկսում մտածել աստղագետ դառնալու մասին:

Ջոն Պրեսկիլը, Քիփ Թորնը եւ Սթիվեն Հոքինգը սեւ խոռոչի պարադոքսի հետ պայքարելիս Ջոն Պրեսկիլը, Քիփ Թորնը եւ Սթիվեն Հոքինգը սեւ խոռոչի պարադոքսի հետ պայքարելիս

Լուսանկարը` Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի արխիվ

13 տարեկանում Քիփը կարդում է ֆիզիկոս Ջորջ Գամովի «Մեկ երկու երեք .... անսահմանություն» գիրք, որը նրա հետագա կյանքում վճռորոշ դեր է ունենում: Քիփը սիրահարվում է ֆիզիկային՝ որպես տիեզերքի ուսումնասիրման գործիքի, եւ վճռում դառնալ ֆիզիկոս, որը կուսումնասիրի հենց տիեզերքը։

Լուսանկարը` Ricardo DeAratanha, Los Angeles Times/Getty Images

13 տարի անց, երբ նա սկսնակ ֆիզիկոս էր, հեղինակում է իր առաջին գիտական հոդվածը Մեծ պայթյունի տեսության եւ վաղ տիեզերքի զարգացման մասին: Նրա մանկության հերոսը՝ Ջորջ Գամովն ընթերցում է այն ու նամակ գրում՝ տալով որոշ հարցեր: Պատասխան նամակում Թորնը նշում է, որ Գամովի «Մեկ, երկու, երեք... անսահմանություն» գիրքը երեխա ժամանակ 6 անգամ կարդացել է: Դրանից հետո Ջորջ Գամովը նվեր է ուղարկում իր գրքի հունգարերեն տարբերակն ու մակագրում այսպես. «Իմ սիրելի կոլեգա Քիփ Թորնին, որ նա չկարողանա այն կարդալ 7-րդ անգամ»:

 

Փաստ № 2. Ուսումը սկզբում դժվար է տրվել

 

Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում սովորելիս Քիփը հասկանում է, որ իր շրջապատում ամենեւին էլ ամենախելացի ուսանողը չէ: Նրա միտքը բավականին դանդաղ էր աշխատում: Այդ պատճառով էլ ուսանողության առաջին տարին Թորնին շատ բարդ է տրվում:

Քիփ Թորնը 1979-ին Քիփ Թորնը 1979-ին

Լուսանկարը` Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի արխիվ

Նա սկսում է սովորելու իր մեխանիզմները մշակել, որպեսզի կարողանա թեկուզ դանդաղ, բայց ավելի խորությամբ մտածել: Նոթատետրերում մշտապես գրառումներ է անում՝ սեփական բառերով ներկայացնելով կարեւոր գաղափարներն ու հավասարումները, գրում մաթեմատիկայի ու ֆիզիկայի թեզերի սեփական ապացույցները: Մինչեւ այժմ էլ անվանի գիտնականը շարունակում է առաջնորդվել այս մեթոդով, քանի որ վստահ է՝ նյութը յուրացնելու համար պետք է նախ մտնել սեփական մտածելակերպի մեջ:

 

Փաստ № 3. «Ինթերսթելեր» ֆիլմը

 

2014 թվականին էկրան բարձրացած «Ինթերսթելեր» գիտաֆանտաստիկ ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Քիփ Թորն է: Նա նաեւ հանդես է եկել որպես գիտական խորհրդատու եւ հորդորել ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանին խիստ հետեւել ֆիզիկայի օրենքներին, իսկ երեւակայական հատվածներում հիմնվել բացառապես ֆիզիկայի արդի ենթադրությունների վրա:  

 

«Ինթերսթելերի» նպատակն էր ցույց տալ լայն հանրությանը տիեզերքի գեղեցկությունն ու գայթակղել նոր սերնդին՝ բերելով գիտության ոլորտ: Քիփ Թորնի խոսքով՝ Ֆիլմի հրաշալի կողմերից մեկն այն է, որ մարդիկ նայում են այն, բայց շատ բաներ չեն հասկանում, հետո նորից ու նորից են նայում, բայց միեւնույն է, ամբողջը չեն կարողանում հասկանալ: Այսպես է 100 միլիոն տոմս վաճառվել աշխարհով մեկ:

Քիփ Թորնը եւ Քրիստոֆեր Նոլանը նկարահանումների ժամանակ Քիփ Թորնը եւ Քրիստոֆեր Նոլանը նկարահանումների ժամանակ

Լուսանկարը` անձնական արխիվ

Գլուխկոտրուկի գագաթնակետը ֆիլմի վերջաբանն է։ Նման հանելուկային ավարտ ռեժիսորն է ցանկացել ունենալ, իսկ թե ինչպես էր պետք այն բացատրել հանրությանը, արդեն Թորնի խնդիրն էր: Այդ պատճառով էլ նա հեղինակում է «Ինթերսթելերի գիտությունը» (The science of interstellar) գիրքը, որտեղ քայլ առ քայլ տալիս է ֆիլմում կատարվողի գիտական բացատրությունները: Նա խորհուրդ է տալիս ֆիլմը դիտելուն զուգահեռ ընթերցել գիրքը, որպեսզի հնարավոր լինի հասկանալ դրա յուրաքանչյուր դրվագը։

 

Փաստ № 4. Ավելի քան 40 տարի

 

Գրավիտացիոն ալիքների առաջին գիտական արձանագրումը տեղի ունեցավ 2015 թվականին Գրավիտացիոն ալիքների լազերային ինտերֆերոմետրային  աստղադիտարանում (LIGO)՝ հարյուր տարի անց ապացուցելով Ալբերտ Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսությունը։ Արձանագրված ազդանշանը ցույց տվեց երկու սեւ խոռոչների բախում՝ մեկը մասսայով 29 անգամ Արեւից մեծ, մյուսը՝ 36։

Լուսանկարը` College of Natural Sciences

Այս բախումը տեղի էր ունեցել ավելի մոտ 1,3 միլիարդ լուսային տարի առաջ, սակայն Երկրին հասավ վերջին տարիներին։ Այս ֆենոմենն ամբողջությամբ փոխում է մարդու տարածաժամանակային ընկալումն ու տիեզերքի մասին պատկերացումները՝ ստիպելով ուսումնասիրել տիեզերքի դեֆորմացված կողմը։

 

2017 թվականին Քիփ Թորնը եւ LIGO-ի մյուս հիմնադիրներ Ռեյներ Վայսի եւ Բերի Բերշի հետ ստացան Նոբելյան մրցանակ ֆիզիկայում գրավիտացիոն ալիքների ուսումնասիրությունում վճռորոշ ներդրման համար։

Նոբելյան մրցանակ ստանալուց հետո Քիփ Թորնը հուզված նայում է Ալբերտ Այնշտայնի նկարին Նոբելյան մրցանակ ստանալուց հետո Քիփ Թորնը հուզված նայում է Ալբերտ Այնշտայնի նկարին

Լուսանկարը` Alexsander Mahmoud/Nobel Media AB

Այս հայտնագործությանը Թորնը նվիրել էր իր ամբողջ կարիերան, որովհետեւ ի սկզբանե վստահ էր տիեզերքում տարածաժամանակային կորության տատանումների գոյության մեջ։

 

«Երբ հասկացա, որ դա հնարավոր է, իսկ դա դեռեւս 1975 թվականին էր, հենց սկսեցինք այն առաջ տանել, ես որեւէ կասկած չունեի։ 2015-ի իրադարձությունն ինձ տվեց խորը բավարարվածության զգացում առ այն, որ ես իմ էներգիան ճիշտ ուղղությամբ եմ ներդրել»,- ասել է նա։

 

Փաստ № 5. Համագործակցոթյուն արտիստների հետ եւ պոեզիա

 

Անվանի ֆիզիկոսը փորձում է գիտությունը հանրամատչելի դարձնել ոչ միայն ֆիլմերի, այլեւ երաժշտության ու պոեզիայի միջոցով։ Համագործակցելով նկարչուհի Լիա Հալլորանի հետ՝ Քիփ Թորնը հեղինակել է «The Warped Side Of Our Universe» («Տիեզերքի դեֆորմացված կողմը») գիրքը, որում Հալլորանի՝ տիեզերական երեւույթների պատկերներն ուղեկցվում են Թորնի՝ դրանց պոետիկ նկարագրություններով:

Լուսանկարը` «The Warped Side Of Our Universe» գրքից, Լիա Հալլորան

Միլիարդ տարի առաջ, երբ Երկրի վրա

Բազմաբջիջ կյանքն առաջանում էր ու զարգանում

Գալակտիկայի հեռու-հեռվում

Երկու սեւ անցքեր իրար շուրջ պտտվելով

Ժամանակի ու տարածության հյուսվածքն էին տատանում:

 

*Պոեմի հատվածի սիրողական թարգմանություն

 

«Ես ռիսկի եմ դիմում, որովհետեւ միակ պոեզիան, որ երբեւէ գրել եմ, կնոջս ուղղված սիրային բանաստեղծություններն են։ Բայց ես իմ կյանքի այնպիսի փուլում եմ, որ ինձ կարող եմ թույլ տալ տապալվել»,- հարցազրույցներից մեկում հումորով նշել է Քիփ Թորնը։

 

Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելիք միջազգային STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնի տոմսերը կարող եք ձեռք բերել այս հղումով. https://www.starmus.com/tickets

 

Գայանե Ենոքյան

 

Կարդացեք նաեւ. STARMUS-ի հյուրերը. 8 փաստ լուսնագնաց Չարլի Դյուկի մասին

 

Կարդացեք նաեւ. STARMUS-ի հյուրերը. 4 փաստ «այլմոլորակայինների որսորդ» Ջիլ Թարթերի մասին

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին