«Նեմեսիս»-ի վերջին արարը՝ Ջեմալի սպանությունը - Mediamax.am

exclusive
154 դիտում

«Նեմեսիս»-ի վերջին արարը՝ Ջեմալի սպանությունը


Ջեմալ փաշան
Ջեմալ փաշան
Ջեմալ եւ Էնվեր փաշաները Երուսաղեմում (1916 թվական)
Ջեմալ եւ Էնվեր փաշաները Երուսաղեմում (1916 թվական)
Ջեմալ եւ Էնվեր փաշաները
Ջեմալ եւ Էնվեր փաշաները
Ջեմալի դիակը Միքայելյան հիվանդանոցում
Ջեմալի դիակը Միքայելյան հիվանդանոցում
Նիկոլայ Ռավիչը
Նիկոլայ Ռավիչը
Ջեմալ փաշան եւ Բեդրի բեյը Քաբուլում
Ջեմալ փաշան եւ Բեդրի բեյը Քաբուլում
Ստեփան Ծաղիկյանը
Ստեփան Ծաղիկյանը
Ծաղիկյանն ու Տեր-Պողոսյանը
Ծաղիկյանն ու Տեր-Պողոսյանը
Արտաշես Գեւորգյանը
Արտաշես Գեւորգյանը

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան

Արտաշես Գեւորգյանը
Արտաշես Գեւորգյանը

«Նեմեսիս»-ի ամենաքիչ քննարկված ու խճճված գործը Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի մահապատժի ի կատար ածումն է։

 

Այս գործի մասին մանրամասնություններ իմանալն այդքան էլ հեշտ չէր ու մոտ մեկ տարվա ուսումնասիրություն պահանջեց։ Ի տարբերություն «Հատուկ գործ»-ի այլ մարտիկների՝ Ջեմալին մահապատժի ենթարկած ու գործողությանը մասնակցած անձանցից ոչ ոք հուշեր չի թողել։ Նրանք զոհ են գնացել ստալինյան բռնաճնշումներին։ Եթե Արտաշես Գեւորգյանին գնդակահարելը հաստատված է, ապա աքսորված Ստեփան Ծաղիկյանի եւ Պետրոս Տեր-Պողոսյանի կյանքի մանրամասները մնում են չբացահայտված։ 

 

Ջեմալի մահապատժին նվիրված մեր հոդվածի առաջին մասում զրուցել ենք գործն ուսումնասիրած Վարդան Կարիմյանի (նրա տատի հոր տանն են գիշերել մարտիկները Ջեմալին սպանելու հետո) եւ Աղասի Ազիզյանի (նա ուսումնասիրել է Գեւորգյանի հարցաքննության արխիվները) հետ։ 

 

Վերջին գործողությունը

 

Օսմանյան կայսրության ծովային նախարար, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից, «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության ղեկավար եռյակից Ահմեդ Ջեմալի մահապատիժը ի կատար է ածվել 1922 թվականի հուլիսի 21-ին Թիֆլիսում։ Խորհրդային Միությունում վախի մթնոլորտով պայմանավորված՝ կազմակերպիչներից ոչ ոք այդպես էլ ոչինչ չխոսեց, իսկ արտասահմանում գործող ՀՅԴ կառույցները, ինչպես նաեւ «Հատուկ գործ»-ի ղեկավարներից եւ ոչ մեկը հստակ մտքեր չարտահայտեցին։ Կա նաեւ այլ հանգամանք` Թորգոմ Գեւորգյանը (Արտաշես Գեւորգյանի եղբայրը) Ազվին կեղծանունով 1966-ին հոդվածաշար տպագրեց Բեյրութում լույս տեսնող «Նաիրի» թերթում (հետագայում առանձին գրքով լույս տեսավ Երեւանում) եւ ներկայացրեց Ջեմալի սպանության բոլորովին այլ տարբերակ։ 

 

Սակայն հետազոտողներին հաջողվեց ապացուցել, որ Ջեմալ փաշայի մահապատիժն իրագործվել է «Հատուկ գործ»-ի շրջանակներում։

 

Դա են վկայում արխիվային նյութերը, հետագայում ՊԱԿ-ի կողմից ձերբակալված Արտաշես Գեւորգյանի ու Պետրոս Տեր-Պողոսյանի ցուցմունքները, հայ, ռուս, թուրք, ֆրանսիացի պատմաբանների վերլուծությունները, հայտնի հատ ու կենտ վկայությունները, ինչպես նաեւ «Հատուկ գործ»-ի այլ գործողությունների հետ համեմատությունները։

 

Առաջին համաշխարհային պատերազմում պարտությունից հետո երիտթուրքական վարչակարգը կտրված ծառի պես տապալվել էր։ «Մեծ եռյակը»՝ Թալեաթը, Ջեմալը եւ Էնվերը, փախել էին տարբեր ուղղություններով՝ սեփական երկրի Ռազմական արտակարգ ատյանի կողմից հեռակա կարգով մահապատժի դատապարտելով։ 

 

«Հատուկ գործ»-ի ցուցակում հատուկ տեղ էր զբաղեցնում Օսմանյան կայսրության ռազմական եւ պետական նշանավոր դեմք, 1914-ից Սիրիական 4-րդ զորաբանակի հրամանատար, ոչ միայն հայ, այլ նաեւ արաբ ժողովրդի ցեղասպանության կազմակերպիչ Ահմեդ Ջեմալը։

 

Ռուսական գործակալ Ջեմալն Աֆղանստանում դառնում է ռազմական տեսուչ

 

«Երիտթուրք հանցագործներից Ջեմալը միակն է, որ սպանվելիս պաշտոնյա էր։ Նա Աֆղանստանի Ամանուլլա Խան թագավորի ռազմական տեսուչն էր, ռուսական ՊԱԿ-ի գործակալ, որին անձամբ վերահսկում էր արտաքին գործերի ժողկոմի տեղակալ, ազգությամբ հայ Լեւ Կարախանը։ ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմը Մոսկվայում նրան տուն էր տրամադրել։ Ռուսաստանի համար աշխատում էին նաեւ դոկտոր Նազըմը ու Պոլսի ոստիկանապետ Օսման Բեդրի բեյը»,- պնդում է Վարդան Կարիմյանը։

Ջեմալ փաշան Ջեմալ փաշան

 

1920-ի գարնանն Էնվերն ու Ջեմալը գաղտնի այցելում են Մոսկվա՝ բանակցելու բոլշեւիկների հետ։ Սկսվում է ռուս-թուրքական պայքարն ընդդեմ «անգլիական իմպերիալիզմի»։ Ջեմալը լավ հարաբերություններ ուներ նաեւ Մուստաֆա Քեմալի հետ, որը նրան թույլ էր տվել վերադառնալ Թուրքիա։ Բացի այդ, նա բավական ամուր կապեր ուներ ֆրանսիական քաղաքական շրջանակների հետ, ինչը փաստում է 1922-ին ֆրանսիական կառավարության կողմի հրավերը Փարիզ։ 

 

Նրա առաքելությունն այնքան գաղտնի է պահվել, որ նույնիսկ Աֆղանստանում Խորհրդային Միության ներկայացուցիչ Յակով Սուրիցն Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատից չի կարողացել տեղեկություններ ստանալ «Ջեմալ փաշայի լիազորությունների» մասին։ 

Ջեմալ եւ Էնվեր փաշաները Երուսաղեմում (1916 թվական) Ջեմալ եւ Էնվեր փաշաները Երուսաղեմում (1916 թվական)

 

Ռուսաստանի եւ Անգլիայի միջեւ «Մեծ խաղ» անունը ստացած պայքարը, որն ընթանում էր Աֆղանստանի ու Կենտրոնական եւ Հարավային Ասիայի շուրջ, 1920-ականներին շարունակվում էր։ Լենինի հետ բազմաթիվ հանդիպումներից հետո Ջեմալը դարձել էր ԽՍՀՄ-ի գործակալը։ 

 

«Ռուսներն ընտրեցին նրան, որովհետեւ ռազմական գործիչ էր, չնայած պատերազմում պարտվել էր, բայց շատ «ուտվող» մարդ էր, արիստոկրատ պահվածք ուներ եւ կարողացել էր վստահություն ձեռք բերել: Նաեւ մեծ ազդեցություն ուներ Ամանուլլա Խանի վրա: Նա մեկնել էր Աֆղանստան որպես նորագույն ռազմական միջոցները ճանաչող մեկը, որը փուշտու ցեղերին սովորեցնում էր տիրապետել դրանց: Ռուսաստանը նրան տալիս էր շատ զենք ու փող»,-շարունակում է Կարիմյանը։   

Ջեմալ փաշան եւ Բեդրի բեյը Քաբուլում Ջեմալ փաշան եւ Բեդրի բեյը Քաբուլում

 

1920-ի նոյեմբերի 24-ին ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմ Գեորգի Չիչերինին ուղարկված հաշվետվության մեջ Ջեմալը գումար ու զենք է խնդրում՝ նշելով․ «...Ես կարողացա երիտասարդ ու անփորձ էմիրին համոզել, որ․․․ Աֆղանստանի անկախությունը եւ զարգացումը կարող է լինել Խորհրդային Ռուսաստանի կառավարության հետ բարեկամական, ամուր կապերի հաստատումը․․․ Երբ որոշենք, որ ամեն բան պատրաստ է, մեկ հրամանով հեղափոխությունը կպայթի ու կտարածվի։ Այդ ժամանակ էլ աֆղանական բանակն անգլիացիներին կհասցնի վճռորոշ հարված․․․»։

 

Արդեն դեկտեմբերի 1-ին նա Բեդրի բեյի միջոցով «Խիստ գաղտնի․ «ՀԱՆՁՆԵԼ ԱՆՁԱՄԲ»» գրությամբ Քաբուլից նամակ է ուղարկել Չիչերինին։ Պարզ է դառնում, որ այս ողջ գործընթացից տեղյակ է նաեւ Թալեաթը․ «․․․Ես խնդրեցի նրան (Թալեաթին, խմբ․) շահել Շվեյցարիայի ամենահետաքրքիր թերթերից մեկի կարծիքը հօգուտ Հնդկաստանում հեղափոխության հարցի․․․ խնդրում եմ Բեդրի բեյին ոսկով տալ հիսուն հազար ռուբլի, որը պետք է փոխանցվի Թալաթ փաշային։ Նա, հետեւելով իմ հրահանգներին, այն կծախսի հնդկական հեղափոխությանը վերաբերող հարցերի վրա։ Այս գումարը պետք է վերցվի Հնդկաստանում հեղափոխության համար նախատեսված կապիտալից»։  

 

Չիչերինից նա պահանջում է զենքերի առաջին խմբաքանակը Քուշկա ուղարկել 1921-ի հունվարի վերջից ոչ ուշ։ «․․․պետք է անհապաղ տալ ամենապակասը 24 թնդանոթ, 24 գնդացիր անհրաժեշտ ամեն ինչով՝ 6 մարտկոց ու 6 ջոկատ ստեղծելու համար․․․ գործեք հնարավորինս արագ․․․ Խնդրում եմ իմ մասին հիշեցնել ընկեր Կարախանին ու Ռադեկին, ինչպես նաեւ փոխանցեք իմ հարգալից ողջույնները ընկերներ Լենինին, Տրոցկուն ու Բուխարինին․․․»։

 

1921 թվականին Հերաթում (Աֆղանստան) ԽՍՀՄ գլխավոր հյուպատոս նշանակված հետախույզ Նիկոլայ Ռավիչի հուշերից իմանում ենք, որ աշխատանքային այցով Տաշքենդ մեկնելու ժամանակ իրեն հատկացված «հատուկ գնացքում» հանդիպել է Կոստանդնուպոլսի նախկին ոստիկանապետ, Ջեմալի օգնական Բեդրի բեյին (վերջինս ավելի ուշ սպանվել է Քաբուլում)։ 

Նիկոլայ Ռավիչը Նիկոլայ Ռավիչը

 

Ռավիչն ու մյուս կարեւոր մարդիկ ճամփորդում էին հատուկ թույլտվությամբ, հատուկ վագոններով։ Փաստորեն, Բեդրի բեյը եւս հատուկ մարդ էր, որին թույլտվություն տրվել էր ղեկավարության հրահանգով։  

 

«․․․Պարզվեց, որ Բեդրի բեյը վերադառնում է Քաբուլից՝ աֆղանական բանակի այդ ժամանակվա գեներալ-տեսուչ Ջեմալ փաշայի մոտից․․․»,-գրում է Ռավիչը

 

Ռազմական կենտրոնը համալրվում էր Թուրքիայից ու Ռուսաստանից եկող մարդկանցով, ովքեր զինվորական պատրաստություն էին անցնում։  

 

«․․․Ջեմալ փաշան այն ժամանակ բավականին հավատարիմ էր Խորհրդային կառավարությանը, ինչպես նաեւ սատարում էր Քեմալ փաշայի կողմից Անատոլիայում բարձրացրած ազգային-ազատագրական շարժմանը։ Մինչ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը, եւ Քեմալ փաշայի՝ Անատոլիա մեկնելը, նա նույնիսկ գումարով է օգնել նրան․․․»,- ահա Ռավիչի հուշերից եւս մեկ հատված։ 

 

Ռուս դեսպանի Աֆղանստանից հեռանալուն գրեթե զուգահեռ՝ Ջեմալ փաշան իր  սպաների հետ Քաբուլից մեկնում է Հերաթ։ «Իսլամի առյուծին» մեծ ոգեւորությամբ, բարձրաստիճան զինվորականներով ու պաշտոնյաներով դիմավորելը ցույց է տալիս, որ նա հարգված էր այդ երկրում։ 

 

«Ջեմալ փաշայի հետ եղածներից շատերը Խորհրդային Միության կողմնակիցներ էին․․․ Հետագայում նրանցից ոմանք, ինչպես օրինակ գնդապետ Իսմեթ բեյը․․․ Թուրքիա ժամանելով՝ շարունակեցին լավ հարաբերություններ պահել Խորհրդային ներկայացուցիչների հետ»,- գրում է Ռավիչը։

 

1922-ին Ջեմալն այցելում է Մոսկվա, իսկ նպատակը Թուրքիայի արեւելյան գավառներ անցնելն ու Մուստաֆա Քեմալի հետ հանդիպելն էր։

 

Բեռլինում նեմեսիսականները չեն կարողանում վերացնել նրան

 

Թուրքիա մեկնելու համար Ջեմալը Մոսկվայից պետք է ժամաներ Թիֆլիս։ Ըստ Կարիմյանի՝ նրա ոչնչացումից հետո Ստալինին ուղղված զեկուցագրերը փաստում են, որ թուրք պաշտոնյան մինչ այդ եղել է Ֆրանսիայում։

 

1922-ի սկզբին քեմալականների ճնշմամբ Ջեմալն Աֆղանստանից մեկնում է Փարիզ։ Ֆրանսիամետ Ջեմալն այնտեղ ունենում է մի շարք հանդիպումներ եւ ապրիլին ժամանում Բեռլին՝ հյուրընկալվելով Էնվերի տանը։ 

Ջեմալ եւ Էնվեր փաշաները Ջեմալ եւ Էնվեր փաշաները

 

Հենց ապրիլին Շահան Նաթալին, Արամ Երկանյանը, Արշավիր Շիրակյանն ու Հրաչ Փափազյանը Բեռլինում պատրաստվում էին Ջեմալ Ազմիի եւ Բեհաեդդին Շաքիրի մահապատիժն ի կատար ածելուն։ 

 

Ջեմալի տեղաշարժի մասին նրանք մանրամասն իմացել են։ Ըստ Երկանյանի հուշերի՝ վերջինս պետք է մեկներ Մոսկվա «․․․եւ անկէ պիտի անցնի Կովկաս ․․․ Անոր պիտի յաջորդեն ․․․ Ճեմալ Ազմին եւ ուրիշներ․․․։ Իսկ Տոքթ․ Նազիմ Մոսկուա կը մնայ, դիւրացնելու համար անոնց գործերը եւ ապահովելու համար Մոսկուայի օժանդակութիւնը»։ 

 

Խումբը որոշում է կայացնում վերացնել Ջեմալին ու մյուսներին, սակայն չի կարողանում։ Օրեր անց Երկանյանի ու Շիրակյանի կրակոցից ընկնում են Ազմին ու Շաքիրը։ Ջեմալը մասնակցում է նրանց թաղմանն ու մեկընդմիշտ լքում Եվրոպան։

 

Հայերը ստանում են Ջեմալի՝ Թիֆլիս հասնելու լուրը

 

Արտասահմանում գործող ՀՅԴ կառույցները դժվարությունների էին բախվում ԽՍՀՄ-ում ապրող իրենց գաղտնի անդամների հետ համագործակցելիս։ Բայց, ստանալով Ջեմալի՝ Թիֆլիս ժամանելու մասին համապատասխան գրությունը, ՀՅԴ ԿԿ անդամներ Կորյուն Ղազազյանը եւ Տիգրան Ավետիսյանն անցնում են գործի։ 

 

Ղազազյանի եւ Ավետիսյանի մասին տեղեկություններ գրեթե չկան, գիտենք, որ երկուսն էլ իրավաբան են եղել։ Ղազազյանը նաեւ Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանի անդամ է եղել։

 

«Ըստ լրագրող Միքայել Այվազյանի՝ Ջեմալին նախ փորձել են վերացնել Մոսկվայում, սակայն չեն կարողացել։ Հետո որոշել են պայթեցնել նրա գնացքը, ինչը եւս չի ստացվել»,- նշում է Աղասի Ազիզյանը։

 

1922 թվականի հուլիսին Ջեմալն իր ուղեկցորդներով ժամանում է Թիֆլիս ու հանգրվանում «Վետցել» հյուրանոցում՝ այնտեղ մնալով շուրջ 10 օր։

 

«Անգլիական զորքերը Պոլսից դեռ դուրս չէին եկել, դրա համար Թուրքիայի մայրաքաղաքը համարվում էր Մուստաֆա Քեմալի տիրապետության տակ գտնվող Անգորան (այսօրվա Անկարան)։ Ջեմալը Մոսկվայում Թուրքիայի հյուպատոսարանում ստացել էր անցագիր եւ դրանով էր մուտք գործել Թիֆլիս։ Հյուպատոսարանի աշխատակիցների ցուցմունքներից իմանում ենք, որ Թիֆլիսում նա ստացել է մեկ այլ անցագիր»,-ասում է Կարիմյանը։

 

Ջեմալի սպանությունից հետո լույս տեսած «Իզվեստիա» թերթի համարում կարդում ենք․ «․․․Ջեմալ փաշան․․․ պատերազմից հետո միացել է կոմունիստներին եւ աշխատել Աֆղանստանում՝ որպես ռազմական հրահանգիչ։ Վերջերս․․․ ապրում էր Մոսկվայում։ Անգորա մեկնելու ճանապարհին կանգ էր առել Թիֆլիսում»։

 

«Խորհրդային Հայաստան»-ի հոդվածում նշված է․ «Ջեմալ փաշան եկած է եղել Թիֆլիս Մոսկվայից դեպքից 10 օր առաջ եւ մտադիր ե եղել մնալ Կովկասում մոտ մի ամիս։ Այդ ժամանակամիջոցում նա մտադիր ե եղել հանգստանալ Կոջորում»։ 

 

Խոտորջուրցիները՝ Տեր-Պողոսյան, Գեւորգյան, Ծաղիկյան

 

Ջեմալն այդպես էլ չէր կարողանալու հասնել իր նպատակին, որովհետեւ Թիֆլիսում խիստ գաղտնի պայմաններում ծրագրվում էր նրա վերացումը, որի մասին տեղյակ էին Կորյուն Ղազազյանը, Տիգրան Ավետիսյանը, Աշոտ Իսրայելյանը եւ Միշա Արզումանյանը։ Ղազազյանը գործը հանձնարարում է այդ պահին Թիֆլիսում գտնվող Սեպուհի օգնական ու զինակից Ստեփան Ծաղիկյանին։

 

Ծաղիկյանի խորհրդով Ջեմալի մահապատիժն իրականացնելու գործը վստահվում է Պետրոս Տեր-Պողոսյանին, վերջինս էլ առաջարկում է ներառել նաեւ Արտաշես Գեւորգյանին։

 

Ծաղիկյանը, Տեր-Պողոսյանը եւ Գեւորգյանը Կարին նահանգի Տայք աշխարհի Խոտորջուր հայկական գյուղախմբից էին։ Նրանք միմյանց ճանաչել են գործողությունից դեռ շատ առաջ։

Ստեփան Ծաղիկյանը Ստեփան Ծաղիկյանը

 

Ծաղիկյանը եւ Տեր-Պողսյանը Մոխրկուտ գյուղից են։ Ծաղիկյանը ծնվել է 1886 թվականին։ 1914-ին դարձել է կամավորական առաջին ջոկատի մարտիկ, Սեպուհի (Արշակ Ներսիսյան) վաշտում մասնակցել է հայրենիքի ազատության համար մղվող մարտերին։ Սեպուհի հուշերում կարդում ենք. «Ստեփանը խիզախ էր ու հանդուգն»։ 1918-20-ին ծառայել է Հայաստանի Հանրապետության բանակում։ 

 

Տեր-Պողսյանը ծնվել է 1893-ին։ 1916-ին հայկական կամավորական ջոկատների հետ վերադարձել է իրենց գյուղ։ Ինչպես Ծաղիկյանը, նա նույնպես 1918-ից դարձել է հայկական բանակի զինվոր։

 

1916-ին Ծաղիկյանը Սեպուհի օգնությամբ պահակային խմբեր է կազմում, որոնք հսկում էին Խոտորջուրի  գյուղերը։ Զենք է ձեռք բերում, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան ինքնապաշպանության դիմել։ 

 

Ռազմաճակատից ռուսների հեռանալուց հետո հայ կամավորները հասկանում են, որ եղած ուժերով ու զենքով չեն կարող պաշտպանվել թուրքերի հարձակումից եւ, 1917-ի վերջին Ծաղիկյանը, Տեր-Պողոսյանին նշանակելով իրեն փոխարինող, մեկնում է Անդրկովկաս լրացուցիչ ուժեր ու զինամթերք բերելու համար։

Ծաղիկյանն ու Տեր-Պողոսյանը Ծաղիկյանն ու Տեր-Պողոսյանը

 

Նրա բացակայությամբ Խոտորջուրի ինքնապաշտպանությունը ստանձնում է Տեր-Պողոսյանը։ Սեպուհին ու Անդրանիկին օգնության կանչելու ուղարկած նրա բանագնացները չեն վերադառնում, եւ 4 ամիս անհավասար մարտերից հետո հայ մարտիկները բաժանվում են խմբերի ու թաքուն հեռանում։ Պետրոսը շարժվում է դեպի ռուսական սահման, բայց բռնվում է թուրքերի կողմից ու տեւական ժամանակ անցկացնում Տրապիզոնի բանտում։ 

 

Արտաշես Գեւորգյանը ծնվել է 1894 թվի Միջինթաղ գյուղում: 1916 թվականին մտել է Անդրանիկի զորագունդը եւ մինչեւ 1919-ը մասնակցել թուրքերի դեմ ռազմական գործողություններին։ 

 

1928 թվի ապրիլի 24-ին ՀԽՍՀ Չեկայի եւ Պետքաղվարչության նախագահ Սերգեյ Մելիք-Հովսեփյանին գրած Գեւորգյանի նամակում կարդում ենք․ «․․․Մենք Մուրատի խմբումն էինք: Այդ խմբի մեջ էր նաեւ Ծաղիկյան Ստեփանը․․․ այդ խումբը շուտով քայքայվեց, հրամանատարներն էլ գնացին Թիֆլիս: Գրավվեց եւ Ալեքպոլը, մենք նահանջեցինք Ղարաքիլիսա: Հետո միացանք Անդրանիկին․․․»:  

Արտաշես Գեւորգյանը Արտաշես Գեւորգյանը

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան

Ըստ Գեւորգյանի՝ 1919 թվի գարնանը ցանկացել է անցնել Դոնբաս, բայց Բաթումում զինվորագրվել է․ «․․․Ստեփան Ծաղիկյանը մեծ ժողովրդականություն էր վայելում այն ժամանակ խոտորջուրցիների մեջ եւ ես էլ նրա մոտ մտա ծառայելու: Նա IV բրիգադայի ձիավոր խուզարկու խմբի հարյուրապետ էր, բայց Սեպուհի վրա մեծ ազդեցություն ուներ․․․»: 

 

«Կարծում եմ, որ այս տղաները գործը գլուխ բերելու լավագույն թեկնածուներն էին, երեքն էլ մասնակցել էին կամավորական շարժմանը, եղել վստահելի անձնավորություններ, Անդրանիկի ու Սեպուհի վաշտերի մեջ կռվել ու հաստատ ոչ հասարակ զինվորի կարգավիճակով։ Նրանք վարժ տիրապետում էին զենքին, ֆիզիկապես ուժեղ էին, ցեղասպանության հետեւանքով կորցրել էին հայրենիքն ու բազմաթիվ հարազատներին, բնականաբար նաեւ վրեժի ծարավ էին»,- նշում է Աղասի Ազիզյանը։

 

Խումբն անցնում է գործի

 

Ֆրանսիացի հետաքննող լրագրող Ժակ Դեռոժիի ուսումնասիրություններից իմանում ենք, որ Ծաղիկյանն, իսկապես, «Հատուկ գործ»-ի մարտիկներից էր: Քանի որ նա գտնվում էր Կովկասում, նրան հանձնարարել էին գտնել Ջեմալի եւ Էնվերի հետքը։

 

1922-ի հունվարի 10-ին նա Բաթումիից նամակ է գրում Բոստոնի կոմիտեի ղեկավար գեներալ Սեպուհին․ «Չնայած մեր գործադրած մեծագույն ջանքերին՝ Երիտթուրքերի եւ մեր սեւ ցուցակի 2-րդ համար Էնվերին բացահայտելու ուղղությամբ դեռ զգալի հաջողություններ չունենք, բայց շարունակում ենք աշխատել»։

 

Ծաղիկյանի մասին հիշատակում հանդիպում ենք նաեւ «Նեմեսիս»-ի մեկ այլ մարտիկի՝ Միսաք Թորլաքյանի հուշերում։ Նրանք միմյանց հանդիպել են  1918-ի սկզբին ։

 

«․․․հանդիպէցանք Ստեփան Ծաղիկեանին, խոտորջորցի, որ Էրզրումէն նահանջած էր։ Յայտնեց, թէ վաղը-միւս օր Մուրատն ու Սեպուհն ալ պիտի հասնին. պատուիրեց, որ բոլորս մէկտեղ հաւաքուինք՝ տրապիզոնցի, խոտորջուրցի, բաբերդցի, տեսնենք մէկ-երկու օրէն ի՞նչ կրնանք ընել․․․»։

 

Ջեմալի գործողությունը ղեկավարել է  Ծաղիկյանը, ինչպես Շահան Նաթալին՝ Թալեաթի դեպքում։ Նաթալին իր հուշերում այսպիսի միտք է գրում «․․․ Սողոմոն մայթերուն վրա Թալեաթով կբանար իրավ պաշտամունքը նահատակապաշտության՝ եւ Թիֆլիսի մայթերուն վրա՝ Ճեմալ փաշայով կփակեր Ծ․․․»։ Այդ ժամանակ Ծաղիկյանը դեռ չէր բացահայտվել, բնականաբար, Նաթալին նրա անունը չի բարձրաձայնում։ 

 

Տեր-Պողոսյանի հարցաքննությունից իմանում ենք, որ որպես գործընկեր սկզբում առաջարկել է մեկ այլ մարդու, սակայն վերջինս հրաժարվել է։ Դրանից հետո դիմել է Գեւորգյանին, որը միանգամից համաձայնել է։

Արտաշես Գեւորգյանը Արտաշես Գեւորգյանը

 

«Արտաշեսը լավ կրակող է եղել, քաջ ու առաքինի մարդ։ Նրա մասին տված տեղեկությունն այնքան համոզիչ էր, որ Ղազազյանն ու Ավետիսյանը չեն էլ մտածել նրա ոչ դաշնակցական լինելու մասին ու հաստատել են թեկնածությունը։ Գլխավոր դերակատարները Պետրոսն ու Արտաշեսն էին, իսկ Ստեփանն ապահովել է նրանց անվտանգությունը. հարկ եղած դեպքում պետք է օգներ, ճիշտ ցուցումներ տար ու պահեր թիկունքը։ Հետագայում տեսնում ենք, որ նա այդ գործը փայլուն է կատարել»,-ասում է Ազիզյանը։

 

Գեւորգյանի նամակից իմանում ենք, որ Թիֆլիսում 1922-ին պատահաբար է հանդիպել Պետրոս Տեր-Պողոսյանին «․․․որին ծանոթացել էի 1919 թվի գարնանը Բաթումում եւ միասին ծառայում էինք IV բրիգադայում: Պետրոսը ինձ առաջարկեց Ջեմալին սպանելու գործում մասնակցել․․․ Ես տվի իմ համաձայնությունը»:

 

Ըստ ցուցմունքի՝ Պետրոսը նրան տանում է մի «վրացական կլուբ», որտեղ սովորաբար ընթրում էր Ջեմալը։ Ապա նրանց միանում են Ստեփան Ծաղիկյանն ու Գեւորգյանին անծանոթ երկու երիտասարդ՝ Ղազազյանն ու Ավետիսյանը։ 

 

1936 թ. դեկտեմբերի 31-ին, երբ Գեւորգյանն արդեն ձերբակալվել էր, հարցաքննության ժամանակ կտրականապես հերքում է իր դաշնակցական լինելը, ինչը նա արել է միշտ։ 

 

«․․․ Ճիշտ է, ահաբեկչությունը պատահական չէր եւ նախապատրաստված էր, բայց ես չեմ մասնակցել դրան․․․ Ինձ հայտնի չէր, որ Դաշնակցության Կենտրոնական Կոմիտեն նման որոշում է ունեցել: Սակայն ահաբեկչական գործողության կատարումից առաջ ես իմացա, որ այդ գործը ղեկավարում է ակտիվ դաշնակցականների խումբը՝ ի դեմս Կորյուն Ղազազյանի, Տիգրան Ավետիսյանի եւ Ստեփան Ծաղիկյանի»:

 

Հայաստանի Ազգային արխիվում պահվող Պետրոս Տեր-Պողոսյանի հարցաքննության միակ օրինակը թվագրված է 1928 թվականի մարտի 6-ով։ Նրան հարցաքննել են Թիֆլիսի գաղտնի բաժնում։ 

 

Տեր-Պողոսյանը եւս հերքում է իր դաշնակցական լինելու փաստը, նաեւ այն, որ գործը կազմակերպվել է վերջիններիս կողմից։ Ինչպես Սողոմոն Թեհլիրյանի ու Միսաք Թորլաքյանի դատավարությունների ժամանակ, այնպես էլ այստեղ «Հատուկ գործ»-ի մասին ոչ մի խոսք չպետք է լիներ։ 

 

«․․․Դաշնակցության կուսակցության տեղական (Թիֆլիսի, խմբ․) գործիչների հետ ես ծանոթ չէի, երբ Բաթումից եկավ Ստեփան Ծաղիկյանը, ես նրա միջոցով ծանոթացա Կորյուն Ղազազյանի ու Տիգրան Ավետիսյանի հետ․․․ քանի որ նրանք Ծաղիկյանին որպես դաշնակի բավական մոտիկից էին ճանաչում, ինձ էլ էին համարում իրենցից․․․»:

 

Այստեղ տեսնում ենք Տեր-Պողոսյանի հերթական հնարքը, որը, ենթադրաբար, նրան հանձնարարված էր։ Իբր «թուրքական բանակի նախկին սպա ոմն Արշակից» է իմացել Թիֆլիս ժամանած Ահմեդ Ջեմալի մասին․ «․․․ես ոչ մեկին ոչինչ չասացի եւ ցույց չտվի, թե դա ինձ հետաքրքրում է, եւ հենց նույն օրը, զինվելով «Մաուզեր»-ով, սկսեցի հետեւել ․․․ որպեսզի հսկողության տակ վերցնեմ ․․․»: 

 

Նրան սպանելու միտքը միանգամից է առաջացել, որի համար սկսել է փնտրել համախոհներ։ Մի ընկերոջ մերժումից հետո դիմել է Արտաշես Գեւորգյանին։

 

«․․․Երբ ես Արտաշես Գեւորգյանի հետ հսկողության տակ էի վերցրել Ջեմալին, որպեսզի հարմար տեղում սպանեի, ինձ թվում է, որ ՀՅԴ Վրաստանի Կենտրոնական կոմիտեի անդամներից ոչ ոք այդ մասին տեղյակ չէր․․․ Հետո եկավ Ծաղիկյանը ու նրան ես ամեն ինչ պատմեցի․․․»:

 

«Ե՛ւ Արտաշեսը, ե՛ւ Պետրոսն ասում են, որ մի քանի հոգով քննարկել են անելիքները, նշանակում է, որ ղեկավարները իմացել են ամեն ինչ։ Հետաքրքիր է, որ բոլոր խոսակցություններին ներկա է եղել Տիգրան Ավետիսյանի կինը, որին Ջեմալի սպանությունից հետո ձերբակալել են։ Ինձ թվում է, որ նա կցված էր գործին ու հետեւում էր Ջեմալին»,- նշում է Վարդան Կարիմյանը:

 

Ջեմալն ու նրան ուղեկցողները տապալվում են գետնին

 

«․․․ Հուլիսի 21-ին, Թիֆլիսում՝ Պետրոս Մեծի փողոցում տեղի ունեցավ Ջեմալ փաշայի ․․․ սպանությունը ․․․ փաշան երկու անձնավորութիւնների ուղեկցութեամբ, վորոնցից մեկը գնում եր նրա հետ թեւանցուկ, իսկ միւսը մի քանի քայլ առջեւից, ուղեւորվում եր մայթով ներքեւ եւ դեպի Սոլոլակ։ Դեպքը տեղի ե ունեցել երեկոյեան ժամը 10 ու կեսին․․․ Անսպասելի հարձակման պատճառով վոչ Ջեմալ փաշան եւ վոչ էլ նրա ուղեկիցները հնարավորութիւն չեն ունենում օգտվելու իրենց մոտ գտնված զենքերից։ Երեքն էլ տեղն ու տեղը սպանվում են։ Ինքը Ջեմալ փաշան մահացու կերպով վիրավորվում ե գլխի եւ մեջքի մի քանի տեղերից․․․»,- կարդում ենք 1922 թվի հուլիսի 27-ի «Խորհրդային Հայաստան» թերթում։

 

Արտաշես Գեւորգյանն ու Պետրոս Տեր-Պողոսյանը Ջեմալից բացի սպանում են նաեւ նրա քարտուղար Նուսրեթ բեյին, համհարզ Սուսիա բեյին եւ հրշեջ Դիլանյանին (դա եղել է ստիպված քայլ, որովհետեւ հրշեջը փորձել է բռնել փախչող մարտիկներին)։

 

Գործը մանրամասն ուսումնասիրած լրագրող Միքայել Այվազյանը շատ տարիներ առաջ հարցազրույց է ունեցել Սամսոն Կարախանյանի հետ։ Վերջինս ակամա դարձել է այդ իրադարձությունների մասնակիցը, որի կյանքի 18 տարին անց է կացրել բանտում եւ աքսորում։ 

 

Ըստ Կարախանյանի՝ գնդակահարությունից երեք ժամ առաջ պատահաբար հանդիպել է Ղազազյանին, ով իրեն խնդրել է հետեւել փողոցով քայլող երեք տղամարդու (իրականում նա չի իմացել, թե ում է հետեւում)։ Կարախանյանը նրանց ուղեկցել է մինչեւ թուրքական հյուպատոսարանի շենք ու այդ մասին հայտնել Ղազազյանին։ Վերջինս նրան հանձնարարել է կանչել Գեւորգյանին։ 

 

«Պուշկինի փողոցի համար 11 տուն գնացի, որտեղ գտնվում էր Գեւորգյան եղբայրների հացի փուռը։ Արտաշեսը հաց էր վաճառում։ Լսելով, որ Ղազազյանը կանչում է իրեն, Արտաշեսն անմիջապես հանեց հացթուխի վերնաշապիկը եւ շտապ դուրս եկավ խանութից»։ 

 

Գեւորգյանն ու Տեր-Պողոսյանը ստացել են զենքերը եւ Ծաղիկյանի հետ անցել հետապնդման։ Արտաշեսն ու Պետրոսը քայլել են աջ մայթով, որով գնում էին Ջեմալն ու ընկերները, իսկ Ստեփանը նրանց հետեւում էր ձախ մայթից։ 

 

«Որոշ ժամանակ անց բժիշկների հետ միաժամանակ հասնում են նաեւ Անգորայի հյուպատոսության ներկայացուցիչները, որոնք էլ ճանաչում են սպանվածների ինքնությունը․․․ Ջեմալ փաշան սպանվել է թիկունքին ու պարանոցին ստացած երեք գնդակից․․․ սպանվածների դիակները տեղափոխել են Միքայելյան հիվանդանոց․․․ Ըստ երեւույթին՝ եղել է նաեւ երրորդ մարդասպան, որը վազել է Սոլոլակիի ուղղությամբ․․․»,- կարդում ենք «Պրավդա Գրուզիի» օրաթերթում։

 

Հիշատակված երրորդ անձը եղել է Ծաղիկյանը, որն ապահովել է ընկերների թիկունքն ու նաեւ փախուստը։ Ի դեպ, այդ ընթացքում Արտակարգ Հանձնաժողովի աշխատակիցներից մեկը փորձել է բռնել փախչողներին, բայց իր ուղղությամբ գնդակ արձակվելուց վախեցած հետ է քաշվել։ Կարելի է ենթադրել, որ այդ կրակողը եղել է Ծաղիկյանը, որը դեպքի վայրից հեռացել է ավելի ուշ, քան ընկերները։

 

«Սպանողները, ըստ երեւույթին, քաջ ծանոթ են եղել Ջեմալ փաշայի նիստ ու կացին եւ հետապնդելիս են եղել նրան»,- նշում է «Խորհրդային Հայաստանը»։

Ջեմալի դիակը Միքայելյան հիվանդանոցում Ջեմալի դիակը Միքայելյան հիվանդանոցում

 

1936 թվականի դեկտեմբերի 31-ի հարցաքննության ժամանակ Գեւորգյանն ասում է․«Ջեմալ փաշայի վրա առաջինը «Մաուզեր» ատրճանակից կրակեց Պետրոսը, ապա մենք միասին կրակեցինք ինչպես Ջեմալի, այնպես էլ նրա ուղեկիցների վրա․․․ մեկը փախավ․․․ ես վազեցի նրա հետեւից ու սպանեցի ․․․»։

 

Ըստ Գեւորգյանի՝ «Մաուզեր»-ը հանձնել է Պետրոսին ու գնացել իրենց տուն։ Օրեր անց կրկին հանդիպել են։ Ըստ Տեր-Պողոսյանի՝ հետապնդումներ իրականացնող Հովակիմ Ղուլյանից ու Հովհաննես Չախալյանից են իրենք իմացել, որ Ջեմալն արդեն թուրքական հյուպատոսարանում է։ Բուն գործողության նկարագրությունը չի տարբերվում Գեւորգյանի ասածներից․ «․․․Ժուկովսկուց մենք իջանք Վոզնեսենսկայա փողոց եւ իրարից բաժանվեցինք․․․»։

 

Տարբեր կարծիքներ՝ անգլիական հետքից մինչեւ ռուսական

 

Պոլսում լույս տեսնող ՀՅԴ պաշտոնաթերթ «Ճակատամարտ»-ը տեսակետ է առաջ քաշում, թե Ջեմալը իբր սպանվել է ռուսների կողմից. «Սովիեթներու կողմե մասնաւոր մարմին մը խիստ կերպով կը հետապնդե համաթուրանականութեան առաջնորդները։ Ճէմալ փաշային զատ կը հետապնդուին նաեւ անոնք որ Կեդր․ Ռուսիոյ զանազան քաղաքները ցրուած են եւ կը զբաղին համաթուրանական փրօփականտով եւ իսլամ ցեղերը գրգռելով Սօվիեթներուն դեմ․․․»։ 

 

«Ճակատամարտ»-ը նյութեր է հրապարակել նաեւ արտասահմանյան մամուլից, որից, թերեւս, հետաքրքրականն անգլիական «Թայմս»-ի անդրադարձն է․ «․․․ խօսելով Ճէմալ փաշայի սպանութեան վրայ․․․ ստոյգ չէ որ սպաննիչները Հայեր ըլլան։ Հաւանական է որ Ճէմալ փաշա սպաննուած է պօլշեւիկ չեկայի մը հրամանով, այն կասկածով որ կ’ուզէր հաշտեցնել Էնվեր փաշան եւ Մուսթաֆա Քեմալը՝ ռուսական ազդեցութեան դեմ կռուելու նպատակով»։

 

«Ճակատամարտ»-ի նման մոտեցումը հասկանալի է, քանի որ այն «Հատուկ գործ»-ում քարոզչություն էր անում։ Ջեմալի մահապատժում հայերի մասնակցությունը բացառելը պետք էր ոչ միայն գործը չբացահայտվելու, այլ նաեւ Ռուսաստանի կողմից հայերին բռնաճշումների չենթարկելու համար։

 

Նիկոլայ Ռավիչի հուշերում կարդում ենք.

 

«․․․ ինձ սպասող նորությունները տխուր էին։ Գրեթե իմ ժամանելու նախօրեին, գիշերը, Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատում եղած բանկետից դուրս գալուց հետո դաշնակցականների կողմից սպանվել էին Ջեմալ փաշան ու նրա օգնականը, որոնք պատրաստվում էին մեկնել Թուրքիա»։  

 

Ըստ ռուս հետախույզի՝ գործի կազմակերպողը Մեծ Բրիտանիայի Գաղտնի հետախուզական ծառայությունն էր՝ «Ինթելեջենս սերվիս»-ը․ «Ենթադրվում է, որ Քեմալ փաշան ցանկանում էր Քյազըմ Կարաբեքիր փաշային ․․․ փոխարինել Ջեմալով։ Կազմակերպելով նրա սպանությունը՝ անգլիական հետախուզությունը հասավ երկու նպատակի․պահպանեց Քյազըմ Կարաբեքիր փաշային, որին համարում էր «արեւմտամետ» եւ առիթ ստեղծեց բարդացնելու թուրք-խորհրդային հարաբերությունները»։

 

Աղասի Ազիզյանը կտրականապես մերժում է այս վարկածը եւ նշում, որ ողջ գործողությունը ծրագրվել ու իրականացվել է հայերի կողմից։ 

 

«Ռուսները սիրում են միշտ մեղադրել անգլիացիներին, բայց այս գործում բացառում եմ դա։ Սա «Հատուկ գործ»-ի մի մասնիկն է, որի անդամները, միգուցե, նաեւ ոչ հայերից են այս կամ այն երիտթուրք հանցագործի տեղաշարժի մասին տեղեկատվություն ստացել։ Արտաքին ցանկացած ուժի դերակատարում այստեղ չի եղել եւ ամբողջական շղթան կատարվել է հայերի կողմից»,- պնդում է նա։

 

Բոլորը ձերբակալվում են, բացի իրական գնդակահարողներից

 

Սպանությունից հետո Թիֆլիսում սկսվում են հայերի զանգվածային ձերբակալություններ։ Գործն, ըստ Անդրկովկասի Արտակարգ հանձնաժողովի արխիվային բաժնի որակման, կոչվել է «Դաշնակցության գործ»։

 

Արտաշես Գեւորգյանի քեռի Կառլոս Չախալյանի հուշերից իմանում ենք, որ Պետրոս Տեր-Պողոսյանի համար ինքը հայ կաթոլիկների առաջնորդից վերցրել է նրա ծննդյան վկայականը, որով էլ Պետրոսը, որոշ ժամանակ թաքնվելուց հետո, կարողացել է հեռանալ Թիֆլիսից։ 

 

Տեր-Պողոսյանի հարցաքննությունից իմանում ենք, որ դրանից հետո նա մինչեւ ձերբակալությունը բնակվել է Կուբանում եւ Կրասնոդարում։ Չնայած 1908-1909 թվականներին եղել է դաշնակցական, բայց հետագայում դուրս է եկել կուսակցության շարքերից։

 

«Սպանությունից հետո ես ապրում էի օրինական, իսկ որոշ ժամանակ անց` անօրինական, ընդհուպ մինչեւ Թիֆլիսից Ռուսաստան մեկնելս, այսինքն 1922 թ: Իսկ Գեւորգյանն․․․ օրինական էր: ․․․ Ինչպես ձեզ հայտնի է․․․ Ավետիսյանն ու Ղազազյանը թաքնվեցին։ Մենք նրանց հետ ապրում էինք նույն․․․ բնակարանում․․․»,-ասել է Տեր-Պողոսյանը:

 

Ըստ Գեւորգյանի՝ ինքը գործողության իրականացումից հետո շարունակել է ապրել Թիֆլիսում ու աշխատել նույն փռում։ Երբեմն հանդիպել է Պետրոսի հետ, որից էլ իմացել է, որ «Ստեփանն ազատ էր ու ապրում էր Թիֆլիսում»։ Ծաղիկյանին եւս հանդիպել է, սակայն ոչ մի խոսակցություն չեն ունեցել։ Որոշ ժամանակ անց Արտաշեսը մեկնել է Ռոստով։

 

Թե ինչքան ժամանակ է Ստեփան Ծաղիկյանը մնացել Թիֆլիսում, մեզ պարզել չհաջողվեց։ 

 

«Թիֆլիսի բանտերը լցվում են հայերով։ Բայց նրանք, ովքեր կազմակերպել էին սպանությունը, այնպես էին թաքնվել, որ չբացահայտվեցին ու չբռնվեցին»,- ասում է Ազիզյանը։

 

«Մտածված ու գրագետ գործողություն էր, դրա համար բոլոր մասնակիցները կարողացան խույս տալ»,- համաձայնում է Վարդան Կարիմյանը։

 

Դրոն գործուղվում է Թիֆլիս, Ջեմալի գործը փակվում է

 

Ջեմալի մահապատժից ձերբակալված հայերի մի մասն աքսորվում է Սիբիր, մյուսները բանտարկվում են Մետեխի բանտում։ 1923-ի հուլիսին Մոսկվայից Թիֆլիս է գործուղվում Դրոն։

 

«Ջեմալի սպանության գործով ձերբակալվածների հարցն ավարտին հասցնելու համար Դրոյին Թիֆլիս ուղարկել է Ստալինը։ Հայերը կարողացել էին ռուսներին ապացուցել, որ իրենց դեմ ոչինչ չունեն, գործողությունն ուղղված է եղել միայն թուրք մարդասպանի դեմ։ Ռուսները որոշում են հարցը փակել, դրա համար էլ Դրոն ու Վրաստանի ՀՅԴ ԿԿ անդամները դեկլարացիա են ստորագրում»,-ասում է Կարիմյանը։

 

Ձերբակալվածներից Սամսոն Կարախանյանը տարիներ անց հիշելով այդ օրն ասել է, որ բանտում ԿԿ անդամներն իրենց ասել են, թե «հարցը որոշվել է Մոսկվայում»։

 

«Դաշնակցություն կուսակցության կովկասյան խմբերի դեկլարացիան» հրապարակվել է Թիֆլիսում լույս տեսնող Կոմունիստական կուսակցության հայալեզու «Մարտակոչ»-ի 1923-ի օգոստոսի 1-ի համարում։ Այն ստորագրել են Կովկասյան խմբերի եւ Վրաստանի լիազոր Դրոն, Վրաստանի ԿԿ նախագահ Կորյուն Ղազազյանն ու անդամները, այդ թվում՝ Տիգրան Ավետիսյանը։

 

«Դաշնակցություն կուսակցության կովկասյան կազմակերպությունները ամենաանկեղծ կերպով վճռել են չգործել Խորհրդային իշխանության դեմ եւ չխանգարել նրա աշխատանքներին Հայաստանում՝ հավատացած, վոր Խորհրդային իշխանությունը, հավատարիմ իր սկզբունքներին, կամրացնի հայ ժողովրդի քաղաքական անկախ գոյությունը։ ․․․ Համոզված, վոր սրանից հետո Խորհրդային իշխանությունը Հայաստանից եւ վոչ մի կտոր հող չի զիջելու եւ վորպես ճնշված ժողովուրդների պաշտպան իրականացնելու յե հայերի իրավունքներն ու արդարացի պահանջները, մենք հայտարարում ենք մի անգամ ընդմիշտ, վոր մենք Խոր․ իշխանության թշնամիներ չենք, վորի հետ կապված ե այսուհետեւ հայ ժողովրդի բախտը․․․»։ 

 

Այսպիսով, Ռուսաստանը հետ է քաշվում ամեն գնով Ջեմալի գործը բացահայտելու մտքից եւ 1923 թվականի օգոստոսի 9-ին այն կարճվում է։ Արտասահմանում լույս տեսնող հայալեզու թերթերը ոչինչ չեն հայտնում դեկլարացիայի մասին, միայն ՀՅԴ Բյուրոն առանց այն հրապարակելու հայտարարություն է տարածում, թե Թիֆլիսում դեկլարացիայի տեքստի հեղինակը ոչ թե ողջ ՀՅԴ-ն է, այլ միայն Դրոն ու Վրաստանի ԿԿ անդամները։

 

Թե ինչպես դասավորվեցին կազմակերպիչների ճակատագրերը, կներկայացնենք հաջորդ հրապարակման մեջ։

 

Շարունակելի

 

Գոհար Նալբանդյան

 

Հոդվածում մեջբերումներ  արվել են Նիկոլայ Ռավիչի «Молодость века», Միքայել Այվազյան «Ովքեր են սպանել Ջեմալ փաշային», Ю.Н. Тихонов «Доклад Джемаль-паши советскому наркому иностранных дел Г. В. Чичерину», Тихонов «Неизвестное письмо А. Джемаль-паши наркому Г. В.  Чичерину», Ժակ Դեռոժիի «Opération Némésis», Արամ Երկանյանի «Գիրք մատուցման եւ հատուցման, Այսպէս սպաննեցինք», Միսաք Թորլաքյանի «Օրերուս հետ» գրքերից, Հայաստանի ազգային արխիվում պահվող նյութերից, Աղասի Ազիզյանի «Արխիւային վաւերագրեր Ջեմալ փաշայի սպանութեան մասին» հոդվածից, Շահան Նաթալու հուշերից, «Խորհրդային Հայաստան», «Ճակատամարտ», «Իզվեստիա», «Մարտակոչ», «Պրավդա Գրուզիի» թերթերից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին